15.03.2016 15:28

Այսօր ծնվել է Գերդա Վեգեները. խեղճ Էյնար, խեղճ Լիլի

Այսօր ծնվել է Գերդա Վեգեները. խեղճ Էյնար, խեղճ Լիլի

Այս Գերդան (աղջկական ազգանունը՝ Գոթլիբ) այն «դեպքերից» է, որ այսօր ծնվել է ի՛նքը, բայց ստիպված եմ ավելի շատ պատմել դեկտեմբերին ծնված նրա ամուսնու՝ Էյնար Վեգեների մասին։

Երկուսն էլ ծնվել են Դանիայում, երկուսն էլ նկարիչներ են։ Գերդայի (1886-1940) նախասիրությունը դիմանկարն էր, Էյնարինը՝ բնանկարը։ Քահանայի ընտանիքում ծնված Գերդան 1902-ին Յուտլանդիայից փոխադրվում է Կոպենհագեն՝ Գեղեցիկ արվեստների թագավորական ակադեմիայում ուսանելու, այստեղ էլ հանդիպում է Էյնարին, եւ 1904-ին նրանք ամուսնանում են եւ սկսում ճամփորդել (Անգլիա, Իտալիա)։ Ութ տարի դեգերելուց հետո հանգրվանում են Ֆրանսիայում։ Հենց այստեղ է Գերդային սպասում հաջողությունը։ Փարիզն էր այն քաղաքը, որը սիրում էր զարմացնել, իսկ անցյալ դարասկզբին հասարակությանը նույնասեռականների էրոտիկ նկարներով ներկայանալը, ինչն էլ անում էր Գերդան, անաղմուկ չէր կարող անցնել։ Նա ցուցադրվում էր լավագույն պատկերասրահներում, մեդալների էր արժանանում, իսկ Էյնարը...

Պատմում են, իբր, Գերդան պետք է նկարեր մի նշանավոր օպերային երգչուհու։ Ահա, ինչպես ասում են՝ բոյով մեկ նկարել էր այս երգչուհուն, մնացել էին միայն ոտքերը հորով-մորով անել, ու մեկ էլ պարզվում է՝ բազմազբաղ երգչուհին անհետաձգելի գործեր ունի ու չի կարող իր ոտքերը տրամադրել Գերդային։ Դե, Գերդան նույնպես պարապ-սարապի մեկը չէր, նպատակասլաց տիկին էր ու խնդրում է Էյնարին՝ մետաքսե գուլպա ու բարձրակրունկ կոշիկներ հագնել ու բնորդի դեր ստանձնել։ Էյնարն էլ, դե, հո չէ՞ր մերժելու իր սիրելի տիկնոջը. հանում է տաբատն ու վերնաշապիկը, հագնում գուլպաներն ու կոշիկները, եւ ո՜վ զարմանք, մեկ էլ հանկարծ զգում է, որ ինքը կին է, իրենից ի՞նչ տղամարդ ախր։ Գերդան էլ անմիջապես նկատում է, որ իր սիրելի ամուսնու դեմքը մի տեսակ... ոնց ասեմ... խաղաղությունն է պարուրել, կատակով նրան անվանակոչում է «Լիլի», ու այդ օրվանից Էյնարից Լիլի փոխակերպված նրա  ամուսինը դառնում է իր անձնական օգտագործման մուսան եւ ամենասիրելի բնորդուհին։

Եվ այսպես, Գերդայի Լիլին փարիզյան ամսագրերի էջերից չի իջնում։ Գերդան ու Լիլին հասարակությանը ներկայանում են որպես հարս ու տալ։ «Ծանոթացեք, խնդրեմ,- ասում էր Գերդան, - ամուսնուս քույրն է»։ Մի օր, սակայն, գաղտնիքը բացահայտվում է, փարիզյան «ավանդապահ» հասարակությունը «ա՛հ – օ՛հ – ամո՛թ – քա՛ վույ ախչի»-ով օդը թնդացնում է, ու մեր զույգն ստիպված է լինում Փարիզից հեռանալ «մթության քողի տակ»։

Այսպես, մի հարկի տակ ապրում էին Գերդան, Էյնարն ու Լիլին։ Իհարկե, երեքով միաժամանակ երբեք չէին հանդիպում։ Ասենք, նստած թեյ էին խմում Գերդան ու Էյնարը, ու մեկ էլ Գերդան ասում էր. «Կարոտել եմ Լիլիին, չե՞ս կարող, սիրելի Էյնար, փոխանցել նրան, որ այսօր այցելի մեզ»։ Ի դեպ, Գերդան երբեք չէր թաքցնում, որ երբեմն-երբեմն կանանց գերադասում է տղամարդկանցից, նաեւ պատմում էր, որ Էյնարն ու Լիլին չափազանց տարբեր մարդիկ են՝ Էյնարը հիվանդագին ամաչկոտ է, իսկ Լիլին՝ ուրախ-զվարթ ու անմիջական։ Եվ այս հիվանդագին ամաչկոտ Էյնարը գնում էր «կանչելու» կենսախինդ Լիլիին։ Եվ Լիլին երբեք չէր մերժում Գերդայի հրավերը։

Խեղճ ամաչկոտ Էյնար։ Լիլի դառնալուց հետո նա այլեւս չի նկարում։ Երկուսից մեկը՝ կամ մուսա ես, կամ՝ նկարիչ։ Էյնար-Լիլին ընտրում է մուսայի դերը։

Տարիներն անցնում են, Գերդան նկարում է, Լիլին դեգերում է հիվանդագին ամաչկոտության ու ուրախ-զվարթության կածաններում, մի օր էլ հայտարարում է, որ իր եւ Գերդայի հարաբերություններում երրորդն ավելորդ է։ Իսկ այդ երրորդն Էյնարն էր։ «Ավելի լավ է մեռնեմ, քան ապրեմ իմ էությանը հակառակ»,- ասում է Լիլին։

1929 թվականին Էյնար Վեգեները պայման է դնում՝ եթե հետագա 12 ամիսների ընթացքում այդ խնդիրը չլուծվի, Լիլին ինքնասպանություն կգործի։ Ելքը բժիշկներին դիմելն էր։ Փնտրում են ու գտնում գերմանացի պրոֆեսոր, գինեկոլոգ Կուրտ ֆոն Վարնեկրոսին։ Հետազոտելով Էյնարին, նա պնդում է, որ Գերդայի ամուսնու արյան մեջ կնոջ հորմոնները չափազանց շատ են, իսկ քանի որ նա ինչ-որ չափով կին է, ուրեմն պետք է օգնել նրան, որ 100 տոկոսանոց կին դառնա։

21-րդ դարում սա, կարծես, արդեն սովորական բան է, իսկ անցյալ դարասկզբին բժիշկների համար Էյնարը պարզապես հուսահատ «փորձարարական ճագար» էր. նա առաջին տղամարդն էր (մեզ հայտնի), որին պետք է սեռափոխեին։ Գերդան դեմ չէր, նույնիսկ ուրախ էր՝ կենսուրախ Լիլին միշտ իր կողքին կլինի, ամաչկոտ Էյնարը, մեր մեջ ասած, ձանձրալի է ու ճնշող։

Վարնեկրոսը Էյնարին ուղարկում է Բեռլին՝ սեքսաբանության հիմնադիրներից մեկի՝ Մագնուս Հիրշֆելդի մոտ։ «Ախտորոշումն» անբեկանելի էր. Էյնարը կին է, եւ բնության չար կատակ-սխալը պետք է ուղղել։

Չերկարացնենք. Էյնարին վիրահատում են մեկ անգամ, որից հետո նա անձնագիր է ստանում դառնում է Լիլի Իլսե Էլվենես (իսկ հայտնի է Լիլի Էլբե անվամբ)։ Դատարանը բաժանում է ամուսիններին, եւ մինչ «երջանիկ» Լիլին վիրահատվում է երկրորդ անգամ, հետո՝ երրորդ... այդ ընթացքում Գերդան ամուսնանում է իտալացի սպա, օդաչու եւ դիվանագետ Ֆերնանդո Պորտայի հետ եւ մեկնում Մարոկո։

Երջանի՞կ էր Լիլի Էլբեն։ Դժվար թե։ Նախ՝ պետք է վիրահատվեր չորրորդ անգամ, երկրորդ՝ խոստովանել էր. «Ես վախենում եմ հանդիպել այն մարդկանց, որոնք ճանաչում էին Էյնարին, սիրում էին նրան, եւ որոնց սիրում էր Էյնարը։ Այնպիսի զգացում ունեմ, որ սպանել եմ նրան։ Գիտեմ՝ խելագարի զառանցանքի պես է հնչում, բայց չեմ կարող ազատվել այդ զգացումից»։ Էյնարի «սպանության» մեղքի զգացումը երկար չի տանջում Լիլիին. Չորրորդ վիրահատությունից հետո նա մեռնում է ետվիրահատական բարդությունից։ Ի դեպ, մահից առաջ խնդրում է փաստաթղթերում գրել, որ մահացել է երիկամների հիվանդությունից, որպեսզի բժիշկներին չմեղադրեն իր մահվան համար։

Գերդա Վեգեները մեռնում է Էյնար-Լիլիի մահից ութ տարի հետո՝ մինչ այդ հասցնելով բաժանվել նաեւ երկրորդ ամուսնուց։

Խեղճ Էյնար, խեղճ Լիլի, խեղճ-խեղճ Մուսա...

Լիզա Ճաղարյան