26.03.2016 15:38

Այսօր ծնվել է Էմիլիո Ֆերնանդեսը. բա չհարցնե՞ս՝ ախր ինչու՞ «Օսկար»

Այսօր ծնվել է Էմիլիո Ֆերնանդեսը. բա չհարցնե՞ս՝ ախր ինչու՞ «Օսկար»

Նրա հասակը մեկ մետր ութսուն սանտիմետր էր։ Իսկ ահա այն արձանիկը, որ նրա անթերի մարմնի կրկնօրինակն է՝ ընդամենը 33,5 սանտիմետր հասակ ունի եւ կշռում է մոտավորապես 3,5-3,85 կգ։

Էմիլիո ֆերնանդեսը կինոռեժիսոր, դերասան ու սցենարիստ է։ Ծնվել է Մեքսիկայում (1904-1986)։ Հայրը զինվորական էր, իսկ 1910-ից հետո՝ հեղափոխական։ Մայրը հնդկացի էր, կիկապու ցեղախմբից։ Հենց դա է պատճառը, որ Էմիլիոն հայտնի է նաեւ «Էլ Ինդիո» մականվամբ։ Ապագա ռեժիսորը ուսումը կիսատ է թողնում, որ մասնակցի Ադոլֆո դե լա Ուերտայի գլխավորած հեղափոխությանը։ Երկրի նախագահ Օբրեգոնը Ուերտային «աքսորում է» Լոս Անջելես (նախանձելի աքսոր է), իսկ Ֆերնանդեսի նկատմամբ ավելի դաժան է վարվում՝ 20-ամյա ազատազրկում։ Ֆերնանդեսն, անշուշտ, գերադասում է «աքսորը» եւ իր հեղափոխական առաջնորդի հետքերով փախչում է ԱՄՆ։ Ինչպես է հաջողում փախչել, միայն իրեն է հայտնի, համենայն դեպս՝ ինքս ոչ մի տեղեկություն չգտա դրա մասին։

Նոր նախագահ Կարդենասը բոլոր ապստամբներին ներում է շնորհում, եւ Ֆերնանդեսը վերադառնում է Մեքսիկա։ Հոլիվուդի համը տեսած՝ սկսում է աշխատել մեքսիկական կինոարտադրության մեջ՝ որպես սցենարիստ եւ դերասան։ Առաջինը կինոդերը խաղում է 1934-ին։
Metro Goldwyn Mayer-ի գեղարվեստական ղեկավար Սեդրիք Գիբոնսի մտահղացմամբ՝ խաչակրի սրով զինված ասպետը պետք է դառնար այն կինոմրցանակը, որի մասին երազում են կինոաշխարհի բոլոր մեծերն ու փոքրերը։ Քանդակագործը Ջորջ Սթենլին էր, որը հենց մեքսիկացի Էմիլիո Ֆերնանդեսին է տեսնում այդ ասպետի դերում։ Էմիլիոն սկզբում չեմուչում է անում, բայց ի վերջո՝ գայթակղությանը չի դիմանում եւ համաձայնում է մերկ բնորդի կեցվածք ընդունել։

1929 թվականից ձեռքեձեռք անցնող այս արձանիկն անվանակոչվում է տասը տարի անց, եւ թե ինչու «Օսկար», ոչ թե, օրինակ՝ Էմիլիո (ինչ պակաս հնչեղ անուն է, «պատմական անարդարության» մասին էլ՝ չասենք), մտածում-մտածում ու բան չես հասկանում։ Զանազան վարկածներ կան, եւ ի դեպ՝ մեկը մյուսից անլուրջ, թե ինչու՝ Օսկար։ Ըստ մի վարկածի՝ Ամերիկյան կինոակադեմիայի գրադարանավար տիկին Մարգարեթը, տեսնելով արձանիկը, զարմացած ասել է, որ դա իսկեւիսկ իր քեռի (կամ՝ զարմիկ) Օսկարն է։ Մեկ այլ վարկածով էլ՝ մրցանակն այդպես է անվանակոչել Բեթ Դեւիսը (1999-ին Ամերիկյան կինոինստիտուտը նրան հոլիվուդյան մեծագույն դերասանուհիների ցուցակում երկրորդ տեղն է հատկացրել), որովհետեւ, պատկերացնու՞մ եք՝ այդ ոսկեզօծ «ասպետը» շատ նման էր իր սիրասուն ամուսնյակ Օսկար Նելսոնին (էլ ոնց կլինե՞ր)։

Ի դեպ, Էմիլիո Ֆերնանդեսի մասին ժլատ տեղեկություններ կային սոցցանցերում, բայց դրանք շատ էլ խոսուն են. նա, այսպես ասած, դենն ընկած ռեժիսոր չէր, ե՛ւ 1946-ին Կաննի կինոփառատոնում Գլխավոր մրցանակի է արժանացել «Մարիա Կանդելարիա» ֆիլմի համար, ե՛ւ 1947-ին Վենետիկի կինոփառատոնում «Մարգարտահատիկ» ֆիլմի լավագույն ռեժիսուրայի համար է պարգեւատրվել, եւս մեկ մրցանակ էլ 1962-ին վաստակել է Սան Սեբաստիանի միջազգային փառատոնում «Pueblito» ֆիլմի համար։

Իսկ ահա իր կատարյալ մարմնաձեւերով ստեղծված արձանիկից բաժին չի հասել Էմիլիո Ֆերնանդեսին։

Խնդրեմ, եւս մեկ «պատմական անարդարություն»։

Լիզա Ճաղարյան