16.03.2016 15:20

Հրանտ Տեր-Աբրահամյան. Սահմանադրական հեղաշրջման տեսությունը

Հրանտ Տեր-Աբրահամյան. Սահմանադրական հեղաշրջման տեսությունը

Այն, որ սահմանադրական հանրաքվեով Սերժ Սարգսյանի մտահղացած «սահմանադրական հեղաշրջման» պլանը ոչ միայն չի ավարտվում, այլեւ նոր է սկսվում, վաղուց ենք գրել: Այժմ արդեն ավելի հստակ է երեւում, թե որո՛նք են «պլանի» հաջորդ քայլերը: Հասկանալու համար խնդիրը՝ լավ առիթ կա. մարտի 11-ին «Առավոտ» թերթում ՀՀԿ փոխնախագահ Ա. Աշոտյանը մի հոդված է գրել, որի բառացի բովանդակությունը «նորմալ» քաղաքական դեմագոգիա է, բայց որն արժանի է ուշադրության իր, այսպես ասած՝ «երկրորդ»՝ ոչ բառացի շերտով: Վերլուծելով այդ շերտը՝ գտնում ենք իշխանության մոտակա մեկ-երկու տարվա քաղաքականության ռազմավարական ծրագիրը՝ համառոտագրված: Իհարկե, այս ծրագրի հեղինակն Աշոտյանը չէ՝ խոսքը Սերժ Սարգսյանի ռազմավարության մասին է, եւ հենց դրանով է շարադրանքը հետաքրքիր: Պետք է ասել, որ վերլուծությամբ Աշոտյանի տեքստից դուրս բերվող կետերի մեջ որեւէ էական նորություն չկա՝ բոլորն էլ, առանձին-առանձին եւ համադրված, գոնե վերջին երկու-երեք տարվա մեջ մի քանի անգամ ներկայացվել են ընդդիմադիր հրապարակումներում՝ որպես արդյունք ՀՀԿ առաջնորդի եւ այլոց ելույթների եւ քայլերի «վերծանման»: Բայց կարծես թե ցայսօր երբեւէ չի եղել դեպք, որ այս ռազմավարական կետերը՝ Սերժի «խորամանկ պլանը», ներկայացվի իշխանական ճամբարի կողմից այսքան թափանցիկ, համակարգված եւ պաշտոնական՝ ՀՀԿ փոխնախագահի մակարդակով:

Նախ՝ շատ սեղմ համառոտագրենք Աշոտյանի ասելիքը: Որպեսզի երկար ու բարակ չվերաշարադրենք, միանգամից դնենք էական մեջբերումը՝ ներողություն խնդրելով դրա մի քիչ ծավալուն լինելու համար. «Անցումը խորհրդարանական հանրապետության կառավարման մոդելինբացառիկ դերակատար է դարձնում քաղաքական կուսակցություններին՝ ճեղքելով … մասնավորապես Հայաստանի Հանրապետության երկու նախկին եւ մեկ գործող նախագահների առեղծվածային եռանկյունին: Այս ռազմավարական իրողությունը գիծ է քաշում նման քաղաքագիտական զարգացումների տակ…: «Իմ կուսակցությունը իմ ժողովուրդն է» կոնցեպտը այլեւս չի կարող կիրառելի լինել քաղաքական կյանքում, երբ նորացված Սահմանադրությամբ հստակ տարանջատվում են կուսակցությունը, որպես դերակատար, ժողովրդից՝ որպես «երկրպագու»: 2. Երկրորդ մարտավարական գործոնը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն են….: Եթե վերհիշենք Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը, ապա ակնհայտ կդառնա, որ երկրի կառավարման նոր մոդելի դեմ կատաղի պայքար են մղել հենց այն քաղաքական շրջանակները, որոնց կուսակցական ինստիտուցիոնալ կարողությունները կամ այլեւս բացակայում են (նախկին նախագահ Ռ. Քոչարյան), կամ գտնվում են ակնհայտ ազատ անկման փուլում (ՀԱԿ, «Ժառանգություն»): Ստեղծված իրավիճակում մրցակցային առավելություն են ստանում ինչպես կուսակցական գործունեության ամուր մեխանիզմներ եւ ավանդույթներ ձեւավորած քաղաքական ուժերը (ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, մասամբ՝ ՕԵԿ), այնպես էլնորաստեղծ կուսակցություններըՔաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ այլն): Հայաստանի Հանրապետական կուսակցության համար այս երկու գործոններին գումարվում է եւս մեկը՝ ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ծրագրային ուղերձը, որըպարունակում էր նաեւ ներիշխանական, իմա՝ ներկուսակցական բարեշրջումների համար հստակ ուղենիշներ՝ անհատականից մինչեւ ինստիտուցիոնալ մակարդակ: ….Ի մի բերելով նշվածըկարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է, որ կարող է առաջնորդել երկրում համակարգային փոփոխությունները` միաժամանակ ինքը կրելով այդ փոփոխությունների գաղափարաբանական եւ խորքային ազդեցությունը: «Mobilis in mobile»` շարժունակը շարժուն միջավայրում՝ այս կարգախոսնամբողջությամբ կիրառելի է նաեւ Հանրապետական կուսակցության համար»: 

Որպեսզի հեշտացնենք վերլուծութունը, ամփոփենք մեջբերված հատվածի էական ուղերձները մի քանի կետերով: Դրանք են.

1. Քաղաքական դաշտից պետք է վերանա երեք նախագահների «առեղծվածային» եռանկյունին («առեղծվածայինը» չակերտում ենք, որովհետեւ ենթադրում ենք, որ հեղինակը սխալ է հասկանում «առեղծված» բառի իմաստը, որն է՝ գաղտնիք, խորհուրդ (խորհրդավոր իմաստով), անհասկանալի, անբացատրելի երեւույթ: Համենայն դեպս՝ ո՛չ Աշոտյանի տեքստից, ո՛չ էլ ընդհանրապես չի երեւում, թե ինչով է այդ եռանկյունին «առեղծվածային»՝ գաղտնիք պարունակող, խորհրդավոր, անբացատարելի, եթե հայտնի է դրա բովանդակությունը):

2. «Իմ կուսակցությունը  իմ ժողովուրդն է» ձեւաչափը դուրս է մղվում դաշտից, քանի որ դերակատար են դառնում կուսակցությունները:

3. Ժողովուրդը նոր համակարգում երկրպագու է, այլ կարպ ասած՝ հանդիսատես, բայց ոչ դերակատար՝ ի տարբերություն կուսակցությունների:

4. 2017-ի ընտրություններում թույլ են ՀԱԿ-ի, Ժառանգության, ինչպես նաեւ Քոչարյանի հետ կապվող ուժերի շանսերը, եւ ուժեղ են ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ, նաեւ՝ Լուսավոր Հայաստանի եւ Քաղաքացիական Պայմանագրի դիրքերը:

5. ՀՀԿ-ն պետք է փոփոխությունների ենթարկվի՝ առաջնորդելու համար նոր քաղաքական համակարգը:

Այսքանն է հոդվածի բուն նյութը՝ մնացածը կարող ենք համարել ջուր եւ օդ:

Այժմ արդեն առանձնացված կետերով վերլուծենք Աշոտյանի շուրթերով կամ, տվյալ դեպքում՝ գրչով փոխանցված՝ ՀՀԿ առաջնորդի ասելիքը:

1. Քաղաքական դաշտից պետք է վերանա երեք նախագահների «առեղծվածային» եռանկյունին:  Այս կետում նշվում է Սերժի իրական խնդիրը քաղաքական դաշտում, ավելի ստույգ՝ այն, ինչն ինքը Սերժը տեսնում է որպես խնդիր՝ անկախ նրանից, թե որքանով է դա համապատասխանում իրականությանը: Որպես իր իշխանությանը միակ մարտահրավեր՝ ՀՀԿ առաջնորդն ընկալում է «առեղծվածային եռանկյունին», հետեւաբար եւ նրա կարծիքով՝ այս «առեղծվածի» լուծումը, վերացումը քաղաքական դաշտից պետք է ապահովի նրա քաղաքական մենաշնորհը հետագա տարիներին: Ճիշտ է նրա այս վերլուծոթւյունը, թե սխալ՝ ա՛յլ հարց է. փաստ է, որ նրա ընկալումն է այդպիսին, եւ մոտակա երկու տարվա մեջ նա փորձելու է այս խնդրին վերջնական լուծում տալ: Սա՛ է իրական խնդիրը, այլ ոչ թե Հայաստանում իբր ստեղծվելիք առասպելական «բազմակուսակցությունը»:

2. «Իմ կուսակցությունը  իմ ժողովուրդն է» ձեւաչափը դուրս է մղվում դաշտից, քանի որ դերակատար են դառնում կուսակցությունները: Այս կետն ակնհայտորեն ակնարկում է Ռ. Քոչարյանին, բայց դրա իմաստն ավելի խորն է, քան պարզապես Սերժի նախորդին կպնելը: Հասկանալու համար այդ խորքային իմաստը, պետք է դիտարկենք այս կետը երրորդի հետ համատեղ:

3. Ժողովուրդը նոր համակարգում երկրպագու է, այլ կարպ ասած՝ հանդիսատես, բայց ոչ դերակատար՝ ի տարբերություն կուսակցությունների: Այստեղ բացահայտվում է ոչ միայն երկրորդ կետի, այլեւ Սերժ Սարգսյանի խորամանկ պլանի բուն էությունը, որը նույնիսկ ավելին է, քան պարզապես Սերժի մենիշխանությունն ու անձնիշխանությունն են: Դա է՝ ժողովրդական զանգվածների, հրապարակային քաղաքականության դուրս մղումը եւ քաղաքական գործընթացի վերջնական ամփոփումը փակ էլիտար շրջանակի մեջ: Երբ անցյալ տարի գրեցինք «սահմանադրական հեղաշրջման» ծրագրի այս ենթատեքստի մասին, շատերին դա, թերեւս, չափազանցություն թվաց: Բայց դժվար է այս խնդրում ավելի թափանցիկ արտահայտվել, քան Աշոտյանը. ժողովուրդն, ըստ «խորամանկ պլանի»՝ վերածվում է քաղաքական գործընթացների երկրպագուի, հանդիսաստեսի: Այս կետը պետք է ավելի մանրակրկիտ հասկանալ:

Նախ՝ պարզ է, որ կուսակցությունների մասին հիշատակումն այստեղ, իր հերթին, բլեֆ է՝ իբր ժողովրդի փոխարեն գլխավոր քաղաքական դերակատարն այժմ դառնալու են կուսակցությունները: Բլեֆ է՝ մի քանի իմաստներով: Առաջին՝ որովհետեւ պարզ է, որ լիարժեք բազմակուսակցական համակարգ այսօրվա Հայաստանի պայմաններում հնարավոր չէ, քանի որ բազմակուսակցական համակարգի ողջ իմաստն այն է, որ մրցելով միմյանց հետ՝ բոլոր կուսակցությունները պետք է հնարավորություն ունենան ժամանակ առ ժամանակ իշխանություն ձեւավորելու: Եթե իշխանությունը փոխինփոխ չի անցնում մրցող քաղաքական ուժերին, ապա բազմակուսակցական համակարգը կորցնում է իր իմաստը, ճիշտ այնպես, ինչպես անիմաստ է ա՛յն ֆուտբոլի առաջնությունը, որտեղ չեմպիոն կարող է դառնալ միայն մեկ թիմ. դա չի կարող լիարժեք մրցում համարվել:

Երկրորդ եւ ավելի կարեւոր. եթե կյանքի է կոչվում «կուսակցությունները՝ դերակատար – ժողովուրդը՝ երկրպագու» ձեւաչափը, ապա նրբությունն այստեղ նաեւ այն է, որ ոչ միայն ժողովրդի, այլեւ կուսակցությունների դերն է իրականում նվազում, չնայած անվանապես նրանք հռչակվում են դերակատար: Խնդիրն այն է, որ եթե խոսում ենք իրական դեմոկրատական, բազմակուսակցական համակարգի մասին, ապա կուսակցություններն այդտեղ այլ բան չեն, քան ժողովրդի այս կամ այն հատվածի, շերտի ինքնակազմակերպման ձեւ, շահերի արտահայտիչ, այսինքն՝ կուսակցությունների հենքը լայն հասարակական շերտերն են: Եթե դա չկա, ապա ունենում ենք միայն անվանական, ձեւական կուսակցություններ, որոնց ուժի հիմքը ոչ թե տվյալ երկրի ժողովուրդն է, այլ կախվածությունը այս կամ այն նեղ խմբից կամ պարզապես ուժեղ անհատից, կամ էլ, վատագույն դեպքում՝ դրսի ուժերից: Իհարկե, ներկայիս Հայաստանի կուսակցությունների մեծ մասը հենց երկրորդ դեպքն է ներկայացնում, եւ «խորամանկ պլանի» նպատակն էլ հենց այդ վիճակն ամրապնդելն է ու վերջնականի հասցնելը: Հատկապես ընդդիմադիր կուսակցությունները, եթե հենք չունեն ժողովրդի մեջ, եթե իրենց ուժի առաջնային աղբյուրը զանգվածները չեն, դատապարտված են վերածվելու կեղծ ընդդիմության կամ էլ արտաքին կենտրոնների շահերի սպասարկուների: Կուսակցություններն, ուրեմն, չեն դառնալու իրական դերակատար նոր համակարգում:

Իսկ որտեղի՞ց ծագեց ձեւակերպման երկրորդ՝ «ժողովուրդը՝ երկրպագու» հատվածը: Սա պատահական դարձվածք չէ, այլ հիմնարար միտման սեղմ արտահայտություն: Սահմանադրական հեղաշրջման ծրագրի հիմքում ի սկզբանե եղել է ոչ միայն Սարգսյանի իշխանության «հավերժացման» ձգտումը, այլեւ վախը հրապարակային զանգվածային շարժումներից, որոնք ցայսօր եղել են հայաստանյան իշխանությանը սպառնացող միակ իրական վտանգը: Նախագահական համակարգի պայմաններում գրեթե յուրաքանչյուր նախագահական ընտրություն իշխանության համար խնդիր է դարձել, քանի որ ընդդիմադիր թեկնածուներից առնվազն մեկը կարողացել է հզոր հրապարակային ալիք ստեղծել, ու չնայած դրանցից ոչ մեկը վերջնական հաջողության չի հասել, սակայն, իշխանությունն ամեն անգամ լուրջ կորուստներ է ունեցել, ստիպված է եղել գերլարել իր ուժերը, եւ պահեր են եղել, երբ մազից կախված է եղել: Այս է պատճառը, որ տարիներ շարունակ իշխանական բացահայտ եւ քողարկված քարոզչությունը կաշվից դուրս է գալիս՝ ապացուցելու համար «միտինգների ժամանակն անցել է», «առաջնորդների ժամանակն անցել է» թեզերը: Խնդիր է դրված վերջնականապես կայունացնելու մենիշխանական համակարգը, որի համար էլ պետք է բացառել երկու՝ զանգվածային եւ անհատական գործոնները, որոնք իրար հետ միացած՝ Հայաստանի պայմաններում իրական վտանգ են ստեղծում իշխող խմբի համար:

Իշխող խմբի այս մտադրությունը, որքան էլ զարմանալի է, բացահայտել է Վազգեն Մանուկյանը, ինչպես նաեւ նույն ինքը՝ Աշոտյանը, երբ ժամանակին խոսում էր, թե քաղաքականությամբ պետք է զբաղվեն միայն քաղաքական գործիչները: Երկուսին էլ ժամանակին անդրադարձել ենք, դրա համար այստեղ սահմանափկվում ենք միայն համապատասխան հղումներով: Ավելացնենք միայն, որ սա մի ամբողջ աշխարհայացք ու գաղափարախոսություն է: Ոչ միայն ներկայում, այլեւ անցյալի նկատմամբ կիրառվում է այս մեթոդը: Օրինակ, երբ պատմության դասագրքերում լկտի կերպով կեղծվում է ղարաբաղյան շարժման պատմությունը, ապա հարցն այդտեղ ոչ միայն անցյալում այս կամ այն գործիչների դերը թաքցնելն է, այլեւ գաղափարախոսական միտումը, որի համաձայն՝ պետք է հնարավորինս քողարկվի կազմակերպված զանգվածային պայքարի նշանակությունը անկախության եւ հաղթանակի հասնելու գործում: Ըստ այդմ՝ զանգվածային պայքարը պետք է ներկայացվի որպես կազմակերպում, առաջնորդում, միտք ու բանականություն, գիտակցություն չունեցող, զուտ տարերային եւ պատահական՝ առանց իր վերջնարդյունքի՝ անկախության ձեռքբերման եւ ռազմական հաղթանակի հետ կապի: Սրանով հայաստանցուց խլվում է քաղաքական եւ ռազմական հաջողության գաղտնիքը՝ այն գաղտնիքը, որ ինքնակազմակերպված հասարակությունն ինքնուրույն ուժ եւ գործոն է, որը կարող է խնդիրներ դնել եւ լուծել: Ուղիղ կապ պատմության կեղծման եւ «ժողովուրդը երկրպագու է» թեզերի մեջ՝ սրանք նույն քաղաքական գաղափարախոսության արտահայտություններն են:

Վերջապես, ուշադիր լինելու դեպքում դժվար չէ նկատել, որ խոսքն իրոք սահմանադրական հեղաշրջման մասին է: ՀՀ սահմանադրական կարգի հիմքում ընկած է «իշխանությունը պատկանում է ժողովրդին» դրույթը, որի համեմատ մյուս բոլոր դրույթները երկրորդական են: Հայաստանի դեպքում սա ոչ միայն ձեւական-իրավական ձեւակերպում է, այլեւ իրական ժողովրդական գործընթացի արդյունքի արձանագրում՝ հենց զանգվածային շարժման արդյունքում Հայաստանի ժողովուրդը ձեռք բերեց իր անկախությունը, ընդ որում՝ սկզբում փաստացի անկախությունն էր, որը նվաճեց մեր ժողովուրդն իր երկամյա (1988-90) պայքարով, իսկ հետո դրա իրավական ձեւակերպումը անկախության հռչակումով եւ սահմանադրությամբ: Այսինքն՝ մեզանում սա ոչ թե փոխառած ձեւականություն է, այլ կենդանի իրականության արձանագրում: Պարզ է, որ «ժողովուրդը երկրպագու է, այլ ոչ դերակատար» ձեւակորպումը հիմնովին շրջում է այս իրողությունը՝ իշխանությունը չի կարող պատկանել ոչ դերակատարին, սոսկ երկրպագուին: Եվ սա այլ բան չէ, քան սահմանադրական փաստացի հեղաշրջում (թեկուզ եւ ձեւականորեն «իշխանությունը ժողովրդինն է» ձեւակերպումը մնում է ուժի մեջ) եւ անկախության հիմքերի կազմաքանդման փորձ: Այժմ ավելի պարզ  պետք է լինի նաեւ, որ կապը Ղարաբաղյան շարժման պատմության կեղծման հետ պատահական չէ, այլ էական:

Իհարկե, այս պլանի հաջողությունը կարող է լինել միայն ժամանակավոր: Իշխող նեղ խմբին միայն թվում է, որ նա ի զորու է վերջնականապես բացառել ժողովրդական, զանգվածային քաղաքականությունը եւ կառուցել ամբողջապես փակ էլիտար քաղաքականության շրջանակ: Ընդդիմադիր համարվողներից նրանք, ովքեր իրենց ռազմավարությունն ի զորու են կառուցել միայն այսօրվա իրողությունների հաշվարկով, իհարկե, կընկնեն այդ ծուղակը՝ փորձելով իրենց տեղն ապահովել փակ ակումբում, բայց վերջնական հաղթողը նա է լինելու, ով բավականաչափ ներքին հանդարտություն եւ համբերություն ունի՝ ժամանակը չափելու տեւական հատվածներով եւ իր գործողությունները կառուցելու ավելի հիմնարար գործոններով: Երբ հասունանա հերթական պատմական ժամանակը, բոլոր խնամքով կառուցված եւ քայլ առ քայլ իրականացված խորամանկ պլանները տապալվելու եւ մոռացվելու են մեկ օրում, այնպես, կարծես դրանք չեն էլ եղել:

Հ.Գ. Մնացին վերլուծության երկու վերջին կետերը, որոնց կանդրադառնանք հաջորդիվ: