17.02.2016 13:47

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Միջազգային այլ կազմակերպությունների արձագանքն ու Հայաստանի հանրության շահը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, Միջազգային այլ կազմակերպությունների արձագանքն  ու Հայաստանի հանրության շահը

Ստեղծվել է փայլուն հնարավորություն օրինակելի Ընտրական օրենսգիրք ունենալու համար

Նախորդ հոդվածում անդրադարձանք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցին, որը քննադատել էր 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեն, մատնանշել խախտումների բազմաթիվ փաստեր և, ինչը շատ կարևոր է, առաջարկել մի շարք հանձնարարականներ, որոնք պետք է ներառվեն առաջիկայում ընդունվելիք Ընտրական նոր օրենսգրքում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը արժանացավ հանրապետականների ծաղրին, քննադատությանը: Իշխանությունները, կարծես, միջազգային կազմակերպությունների քննադատությանը հակադարձելու մի նոր մարտավարություն են հնարել. քանի որ չունեն համարձակություն և արժանապատվություն բաց և թափանցիկ կերպով խոսելու միջազգային կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ` հաճախակի դարձած խիստ և չխնայող քննադատության վերաբերյալ, դա անում են ոչ պաշտոնական խողովակներով` մեջտեղ բերելով պատգամավորներին, ԱԺ աշխատակազմի ղեկավարին, ԿԸՀ նախագահին: Իրեն հարգող երկիրը չպետք է հանդուրժի դիվանագիտական ծառայությամբ Հայաստանում գտնվող օտարերկրացիների նման քննադատությունը, սակայն դա այսօրվա անողնաշար իշխանություններին չի վերաբերում:

Թվում էր, թե հակադարձելով զեկույցին՝ ՀՀԿ-ն նախահարձակի էր անցնելու` արհամարհելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի քննադատությունն ու հանձնարարականները, երբ լույս տեսավ ԵՄ, Եվրոպական Միության անդամ երկրների դեսպանների հետ համատեղ հայտարարությունը, որն ամբողջապես պաշտպանեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը: Դրանով վերջինս ստացավ ամենաբարձր լեգիտիմություն, իսկ հանձնարարականների կշիռը ավելի մեծացավ: Այս հայտարարությամբ` հիմա է՛լ ԵՄ անդամ երկրներն են պահանջում. «Իշխանության կողմից հանրային վստահության մակարդակը բարձրացնելու ջանքերն ամրապնդելու համար հարկ է (!) համաձայնության գալ այնպիսի էական խնդիրների շուրջ, ինչպիսիք են ընտրացուցակները, քվեաթերթիկների հաշվարկը, ընտրություններից հետո ընտրացուցակների հավանական հրապարակումը կամ որևէ այլ միջոց, որը կլուծի Հայաստանում չգտնվող քաղաքացիներին ընտրացուցակներում ներառելու հավանական չարաշահումների մասին ձևավորված ընկալումների հարցը, ինչպես նաև արդյունքների ամփոփումը»:

Դրա հետ մեկտեղ Եվրոպական Միությունը նշում է. «Հարկ է բարելավել ընտրացուցակների ճշգրտությունը, և հարկ է ներմուծել բազմակի քվեարկության դեմ արդյունավետ և հետևողական երաշխիքներ՝ անկախ ընտրողների անձն արդյունավետ կերպով հաստատող առկա փաստաթղթերի տեսակից»:

Այս հանձնարարականները եկել են լրացնելու ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, որոնք առկա են զեկույցի բոլոր բաժիններում, ինչպես նաև ամփոփված են «Առաջնային հանձնարարականներ» բաժնում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն նաև ընդգծել էր, որ «պատրաստ է աջակցել Հայաստանի իշխանություններին հանրաքվեների եւ ընտրական գործընթացների հետագա բարելավմանը և անդրադառնալ այս և նախորդ զեկույցներում կատարված հանձնարարականներին: Սույն հանձնարականները պետք է ընթերցել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում կատարված հանձնարարականների հետ համատեղ:» Նշենք Առաջնային հանձարարականներից մի քանիսը.

  1. 1.      Ընտրական օրենսդրության փոփոխությունները պետք է իրականացվեն ներառական կերպով, և բոլոր շահագրգիռ կողմերը պետք է խրախուսվեն գործադրել բոլոր հնարավոր ողջամիտ ջանքերը՝ գալու հնարավորինս ամբողջական փոխհամաձայնության բարեփոխումների վերաբերյալ, հաշվի առնելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի բոլոր նախորդ համապատասխան հանձնարարականները։
  2. 2.      Ինչպես նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախորդ հանձնարարականներում, համապատասխան մարմինները պետք է բարելավեն ընտրողների ռեգիստրի ճշգրտությունը և ձգտեն հասնել փոխհամաձայնության արդյունավետ լուծումների վերաբերյալ՝ անդրադառնալով հարատևող այն ընկալմանը, որ ընտրողների ցուցակներում Հայաստանից բացակայող քաղաքացիների ընդգրկվածությունը կարող է շահարկվել՝ հեշտացնելով բացակայող անձի փոխարեն քվեարկելը կամ այլ ընտրախախտումներ:
  3. Համապատասխան մարմինները պետք է ներկայացնեն արդյունավետ և հետևողական երաշխիքներ բազմակի քվեարկության դեմ, որը կկիրառվի բոլոր ընտրողների նկատմամբ ՝ անկախ նույնականացման նպատակով ընտրողի կողմից օգտագործվող փաստաթղթի տեսակից

Հաշվի առնելով Հանրաքվեի համապարփակ կերպով կեղծելու վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսի, մի քանի ազդեցիկ հասարաակական կազմակերպությունների` հանրությանը ներկայացված անհերքելի փաստերի ծավալը, իրավապահներին ներկայացված մի քանի հարյուրի հասնող դիմումներն ու բողոքները, Հայաստանի և միջազգային հանրության կողմից այս ընտրական գործընթացի նկատմամբ ձևավորվել է համապատասխան վերաբերմունք: Այս իրավիճակը նպաստավոր պայմաններ է ստեղծել Ընտրական նոր օրենսգրքում ամրագրելու ընտրությունների վերահսկման աննախադեպ մեխանիզմներ: Հիմնովին կեղծված հանրաքվեն զրկել է իշխանություններին այս հարցում դիմադրելու ավանդական շատ ռեսուրսներից, ինչից պետք է օգտվեն հանրաքվեին վերահսկողություն իրականացրած  և նման արդյունք արձանագրած ՀՀ քաղաքացիները: Կոնգրեսն էլ, համագործակցելով ազատ և արդար ընտրություններով շահագրգռված այլ կազմակերպությունների և անհատների հետ, անելու է հնարավորը ապահովելու 2017 թվականին արդար ընտրությունների անցկացման նախադրյալները:

Վլադիմիր Կարապետյան