23.02.2016 13:59

Նիկարագուան ազատ է արձակել ութ հազար կալանավորի

Նիկարագուան ազատ է արձակել ութ հազար կալանավորի

Նիկարագուայի իշխանություններն ազատ են արձակել ութ հազար կալանավորի, որպեսզի այդ կերպ բեռնաթափեն բանտերը:

Համաներումը կիրառվել է այն բանտարկյալների նկատմամբ, որոնց  դատարանը դատապարտել է հինգ տարուց ոչ ավելի ազատազրկման: Նրանց  կալանավայրերից ազատել են՝ պատժաչափի մնացած մասը փոխելով պայմանականի: Դա նշանակում է, որ ազատ արձակվածները պարբերաբար իշխանություններին պետք է տեղեկացնեն իրենց տեղաշարժի մասին:

Բացի այդ՝ Նիկարագուայի կառավարությունը որոշում է կայացրել երկրից արտաքսել առնվազն  հարյուր արտասահմանցի կալանավորների, որոնք իրենց պատժաժամկետը կկրեն իրենց հայրենիքում:

Իշխանություններն իրենց գործողությունները բնորոշել են որպես հաշտության քաղաքականություն:

Նիկարագուայի բանտերի ընդհանուր տարողունակությունը գնահատվում է մոտավորապես հինգ հազար մարդ, մինչդեռ մինչ օրս այնտեղ գրեթե կրկնակի ավելի կալանավորներ էին պահվում: Փոխանցում է BBC-ն: