19.09.2012 17:24

ՀՀՇ ԵՄ. Ընդդիմադիր բոլոր ուժերի երիտթևերը ՀԱԿ երիտասարդների կողքին են

ՀՀՇ ԵՄ. Ընդդիմադիր բոլոր ուժերի երիտթևերը ՀԱԿ երիտասարդների կողքին են

«ՀՀՇ երիտասարդական միությունը դիմել է այն քաղաքական ուժերի երիտթևերին, որոնք փետրվարին Ծաղկաձորում ստորագրել են համապատասխան հռչակագիր, որը ենթադրում է քաղաքական հալածանքների դեպքում երիտասարդական կառույցների կողմից համապատասխան վերաբերմունքի ու արձագանքի պատասխանատվություն: Համապատասխան նամակով կոչ ենք արել վերաբերմունք արտահայտել ՀԱԿ երիտասարդների դեմ հարուցված քրգործի վերաբերյալ»: ilur.am-ի թղթակցի փոխանցմամբ, այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀՇ ԵՄ գործադիր խորհրդի անդամ Արման Գալոյանը: 

Քաղաքական ուժերի արձագանքները ներկայացրեց ՀՀՇ ԵՄ գործադիր խորհրդի անդամ Արշակ Մուսախանյանը: Նրա փոխանցմամբ՝ ՀՀԿ-ի երիտթևը չի պատասխանել նամակին, և դա էթիկայի կոպիտ խախտման դրսևորում է: 

«ՕԵԿ-ից ստացել ենք նամակ, որում ասվում է, թե ծանրակշիռ փաստարկներ և հիմնավորում չունենալու պատճառով ՕԵԿ-ի երիտթևը չի միանում ակտիվիստների քաղաքական հետապնդման դեմ մղվող պայքարին: Նամակը նման էր իրավապաշտպան գրասենյակի զեկույցի, այլ ոչ թե քաղաքական ուժի երիտթևի նամակի: Հասկանում ենք, որ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի նման դիրքորոշումը նշանակում է, որ նրանք պարզապես խուսափում են պատասխանատվությունից»,- ասաց Արշակ Մուսախանյանը:

Նրա խոսքով՝ ընդդիմության ներկայացուցիչներից «Ժառանգության» երիտթևը թեև իր ստորագրությունը չի դրել հռչակագրի տակ, այնուամենայնիվ, արդեն հայտնել է իր դիրքորոշումը. ըստ այդմ՝ մասնավորապես նշվում է, որ «Ժառանգության» երիտթևի համար մեծ ցավ է, որ մեր երկրում ընդդիմադիր երիտասարդ ակտիվիստները ենթարկվում են քաղաքական հետապնդումների: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երիտթևն էլ կոչ է արել արդար և անկողմնակալ դատավարություն իրականացնել:

«Իսկ ԲՀԿ-ի արձագանքը հետևյալն է՝ ՀՀ-ում որևէ քաղաքացի չի կարող և չպետք է հետապնդվի քաղաքական հայացքների համար»: ՀՅԴ-ն հանդես է եկել երկու՝ Հայաստանի երիտասարդական միության և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության երիտասարդական թևերի համատեղ նամակով, որում մասնավորապես ասվում է՝ «անընդունելի է քրեական դատավարության սկզբունքների խախտումը, ինչը տվյալ դեպում արտահայտվում է ՀԱԿ երիտասարների թույլ տված արարքի և սահմանված պատժաչափի ակնհայտ անհամաչափությամբ»,- ասաց Արշակ Մուսախանյանը:
Ըստ նրա՝ վերլուծելով ընդդիմադիր բոլոր ուժերի երիտթևերի արձագանքները՝ պարզ է դառնում, որ նրանք ՀԱԿ երիտասարդների կողքին են: Իսկ ՀՀԿ եւ «նրա արբանյակ» ՕԵԿ-ի երիտասարդների վարքագիծն, ըստ Մուսախանյանի, Հայաստանում ձեւավորված քաղաքական գործընթացների արտացոլումն է: «Փաստորեն, ձեւավորվել է կոնսենսուս մինուս ՀՀԿ, եւ հանրապետական երիտասարդները ապացուցեցին, որ ընդամենը  կատարում են վարչախմբի պատվերները եւ չեն կարող խոսել մարդու իրավունքներից կամ ժողովրդավարությունից», - նշեց նա: