23.03.2016 14:14

Հրանտ Տեր-Աբրահամյան. Սահմանադրական հեղաշրջման տեսությունը- 2

Հրանտ Տեր-Աբրահամյան. Սահմանադրական հեղաշրջման տեսությունը- 2

Սկիզբն՝ այստեղ

Աշոտյանի հոդվածի հաջորդ կարեւոր կետը վերաբերում է 2017-ի ընտրություններին: Հոդվածագիրը «թույլ» է գնահատում այդ ընտրություններում ՀԱԿ-ի, Ժառանգության, ինչպես նաեւ Ռ. Քոչարյանի հնարավորությունները (առաջին երկուսը, ըստ նախկին նախարարի՝ անկման փուլում են, իսկ երկրորդի «ինստիտուցիոնալ կարողությունները» պարզապես «բացակայում են». Սա, ի դեպ, հետաքրքիր հակասություն է իշխանական քարոզչության այն մասի հետ, համաձայն որի՝ Քոչարյանի ուրվականը, հակառակը, շատ հզոր է:) Իսկ, ահա, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն եւ մասամբ ՕԵԿ-ը (հենց այսպիսի հերթականությամբ՝ ՀՅԴ-ն առաջ մղած), նաեւ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Լուսավոր Հայաստանը» «եւ այլն»՝ ունեն լուրջ առավելություններ 2017-ից առաջ: Բնականաբար՝ չենք պատրասվում այստեղ անլուրջ վեճի մեջ մտնել ՀՀԿ փոխնախագահի հետ՝ այս կամ այն ուժի հնարավորությունների մասին: Մեղմ ասած՝ չեմ կարծում, թե այս պահին որեւէ մեկը կարող է կանխատեսել 17-ի ընտրությունների ընթացքը, հիմնական սցենարն ու, առավել եւս՝ արդյունքները, եթե, իհարկե, ուզում ենք մնալ լրջության սահմաններում: Քաղաքականությունն այն ոլորտը չէ, որտեղ կարելի է իրադարձությունից մի տարի առաջ ունենալ դրա ա՛յդ աստիճանի մանրամասն քարտեզը: Խնդիրն, ուրեմն, նման անպտուղ, մանկական վեճ հարուցելը չէ:

Մեկ կինո, մեկ ռեժիսոր, բազմազան դրվագներ

Ամենաառաջինը, որ պետք է այստեղ հասկանալ, ա՛յն է, որ Աշոտյանի ներկայացրածը ոչ թե իրական կանխատեսում է, այլ կանխատեսման ձեւով ներկայացված ցանկություն, ծրագիր, ընդ որում, իհարկե՝ ոչ թե Աշոտյանի, այլ նրա վերադասի՝ Սերժ Սարգսյանի ծրագիր: Խոսքն այն մասին չէ, թե սա վերջնակապանապես որոշված ցուցակ է (պատահական չէ, որ այն հավելված է՝ «մասամբ», «եւ այլն» բաց տեղ թողնող «ապահավագրություններով»), ավելի շուտ՝ սա պետք է կոչենք «ձգտումների հռչակագիր» կամ ապագա ԱԺ-ի մասին Սերժ Սարգսյանի պատկերացման նախնական ուրվագիր, որի կոնկրետ բովանդակությունը շարունակաբար կարող է ճշտվել՝ կախված այլեւայլ զարգացումներից: Բայց այլ բան է, որ ներկայացված ցուցակում կա ոչ միայն բառացի՝ կոնկրետ անունների շերտը, այլեւ ընդհանուր տրամաբանությունը, որը պետք է վեր հանվի վերլուծությամբ, եւ որն, ի տարբերություն փոփոխական անվանացանկի՝ անփոփոխ է եւ կայուն: Հենց այդ ընդհանուր տրամաբանությունն էլ, նախեւառաջ, պետք է հասկանանք:

Հոդվածի նախորդ մասում, տեսանք, որ Սարգսյանի «խորամանկ պլանի» հիմնական գաղափարն է փակ, ինքնաբավ եւ էլիտար քաղաքական համակարգի կառուցումը, որը պետք է բացառի, մի կողմից՝ ժողովրդական զանգվածների, մյուս կողմից էլ՝ ուժեղ անհատների անկախատեսելի, անվերահսկելի ազդեցությունը քաղաքական գործընթացների վրա: Նպատակ է դրված ոչ միայն իշխանական, այլեւ ամբո՛ղջ քաղաքական համակարգը վերջնականապես վերահսկելի դարձնել մեկ կենտրոնի կողմից: Զանգվածներն ու ուժեղ անհատները հենց նրանով են վտանագավոր, որ անկանխատեսելիության գործոնն ուժեղացնելով՝ բացում են համակարգը, իրական բազմաբեւեռության հնարավորություն են ստեղծում: Սարգսյանի նոր համակարգն էլ ունի իր յուրահատուկ բազմաբեւեռությունը, բայց դա պետք է լինի կառավարելի եւ նախագծված: Պատկերավոր ասած՝ պետք է լինի միայն մեկ կինո եւ մեկ ռեժիսոր, բայց կինոյի առանձին ենթասյուժեները կարող են զարգանալ համեմատաբար ինքնուրույն՝ հավասարակշռելով միմյանց, բայց դուրս չգալով հիմնական սցենարի սահմաններից, եւ կարեւորը՝ սպասարկելով միայն միսանական ռեժիսուրայի շահերը: Առանձին, ինքնուրույն կինո նկարելն այս նոր համակարգում պետք է բացառվի:

Սա շատ հավակնոտ նպատակ է՝ քաղաքական դաշտի լիակատար պլանավորում, որը Սերժ Սարգսյանը բավականին հետեւողականորեն փորձում է իրականացնել: Օրինակ, ԶԼՄ-ների դաշտում նա մեծ հաջողությունների է հասել այս ուղղությամբ՝ քաղաքական թեմաներին անդրադարձող մամուլի մեծ մասը վերցնելով իր անմիջական կամ միջնորդավորված վերահսկողության տակ: Մամուլի դաշտը մնում է արտաքուստ բազմազան եւ բազմաբեւեռ, բայց, ի վերջո, մի քանի բացառություններով՝ նույն կենտրոնից ղեկավարվող: Տեղեկատվական այս համակարգը ընդամենը նախերգանքն է քաղաքական դաշտում նույնպիսի համակարգ ստեղծելու ծրագրի: Ինչպես երգվում էր սովետական այլախոհական երգերից մեկում՝ «больше некуда будет уехать – всюду будет советская власть» («այլեւս գնալու տեղ չի մնա՝ ամենուրեք լինելու է սովետական իշխանություն»): Այլ բան է, որ քաղաքական դաշտում այս ծրագրի իրականացումը շատ ավելի լուրջ մարտահրավերների է հանդիպելու, քան տեղեկատվական դաշտում:

Ինստիտուցիոնալ էլիտար ակումբը

Պատահական չէ այս առումով, որ Ա. Աշոտյանն իր հոդվածում բավականին առատորեն օգտագործում է «ինստիտուցիոնալ» բնորոշումը, որը վերջին մեկ-երկու տարվա մեջ թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտում այսքան պոպուլյար է դարձել: Ինստիտուցիոնալն, իհարկե, ինքնին շատ լավ է, բայց պետք է հասկանալ սրա իրական, կոնկրետ իմաստը մեր քաղաքական խոսքում: Եթե փորձենք թարգմանել դրա մեջ առկա ենթատեքստային գաղափարը, ապա դա հենց նույն փակ եւ էլիտար քաղաքական համակարգի ստեղծումն է, քաղաքականության «պրոֆեսիոնալիզացիան» («քաղաքականությունը միայն քաղաքական գործիչների համար է», ինչպես ասում էր Աշոտյանը), «պլանավորված» քաղաքական դաշտը: Համոզվելու համար, որ սա պատահական կապ չէ, հիշենք, թե որո՛նք են այն հիմնական հայեցակարգային նորամուծությունները, որոնք ներմուծվեցին քաղաքական դաշտ ինստիտուցիոնալ եզրին զուգահեռ: Դրանցից են՝ «ժողովրդին պարտության չենք տանելու» թեզը եւ «սուպերլիդերության» դեմ պայքարը: Ի դեպ, դեռ «ինստիտուցիոնալիզմի» «էպոխայից» առաջ այս երկու թեզերը, ձեւակերպված մի փոքր այլ կերպ՝ «միտինգների ժամանակն անցել է» եւ «լիդերների ժամանակն ացնել է», ակտիվորեն տարածվում էին համապատասխան մամուլի եւ «փորձագետների» կողմից: Իհարկե, դրանց իսկությանը չեն հավատում, նախեւառաջ, հենց տարածողները, բայց դա չէ կարեւորը, այլ ա՛յն, թե երկուսն էլ դեմագոգիկ-պոպուլիստական ձեւով ձեւակերպում են իշխանական «խորամանկ պլանի» հիմնական կետերը՝ մի կողմից՝ ժողովրդական զանգվածների, իսկ մյուս կողմից՝ ուժեղ անհատների բացառումը քաղաքական դաշտից (իրոք, քանի որ երաշխավորված հաղթանակ չկա եւ չի կարող լինել ո՛չ բնության, ո՛չ պատմության, ո՛չ էլ իսկ տեսության մեջ, ապա միակ գործնական եզրակացությունը «պարտության չտանելու» թեզից ժողովրդական զանգվածների բացառումն է քաղաքականությունից): Իսկ եթե բացառում ենք զանգվածներին ու անհատներին, ապա «ինստիտուցիոնալից» մնում է միայն նեղ կուսակցականը, որն էլ այլ բան չէ, քան Սերժ Սարգսյանի «պառլամենտարիզմը»՝ զանգվածների հետ կապից զուրկ, իրենք իրենց միայն ներկայացնող եւ դրանով իսկ իշխանությունից կամ էլ արտաքին կենտրոններից լիովին կախման մեջ գտնվող քաղաքական խմբերի փակ ակումբ: Այդ ակումբում յուրաքանչյուրն իր երգը կարող է ունենալ, բայց բոլոր երգերի պատվիրատուն եւ դիրիժորը մեկն է՝ «Եվ թող միակ մեկը լինի տիրակալ, թագավոր թող միակ մեկը լինի»: Պատահակա՞ն համարենք, որ դեպի պառլամենտական կառավարում՝ Սերժի ծրագրի հռչակումը եւ «ինստիտուցիոնալ» նախագիծն ընդդիմության դաշտում առաջացան եւ զարգացան միաժամանակ եւ զուգահեռ, թե՞ համարենք սա միեւնույն կինոյի «ենթասյուժեներ»:

Քրտնաջան պայքար եւ ձրի ապրուստ

Այսքանը Սարգսյանի «ուրվագրի» տեսությունն էր, այժմ պետք է հասկանանք նաեւ դրա «մեխանիկան»՝ ինչի՛ համար են ապագա ԱԺ-ում նրան պետք մի քանի ուժեր, եւ ինչպիսի՛ դերեր են նախատեսված յուրաքանչյուրի համար՝ անկախ նրանից, թե կոնկրետ ո՛ր ուժն ի՛նչ դեր ի զորու կլինի ստանձնել: Հիմնական խնդիրները հետեւյալներն են. 1. ՀՀԿ առաջնորդին անհրաժեշտ է իշխող ուժի վճռական մեծամասնություն ԱԺ-ում, բայց միաժամանակ պետք է նաեւ այնպես անել, որ այդ մեծամասնությունն ինքը խնդիր չդառնա Սերժի համար, ուստի իշխող ուժը պետք է լուրջ զտումների ենթարկվի (դա Աշոտյանի հոդվածի 5-րդ կետն է), եւ 2. իշխող ուժը պետք է հակակշիռներ ունենա: Հակակշիռների դերը պետք է կատարեն ոչ թե մեկ, այլ մի քանի՝ համեմատաբար թույլ խմբեր՝ «կիսաիշխանական», «կիսաընդդիմադիր», «չափավոր (լուսավոր) ընդդիմադիր», «արմատական ընդդիմադիր» եւ այլ հնարավոր դերերի բաշխումներով: Աշոտյանի ներկայացրած ցուցակը՝ ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ, Լուսավոր Հայաստան եւ Քաղաքացիական պայմանագիր, բավականին լավ ծածկում է դերերի բաշխման այս դաշտը, բայց անունները կարող են փոխվել՝ կարեւորը բուն կառուցվածքն է, մեխանիկան: 3. ՀՀԿ-ին հակակշռող ուժերի ցուցակը պետք է կազմվի այն սկզբունքով, որ դրանում ներկայացված ուժերից ոչ մեկը, ո՛չ առանձին, ո՛չ էլ միավորված, իրական վտանգ չստեղծի Սերժի իշխանությանը, զուրկ լինի իշխանափոխության թեկուզ զուտ տեսական ներուժից եւ Սերժի «վրայից թռնելու» հնարավորությունից: Սրանից դուրս՝ նրանք կարող ենք որքան ուզես «արմատական» եւ «ինստիտուցիոնալ» գործել: Հատկապես խրախուսելի է իշխող ուժի եւ արտաքին կենտրոնների սուր քննադատությունը նրանց կողմից՝ ըստ ճաշակի, ինչը լիովին ներգծվում է «հակակշիռների» սերժական ծրագրի մեջ: 4. Բացի ներքին խնդիրներից, փոքր խմբերը պետք է ներկայացնեն նաեւ արտաքին ուժերի շահերը՝ յուրաքանչյուրն ըստ իր ճաշակի եւ սեռաքաղաքական կողմնորոշման: Քանի որ Հայաստանի ժողովուրդը պետք է դուրս մնա «խաղից», ապա բնական է, որ քաղաքական ուժերը կոչված են սպասարկելու ներսում մնացող միայն մեկ ուժեղ բեւեռի եւ, մյուս կողմից՝ դրսի ուժերի շահերը: 5. Վերջապես, այս պլանի դեսերտն էլ այն է, որ պահպանվում է բազմակուսակցականության, բազմաբեռության պատրանքը:

Չնայած որեւէ մեկը, բացի «առաջնորդից», չի կարող հավակնել իրական իշխանության, սակայն քաղաքականություն խաղալը ոչ միայն թույլատրելի է, այլեւ՝ խրախուսելի, եւ ամեն մեկը կարող է ընտրել եւ կողմնորոշվել այդ խաղի շրջանակներում, եթե, իհարկե, «խաղալու» տրամադրություն ունի: Սրանով Սերժ Սարգսյանը հայաստանյան քաղաքական վերնախավին անում է դասական մի առաջարկ, որից հնարավոր չէ հրաժարվել: Եթե ցայժմ քաղաքական վերնախավի ներկայացուցիչները պետք է իրապես պայքարեին, կռիվ տային «արեւի տակ իրենց տեղն ապահովելու համար»՝ ստիպված լինելով համագործակցել հասարակության լայն շերտերի հետ եւ փորձելով արտահայտել դրանց շահերը, ապա այժմ «արեւի տակ տեղը» նրանց տրվում է «ձրի»՝ ազատելով զանգվածների հետ աշխատելու գլխացավանքից, հալածանքների վտանգից եւ այլն: Փոխարենը նրանք պետք է հրաժարվեն երբեւէ իրական իշխանություն ունենալու մտքից եւ բավարարվեն այն «պատվավոր» եւ ապահով դերերով, որոնք նախատեսված են նրանց համար նոր խաղում: Այս գայթակղությանն, ինչ խոսք, շատ քչերն են «մերոնցից» դիմացել, եւ առաջիկայում էլ դեռ շատերը չեն դիմանալու, որովհետեւ եթե մարդը կամ խումբը խաղում է առանց հեռահար նպատակի, միայն օրվա տեսադաշտով եւ օրվա շահերով, եթե նրա ձգտումների «առաստաղը» եւ քաղաքական հեռանկարի բարձրակետը ԱԺ-ում տեղ ունենալն է, ապա հնարավոր չէ մերժել նման «պրագմաԾիկ» առաջարկները:

Ճիշտ եւ սխալ ժամանակները

Սա Սերժ Սարգսյանի պլանն է: Կիրականա՞ այն արդյոք: Պետք է ասել, որ պլանը բավականին նուրբ, բարդ եւ հավակնոտ է: Չափից ավելի պահանջներ կան դրա մեջ, եւ չափից ավելի շատ գործոններից է կախված դրա իրականացումը: Ըստ իս, որքան էլ ՀՀԿ առաջնորդը ձգտի դրա կատարյալ իրագործմանը, դա, ի վերջո, չի հաջողվելու իր ամբողջության մեջ: Հատկապես ԱԺ ընտրություններում նա ստիպված է լինելու հաշտվել առնվազն մի քիչ այլ արդյունքների հետ, քան նախատեսում է: Օրինակ, ինչպե՞ս է Սերժն ապահովելու, բացի իշխող ուժի մեծամասնությունից, նաեւ մյուսների ներկայությունը ապագա խորհրդարանում: Սերժն ամենզոր չէ, եւ նրա ռեսուրսը կարող է հերիքել ՀՀԿ-ի անհրաժեշտ քանակի ձայներ ապահովելուն, այն էլ նույն ՀՀԿ-ի պոտենցիալ «զտման» ենթակա մասի հետ փոխզիջման գնով, բայց հազիվ թե այդ ռեսուրսը հերիքի բոլոր փոքր խմբերին ԱԺ քարշ տալու համար: Դրանք պետք է, նախեւառաջ, ինքնուրույն, իրական ձայների գոնե նվազագույն քանակ ունենան, որպեսզի հնարավոր լինի մի քիչ էլ ավելացնել «արքայական սեղանից»: Ինձ համար խիստ կասկածելի են ոչ միայն ՀՅԴ, ԲՀԿ, ՕԵԿ-ի, այլեւ Լուսավոր Հայաստանի եւ նույնիսկ Քաղաքացիական պայմանագրի այսօրվա հնարավորություններն այս առումով: Ինչեւէ, սա արդեն հետագայում կտեսնենք ավելի հստակ:

Բայց պետք է հասկանանք մեկ բան՝ «խորամանկ պլանի» նույնիսկ ժամանակավոր իրականացումը չի նշանակում դրա վերջնական հաջողություն: Ոչ ոք ի զորու չէ իրապես եւ հիմնավորապես բացառել հրապարակային զանգվածային քաղաքականության գործոնը Հայաստանում, որի քաղաքական ավանդույթը կառուցված է այդ գործոնի շուրջ առնվազն 1988-ից: Ոչ ոք չի կարող այդ աստիճան արմատապես շրջել պատմությունը՝ վերադարձնելու համար մեզ պայմանական 1987 թ.: Մի քանի տարի այս կամ այն կողմ՝ որեւէ հարց չեն լուծում պատմական կտրվածքով, եւ իրական պրագմատիզմը ոչ թե ամեն տվյալ պահի հոսանքի մեջ գցվելն է, այլ բավականաչափ ներքին ուժ ունենալն է՝ սպասելու համար անխուսափելի «ճիշտ ժամանակին», որում հաղթելու է այսօր չհանձնված փոքրամասնությունը:

Հ.Գ. Աշոտյանի հոդվածում մեր կողմից առանձնացված 5-րդ կետին՝ ՀՀԿ-ի զտման ծրագրին չենք անդրադառնում, քանի որ այդ հարցին անցյալ տարվա ընթացքում անդրադարձել ենք մի քանի անգամ՝ բավարար մանրամասնությամբ: