07.03.2016 16:19

Նոր ու իրական Ընտրական օրենսգիրքը, կամ՝ «Անկոչ դիտորդը թաթարից բեթար է»

Նոր ու իրական Ընտրական օրենսգիրքը, կամ՝ «Անկոչ դիտորդը թաթարից բեթար է»

Ինչպես հայտնի է, իշխանությունները ներկայացրել են նոր ԸՕ-ի նախագիծը, որտեղ կան մի շարք լուրջ սահմանափակումներ: Իսկ ի՞նչ է թաքնված այդ օրենսգրքի տողատակերում, եւ իրականում որն է դրա մեսիջը: Թերեւս՝ սա:

«Սույն Ընտրական օրենսգիրքը կոչված է պետության եւ քաղաքական դաշտի կայունության ապահովմանը, քաղաքացիների՝ քաղաքական դաշտում ճիշտ կողմնորոշմանը, հատկապես ընտրությունների ժամանակ ժողովրդին թշնամական ճամբարների բաժանվելուց զերծ պահելուն, եւ քաղաքական դաշտում քաղաքական հովերգության ու համերաշխության ապահովմանն ու քաղաքական պատերի քանդմանը: Սույն Ընտրական օրենսգրքով նախատեսվում է «ավելի լավ Հայաստանի» կառուցում, ինչպես նաեւ՝ «Երկիրը երկիր է» տեսլականի հաստատում: Սույն Օրենսգրքի վրա աշխատել են Հայաստանի լավագույն ուղեղները, մտավորականությունը, ինչպես նաեւ պետականամետ ու պետության ցավով տառապող բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են մեր, այսինքն՝ ձեր լավը: Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը դիտարկվում է որպես վերին ատյանի դաբռո, բացասական եզրակացության դեպքում՝ Վենետիկի հանձնաժողովը զրկվում է վերին ատյանի կոչումից, ինչպես նաեւ՝ որպես պատիժ արժանանում է դատարկաձեռն Գագիկ Հարությունյանի հետ շփումներին, որոնք՝ երկրորդ դեպքում, ավելանում են տասն անգամ:

Ընտրական տարածքները

41 ընտրատարածքների փոխարեն այժմ լինելու են 13 ընտրական տարածքներ՝ 4-ը Երևանում, 9-ը մարզերում: Երևանի տարածքում կազմավորվում է 4 ընտրական տարածք:

Յուրաքանչյուր ընտրատարածքի համար պատասխանատու է ընտրատարածքի լավ տղեն, իսկ հանրապետությունից վերջինիս բացակայության, եւ/կամ Ինտերպոլի կողմից նրա որոնման դրական արդյունքի դեպքում՝ լավ տղու տղեն: Եթե լավ տղեն ժառանգ չունի, ապա ընտրական գործընթացների համար ամբողջ պատասխանատվությունը ստանձնում է լավ տղու արական սեռի ամենամոտ ազգականը: Ընտրատարածքի պատասխանատուները պարտավոր են տիրապետել Այբուբենին: Մարզերում ընտրատարածքների պատասխանատուները, ցանկության դեպքում, կարող են կոչվել նաեւ Թագավոր, Թագավորի ախպեր կամ բդեշխ: Նոր ստորագրված կոալիցիոն համաձայնագրի շրջանակներում՝ լավ տղերքն ընտրական գործընթացների համար պատասխանատվությունը ստանձնում են գործընթացների մեկնարկից մեկ տարի առաջ՝ հատուկ երդման արարողություն անցնելով: Երդումն իրականացվում է մի  ձեռքը սրտին, մյուսը՝ մաուզերին դրած: Պետական անվտանգությունից ելնելով՝ երդման տեքստը պահվում է խիստ գաղտնի:

Ընտրության կարգը

Յուրաքանչյուր կուսակցություն (կամ դաշինք) ունենալու է իր գույնը, և քաղաքացին ծրարի մեջ է դնելու իր նախընտրած գույնի քվեաթերթիկը՝ այդպիսով կատարելով քվեարկությունը:

Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ իշխող կուսակցության քվեաթերթիկների գույնը կլինի կարմիր՝ որպես ուժի եւ արյան խորհրդանիշ: Իշխանության համար անցանկալի կուսակցությունների եւ դաշինքների համար սահմանվելու է մոխրագույն գույնի քվեաթերթիկներ:

Իշխող կուսակցության իգական սեռի անդամների եւ իշխող կուսակցության ներկայացուցիչների կանանց համար սահմանվում է քվեարկության հատուկ կարգ: Տեղամասերում պարտադիր տեղակայված կլինեն հատուկ տպիչ սարքեր, որոնց միջոցով իգական սեռի ներկայացուցիչներն իրենք կարող են ընտրել իրենց քվեաթերթիկի հատուկ երանգը՝ «Թիթիզիկ» փաթեթի շրջանակներում: Ցանկության դեպքում այդ քվեաթերթիկները կարող են զարդարված լինել տարբեր չափերի սրտիկներով, թիթեռնիկներով, եւ/կամ՝ նրանց այդ օրվա կրած հագուստի երանգներով:

Ընտրողները պարտավոր են վերցնել եւ լրացնել այն գույնի քվեաթերթիկները, որոնք պատկանում են միայն իշխող կուսակցությանը: Հակառակ դեպքում հանձնաժողովի նախագահը կարող է ընտրողին հեռացնել տեղամասից եւ/կամ կիրառել օրենքով սահմանված այլ պատժամիջոցներ՝ ծեծ, խոշտանգում, կտըցնել ճակատին: Վերջին պատժամիջոցը համարվում է ամենաթեթեւը եւ նախատեսվում է այն ընտրողների համար, որոնք թեկուզ հայացք կնետեն դեպի այլ քվեաթերթիկներ:

Քվեաթերթիկը վավեր է, եթե այն վավեր է: Վավեր է համարվում հանձնաժողովի նախագահի կողմից վավերության հաստատումը: Հանձնաժողովի նախագահի խոսքը ենթակա է հավատման, հանձնաժողովի այլ անդամները չպետք է վավերության հաստատման համար պահանջեն մոտիկից տեսնել քվեաթերթիկը եւ/կամ պահանջել նախագահից որպես երաշխիք երդում ուտել: Հանձնաժողովի նախագահի խոսքը կասկածի ենթակա չէ, իսկ կասկածողների հետ առանձին զրույց կվարեն Ոստիկանության կասկածամտության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, իսկ չհավատացողների հետ՝ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդին կից գործող «Հավատա, որ Բենթլի տրվի» ծառայության աշխատակիցները:  

Եթե ընտրությունների ժամանակ հանրապետության տարածքում նկատվում է որեւէ համաճարակ, ապա հանձնաժողովի նախագահն իրավունք չունի պաչիկով բարեւել ավելի քան 100 ընտրողի, եւ ձեռքով՝ ավելի քան 200 ընտրողի:

Դիտորդները եւ ԶԼՄ ներկայացուցիչները  

Տեղամասում չեն կարող գրանցվել չար եւ չուզող ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որոնք մինչ ընտրությունները` առնվազն վերջին մեկ տարում ստոր հերյուրանքներ են գրել իշխող ուժի հասցեին՝ նրանց անհարկի մեղադրելով հակապետական գործունեության մեջ, եւ/կամ ջուր են լցրել թշնամու ջրաղացին: Չուզող ԶԼՄ-ների եւ նրանց ներկայացուցիչների ցանկը հրապարակվում է քվեարկությունից առնվազն 20 օր առաջ, իսկ քվեարկության օրը` լուսանկարներով հանդերձ, փակցվում է բոլոր տեղամասերում: 
Դիտորդները պարտավոր են տեղամասում իրենց պահել խելոք, համեստ եւ դրսեւորել պետականամետ վարք՝ հիշելով, որ իշխանություններն ու պետությունը նույնական են: Հակառակ պահվածք դրսեւորած դիտորդների ծեծն իրականացնում են տեղում` թաղի լավ տղերքը՝ ոչ ուշ, քան 2 ժամվա ընթացքում, տեղամասից առավելագույնը 2 մետր հեռավորության վրա: Առավել պնդաճակատների ծեծն իրականացնում են թաղի լավագույն տղերքը:

Իրենց վատ պահած դիտորդների ծեծից հետո, թաղի լավ տղերքը՝ ծեծված դիտորդների ճկույթները, ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, հանձնում են ԸԸՀ, որն էլ իր հերթին ճկույթներով լի կնքված տոպրակը` համապատասխան արձանագրությամբ, հանձնում է ԿԸՀ:  ԿԸՀ-ն իր կայքում պարբերաբար թարմացնում է դիտորդների կտրված ճկույթների քանակը, իսկ վերջնական ճշգրտված թիվը ներկայացնում է քվեարկության հաջորդ օրվա երեկոյան: 

Տեղամասում չեն կարող ներկա լինել հրավեր չստացած դիտորդները: Քվեարկության օրը բոլոր տեղամասերում պետք է փակցված լինի «Անկոչ դիտորդը թաթարից բեթար է» պլակատը, որը պետք է տեսանելի լինի տեղամասի բոլոր անկյուններից եւ համապատասխանի ԺՀՄԻԳ պահանջներին եւ ստանդարտներին: Անկոչ դիտորդների լիկվիդացումն իրականացվում է արտահերթ կարգով: Անկոչ դիտորդներին տրվում է լիկվիդացիայի ձեւն ընտրելու հնարավորություն՝ ապահովելու համար մարդու ազատ ընտրության եւ ազատ կամարտահայտության իրավունքը: Այդ նպատակով նրանք՝ իրենց ներկայացված լիկվիդացիոն թերթիկում պետք է իրենց համար նախընտրելի միջոցի առաջ դնեն v-աձեւ նշան եւ ստորագրեն։ Հակառակ դեպքում լիկվիդացիոն ուժերը կարող են գործել ըստ սեփական հայեցողության՝ իրականացնելով լիկվիդացիայի բոլոր միջոցներն ու ձեւերը միաժամանակ: Լիկվիդացիոն ուժերը կազմավորվում են բանակում չծառայած լավ տղերքից, որոնք քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ պետք է համապատասխան դասընթացներ անցնեն Ոստիկանության հատուկ ուժերում: Անհրաժեշտության դեպքում լիկվիդացիոն ուժերին բաժանվում է համապատասխան զենք-զինամթերք, ինչպես նաեւ կանեփանման կանաչ զանգված՝ բարձր տրամադրությունը, ոգեւորությունն ու ժրաջանությունն ապահովելու համար: Լիկվիդացիոն ուժերի սնուցումը կատարվում է արտահերթ՝ ըստ պահանջի:
Տեղամասեր ժամանած միջազգային դիտորդների քաբաբի ծախսերն իրականացվում է պետական պահուստային ֆոնդի հաշվին: Եթե պահուստային ֆոնդը չի բավականացնում, ապա ԱԺ-ն հրավիրում է արտահերթ նիստ` այդ նպատակով Համաշխարհային բանկից հավելյալ վարկ վերցնելու համար, որը, սակայն, չի կարող գերազանցել 500 մլն դոլարը»:

iLur.am-ի քաղաքական հումորի բաժին