20.02.2016 13:04

Վախճանվել է իտալացի գրող Ումբերտո Էկոն

Վախճանվել է իտալացի գրող Ումբերտո Էկոն

84 տարեկան հասակում վախճանվել է իտալացի պատմաբան, փիլիսոփա, գրող Ումբերտո Էկոն:

Էկոն ծնվել է 1932 թ., Թուրինից ոչ հեռու գտնվող փոքրիկ Ալեսսանդրիա քաղաքում:

Իր առաջին վեպը՝ «Վարդի անունը», Էկոն հրապարակել է 1980 թ., այն նրա ամենահայտնի գրական ստեղծագործությունն է, որն էկրանավորվել է 1986 թ.: Ֆիլմում գլխավոր դերը կատարում է Շոն Քոնըրին:

Էկոյի վերջին՝ յոթներորդ վեպը՝ «Զրո համարը», հրապարակվել է 2015 թ. հունվարին: Էկոն ինքը իր գրական գործունեությունը չէր համարում իր կյանքի գլխավոր բաղադրիչը: «Ես փիլիսոփա եմ: Ես վեպեր եմ գրում միայն հանգստյան օրերին»,- ասում էր նա:

Ումբերտո Էկոն մշակույթ և էսթետիկա էր դասավանդում Միլանի, Թուրինի և Ֆլորենցիայի համալսարաններում: Նա բազմաթիվ համալսարանների պատվավոր դոկտոր էր, մեծ թվով էսսեներ է գրել փիլիսոփայության, լեզվաբանության, իմաստաբանության, միջնադարյան էսթետիկայի վերաբերյալ: Փոխանցում է BBC-ն: