12.02.2016 16:54

Այսօր ծնվել է Հրանտ Մաթեւոսյանը՝ Մեծը

Այսօր ծնվել է Հրանտ Մաթեւոսյանը՝ Մեծը
Լուսանկարը` Գերման Ավագյանի

Երանի նրանց, ովքեր հեշտությամբ գրիչ են շարժում Նրա մասին։

Ես կարկամում եմ։ Կարկամում էի, երբ մեր կողքին էր։ Կարկամում եմ, երբ հեռվից է նայում մեզ։

Նրա Բառը իշխում է իմ մտքին եկածի վրա։ Նրա Բառը իմ սրտի Տերն է դառնում, ու ասելիքս շշուկ է դառնում։ Այնքան վախվորած, որ միայն ես եմ լսում։

Ինքն է պատմում. «Ծնվել եմ Լոռի, 1935-ին։ Այդ եւ հետագա քսան, անգամ երեսուն տարիների գյուղը մեր եւ հների միջեւ շատ ավելի Թումանյանի – Տոլստոյի – Քսենոփոնի ժամանակներին էր մոտ, քան մեր այսօրվան։ Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել... կարողություններիս ու տեղեկություններիս ցանկով էջը չլցնելու համար միանգամից ասեմ, առասպելի ջրհեղեղը եթե կրկնվեր՝ Նոյան պես կարող էի վերստեղծել հողագործության ու անասնապահության մեծ մշակույթները, եւ մարդկանց հիշողությունը եթե հանկարծ խաթարվեր՝ ազգականներիս ու երկրացիներիս այն օրերի վարքից կարող էի նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը։ Այս ամենի համար պարտական եմ այն հին Ահնիձոր գյուղին, ուր տասնհինգ տարի եմ անցըրել»։

Մնացածը գիտենք, եթե, իհարկե, գիտենք Հրանտ Մաթեւոսյանի Գրականությունը։ Ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, Մոսկվայի կինոսցենարների դասընթացներում, թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով։ «Դրուժբա նարոդով» ամսագրի, ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական մրցանակներ է ստացել։

ՀՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ է 1996 թվականից (այդ տարիներին այս շքանշանը դեռեւս ողբալիորեն չէր արժեզրկվել)։

Ի դեպ, ընդունված կարգ էր՝ ԽՍՀՄ պետական մրցանակի հավակնորդներին ներկայացնում էին հանրապետությունները, եւ Հայաստանի գրողների միությունը այլ թեկնածու ներկայացրեց։ Այդ տարիներին Հրանտ Մաթեւոսյանով շնչող ու ապրող ռուսական գրական աշխարհը ապշեց ուղղակի այդ փաստից, եւ հենց ռուսներն իրե՛նք՝ սեփական նախաձեռնությամբ այդ մրցանակը պարգեւեցին մեր գրողին։ Այս պատմությունն, իհարկե, չեք գտնի ո՛չ Վիքիպեդիայում մեր մեծ գրողին հատկացված էջի աղքատիկ ու փնթի տեքստում, ոչ էլ՝ սոցցանցի զանազան խորխորատներում։

Ինքն է գրում. «Իրենց անցյալն ու ապագան նրանք ծրագրում են, այնինչ մեր վարքը օտար ձիու պես մեր տակից փախչում է»։

Եվ ու՞մ է պետք իմ շշուկը, եթե Նրա գրականությունը իմ, քո, նրա, բոլորիս շշուկների մաքրագործված Ձայնն է։

Կարդացեք Հրանտ Մաթեւոսյան։

Լիզա Ճաղարյան