16.02.2016 19:36

Այսօր ծնվել է Կիմ Չեն Իրը՝ արեւածիածանաճաճանչափայլ գերմարդը

Այսօր ծնվել է Կիմ Չեն Իրը՝ արեւածիածանաճաճանչափայլ գերմարդը

Գեներալիսիմուս Կիմ Չեն Իրը գեներալիսիմուս Կիմ Իր Սենի սիրասուն զավակն էր ու ապագա գեներալիսիմուս Կիմ Չեն Ընի անզուգական հայրիկը։

Ինքը միայն գեներալիսիմուս չէր, 50-ից ավելի տիտղոսներ ուներ։ Ինքը նաեւ սիրում էր կանանց, կոնյակ եւ ծխախոտ։ Առաջին կինը կինոդերասանուհի Սոն Հե Րիմն էր։ Նա ծնեց Նամին։ Մի քանի տարի համատեղ ապրելով այս գեներալիսիմուսի հետ, Նամի մայրիկը ծանրագույն ընկճախտին տրվեց հոգով-սրտով։ Երեւի ընկճախտին տրվելն ամեն դեպքում գերադասելի էր Իրին տրվելուց. Նամի մայրիկին ուղարկեցին բարեկամ Մոսկվայում բուժվելու, ու հենց այստեղ էլ երկար տարիներ ընկճախտի ապահով գրկում ապրելուց հետո՝ 2011-ին մահացավ ու թաղվեց երբեմնի հայտնի դերասանուհին։

Երկրորդ կինը Կիմ Յոն Սուկն էր։ Նա մի դուստր նվիրեց գեներալիսիմուսին եւ ոչ մի որդի. գուցե սա է պատճառը, որ երկրորդ կնոջ ճակատագրի մասին հյուսիսկորեական հարուստ պատմությունը լռում է։

Հաջորդը պարուհի Կո Են Հին էր։ Ասում են՝ գեղեցկուհի էր։ Երկու որդի էլ նա նվիրեց Իրին, որոնցից մեկն էլ բոլորիս հայտնի Ընն է։ Պարուհին մահացավ Փարիզում, 2014-ին։

Չորրորդն ու վերջինը Կիմ Օկն է։ Պաշտոնական փաստաթղթերով՝ գեներալիսիմուս Իրն ուներ ընդամենը երեք  որդի, իսկ իրականում առնվազն 17 երեխա՝ տարբեր կանանցից։

Տարեկան 800 հազար դոլար էր ծախսում կոնյակի վրա։ Հայկական կոնյակ չէր խմում, Hennessy էր գերադասում (անճաշակի մեկը)։

Շատ-շատ էր ծխում, բայց որ առողջությունը շատ վատացավ, ծխելը թողեց ու ողջ երկրում արգելեց ծխախոտի վաճառքը։

Գեներալիսիմուս Իրը, առանց կասկածի նշույլի՝ գերմարդ էր։

Ինքը ֆուտբոլի կարկառուն մարզիչ էր, 2011-ի աշխարհի առաջնությունից առաջ Հյուսիսային Կորեայի թիմին ինքն էր «մարզում»... հեռախոսով։ Համբուրգերն ի՛նքն է հորինել։ Իրը, էլի՛։ Անձամբ ինքն է ասել 2004-ին, դե՛ մենք էլ հո գլխներիցս ձեռ չենք քաշել, որ չհավատանք։ Ինքը մի օր որոշեց բոլոր կարճահասակներին Հարավային Կորեայից վտարել, մեկ էլ մտածեց՝ չլինի՞ սրանց լավություն եմ անում անկախ ինձանից, ու չվտարեց։

Ինքը ծրագրել էր հսկա ճագարներ բուծել, որ սովի քոքը կտրի միանգամից ու հավերժ, բայց ճագարները հյուսիսկորեացիների նման չէին պաշտում Իրին ու երեք մատների կոմբինացիա ցույց տվեցին նրան՝ մեզ մեր չափուձեւը շատ է՛լ դուր է գալիս, գործիդ գնա։

Իրը նաեւ մեծ կոմպոզիտոր էր, երկու տարում վեց օպերա է գրել։ Ինքը փիլիսոփա էր, կինոգետ, գրականագետ, ճարտարապետ եւ ընդհանրապես՝ ինչքան «գետ»-ով ու «պետ»-ով ավարտվող բառեր գիտեք՝ Ինքն էր։

Իրը Kijong-dong դրախտային քաղաքն է կառուցել իր դրախտավայր երկրի սահմանին, բայց այնտեղ մարդ չի ապրում։ Իրը սա կառուցել է, որ փտած կապիտալիստները տեսնեն ու մտածեն՝ ողջ Հյուսիսային Կորեան է այդպես ապրում, ու նախանձից պայթեն։ Հա, մեկ էլ կույս աղջիկների արյուն էր ներարկել տալիս իրեն, որ երիտասարդ մնա։ Բնականաբար՝ Ինքը կարողանում էր նաեւ եղանակը կառավարել։ Ուզենար՝ անձրեւ կգար, ուզենար՝ արեւը դուրս կգար, ուզենար՝ միանգամից երեք հատ ծիածան կնվիրեր իր երջանիկ ժողովրդին։ Բայց դե՝ ինչների՞ն էր պետք երեք հատ ծիածանը, առանց դրան էլ այնքան երջանիկ էին՝ լցվել թափվում էր մարդկանց աչքերից։ էլ տեղ չկար։

Ընդամենը 16 համակենտրոնացման ճամբար կա այս դրախտավայրում։ Կարգին մեծ երկիր է, բայց ընդամե՛նը՝ 16 համակենտրոնացման ճամբար... Շատ հաստ ու պինդ, էլեկտրական հոսանքին միացրած փշալարեր են պաշտպանում այս ճամբարների հովվերգությունը։ Այստեղ երեք սերունդ է ապրում ու բարգավաճում։ «Ժողովրդի թշնամիների» երեք սերունդ։ Եթե մեկը ժողովրդի թշնամի է, ուրեմն՝ ժողովրդի թշնամիներ են նաեւ նրա որդին ու թոռը։ Այ, այսքան բարի մարդ էր Իրը։ Կարող էր, չէ՞, ծոռներին էլ փակել ճամբարում, բայց՝ ո՜չ, ծոռների հարցերով թողել է, որ իր ապագա գեներալիսիմուս որդի Ընը զբաղվի։

Ամենաաններելի հանցագործությունն այստեղ համարվում է երկիրը լքելու փորձը։ Հայրենիքի դավաճանություն է համարվում, եթե համաձայն չես կառավարության, այսինքն՝ երեք Կիմերի որոշումներին։ Իսկ եթե հանկարծ մտքովդ անցել է հետաքրքրվել, թե ինչպես են ապրում այլ երկրներում, վերջ՝ պարանը յուղիր, որ վիզդ շատ չհարի կախաղանին օրորվելիս։

Այստեղ օրական մեկ կամ երկու ժամ են լույս տալիս, իսկ ձմեռները մեկ ժամն էլ են խնայում. ցրտադիմացկուն ժողովուրդ են, բան չի պատահի։ Լույսը նրանց հոգիներում է, արհեստական լույսն ինչների՞ն է պետք։

2011-ի դեկտեմբերին, Իրի «անժամանակ» մահից հետո երկրում ընկերական դատերի ցունամի է սկսվում։ Դատում էին նրանց, ովքեր «լավ չէին լաց լինում»։ Վատ լացողներին ուղարկեցին համակենտրոնացման ճամբարներ։ Շա՛տ վատ լացողների մասին հյուսիսկորեական հարուստ պատմությունը լռում է։

Կիմ Չեն Իրը ծնվել է (1941/1942-2011), ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ 1942-ին, Հյուսիսային Կորեայի ամենաբարձր լեռան վրա, պարտիզանական գողտրիկ խրճիթում, եւ նրա ծնվելու պահին նոր աստղ է փայլատակել երկնքում, իսկ երկու ծիածան՝ գիրկընդխառն ավետել են Մեծ Առաջնորդի գալուստը։ Իրականում՝ առանց ծնծղաների, ծնվել է 1941-ին, ԽՍՀՄ-ում, Խաբարովսկի երկրամասի Վյատսկոե գյուղում։

Կարդալ բարձրաձայն, հոտնկայս։ Վերջում չմոռանալ բուռն եւ երկարատեւ ծափահարությունները։

Հ.Գ. Բոլոր համընկնումները հայաստանյան ներկա դրախտային կյանքին՝ նենգ պատահականություններ են։

Լիզա Ճաղարյան