09.02.2016 13:33

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի որոշ առանձնահատկություններ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի որոշ առանձնահատկություններ

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցն ամփոփեց, համակարգեց և իմաստավորեց ԱՄՆ, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և «Քաղաքացի դիտորդի» կոշտ քննադատությունը հանրաքվեի վերաբերյալ: Այն նաև ընդդիմությանը հիանալի հնարավորություններ է տալիս՝ տարիներ ի վեր բարձրաձայնվող պահանջների կատարմանը հասնելու համար:

 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեն անցավ համատարած և ակնհայտորեն մեկ կենտրոնից ղեկավարվող խախտումներով և արժանացավ միջազգային հանրության՝ մինչ օրս չտեսնված կոշտ գնահատականներին: Այսպես, առաջինը դեկտեմբերի 7-ին զեկույցով հանդես եկավ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը, որը, վեր հանելով բոլոր ավանդական կեղծիքները, ընդգծել էր, «որ շատերի համար խորհրդարանական համակարգին անցնելն ընկալվել էր որպես գործող նախագահի կողմից երկրորդ ժամկետից հետո պաշտոնին մնալու միջոց»: Զեկույցում տեղ գտած քննդատությունը վերահաստատվել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին Առաջընթացի զեկույցով (հունվարի 25):

 Ապա, մեկի փոխարեն՝ երկու (դեկտեմբերի 8-ին և 14-ին) հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ դեսպանությունը, որոնցում «լուրջ մտահոգություն էին հայտնել հանրաքվեի ընթացքում տեղ գտած խախտումների առնչությամբ, որոնց վերաբերյալ արժանահավատ հաղորդումներ էին հնչեցվում ոչ կուսակցական դիտորդների ու Հայաստանի տարբեր քաղաքական կուսակցությունների կողմից»:

Դեկտեմբերի 10-ին նույնիսկ ավելի քննադատական հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը` Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների առաքելությունների ղեկավարների համաձայնությամբ: Դրանում մասնավորապես ասվում է. «Մենք ի գիտություն ենք ընդունում մի շարք ընդդիմադիր քաղաքական առաջնորդների և անկախ դիտորդների մտահոգություններն ու կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ կատարելու ընտրախախտումների վերաբերյալ արժանահավատ հաղորդումների թափանցիկ և լիարժեք քննություն:

Առանց ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների թափանցիկ քննության և դրանց հաստատման դեպքում՝ խախտումների շտկման` Հանրաքվեն կհանդիսանա մեկ այլ բաց թողնված հնարավորություն՝ Հայաստանում ընտրական գործընթացների  նկատմամբ հանրային վստահության բարձրացման և դրանց ամբողջականության ապահովման տեսանկյունից»:

Միջազգային այս հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներին իր մանրամասն զեկույցով միացել է «Քաղաքացի դիտորդի» և Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի» (այդ երկու նախաձեռնությունները միավորում են Մարդու իրավունքների պաշտպանությամբ, ժողովրդավարության զարգացման առաջմղմամբ զբաղվող առաջատար հասարարական կազմակերպություններ) հանգամանալից զեկույցը: Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ «սահմանադրական հանրաքվեն չի համապատասխանել Եվրոպայի խորհրդի մի շարք նորմերի… Ուստի, կարելի է պնդել, որ հանրաքվեի արդյունքները չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների կամքը, դրանք մեծամասամբ պարտադրված և կեղծված են, և, այդպիսով, հանրաքվեն և դրա միջոցով ընդունված փաստաթուղթը չեն կարող համարվել լեգիտիմ»:

Փետրվարի 5-ին հրապարակվեց նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը, որը, հաշվի առնելով կազմակերպության մանդատն ու հեղինակությունը, ամենաազդեցիկն է: Հայաստանի կարևոր գործընկերներ ԱՄՆ-ը, Եվրոպական միությունը և անդամ երկրները Հայաստանի հետ հարաբերություններում հաշվի են առնելու նաև կամ՝ առաջին հերթին, հենց այդ գնահատականները: Ինչպես և սպասվում էր` այն չպետք է խնայեր Ս. Սարգսյանին ու վերջինիս թիմին՝ վերհանելով գործընթացի բոլոր արատները և հուշելով դրանց դեմն առնելու եղանակներ:

Սույն հոդվածով չենք ներկայացնի քննադատական բոլոր դրույթները, որովհետև դրանք շատ են և առանձին հրապարակման կարիք ունեն: Կփորձենք վերհանել միայն ամենակարևոր դիտարկումները և ընտրացուցակների մաքրմանն ու ստորագրված ընտրացուցակների հրապարակմանը վերաբերող առաջարկությունները:

Այսպես, զեկույցի հենց սկզբից` Ամփոփագրում, նշվում է. «Հանրաքվեի  կազմակերպումը  արտացոլում  է  հանրաքվեին նախորդող  երեք  տարիների  ընթացքում  ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի  կողմից արված՝ ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության  վստահությունը  բարելավելու հանձնարարականների,  այդ  թվում՝  ընտրողների  ցուցակների ճշգրտման  բարելավման, քարոզարշավի  ընթացքում  հանրային  միջոցների  չարաշահման կանխարգելման ու քվեարկության  օրը  ընտրախախտումների  վերաբերյալ  երաշխիքների  ամրապնդման, ինչպես  նաև  բողոքի  մեխանիզմների  և  ընտրական  իրավունքի խախտումների հաշվետվողականության  արդյունավետությունը  կյանքի  կոչելու  որևէ  նշանակալից գործողությունների բացակայությամբ»:

Ապա նշվում է, որ «հանրաքվեի վարչարարությունը տուժել է շահագրգիռ կողմերի վստահության բացակայությունից և այն համատարած կարծիքից, որ ավելի ցածր աստիճանի հանձնաժողովները անկարող են եղել անաչառ կերպով կատարել իրենց պարտականությունը»: Հաջորդ պարբերությունում կարդում ենք «..տարբեր շահագրգիռ կողմերը մատնանշել են ընտրողների ցուցակների ճշգրտությանը առնչվող վաղեմի, չլուծված խնդիրները, այդ թվում՝ անհարկի բարձր թվով գրանցումներ որոշ հասցեներում և  մահացած մարդկանց առկայությունը ընտրողների  ցուցակներում: Մասնավորապես,  մտահոգություն է առաջացնում հնարավոր շահարկման այն փաստը, որ ընտրողների  ցուցակներում ընդգրկված են արտերկրում ապրող բազմաթիվ մարդկանց անուններ, ովքեր իրավասու են քվեարկել միայն այն դեպքում, եթե ֆիզիկապես գտնվեն երկրում:»

«Ընտրատեղամասերում, որտեղ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՀՓԽ-ն դիտարկել է ձայների հաշվարկի ընթացքը, լուրջ խնդիրների թվում են՝ «Այո» քարոզարշավի վստահված անձանց կողմից միջամտություն և ահաբեկում, որոնք հանգեցրել են փաստացի քվեարկության արդյունքների  փոփոխմանը: Տեղական դիտորդները, ընդդիմադիր խմբերը և լրատվամիջոցները  բարձրաձայնում էին մեղադրանքներ համատարած խախտումների, միջամտության և ահաբեկումների վերաբերյալ քվեարկության և հաշվարկի գործընթացի ընթացքում՝ երկրի ամբողջ տարածքում»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը անդրադարձել էր նաև Կոնգրեսի դիմումին ԿԸՀ. «ԿԸՀ-ն մերժել է մի  ընդդիմադիր կուսակցության կողմից ներկայացված մանրամասն բողոքը, որը պահանջում  էր  անվավեր ճանաչել  հանրաքվեի  արդյունքներըքանի որ իրավական  և  ընթացակարգային խախտումները համակարգված էին և համատարած»:

«Ընտրողների գրանցում» բաժնում մասնավորապես նշված է. «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՀՓԽ-ի զրուցակիցների մեծ մասը իրենց մտահոգությունն էր արտահայտում քվեարկության օրը  ընտրողների ցուցակների հնարավոր մեծածավալ շահարկումների  վերաբերյալ, այդ թվում՝  արտերկրում գտնվող մարդկանց փոխարեն քվեարկություն։ Բարձրաձայնելով այդ մտահոգությունները`շատ զրուցակիցներ գտնում էին, որ ընտրողների ցուցակներում արտերկրում գտնվող ընտրողների մասին գրառումները կարող են դառնալ արդյունավետ միջոց հնարավոր  կեղծիքները կանխելու համար։ Քաղաքական կուսակցությունները և քաղաքացիական հասարակությունը վերահաստատել են իրենց վաղեմի առաջարկությունը՝ հասարակական ստուգման համար հանրությանը ներկայացնել քվեարկած անձանց ցուցակները, ինչը կարող է ծառայել երաշխիք ընդդեմ ընտրախախտումների: Իշխանությունների շարունակվող դժկամությունը՝ քննարկելու այս և այլ հնարավոր երաշխիքները, կանխարգելելու շահարկումները, խարխլում է հասարակության վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ»:

Այստեղ առաքելությունը ուշագրավ ծանուցում է կատարում՝ մատնանշելով ստորագրված ընտրացուցակների հրապարակման հնարավորությունը: Հաշվի առնելով այն, որ 2012 և 2013 թթ. ընտրությունների դիտարկման արդյունքում արված հանձնարարականները ուժի մեջ են, այս հանգամանքը լրացուցիչ հնարավորություն է տալիս ընդդիմությանը հետամուտ լինելու՝ ստորագրված ընտրացուցակների հրապարակումը Ընտրական օրենսգրքում ամրագրելու համար: Այսպես «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նշում է, որ Թեև Վենետիկի հանձնաժողովը սա չի համարում որպես լավ գործառույթ, քանի որ քվեարկությունից ձեռնպահ մնալը կարող է լինել քաղաքական ընտրության ցուցանիշ, միաժամանակ պետք է նաև նշվի, որ նշումներարված ընտրացուցակները հանրային ստուգմանըմ ատչելի դարձնելը արգելված չէ միջազգային իրավունքով: 2011թ. ՄԱԿ-ի No.34 Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին 1966թ. միջազգային դաշնագրի Ընդհանուր Մեկնաբանության 19-րդ Հոդվածը նախատեսում է, որ ազատ արտահայտվելու իրավունքը «ընդգրկում է տեղեկատվություն ստանալու իրավունքհասարակական մարմնի կողմից, անկախ նրանից, թե այդ տեղեկատվությունը ինչպես է պահվում: Տեղեկատվության հանրամատչելիության իրավունքը ներառում է այն իրավունքը, որով լրատվամիջոցները իրավունք ունեն ստանալ տեղեկատվություն հասարակական գործերի վերաբերյալ,և ընդհանուր հանրության իրավունքը՝ հետամուտ լինել լրատվամիջոցների թողարկումներին»:

Ընտրողների՝ նշումներ արված ցուցակները հանրության սեփականություն դարձնելը կիրառվում է որոշ երկրներում, օրինակ՝ Միացյալ Թագավորությունում»:

Հաջորդ ծանուցմամբ նշվում է հետևյալը. «Այս խնդրի լուծման մոտեցումները կարող են նաև ներառել քվեարկության ընթացակարգերի ավելի խիստ երաշխիքների ընդունում,ներառյալ՝ երկրի սահմաններից դուրս գտնվող ընտրողների հատուկ ցուցակների ստեղծում, ընտրողների գրանցման ակտիվ բաղադրիչի ներդրում, որը հասանելի կլինի Հայաստանի  սահմաններից դուրս գտնվող բոլոր քաղաքացիների համար, կամընտրողներիստորագրած  ցուցակներըհասանելիդարձնել կուսակցություններինևդիտորդներինսահմանափակ  ժամանակահատվածիընթացքում՝ բողոքներըներկայացնելուժամանակ»:

Այնուհետև առաքելությունը եզրակացնում է. «Ինչպես նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախորդ հանձնարարականներում, համապատասխան մարմինները պետք է բարելավեն ընտրողների ռեգիստրի ճշգրտությունը և ձգտեն հասնել փոխհամաձայնության արդյունավետ լուծումների վերաբերյալ՝ անդրադառնալով հարատևող այն ընկալմանը, որ ընտրողների ցուցակներում Հայաստանից բացակայող քաղաքացիների ընդգրկվածությունը կարող է շահարկվել՝ հեշտացնելով բացակայող անձի փոխարեն քվեարկելը կամ այլ ընտրախախտումներ»:

Այս դիտարկումները ներառված են նաև Առաջնային հանձնարարականներ բաժնում՝ հնարավորություն ընձեռելով ընդդիմությանը պահանջելու ընտրացուցակների մանրակրկիտ ստուգում և ստորագրված ցուցակների հրապարակում: Հաջորդիվ կանդրադառնանք զեկույցի այլ ուշագրավ դիտարկումներին:

 

Վ.Կարապետյան