02.03.2016 14:47

Հրանտ Տեր-Աբրահամյան. Մարտի մեկի չփակված էջը

Հրանտ Տեր-Աբրահամյան. Մարտի մեկի չփակված էջը

Շատերն են նկատում Մարտի մեկն անշառ, անվտանգ «հիշատակի օրվա» վերածելու միտումը (ծաղիկներով ոստիկանները վերջին երթի ժամանակ՝ ամենավառ հայտնի օրինակը): Դա արվում է խնդրի քաղաքական եւ իրավական հստակությունը լղոզելու, պատասխանատվությունն անորոշակիացնելու, զուտ «մարդկային» դաշտ տեղափոխելու եւ այլ նմանատիպ միջոցներով: Շատերն էլ երեւի մտածում են, թե քանի որ անցել են այդքան տարիներ, եւ բոլորին հայտնի պատասխանատուները պատիժ չեն կրել, ապա թեման կարելի է «մանրից» փակված համարել եւ «ապաքաղաքականացնել»: Մյուսներն էլ հակառակը՝ զբաղված են թեմայի «մանր քաղաքականացմամբ»՝ չամաչելով զրոյից ստեղծել մանր-մունր վեճերի առիթներ ամեն տարվա Մարտի մեկի առթիվ: Բոլորն էլ սխալվում են. Մարտի մեկի նման հասարակական եւ պետական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, եւ ուշ թե շուտ հանցանքի գինը վճարվելու է:

«Լեւո՛ն»

Խնդիրը շատ ավելի լուրջ է, քան թվում է նրանց, ովքեր սովոր են ամեն ինչ գնահատել միայն այսօրով: Այսօրվա «այսպեսկամայնպես» լինելը ոչինչ է հասարակագիտական օրինաչափությունների տեսակետից, քանի որ դրանք բացահայտվում են ավելի տեւական հատվածներում: Պատմական ժամանակը մե՛րթ սեղմվում է եւ արագանում, մե՛րթ ձգվում է եւ դանդաղում, բայց վերջնարդյունքը կարելի է չափել միայն «խաղի» իրական ավարտին, այլ ոչ թե միջնամասին: Իսկ հասկանալու համար, թե ի՛նչը տվյալ դեպքում կարող ենք համարել վերջնարդյունք, իսկ ինչը՝ դեռեւս միջնամաս, պետք է հասկանանք նախ, թե 2008-ի մարտի մեկն ինչի՛ ցուցիչ էր, ի՛նչ ուժի եւ միտման արտահայտում էր: Քաղաքականապես միամիտները միայն կարող են լրջորեն հավատալ, թե տասնյակ հազարավոր մարդկանց կարելի է, հակառակ իրենց կամքի եւ ձգտումների, ներշնչել ինչ-որ զգացողություններ եւ ուղղորդել ինչ-որ գործողությունների: Նման մոտեցումը շատ գայթակղիչ է, որովհետեւ թույլ է տալիս արագ եւ մակերեսայնորեն բացատրել բարդ իրողությունները, մանավանդ՝ խուսափել դառն իրականության խոստավանությունից: Առավել եւս գավառական գիտունիկները, մի երկու պլպլան ֆիրմա գիրք կարդալուց հետո, իրենք իրենց հոգեբանորեն լավ են զգում՝ տեղավորվելով իմաստունի դիրքում եւ ճառելով «խելագարված ամբոխների» մասին: Իրականում որեւէ անհատ առաջնորդ կամ առաջնորդող խումբ կարող է մարդկանց տանել իր ետեւից միայն այն դեպքում, եթե առաջնորդողն ի զորու է լինում դառնալ հազարների ներքին մղումների, գիտակցված եւ չգիտակցված զգացումների, նպատակների արտահայտիչը, եթե ի զորու է լինում ձեւակերպել կամ խորհրդանշել ա՛յն, ինչ մարդիկ իրենք զգում են, բայց գուցե չեն կարողանում լիարժեք արտահայտել: Մարդիկ սկսում են հավատալ, որ առաջնորդող անհատը կամ խումբը հենց այն ուժն է, որի միջոցով իրենք կարող են իրականացնել իրենց ձգտումները:

Նա, ով չի եղել 2008-ի մարտի մեկի ուշ երեկոյան եւ գիշերը Մյասնիկյանի արձանին հարող տարածքում, երբեք չի կարողանա վերապրել եւ հասկանալ, թե ի՛նչ էր այդ օրը նշանակում «Լեւոն» անունը: Դա արդեն ոչ այնքան իրական գործչի անձնանունն էր, որին տարբեր մարդիկ տարբեր կերպ են վերաբերվում, այլ դրոշի եւ «կռվի» անուն: Այդ անվան մեջ մարդիկ ներդնում էին իրենց մեջ տարիներով կուտակված ողջ հուզականությունն ու կամքը: Ոչ թե Լեւոն անունով մարդու համար էին կռիվ տալիս, այլ «Լեւոնին» դարձրել էին իրենց կռվի, հավատի եւ ուժի խորհրդանիշը: Որպեսզի երկար ու բարակ չփորձեմ բացատրել առանց դրա էլ դժվար բացատրվողը, հիշեցնեմ միայն մի պատկեր այդ օրերից՝ մի տարիքով կին նստած էր ոստիկանից խլված վահանը ձեռքին, ու վահանի վրա գրված էր՝ Լեւոն: Իսկ այդ օրերի ակտիվ մասնակիցներից քանի՞սը կհիշեն, թե ինչպե՛ս էին արտակարգ դրության օրերի գիշերվա կեսերին ցանկացած աղմուկից արթնանում, եւ նրանց ականջին լսվում էր՝ «Լեւո՛ն, Լեւո՛ն, Լեւո՛ն»: Ես հարցրել եմ՝ շատերն են ունեցել նման փորձառություն: Իհարկե, այստեղ ինձ կբռնացնեն եւ կասեն՝ սա էլ ձեր հոգեխանգարման ապացույցը: Իրականում իմ ասածը տվյալ դեպքում ոչ մի կապ չունի Լեւոն Տեր-Պետրոսյան գործչի դրական կամ բացասական բնութագրի, ընդհանրապես՝ անձի հետ, այլ ճիշտ հակառակն է՝ բացահայտում է, թե որքան պայմանական է դառնում այդքան կարեւոր թվացող անձնական գործոնը, երբ ծավալվում եւ գագաթին է հասնում զագվածային հասարակական գործընթացը: Իհարկե, գրում եմ՝ հասկանալով, որ նման նրբություններն անհասանելի են կյանքի եւ հասարակության մասին պատկերացումները, ընդհանրապես՝ գիտելիքն ու կրթությունը միայն սեմինարներից, այլ ոչ թե կենդանի փորձից կամ էլ պատմության հիմնարար ուսումնասիրությունից փոխառնողների համար:

Խաբուսիկ խաղաղությունը

Մարտի մեկ երեւույթի հիմքում ընկած է մեր հասարակության մեջ առկա խորքային հիմնախնդիրը՝ իշխանության եւ ժողովրդի միջեւ գոյացած խորն անդունդի, ատելության ծայրահեղ փոխանվստահությունը: Ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ մեկ ուրիշն է առաջացրել այդ վիհը կախարդական փայտիկի զորությամբ (մեծ ցանկության դեպքում էլ ոչ ոք չի կարող նման բանի հասնել), այլ Տեր-Պետրոսյանի վերադարձը քաղաքական դաշտ, որի մեջ մարդիկ տեսան իրական ուժ՝ բացահայտեց այդ խնդիրը: Եվ եթե այսօր շատերին թվում է, որ այդ խնդիրը լուծվել է, եւ խորը հակասությունը վերացել է, ապա դա նույնպես մակերեսային ընկալման տիպական պատրանքներից է: Խնդիրը ոչ միան չի լուծվել, այլ ավելի է խորացվել՝ Մարտի մեկի պոռթկման ճնշմամբ: Իսկ դա նշանակում է, որ մի օր սա նորից արտահայտվելու է տեսանելի կերպով, եւ քանի որ լուծումը հետաձգվել է, ապա նոր դրսեւորումը կարող է լինել ավելի՛ ուժեղ, ավելի՛ ցավալի եւ ավելի՛ ողբերգական: Իհարկե, Աստված տա, որ այդպես չլինի, բայց, ցավոք, նույնիսկ Աստված անզոր է լինում միջամտել, եթե մարդիկ չունեն իրենք իրենց խնդիրներն ախտորոշելու եւ լուծելու կամք եւ կարողություն:

Մի փոքր բացատրեմ ասելիքս, որովհետեւ վստահ եմ՝ շատերը կարծելու են, թե հատուկ խտացնում եմ գույները: Իշխանության ներկայացուցիչներն, օրինակ, մտածելու են, թե քանի որ հեղինակն ընդդիմադիր է, այն էլ՝ ընդդիմության «ամենավատ», «անիծյալ» տեսակից, ապա նա իր անձնական զգացումները վերագրում է հասարակությանը: Իրականում խոսքը բացարձակապես անձնական զգացումների մասին չէ: Անձնական հարթության մեջ ընդհանրապես բավականին հազվադեպ է պատահում բառիս բուն իմաստով ատելություն, ինչպես որ հազվադեպ է պատահում ուժեղ սեր, եթե ատողն ու ատվողն անձնական հարաբերությունների մեջ չեն: Խոսքը ոչ թե անձնական, այլ հենց հասարակական երեւույթի մասին է: Պարտադիր չէ անձամբ ատել իշխանության ներկայացուցիչներին, բայց իշխանության եւ հասարակության օտարացման որոշակի չափը կարելի է արդեն բնութագրել որպես ատելության հասնող: Իհարկե, իշխանության ներկայացուցիչները չեն կարող եւ մանավանդ չեն ուզենա երբեք պատկերացնել ատելության եւ օտարացման ա՛յն աստիճանը, որը կուտակվել է նրանց նկատմամբ, բայց իրականությունն այն է, որ դա միայն խորանում է տարեցտարի: Իմ նպատակների մեջ չի մտնում տվյալ դեպքում վերլուծել այդ իրողության ակունքները, պատճառները, զարգացումը եւ այլն: Ես միայն փաստում եմ, որ 2008-ից ա՛յս կողմ խնդիրը ոչ միայն չի թուլացել, այլ միայն ուժգնացել է:

Այսօր իրողությունն այն է, որ ցանկացած մեկը, ով համաձայնում է համագործակցել իշխանության հետ՝ անկախ նրա նախկին եւ ներկա արժանիքներից, նույն վայրկյանին կորչում է հասարակության համար, ընկալվում՝ որպես դավաճան: Սա լրջագույն ցուցիչ է, պատերազմական, ոչ թե խաղաղ իրավիճակի նշան է: Եվ սա, բնականաբար, ոչ թե ուրախության, այլ խորն անհանգստության առիթ է, որովհետեւ իշխանությունն իշխանությամբ, բայց երկրի եւ պետության համար սա իրական, եթե չասենք՝ թիվ մեկ սպառնալիքն է: Օտարվելով իշխանությունից՝ մարդկանց զգալի մասն օտարվում է երկրից եւ պետությունից: Միայն միամիտները կարող են մխիթարվել նրանով, որ պատերազմի արտաքին նշաններ չկան: Խաղաղությունը արտաքուստ կարող է որքան ուզես տեւել, բայց երբ կա պատերազմական հոգեբանություն, բախումն անխուսափելի է՝ սպասելով միայն դրսեւորման հարմար առիթի:

Վերնախավային փտած կոմպրոմիսը եւ ընդվզման անխուսափելիությունը

Կասեն՝ դե, եթե այդպես է, ապա դուք էլ օգնեք իշխանությանը, որպեսզի խնդիրը գոնե չխորանա: Հերթական թեթեւամտությո՜ւն: Իշխանության լծակից զուրկ որեւէ մեկը կարող է լավագույն դեպքում ահազանգել խնդրի մասին կամ փորձել իր հնարավորության սահմաններում իր դրական գործն անել, բայց նա չի կարող արմատապես իրավիճակ փոխել: Լուծումը կարող է լինել միայն իշխանական լծակներ ունենալու դեպքում եւ այն էլ՝ ոչ թե մասնավոր միջոցառումների, այլ նպատակասլաց, հետեւողական քաղաքականության միջոցով: Դրա հիմքում պետք է լինի մեկ պարզ հղացք՝ արդարության հղացքը: Մեր հասարակության հիմնական ուզածը եւ «նեղվածության» հիմնարար պատճառը հենց անարդարության զգացումն է: Խոսքը ոչ թե իդեալական եւ անհասանելի ինչ-որ բանի, այլ բավականին նյութական եւ իրականանալի խնդրի մասին է, որը մանրամասնելը, սակայն, տվյալ հոդվածի խնդիր չէ: Կարճ եւ պատկերավոր՝ մարդիկ պետք է «շնչելու» ու զարգանալու տեղ եւ հնարավորություն ունենան: Որպեսզի մարդիկ նման իրավիճակի զգացողություն ունենան, զուտ ձեւական, մակերեսային խոսքերն ու քայլերը երբեք բավական չեն:

Սրան հակառակ, մեր իշխող խումբը՝ 2008-ից ի վեր ընթանում է «հեշտ» լուծումների ճանապարհով: Բռնի ուժի միջոցով ճնշելով մարտիմեկյան ընդվզումը, նա իրեն «հաղթած» զգաց եւ որեւէ էական քայլ չարեց՝ ընդառաջելու հասարակության լայն շերտերի պահանջներին: Դրա փոխարեն Սերժ Սարգսյանը դիմեց «խորամանկ պլանի», որի իմաստն է՝ պայմանավորվել հասարակության դժգոհ մասի համեմատաբար վերնախավային շերտի խմբերի եւ անհատների հետ: Քաղաքական միջին եւ մանր տրամաչափի գործիչներ եւ ուժեր, լրագրողներ եւ այլք, որոնք նախկինում «արմատական» դիրքերից էին խոսում, աստիճանաբար մտցվեցին «պայմանավորվածության» մեջ: Սա հարցի լուծման պատրանք է ստեղծում, բայց իրականում այլ բան չէ, քան խնդրի ճնշման քաղաքականության շարունակությունը՝ այլ, արտաքուստ ավելի մեղմ միջոցներով: Իսկ խնդրի ճնշումն ու խնդրի լուծումն արմատապես տարբեր են, հիվանդության արտաքին նշանները թաքցնելով՝ բուն հիվանդությունը չի բուժվում: Իրական պայմանավորվելը կարող է լինել միայն հասարակության լայն շերտերի, այլ ոչ թե վերնախավային խմբերի հետ: Մնացած բոլոր դեպքերում նոր ընդվզումը որքան էլ ամեն տվյալ պահի անհնարին թվա, անպայման մի օր պայթելու է նորից՝ իր բոլոր անկանխատեսելի հետեւանքներով, եւ գիտունիկները միայն անօգնականորեն ճպճպացելու են իրենց անմեղ աչուկները՝ փորձելով վերհիշել, թե սեմինարներում ինչ էր ասված նման «փիս» բաների մասին: