24.03.2016 17:24

Այսօր ծնվել է Հարի Հուդինին. կրակի մեջ չէր այրվում, ջրի մեջ չէր խեղդվում

Այսօր ծնվել է Հարի Հուդինին. կրակի մեջ չէր այրվում, ջրի մեջ չէր խեղդվում

Ոտուձեռ շղթայած՝ կծկվում էր սնդուկի մեջ, սնդուկը ջանադրորեն կապկպում էին հազարումի պարաններով, տեղը տեղին կողպում ու նետում գետը։ Քիչ անց՝ ողջ-առողջ հայտնվում էր ապշահար հանդիսատեսների առջեւ։ Զսպաշապիկով կապանքված՝ ահասարսուռ բարձունքից կախում էին նրան, երկուսուկես րոպեում ազատվում էր բազում կապանքներից։ Կիսամերկ ու կրկին շղթայակապ՝ փակում էին մի զամբյուղի մեջ, հետո ռուսական «Մատրյոշկայի» հանգույն՝ այս զամբյուղը դնում էին մի այլ զամբյուղի մեջ, հետո՝ երրորդի... Եվ այսպես՝ մինչեւ 13-ը։ Հինգ րոպե հետո նա կրկին բոլորի աչքի առաջ էր, զամբյուղներն՝ անվնաս, ձեռնաշղթան էլ՝ ամենափոքր զամբյուղի մեջ։ Զարմանալի բան չկար. այս մարդը խոշտանգումների չինական խցից (ջրով լի) էր կարողանում դուրս գալ, պատի միջով էր անցնում, բարձրաբերձ կամրջի վրայից էր շղթայակապ նետվում սառցակալած Թեմզա գետի մի մարդաչափ ճեղքվածքի մեջ։ Նա լոնդոնցիներին ապշեցրել է նաեւ «Կենդանի փղի անհետացման» հնարքով։ Այսպես, նստում է այդ հսկա կենդանու մեջքին, իսկ հետո՝ բոլորի աչքի առաջ փիղն անհետանում է։ Ռուսաստանի Բուտիրյան բանտի եւ Պետրոպավլովյան ամրոցի մահապարտների բանտախցից է կարողացել դուրս գալ՝ հաղթահարելով ե՛ւ շղթաները, ե՛ւ երկաթյա դռան անհաղթելի թվացող արգելքները։ Շղթայակապ կանգնում էր թնդանոթի փողի առջեւ, եւ մինչ մահաբեր գնդակը կհոշոտեր նրա ամրակուռ մարմինը, հասցնում էր ակնթարթների ընթացքում մազապուրծ լինել։

Ի դեպ, դեպի Ավստրալիա առաջին թռիչքը բիպլանով (կրկնաթեւ ինքնաթիռ)՝ հենց  ինքը կատարեց։

Եթե շարունակենք թվարկել ու թվարկել Հարի Հուդինիի «խենթությունները», ժամանակ չի մնա պատմելու, թե ով էր այս կրակի մեջ չայրվող, ջրի մեջ չխեղդվող մարդը։

Իսկական անունը Էրիկ Վայս է։ Ծնվել է (1874-1926) Բուդապեշտում (ինքը հավատացնում էր, որ ԱՄՆ-ում է ծնվել)։ Հայրը հրեա ռաբբի էր։ Էրիկի ողջ կյանքի պաշտամունք մայրը Սեսիլիա Շթայներն էր։ Չորս տարեկան էր, երբ նրանց բազմանդամ ընտանիքը փոխադրվեց Միացյալ Նահանգներ։ Հեշտ մանկություն չի ունեցել։ Տասը տարեկանից աճպարարությամբ է զբաղվել փողոցներում։ 18 տարեկանից դարձավ Հարի Հուդինի՝ ի պատիվ ֆրանսիացի աճպարար Ռոբեր Հուդենի։

Ասում են՝ աշխատում էր ամերիկյան հատուկ ծառայությունների ե Սքոթլանդ Յարդի համար։ Չի բացառվում. այսպիսի ամենակարող մարդուն նման «կանտորաները» ձեռքներից բաց չէին թողնի։

Թերթերը գրում էին, որ Հարի Հուդինին երկու անգամ ավելի հարուստ էր ԱՄՆ նախագահից։ Հարազատ հոր նման թշվառության պայմաններում կյանքը չավարտելու սարսափն ուղեկցել է նրան ողջ կյանքում։ Սակայն, ասում են՝ չգիտեր, թե ինչպես պետք է վայելել այդ ծով հարստությունը։ Հսկայական գումար էր ծախսում նկարների ու գրքերի վրա, չեկեր էր ուղարկում ծերունիներին, ոսկեդրամներ էր բաժանում աղքատներին, բարեգործական ելույթներ էր ունենում հիվանդանոցներում, մանկատներում, կալանավայրերում, իսկ զվարճանքների համար մեկ սենթ անգամ չէր ուզում զոհել։

Կյանքի վերջին տասնամյակում գրքեր է գրում, որտեղ բացահայտում է իր հնարքների գաղտնիքները։ Նրան լրջորեն անհանգստացնում էր այն իրողությունը, որ այդ տարիներին շատ տարածված ոգեհմայության ազդեցության տակ՝ բազմաթիվ աճպարարներ սկսել էին իր իսկ հնարքները ներկայացնել, իբր, այնկողմյա աշխարհի ուժերի ներգործության արդյունք։ Քողարկված ոստիկանի ուղեկցությամբ, նա մասնակցում էր ոգեհմայության սեանսներին եւ դիմակազերծ անում խաբեբաներին։ Հենց սա է պատճառը, որ այս հռչակավոր աճպարարի եւ ոչ պակաս հռչակավոր Շերլոք Հոլմսի հեղինակ Արթուր Քոնան Դոյլի տարիների բարեկամությունը թշնամության վերածվեց։ Սըր Արթուրը՝ իր տիկնոջ հետ միասին, ոգեհմայության մոլեռանդ հետեւորդ էր։

Զանազան առասպելներ են հյուսվել նրա մահվան պատճառի մասին, բայց փաստ է, որ 52-ամյա Հուդինին, որի առջեւ անզոր էին կրակը, ջուրն ու հաստ պատերը, հեռացավ այս աշխարհից ընդամենն արյան վարակման պատճառով (ժողովրդական լեզվով ասած՝ պայթել էր կույր աղիքը)։

Պատմում են, որ անհավատարմության հատուկենտ դեպքերը հանած՝ Հարի Հուդինին ողջ կյանքը սիրել է իր կնոջը՝ բոլոր հնարքների ժամանակ իր հավատարիմ օգնական ե ուղեկից Բեսին։ Ժամանակակիցները պնդում են, որ չնայած այդպես էլ երեխա չունեցան, բայց երջանիկ զույգ էին։

Ամուսնու մահից հետո Բեսը տասը տարի շարունակ ոգեհմայության սեանսների միջոցով փորձել է հաղորդակցվել սիրելի ամուսնու հոգու հետ, բայց Հարիի հոգին համառել ու չի խախտել լռության ուխտը։

Ըստ կենսագիրների՝ Հուդինին կեսկատակ-կեսլուրջ ասել է, որ եթե հնարավոր լինի այն աշխարհից վերադառնալ, առաջին վերադարձողն ինքը կլինի։

Չվերադարձավ։ Փաստորեն՝ հնարավոր չէ։

Ի դեպ, Հուդինին մեծագույն կատակերգակ Բասթեր Քիթոնի ուսուցիչն ու կնքահայրն էր։ Մեղքս ինչ թաքցնեմ, հիմնական պատճառը սա էր, որ որոշեցի պատմել նրա մասին։

Լիզա Ճաղարյան