29.02.2016 12:59

Գրանորություն. Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկները» հեքիաթը

Գրանորություն. Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկները» հեքիաթը

Ազատությունը միշտ «նորոգման» կարիք ունի։ Երեկվա ազատությունն այսօր հնանալով՝ վերածվում է բռնությունից ավելի սոսկալի մի բանի՝ հարմարվողականության։ Իսկ ազատության անընդհատ ճանապարհը, ցավոք, նույն դժվարին ու միաժամանակ կանխատեսելի խութերն ունի․ ներքին Ձայնի ու Զգայարանների բռնադատում, խեղաթյուրում, արգելք․․․ Իսկ հեքիաթի բարի վերջաբա՞նը․․․ Հե-քի-աթի բարի՜, բարի՜ վերջաբանը․․․ Ազատ լինելու համար փորձենք մի պահ հեքիաթի բարի վերջաբանը մոռանալ, առավել ևս՝ բացառել․․․ «Տակը» ի՞նչ է մնում․ սարսափեցի՞ք պատկերացնել․․․ Ուրեմն սկսենք սկզբից․

«Լինում է, չի լինում»․․․         

«Դոկտորը չհամբերեց և բարձր հարցրեց.

– Տիկնիկ, անունդ ի՞նչ է։

Բայց աղջիկը լռում էր։ Այդ ժամանակ դոկտորը սթափվեց: Տիկնիկը վնասված է, հարկավոր է վերադարձնել նրան իր ձայնը, վերանորոգել սիրտը, սովորեցնել նորից ժպտալ, պարել և պահել իրեն այնպես, ինչպես պահում են իրենց նրա տարիքի աղջիկները:

«Նա տասներկու տարեկանի տեսք ունի»։ Դանդաղել չէր կարելի: Դոկտորը գործի անցավ։ «Ես պետք է վերակենդանացնեմ տիկնիկին»։ Հանիմեդ մորաքույրն ավարտեց իր նամակը: Երկու ժամ ձանձրացավ։ Հետո հետաքրքրություն արթնացավ մեջը. «Տեսնես ի՞նչ շտապ աշխատանք պետք է կատարի դոկտոր Գասպարը: Այդ ի՞նչ տիկնիկ էր»։ Նա գաղտագողի մոտեցավ արհեստանոցի դռանը և սրտաձև անցքից ներս նայեց։ Ավա՜ղ, խանգարում էր բանալին։ Նա ոչինչ չտեսավ, բայց դրա փոխարեն դուռը բացվեց, ու դուրս եկավ դոկտոր Գասպարը։ Նրա տրամադրությունն այնպես ընկած էր, որ նույնիսկ նկատողություն չարեց Հանիմեդ մորաքրոջը անհամեստության համար: Հանիմեդ մորաքույրն առանց այդ էլ շփոթվեց:

– Հանիմեդ մորաքույր,– ասաց դոկտորը։– Ես գնում եմ։

Ավելի ճիշտ՝ ինձ հարկավոր է գնալ: Կառք կանչեք։

Նա լռեց, հետո սկսեց ափով շփել ճակատը։

– Ես գնում եմ Երեք Հաստլիկների պալատը։ Շատ հնարավոր է, որ այնտեղից չվերադառնամ»։

«Անտարես» հրատարակչության կողմից «Կողմնացույց» մատենաշարով հրատարակված Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկները» հեքիաթը՝ ռուսերենից Մկրտիչ Արմենի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:

Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան