24.02.2016 15:14

Հրանտ Տեր-Աբրահամյան. Նենգ օտարները եւ հայի պատասխանատվությունը-2

Հրանտ Տեր-Աբրահամյան. Նենգ օտարները եւ հայի պատասխանատվությունը-2

Նախորդ հրապարակման մեջ հարց էինք տվել, թե ինչո՞ւ 1918-21 թթ. ընթացքում այնպես ստացվեց, որ Լեռնային Ղարաբաղը եւ Արեւելյան Հայաստանի մյուս տարածքները (Դաշտային Ղարաբաղ, Ջավախք, Նախիջեւան) դուրս մնացին Հայաստանի Հանրապետությունից: Ինչո՞ւ ստիպված եղանք 20-րդ դարի վերջին մեծ ջանքերի եւ զոհերի գնով վերադարձնել դրանցից միայն մեկը՝ Լեռնային Ղարաբաղը: Արդյո՞ք այդ ամենի մեջ, բացի օտարների «նենգությունից», կա նաեւ մեր՝ հայերիս պատասխանատվությունը, որի չափը պետք է սահմանել, հասկանալ եւ ընդհանրացնել՝ այսօր եւ վաղը նմանատիպ սխալների մեջ չընկնելու համար:

Եղածն ու չեղածը

Հարցադրման համառոտ պատասխանը բավականին պարզ է՝ այս բոլոր տարածքները մնացին Հայաստանից դուրս, որովհետեւ անկախություն ձեռք բերելով Արեւելյան Հայաստանում, իրական վերահսկողություն եւ հակառակորդի նկատմամբ առավելություն ունենալով հենց ա՛յդ տարածքում, հայերս մեր հիմնական քաղաքական ջանքը շարունակեցինք թափել ոչ թե Արեւելյան, այլ Արեւմտյան Հայաստանի ուղղությամբ, որն այդ ժամանակ արդեն հայաթափվել էր, որը դուրս էր մեր վերահսկղությունից, եւ որի համար մրցում էինք մեզնից ավելի ուժեղ հակառակորդի հետ: Իհարկե, իզուր չէ, որ շեշտեցինք, թե սա հարցի համառոտ եւ պարզ պատասխանն է: Իրականությունն ավելի բարդ է, ավելի նուրբ է, եւ կան բազմաթիվ «բայց»-եր, «սակայն»-ներ եւ այլն, բայց, մեծ հաշվով՝ հարցի էությունը դրանից շատ չի փոխվում: Այս ամենը գրում ենք՝ անշուշտ հաշվի առնելով արտաքին՝ թուրքական, անգլիական, ռուսական գործոնների կարեւորությունը, որոնց մասին նշել ենք հոդվածի նախորդ հատվածում: Բայց այս ամենով էլ հանդերձ՝ պնդում ենք, որ առաջնայինը ոչ թե արտաքին, այլ ներքին գործոններն են՝ արտաքինը միայն բացահայտել է ներքին դիրքորոշման խոցելիությունը: Հատկանշական է, ի դեպ, այս առումով, որ անգլիացիները, երբ 1919-ին Ղարաբաղի հարցը լուծում էին հօգուտ Ադրբեջանի, ասում էին հայերին, թե միեւնույն է, հայերը ստանալու են հողեր արեւմուտքում՝ ի հաշիվ նախկին Օսմանյան կայսրության, դրա համար Ղարաբաղի հարցում կարող են ավելի զիջող լինել: Բայց դա նշանակում էր զիջել այդ պահին հայերով բնակեցված եւ հայերի կողմից վերահսկվող Ղարաբաղը՝ հայերից «ազատված» եւ դեռեւս թուրքական վերահսկողության տակ գտնվող Վանի եւ Մուշի դիմաց: Որքան էլ նվիրական են վերջինները, բայց նման մոտեցման արդյունքում կորցրինք առաջինը եւ ձեռք չբերեցինք երկրորդը: Մյուս կողմից էլ՝ հատկանշական է, որ նույն անգլիացիները փորձեցին նաեւ Զանգեզուրի հարցը լուծել հօգուտ Ադրբեջանի, բայց դա չստացվեց՝ շնորհիվ տեղի հայության վճռական դիմադրության: Տապալվեց նաեւ նույն ուղղությամբ բոլշեւիկների փորձը, եւ Զանգեզուրը մնաց Հայաստանում: Իսկ դա նշանակում է, որ արտաքին գործոնները որքան էլ ուժեղ, բայց ամենազոր չեն, մանավանդ որ հեռավոր օտարներից ոչ անգլիացիները, ոչ էլ բոլշեւիկները 1919-20 թթ. հնարավորություն չունեին վճռական ուժեր կենտրոնացնելու մեր տարածաշրջանում:

Սա է, ուրեմն, խնդրի էությունը՝ եղածը զիջել ենք չեղածի դիմաց: Եվ, ի դեպ, կարեւոր է, որ այդ չեղածն էլ չենք ստացել նաեւ այն պատճառով, որ զիջել ենք առաջինը, որովհետեւ պարզ է, որ չամրապնդվելով Արեւելյան Հայաստանում՝ Արեւմտյան Հայաստանի վերանվաճման հարցը ոչ թե հեշտացրել ենք, այլ բարդացրել:

Անկախության չծնված պահանջը

Ինչպե՞ս եւ ինչո՞ւ այդպես ստացվեց: Հարցի պատասխանը, եթե ոչ ամբողջապես հասկանալու, ապա գոնե դրա սահմանների մասին մոտավոր պատկերացում կազմելու համար պետք է մի փոքր դիտարկենք նախորդ դարերի հայկական ազատագրական շարժման պատմությունը: Բավականին հայտնի եւ ինչ-որ տեղ արդեն չարչրկված փաստ է, որ 1880-ականներից ծավալված ազատագրական շարժման նոր փուլը Արեւելյան Հայաստանի անկախության հարց չէր դնում (ճիշտ է, նման պահանջ, որպես հեռավոր նպատակ՝ դրվում էր Հնչակյանների առաջին ծրագրի մեջ, բայց այդտեղից էլ դա հանվեց մի քանի տարի անց): Նույնիսկ 1917-18-ի դրությամբ՝ նման պահանջ գոյություն չուներ, եւ հայերը պարզապես պատրաստ չէին Արեւելյան Հայաստանի անկախացմանը: Իսկ երբ անկախությունը դարձավ կյանքի ստիպողական պահանջ 1918-ի մայիսին, շատերը, եթե չասենք՝ մեծամասնությունը, դա ընկալել են որպես, լավագույն դեպքում՝ ժամանակավոր երեւույթ, իսկ վատագույն դեպքում՝ նույնիսկ չարիք: Հայկական քաղաքական ուժերի, բայց ոչ հասարակական շերտերի մեծ մասը միայն 1919-20 թթ. ընթացքում «հաշտվեց» եւ ընդունեց Արեւելյան Հայաստանի անկախությունը: Բայց հաշտվելն ու ընդունելը դեռ չի նշանակում անմիջապես ազատվել նախորդ շրջանի ինքնահոսից եւ կառուցել Արեւելյան Հայաստանի անկախացման փաստից տրամաբանորեն բխող քաղաքականություն, որը պետք է լիներ՝ կենտրոնացում եւ հզորացում Արեւելքում՝ Արեւմուտքի խնդրի հետաձգմամբ: Հիմա դա բարդ չէ հասկանալ, բայց պարզ է, որ տրամաբանությունը միշտ չէ, որ հաղթող է դուրս գալիս ինքնահոսի նկատմամբ, այն էլ պատմականորեն այդքան կարճ ժամանակում:

Հանուն արդարության՝ պետք է ասել, որ ազատագրական պայքարի նախորդ ակտիվ փուլում՝ 18-րդ դարում եւ 19-ի սկզբին, Արեւելյան Հայաստանում հայկական պետականության վերականգնման ծրագիր հայերի մեջ կար, իսկ 19-րդ դարից որդեգրած մոտեցումն ուներ իր առարկայական պատճառները: 18-րդ դարին իմաստ չունի այստեղ երկար անդրադառնալ, չնայած ակնհայտ է, որ նույն Ղարաբաղյան հարցի կարեւոր արմատները հենց այստեղ են: Նշենք միայն, որ ողջ 18-րդ դարի ընթացքում վրացիների եւ հայերի (հատկապես՝ Զանգեզուրի եւ Ղարաբաղի հայերի, որոնք պահպանել էին իրենց ինքնավարությունն ու ռազմական ներուժը) շրջանում տարածված էր Ռուսաստանի միջոցով մուսուլմանական տիրապետությունից ազատագրվելու գաղափարը: Վրացիները հույս ունեին ամրապնդելու իրենց կիսափուլ անկախությունը, իսկ հայերը՝ վերականգնել Հայոց թագավորությունը քրիստոնյա Ռուսաստանի հովանու տակ: Հանուն այդ գաղափարի՝ մեկ դարում ահագին ջանք եւ արյուն թափվեց, երկու ժողովուրդները լուրջ կորուստներ կրեցին՝ հայտնվելով մեծ տերությունների սրված հակամարտության կիզակետում: Բայց արդյունքը եղավ սպասումներից շատ տարբեր: Մեկ դար տեւող, մե՛րթ ուժգնացող, մե՛րթ ժամանակավոր մարող պայքարի արդյունքում ռուսներն իրոք դուրս մղեցին Այսրկովկասից պարսիկներին եւ օսմանցիներին, բայց արդյունքը եղավ Վրաստանի անկախության կորուստը եւ հայկական անկախության վերականգնման հույսերի ի չիք դառնալը: Ավելին՝ եթե պարսկական տիրապետության շրջանում Զանգեզուրի եւ մանավանդ Ղարաբաղի հայերն ինքնավար էին, ունեին սեփական զորք եւ այլն, այսինքն՝ որոշակի քաղաքական գործոն էին, ապա ռուսական տիրապետությունը ոչ միայն ջնջեց այդ ինքնավարությունը, այլեւ պահպանեց Ղարաբաղի թուրք խաների արտոնյալ վիճակը: Չնայած այս ամենի՝ թե՛ հայերը, թե՛ վրացիները մեծամասմաբ համակերպվեցին ռուսական տիրապետությանը (դիմադրողներ էլ կային երկու ազգերի մեջ, օրինակ՝ վրաց արքայազն Ալեքսանդրը կամ Ղարաբաղի մելիքներից Մեջլումը, որոնք դաշնակցեցին պարսիկների հետ ընդդեմ ռուսների՝ հանուն կորսված անկախության):

Ինչ վերաբերում է մեզ ավելի մոտ՝ 1880-ականներից սկսած շրջանին, ապա հայկական անկախության կամ ինքնավարության հարցը դրվեց որպես, նախեւառաջ, Տաճկահայաստանի հարց՝ մի քանի բավականին ակնհայտ պատճառներով: Նախ՝ հայերի վիճակը Թուրքիայում համարվում էր ավելի ծանր (եւ իրոք, բուն Հայաստանում, այլ ոչ թե Պոլսի պես գաղութներում այդպիսին էր), չնայած պետք է հաշվի առնել, որ ռուսահայերի զարգացումն էլ հիմնականում տեղի էր ունենում գաղութներում, իսկ բուն Հայաստանը ցարական շրջանում մնաց չափազանց հետամնաց երկրամաս: Երկրորդ՝ Ռուսաստանի հզորությունն այնքան անսասանելի էր թվում, որ Ռուսահայաստանի անկախանալու պահանջը ցնորքին հավասար էր ընկալվում: Սրան հակառակ՝ Օսմանյան կայսրությունն ակնհայտորեն ընթանում էր դեպի անկում, եւ բազմաթիվ հպատակ քրիստոնյա ժողովուրդներ հերթով ազատագրվում էին օսմանյան լծից՝ հույները, սերբերը, բուլղարները....: Շատ բնական էր թվում, որ ավելի թույլ Տաճկաստանից ավելի հեշտ կլինի ազատվել, քան Ռուսաստանից: Երրորդ՝ մեծ տերություններն իրենք էին սեղանի վրա դրել Հայկական հարցը՝ որպես Արեւելյան հարցի մաս, եւ վավերցարել հայկական բարենորոգումների պահանջը իրենց ստորագրություններով: Հայկական հարցը ժամանակ առ ժամանակ այնքան էր կարեւորվում, որ Անգլիայի պես պետության ներքին օրակարգի հարցի էր վերածվում: Պարզ է, որ ոչ միայն այն ժամանակվա, այլեւ այսօրվա հայերի մեծ մասը ոգեշնչվելու էր նման հեռանկարներից:

Ճիշտ է, ռուս-հայկական հարաբերությունները 19-րդ դարի վերջից, մեղմ ասած՝ անամպ չէին, եւ Ռուսական կայսրության հալածանքներին ի պատասխան՝ 1900-ականներին ծավալվեց ուժեղ հայկական դիմադրություն ցարիզմի դեմ: Սակայն այդ կազմակերպված դիմադրությունից նույնպես չծնվեց Արեւելյան Հայաստանի անկախության պահանջ (պետք է ասել, որ անկախության պահանջ չկար ոչ միայն հայերի, այլեւ, առավել եւս, հարեւան վրացիների եւ թուրքերի մեջ՝ ամեն դեպքում քաղաքականապես առավել կազմակերպված ժողովուրդն այդ երեքից հայերն էին, որի պատճառով էլ հենց մեր դեմ էին ուղղված ռուսական հալածանքները): Թե ինչու, այս ամենով հանդերձ՝ անկախացավ հենց Արեւելյան Հայաստանը, իսկ Արեւմտյանը, որում պատկերացնում էինք, անկախությունը կործանվեց, շատ հետաքրքիր հարց է, բայց դրա պատասխանը տվյալ հոդվածի բուն թեմայից դուրս է: Միայն նշենք, որ այստեղ էլ պետք է ավելի շատ օրինաչափություններ փնտրել, քան զուտ պատահականություն:

Էքսցենտրիկ Հանրապետության պարտքը

Կարեւորը տվյալ դեպքում այն է, որ Արեւելյան Հայաստանի անկախացումն ի զորու չեղավ փոխելու նախկին հարացույցը: Ազատագրական շրջանի մի ամբողջ սերնդի համար Երկիրը, Հայաստանը մնում էր Տաճկահայաստանը: Անկախացած Հայաստանը այս դեպքում պետք է լիներ ոչ այնքան ինքնանպատակ, այլ Տաճկահայաստանին վերատիրանալու գործիք: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ, որ նորանկախ Հայաստանի բնակչության զգալի մասը տաճկահայ փախստականներն էին, եւ որ հենց տաճկահայերի մեջ էլ ավելի էր տարածված ընդհանրապես անկախության գաղափարը, եւ նրանք էին պատրաստ արյուն թափելու հանուն դրա, նաեւ ա՛յն, որ մեծ տերությունների խոստումները 1919-20 թթ. ավելի մեծ էին, քան երբեւէ, ապա պարզ է դառնում, որ անկախ Հայաստանի «էքսցենտրիկ»՝ ինքն իրենց դուրս կենտրոն ունեցող քաղաքականությունը գրեթե անխուսափելի էր: Դրանից հնարավոր էր խուսափել, թերեւս, միայն երկրում փոքրամասնության կոշտ դիկտատուրայի հաստատմամբ (այդ ժամանակվա իշխող ուժի՝ Դաշնակցության մեջ կարծես կար որոշակի փոքրամասնություն, որը եթե ոչ ամբողջովին ըմբռնում էր խնդիրը, ապա գոնե ըմբռնման ճանապարհին էր):

Ի՞նչ  ասել է «էքսցենտրիկ» քաղաքականություն: Արեւելյան Հայաստանն իր տարածքով եւ հայկական բնակչության քանակով շատ պակաս չէր Արեւմտյանից: Ստանալով անկախություն Արեւելքում՝ հնարավորություն կար հենց դա դարձնել հայկական պետականության վերականգնման կենտրոնը: Արեւելքւոմ կար նաեւ այն առավելությունը, որ այստեղի մեր մրցակիցները՝ Ադրբեջանն ու Վրաստանը, մեզնից ավելի թույլ էին քաղաքական եւ ռազմական կազմակերպվածության առումով, եւ ուժերի կենտորնացման դեպքում կարող էինք հարցերի զգալի մասը լուծել հօգուտ մեզ: Բայց արեւելյան ճակատում մենք կարողացանք գործի դնել միայն երկրորդական ուժեր, որովհետեւ հիմնական կենտրոնացումը արեւմտյան ուղղությամբ էր: «Կենտրոնամետ»՝ ոչ էքսցենտրիկ քաղաքականությունն այդ պատմական փուլում ենթադրում էր Արեւելյան Հայաստանում ամրապնդումը՝ բոլոր հայաբնակ տարածքների միավորմամբ եւ վերահսկվող տարածքների հայացմամբ՝ թշնամի տարրերի զտմամբ: Դա մասամբ իրականացվեց, բայց ուշացմամբ, կես ուժով եւ փոքր արդյունավետությամբ: Արեւելյան Հայաստանի տարածքների մի մեծ հատվածի կորուստը հենց այդ կիսատության հետեւանքն է:

Խնդիրն այն չէ, իհարկե, որ հայերը պետք է ընդմիշտ եւ վերջնականապես հրաժարվեին Արեւմտյան Հայաստանից: Խնդիրը նույնիսկ ինչ-որ տեղ հակառակն էր: Արեւմտյանի գոնե մի մասը մի օր ձեռք բերելու համար պետք էր նախ հնարավորինս ամուր դիրքեր ունենալ Արեւելքում, ուր պատմական դեպքերի բերմամբ ստացել էին անկախ պետություն կերտելու հնարավորություն: Իսկ դրա համար պետք էր աստիճանական ռազմավարություն՝ ժամանակավոր «հրաժարում» արեւմուտքում եւ կենտրոնացում արեւելքում, ուժեղ թշնամու փոխարեն՝ թույլերի ընտրություն, հայաթափված տարածքների փոխարեն՝ հայաբնակ մնացածների հավաքում եւ զտում: Դա չեղավ, եւ արդյունքում՝ խնդրի լուծումը մնաց հաջորդ սերունդներին: Պետք եղավ սպասել մինչեւ 1990-ականներ, որպեսզի մեծ զոհողությունների գնով հնարավոր լինի Հայաստանին վերամիավորել Արեւելյան Հայաստանի կորսված տարածքների մի հատվածը միայն: Բայց պատմական պահի այդ ձգձգումն իր գինն ունեցավ: Վերջնականապես հայաթափվեցին Նախիջեւանը, Գանձակը, իսկ վերամիավորված Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ էլ, շնորհիվ 70 տարի իրարից անջատ ապրելու՝ հոգեբանական մեծ վիհ է առաջացել, որը հեշտ չի վերանալու, մանավանդ որ վերացման քաղաքականություն էլ չկա: Էլ չասած նրա մասին, որ մեր օրերի Հայաստանի պատմությունը կարող էր լրիվ այլ լինել, եթե չլիներ նախորդ սերունդների կողմից չլուծված ծանր խնդիրը, թեեւ գուցե իրոք չկա չարիք՝ առանց բարիքի: Անցյալն, իհարկե, չես փոխի, բայց ակնհայտ է հետեւությունը՝ քաղաքական սխալների գինը վճարվում է հաճախ տասնամյակներ, եթե ոչ՝ դարեր անց, եւ պարտքի վրա մեծ տոկոսներ են ավելանում: Այսօրվա մեր սխալների համար էլ վճարման պահ է գալու, եւ Աստված տա, որ վճարողների սերունդը գոնե այնքան քաղաքական իմաստնություն ունենա, որքան կարողացանք դրսեւորել Ղարաբաղյան շարժման ընթացքում: