24.02.2016 15:25

Այսօր ծնվել է Զդլիսլավ Բեկսինսկին. տարօրինակ մարդու լաբիրինթոսը

Այսօր ծնվել է Զդլիսլավ Բեկսինսկին. տարօրինակ մարդու լաբիրինթոսը

Օսկարակիր «Այծամարդու լաբիրինթոսը» ֆիլմի մեքսիկացի կինոռեժիսոր Գիլյերմո դել Տորոն մոլի երկրպագուն է Բեկսինսկու Ստեղծագործության, ինչն ակնառու է նրա ֆիլմերում։ Փառքը ուշ այցելեց այս տարօրինակ լեհին։ Կարծիք կա, որ սկիզբը դրեց շվեյցարացի վարպետ Հանս-Ռուդոլֆ Գիգերը՝ հայտարարելով, որ նա իր ժամանակի մեծագույն նկարիչն է։

Բեկսինսկու աշխարհն ամեն մարդու բան չէ։ Եթե ուզում եք հանգիստ, անհոգ ապրել, մի մտեք նրա աշխարհ։ Ճնշող է, մռայլ ու չարագուշակ։

Ինքը հակառակ կարծիքի էր։ Ասում էր՝ ինձ ճիշտ չեն հասկանում, իմ նկարները լավատեսական են եւ նույնիսկ զվարճալի։ Ետպատերազմյան Եվրոպայի այս ամենահանելուկային մարդն ինչ էր զգում ու մտածում ստեղծագործելիս՝ երեւի միայն ինքը գիտեր։ Եվ քանի որ երբեք իր նկարները չէր վերնագրում, ուրեմն՝ ամեն դեպքում ազատ էր թողել դիտողին՝ ոնց ուզում ես՝ հասկացիր։

Ծնվել է (1929-2005) Լեհաստանի հարավում գտնվող Սանոկ քաղաքում։ Իր հայրենի քաղաքում ճարտարապետություն ուսանելուց հետո փոխադրվում է Կրակով։ Մի քանի տարի շինարարությունում բրիգադիր է աշխատում, իր խոստովանությամբ՝ ծայրահեղ տհաճությամբ։ Այդ շրջանում տարվում է լուսանկարչությամբ։ Լուսանկարներն իրենց ոճով, կարծես, իր ապագա գեղանկարչության նախապատրաստությունը լինեին՝ բզկտված տիկնիկ՝ պատռված դեմքով, անդեմ կամ վիրակապված դեմքերով մարդիկ։ Հետագայում սեւեռվում է գեղանկարչության վրա։ Սկզբում աբստրակցիոնիզմի հետեւորդ էր, 60-ականներին թեքվեց դեպի սյուրռեալիզմ, 70-ականներին ֆանտաստիկային տրվեց... Մահն էր թագավորում նրա կտավներում, բնանկարների ֆոնին՝ դժնատեսիլ կմախքներ, տխեղծ մարմիներ, ամայություն ամայութեանց։ Փոքրագույն մանրամասների վարպետ էր։ Ըստ արվեստաբանների՝ իր մոլագարության հասնող բծախնդրությամբ հիշեցնում էր ավստրիացի նկարիչ Էռնստ Ֆուքսին։

Նրա բոլոր ցուցահանդեսները շռնդալից հաջողությամբ էին պսակվում։ 1964-ի վարշավյան ցուցահանդեսի նրա բոլոր նկարները վաճառվում են։ 80-ականներին նրա համբավը հասնում է Ֆրանսիա, հետագայում՝ ողջ Արեւմտյան Եվրոպա, ԱՄՆ եւ հատկապես Ճապոնիա։ Բեկսինսկին միակ լեհ նկարիչն է, որի աշխատանքները ցուցադրված են Օսակայի արվեստի թանգարանում։

Վարշավա փոխադրվելուց առաջ՝ 1977-ին, իր տան բակում այրում է նկարների մի մասը։ Հետագայում ասել է, որ դրանցից մի քանիսը «չափազանց անձնական» էին, եւ ինքը չէր ուզում, որ մարդիկ տեսնեն դրանք։ 90-ականներին համակարգիչը եւ թվային լուսանկարչությունն էին նրա տարերքը։ Դարձ ի շրջանս յուր՝ վերադարձավ իր երիտասարդության շրջանի հրապուրանքին՝ լուսանկարչությանը։ Մինչեւ մահ։

1997-ին իր «սիրելի» Մահը ծանրումեծ ներկայանում է։ Նրա կինը՝ Սոֆիան, մահանում է քաղցկեղից, իսկ մեկ տարի անց ինքնասպանություն է գործում միակ որդին՝ Տոմաշը, որը հայտնի ռադիոհաղորդավար էր, երաժշտական լրագրող ու թարգմանիչ։ Հենց հայրն է առաջինը տեսնում որդու անշունչ մարմինը... Ասում են՝ Բեկսինսկին չի հաշտվում տղայի մահվան հետ, եւ նրա պատին մինչ իր մահը սոսնձված էր հանգուցյալ որդուն ուղղված մի նամակ, ծրարին գրված էր. «Տոմեկին՝ ոտքերս ձգելուց հետո»։

2005-ի փետրվարի 22-ին 70-ամյա նկարչին հայտնաբերում են Վարշավայի իր բնակարանում՝ սպանված։ Նրա մարմնին սուր գործիքով հարվածներից առաջացած 17 վերք կար, երկուսը՝ մահացու։ Շուտով ձերբակալում են երկու անչափահասի՝ շենքի պարետի որդուն եւ նրա ընկերոջը։ Մարդասպաններն այսպես էին «հիմնավորել» իրենց գազանությունը՝ պարտքով փող էին ուզել ծերուկից, չէր տվել։

Հիմնականում տանն էր աշխատում, չէր սիրում ճամփորդել, գրեթե չէր շփվում մարդկանց հետ, չնայած քիչ թե շատ շփվողները պատմում էին, որ շատ հաճելի մարդ է, նույնիսկ ամաչկոտ։ Շատ հազվադեպ էր ֆիլմ նայում, հազվադեպ էր գիրք կարդում։ Նրան չէր հուզում, թե ինչ կա-չկա, ով կա-չկա ժամանակակից արվեստում, անտարբեր էր քննադատների կարծիքների նկատմամբ։ Ցուցահանդես ու թանգարան չէր այցելում։ Ծիծաղելով պատմել էր մի անգամ, որ պատահաբար տեսել է էքսպրեսիոնիստների նկարները եւ զարմացել. «Ես էլ կարծում էի՝ ինքս եմ բացահայտել գեղանկարչության այս ոճը»։

Ստեղծագործելիս Բեկսինսկին դասական երաժշտություն էր լսում, հիմնականում՝ Շնիտկե։ Ո՛չ, ո՛չ, ասում էր, երաժշտությունը չի ոգեշնչում ինձ. «Պարզապես օգտագործում եմ որպես խթանիչ՝ քաղցր ու թունդ սուրճի փոխարեն»։

Ի դեպ, նրա վերջին ստեղծագործության «հերոսը» բազմաթիվ վերքերով ծերունի էր՝ գետնին ընկած։ Կանխազգացե՞լ էր այս ինքնակամ կալանավորը իր մահը։ Եթե այսպես մտածենք, ուրեմն՝ իր նկարներով գուժում է նաեւ մարդկության զարհուրելի վախճանը։

Չէ, ավելի լավ է այսպե՛ս չմտածենք։

Լիզա Ճաղարյան