03.03.2016 12:34

Այսօր ծնվել է Ալեքսանդր Գրեհեմ Բելը. բաժանորդն անհասանելի է

Այսօր ծնվել է Ալեքսանդր Գրեհեմ Բելը. բաժանորդն անհասանելի է

Հեռախոսը, է՜, հայտնաբերված էր դեռեւս մեր թվարկությունից առաջ։ Օրինակ՝ դեռեւս մ.թ.ա 6-րդ դարում Պարսից արքաներն օգտագործում էին «արքայական ականջները»։ Ուրեմն, շատ չէ՝ մի էդպես 30 հազար մարդ էին ընտրում անթերի լսողությամբ ու զիլ ձայնով, կանգնեցնում էին բարձունքների, աշտարակների վրա՝ միմյանցից որոշակի հեռավորության վրա, ու սրանց գործն էն էր, որ մեկը մյուսին էր փոխանցում արքայի հրամանները։ Փոխանցել էլ որ ասում եմ՝ բղավում էին ձայնալարերի ողջ զորությամբ. «Թագավորն ասու՜մ է՝ գյադեք, էս կողմն անցեք»։ Մոտավորապես այսպես։ Ասում են՝ հրամանները շատ արագ էին տարածվում երկրով մեկ, էդպես էլի՝ մեկ-երկու ամսվա ընթացքում։ Ասում են՝ էն չարաճճի գաղիացիներն էլ էին հեռախոս օգտագործում։ Երեւի կհիշեք Ալեն Շաբայի «Միլիոն տարի մեր թվարկությունից առաջ» ֆիլմում ոնց է հեռախոսով «առաջնորդը» հարցաքննում մարդասպան կախարդին։ Վերեւներից ձեն է տալիս՝ լսիր, դու ես սպանե՞լ էն լույսի մարդուն, կախարդն էլ անդնդախոր ձորերից թե՝ հա՛, սպանել եմ, էլի եմ սպանելու, հըլը ուր ե՜ք։

Եթե չեք մոռացել, որ դուք էլ եք Լենին պապիկի նման մանուկ եղել, թիթեռ բռնել ու ծաղիկներ սիրել, ուրեմն կհիշեք նաեւ, որ ձեր մանկության տարիներին նմանատիպ հեռախոսով դուք էլ եք խոսել։ Ճիշտ է, անհայտ պատճառներով մենք դրան «փչացած հեռախոս» էինք ասում, բայց ամեն դեպքում մեր ասելիքն ասում էինք։ Ով սխալ էր լսում, մեղքն իր վիզը։

Այսպես, մարդկությունը գլուխը յոլա էր տանում «հեռախոս-հեռախոս» խաղալով, մեկ էլ օրերից մի օր Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում ծնվեց Ալեքսանդր Գրեհեմ Բելը (1847-1922)։ Ի դեպ, իր անուն-ազգանվանը նա հետագայու՛մ հավելեց Գրեհեմ-ը՝ ի պատիվ իրենց ընտանիքի բարեկամ Ալեքսանդր Գրեհեմի։ Երեւի նկատեցիք, որ Բելը կրում է նաեւ ընտանիքի բարեկամի անունը։ Սա էլ՝ տրամաբանորեն, Բելի ծնողներն են պատիվ արել իրենց ընտանիքի բարեկամին։ Ինչով էր այս մարդն արժանացել այդպիսի սիրո ու պատիվ-հարգանքի՝ պարզել չհաջողվեց։

Բելի կենսագիրները չեն շեշտում, բայց ապագա գյուտարարին հանգիստ խղճով կարելի է հրաշամանուկների շարքը դասել. 13 տարեկանում ավարտում է Արքայական դպրոցը, իսկ 16-ում արդեն գեղեցկախոսություն եւ երաժշտություն է դասավանդում Ուեսթոն Հաուզի ակադեմիայում։

Նրա երկու եղբայրները մահանում են թոքախտից, եւ Ալեքսանդրի կյանքի համար դողացող ծնողները որոշում են հեռանալ անձրեւոտ Ալբիոնից։ Մեկնում են Կանադա։ Այստեղ երիտասարդ գյուտարարը էլեկտրական դաշնամուր է ստեղծում։ Մեկ տարի հետո մեկնում է ԱՄՆ եւ այնտեղ հիմնում խուլուհամրերին ուսուցանող մանկավարժների վերապատրաստման դպրոց։ Մի քանի տարի հետո այս դպրոցը միանում է Բոսթոնի համալսարանին, եւ Բելն այստեղ բնախոսության պրոֆեսոր էր։

30 տարեկանում ամուսնանում է իր ուսանողի՝ Մայբլ Հաբբարդի հետ։

1875-ին ստեղծում է այդ չարաբաստիկ հեռախոսը։ Կհարցնեք՝ ինչու՞ չարաբաստիկ։ Որովհետեւ միայն Ալեքսանդրը չէր երազում ԱՄՆ-ում նստած՝ շատախոսել Շոտլանդիայի իր ազգականների հետ։ Երազում էին եւս մի քանի գիտնականներ, որոնցից մեկն էլ իտալացի Անտոնիո Մեուչչին էր։ Եվ մինչ օրս չեն դադարում վեճերը, թե այս երկուսից ո՛ր մեկն է հեռախոսի «հայրը»։ Ամեն դեպքում հենց Բելի՛ն է հաջողվում 1876-ի մարտի 7-ին արտոնագիր ստանալ այդ գյուտի համար։ 1877-ին հիմնադրվում է Bell Telefone ընկերությունը, որի բաժնետոմսերի մեկ երրորդի տերը Բելն էր։ Եվ այսպես, գյուտարար Ալեքսանդրը մեծ արագությամբ սկսում է հարստանալ, իսկ Անտոնիոն՝ աղքատանալ։

Կնոջ մահից հետո անհաջողակ իտալացին հասնում է Նյու Յորք, 1860-ին այստեղ իր վերջին գրոշները ծախսում եւ իտալական թերթի միջոցով աշխարհին աչքալուսանք է անում, որ երկար տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում լարերով «վազվզող» ձայնն է հայտնագործել։ Այս լուրը կարդում է «Վեսթերն Յունիոն» ընկերության աշխատակիցը, որը փնտրում ու գտնում է գյուտարարի հյուղակը, չնչին գումարով եւ «ազնիվ խոսք»-ով, իբր՝ հետագայում կհամագործակցեն նրա հետ, գնում է նրա գծագրերը, նկարներն ու գրառումները։ Միամիտ Անտոնիոն սպասում է, սպասում է, մի օր էլ համբերության բաժակը լցվում է՝ բա ու՞ր մնաց համագործակցությունը։ Ընկերությունից պատասխանում են, որ բոլոր փաստաղթերը կորել են։ 1871-ից մինչեւ 1876 թվականը շարունակվում է «քաչալ շուն – գող փիսո» երկխոսությունը, եւ մի օր Մեուչչին զարմանքով կարդում է ամերիկյան մամուլում Գրեհեմ Բելի մեծագույն հայտնագործության մասին, որն իրականացվել էր «Վեսթերն Յունիոնի» շատ «բարձր հովանու ներքո»։ Խաբված գյուտարարը դատական հայց է ներկայացնում հզոր ընկերությանը, բայց դատարկ գրպանով՝ ի՞նչ իրավունքներ։ Տասնամյա պայքարից հետո նրան հաջողվում է ընկերության արխիվից գտնել իր արտոնագիրը։ Նյու Յորքի դատարանը ճանաչում է նրա առաջնությունը, բայց Մեուչչին այլեւս չէր կարող օգտվել իր գյուտի բարիքներից, որովհետեւ արտոնագրի ժամկետը վաղուց ավարտվել էր։

Նրա ժամանակակիցներն այդպես էլ չընդունեցին նրա հեղինակային իրավունքը։ Ասում են՝ պատճառը նրա աղքատությունն էր, անգլերենի վատ իմացությունը եւ իր իրավունքները հզոր հակառակորդներից պաշտպանելու անընդունակությունը։ Այդպես աղքատ ու արհամարհված էլ հեռացավ այս աշխարհից Անտոնիո Մեուչչին։

Դժվար է ասել՝ իրո՞ք Բելը սեփականել է իտալացու գյուտը, որովհետեւ հեռախոսն աս մարդու միակ հայտնագործությունը չէր, եւ գրեթե մի տասնյակի հասնող նրա գյուտերի հեղինակային իրավունքը ոչ ոք այլեւս չի վիճարկել։ Մինչեւ...

Մինչեւ 2002-ի հունիսի 11-ը։ Այդ օրը ԱՄՆ Կոնգրեսը բանաձեւ ընդունեց, ըստ որի՝ այդուհետ հեռախոսի գյուտարարը Անտոնիո Մեուչչին է, ոչ թե՝ Ալեքսանդր Բելը։ Իսկ ահա Կանադան Բելից հրաժարվելու միտք չունի։

Այսպիսի խառը բաներ։

Լիզա Ճաղարյան