21.03.2016 17:45

Այսօր ծնվել է Ալեքսանդր Վերտինսկին. կուռք էր, բայց կար եւ չկար

Այսօր ծնվել է Ալեքսանդր Վերտինսկին. կուռք էր, բայց կար եւ չկար

«Վերտինսկին իր պաշտամունքն էր։ Ձայնապնակը միշտ առանցքի վրա էր լինում՝ ասեղը իջեցնում էր, տեղավորվում էր հին բազմոցի իր անկյունում, ոտքերը քաշում էր տակը, թեւերը խաչում էր կրծքին ու... խլանում էր այս աշխարհի ձայների հանդեպ»։ Վանո Սիրադեղյանի «Ծանր լույս» վիպակն այսպես է սկսվում։

Խոսքը հենց երգահան, բանաստեղծ, երգիչ ու դերասան, 20-րդ դարի առաջին կեսի երիտասարդության կուռք Վերտինսկու մասին է, որը ծնվել է (1889-1957) Կիեւում։ Երեք տարեկանում մայրն է մահանում, իսկ հայրը՝ երբ հինգ տարեկան էր։ Քույր ու եղբայր հայտնվում են տարբեր ընտանիքներում։ Ավելին, «բարի» ազգականները, որոնք, ի դեպ, իրենց «ջերմ» վերաբերմունքով միայն դառնագույն հիշողություններ էին դաջել Վերտինսկու հոգում, հավատացրել էին, որ նրա քույր Նադեժդան մահացել է։ Տարիներ հետո նրանք հանդիպում են Նորին Մեծություն Պատահականության շնորհիվ։

Գիմնազիայից եւ զանազան այլ ուսումնական հաստատություններից հեռացվող «անկառավարելի» Վերտինսկին փող էր վաստակում՝ ոնց պատահի, որտեղ պատահի։ Բեռնակիր է աշխատել, տպարանի սրբագրիչ, սիրողական ներկայացումներում է խաղացել, նույնիսկ հյուրանոցում հաշվապահություն է արել։ Սակայն, աչքը գրականության, արվեստի կողմն էր։ 1913-ին փոխադրվում է Մոսկվա, քրոջ հետ (Նադեժդան դերասանուհի էր) բնակարան են վարձում, եւ սկսվում է նրա բոհեմական կյանքը։ Հենց այն կյանքը, որն ինքն էր երազում։ Ի դեպ, փորձում է ընդունվել Մոսկովյան գեղարվեստական թատրոն, բայց Ստանիսլավսկուն դուր չի գալիս նրա «Ր» տառի արտասանությունը, եւ Վերտինսկին ստիպված է լինում այլ տեղերում բախտ որոնել։

Պատերազմից առաջ խաղում էր Մանրապատումների թատրոնում, գրում էր կծու պարոդիաներ, իսկ երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, կամավոր մեկնեց ռազմաճակատ։ Չէր կրակում, վիրավորների վերքերն էր վիրակապում։ Վիրավորվելուց հետո վերադառնում է Մոսկվա, որտեղ էլ հայտնում են նրան իր միակ հարազատի՝ սիրելի քրոջ մահվան մասին (ըստ շշուկների՝ կոկաինի գերդոզավորումից)։

Նկարահանվում է ֆիլմերում, այդ ընթացքում ծանոթանում է Վերա Խոլոդնայայի հետ, եւ ըստ կենսագիրների՝ հենց ինքն է դառնում նրա կինոփառքի ճանապարհը հարթողը։ Ասում են՝ Վերտինսկին սիրահարված էր գեղեցկուհի Վերային, եւ իր առաջին երգերը 25 տարեկանում այս աշխարհից հեռացած համր կինոյի այդ աստղին են նվիրված։

Հետո Վերտինսկին Պիերոյի դիմակով սկսեց հանդես գալ, եւ բարի ու լացակումած Պիերոն կամաց-կամաց մռայլվեց եւ վաստակեց «սեւ Պիերո» անունը, իսկ Վերտինսկու երգերն էլ աստիճանաբար դարձան ավելի ու ավելի հեգնախառն ու կծու։ Երեւի սիրտը մի բան զգում էր։ Այդ բանը Հոկտեմբերյան հեղափոխությունն էր, եւ այդ բանի առաջին «պտուղն» էլ չեկիստների հանդիպումն էր Վերտինսկու հետ։ Նրա երգերից մեկը նվիրված էր մոսկովյան 300 յունկերների զոհվելուն, եւ պատմում են, որ երբ հարցաքննության ժամանակ Վերտինսկին ասել է. «Դա ախր ընդամենը երգ է, եւ հետո՝ դուք չեք կարող ինձ արգելել, որ ցավեմ նրանց համար», պատասխանը եղել է. «Պետք լինի՝ շնչել էլ կարգելենք»։

Վերտինսկին սիրում էր լիաթոք շնչել, եւ 1920-ին Վրանգելի բանակի մազապուրծ եղած սպաների հետ շոգենավով մեկնում է Կոստանդնուպոլիս, հունական անձնագիր է հայթայթում, որը նրան ազատ ճամփորդելու հնարավորություն է ընձեռում։ Մեկնում է Ռումինիա, գիշերային ակումբներում է երգում, եւ հենց այդ շրջանի մասին է ասել, որ վտարանդու կյանքն է նրան կամակոր արտիստից վերածել տքնող մշակի՝ հանուն մի կտոր հացի։ 1923-ին փոխադրվում է Լեհաստան, հյուրախաղային հաջողություններին զուգընթաց՝ ամուսնանում է հարուստ հրեա Ռաքելի հետ (1930-ին նրանք բաժանվում են, իսկ պաշտոնական ապահարզանը ձեւակերպվում է 11 տարի անց)։

Իր դեգերումների ընթացքում միակ վայրը, որտեղ իրոք սկսում է լիաթոք շնչել՝ Փարիզն էր, ինչպես ինքն է ասել՝ իր երկրորդ հայրենիքը. «...Իմ Ֆրանսիան միայն Փարիզն է, սակայն մեկ Փարիզը ողջ Ֆրանսիան է։ Ես անկեղծորեն էի սիրում Ֆրանսիան, ինչպես այնտեղ երկար ապրած ամեն ոք։ Հնարավոր չէ չսիրել Փարիզը, ինչպես հնարավոր չէ մոռանալ նրան եւ գերադասել մի այլ քաղաք։ Արտերկրում ոչ մի տեղ ռուսներն իրենց այդքան թեթեւ ու ազատ չեն զգում։ Դա մի քաղաք էր, որտեղ անհատի ազատությունը հարգվում էր... Այո, Փարիզն իմ հոգու հայրենիքն է»։ Եվ իրոք, այստեղ է նա ծանոթանում Ռոմանովների, եվրոպական թագավորների, Չարլի Չապլինի, Մառլեն Դիտրիխի, Գրետա Գարբոյի, Աննա Պավլովայի հետ։ Իսկ Ֆյոդոր Շալյապինը նրա մտերիմ ընկերն էր։ Չնայած Փարիզի նկատմամբ իր սիրուն եւ ստեղծագործական հաջողություններին, նա, այսպես ասած, տեղը հանգիստ նստողներից չէր։ 1933-ին Լիբանան եւ Պաղեստին հյուրախաղերի մեկնելուց հետո հասնում է ԱՄՆ։ Այստեղ նյույորքյան նրա համերգին ներկա էին Ռախմանինովը, Շալյապինը, իր փարիզյան բարեկամուհի Դիտրիխը եւ մեր հայրենակից, կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը։

1935-ին արկածասեր Վերտինսկին մեկնում է Չինաստան, եւ հենց այստեղ էլ հանդիպում է 18-ամյա վրացուհի Լիդիա Ցիրգվավային։ 1942-ին նրանք ամուսնանում են։ Լիդիան 20 տարեկան էր, Վերտինսկին՝ 54։ Ծնվում է նրանց առաջին դուստրը՝ Մարիանան։ Ընտանիքի կարիքները հոգալու համար նա ստիպված էր օրական երկու համերգ տալ։

Ի դեպ, 1930-ականների կեսերից Վերտինսկին քանիցս դիմել էր սովետական դեսպանատներին՝ ԽՍՀՄ վերադառնալու թույլտվություն ստանալու խնդրանքով եւ միշտ մերժվել էր։ Տարօրինակ կլիներ, եթե չմերժեին այդ «անհուսալի տարր»-ին։ Այ, առավել տարօրինակն այն էր, որ 1943-ին նրա խնդրանքը չմերժվեց, եւ Վերտինսկին գեղեցկուհի կնոջ եւ երեք ամսական դստեր հետ ոտք դրեց Մոսկվա։ Մեկ տարի հետո ծնվում է Անաստասիան։ Եթե ռուսական կինոարվեստին քիչ թե շատ ծանոթ եք, դժվար թե չճանաչեք այս երկու քմահաճ գեղեցկուհիներին։

Նրա հարյուրից ավելի երգերից ընդամենը երեսունն է «ողջ-ողջ դուրս պրծնում» գրաքննիչների մամլիչի տակից, բոլոր համերգներին պարտադիր ներկա էր կագեբեի ներկայացուցիչը՝ ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար՝ ոգեւորվեց ու է՛ն չերգեց։ Վերտինսկու առջեւ փակ էր ռադիոյի դուռը, ձայնապնակները հատուկենտ էին, թերթերում նրա մասին չէին գրում։ Կա՛ր Վերտինսկին, բայց իբր՝ չկար։ Ֆիլմերում նկարահանվում էր, համերգներով շրջագայում էր երկրում, նրան պաշտում էին, բայց ազատասեր ու «վերեւներից» մերժված Վերտինսկին համատարած կեղծիքից շնչահեղձ էր լինում. «Ամեն ինչ կեղծ է, ստոր է, սուտ է...»։ Վերջին համերգը Լենինգրադում էր, 1957-ի մայիսի 21-ին։ Հենց այդ օրն էլ սիրտը դավաճանում է։

Դերասան, նկարիչ եւ վերջապես գեղեցկուհի Լիդիան այրիանում է 34 տարեկանում։ Չնայած բազմաթիվ նշանավոր երկրպագուներ ուներ եւ ամուսնու մահից հետո ապրել է 56 տարի, բայց մինչեւ կյանքի վերջը հավատարիմ էր իր Ալեքսանդրին եւ այս աշխարհից հեռացավ նրա երգերի հնչյունների ներքո։

Ինչու՞ պատմեցի հատկապես այս մարդու մասին։ Որովհետեւ նա սովետական իրականության մեջ նրբաճաշակությունը պահպանած սերնդի պաշտամունքն էր։ Այդ սերնդի «ձայնապնակը միշտ առանցքի վրա էր լինում՝ ասեղը իջեցնում էր, տեղավորվում էր հին բազմոցի իր անկյունում, ոտքերը քաշում էր տակը, թեւերը խաչում էր կրծքին ու... խլանում էր այս աշխարհի ձայների հանդեպ»։

Լիզա Ճաղարյան