30.03.2016 12:25

Լուսինե Հակոբյան. Առանց ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման՝ ոչնչի չենք հասնի

Լուսինե Հակոբյան. Առանց ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման՝ ոչնչի չենք հասնի

Իշխանությունն այժմ պնդում է, թե միջազգային իրավունքն արգելում է ընտրություններից հետո հրապարակել քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները: Սակայն, կարեւորագույն միջազգային փաստաթղթեր են համարվում Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը եւ Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին ՄԱԿ-ի դաշնագիրը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն դաշնագրի տարբեր դրույթներին տալիս է մեկնաբանություններ, որոնք կոչվում են ընդհանուր մեկնաբանություններ եւ այդ ընդհանուր մեկնաբանություններից որեւէ մեկով մասնակցության գաղտնիությունը չի դիտարկվում որպես քվեարկության գաղտնիության իրավունքի բաղադրիչ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում նշեց «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանը: Նրա խոսքով՝ միակ փաստաթուղթը, որտեղ դա դիտարկվում է որպես քվեարկության գաղտնիության իրավունքի բաղադրիչ՝ Վենետիկի հանձնաժողովի 2002 թվականին ընդունված կարծիքն է, որը կոչվում է ընտրական հարցերում լավագույն գործելակարգերի ուղեցույց: «Դրա 54-րդ կետն ասում է. «Քանի որ ընտրություններին չմասնակցելը կարող է մատնանշել քաղաքական ընտրություն, քվեարկությանը մասնակցած անձանց ցուցակները խորհուրդ չի տրվում հրապարակել»:  Այսինքն՝ խոսք չկա արգելքի մասին. օգտագործվում է «should not» մոդալ բայը, որն ունի «խորհուրդ չի տրվում», «լավ գաղափար չի» իմաստը: Իշխանությունը սա օգտագործում է որպես փաստարկ, սակայն այս փաստաթուղթն ընդամենը խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է, և դրա վրա սևով սպիտակի վրա գրված է «կարծիք»»,- ընդգծեց Լուսինե Հակոբյանը:

Նա նշեց, որ ցուցակների գաղտնիության անհրաժեշտությունն իշխանությունը հաճախ պատճառաբանում է նաեւ այն հանգամանքով, որ դա խախտում է անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը: «Ոչ մի միջազգային փաստաթուղթ, ոչ մի մեկնաբանություն միջազգային մարմինների՝ այդ թվում նաեւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ այլ տարբեր մարմինների կողմից գոյություն չունի, որտեղ ընտրություններին մասնակցության գաղտնիությունը դիտարկվում է որպես անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի մաս: Սա նոր թեզ է, որը զարգացնում է Դավիթ Հարությունյանը: Եթե անգամ ընդունենք այն տեսակետը, որ մասնակցության գաղտնիությունը հանդիսանում է անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի բաղադրիչ, ապա այդ իրավունքը բացարձակ չէ եւ պետք է հավասարակշռվի քաղաքացիների ընտրական իրավունքի եւ հանրության տեղեկատվություն ստանալու իրավունքի հետ: Հավասարակշռելու դեպքում վերջին երկու իրավունքներն ավելի ծանր են կշռում, որովհետեւ այն անձինք, ովքեր չեն բնակվում Հայաստանում, միանշանակ իրավունք ունեն իմանալու, թե արդյո՞ք իրենց փոխարեն այլ անձինք քվեարկել են, թե ոչ, իսկ դա ստուգելու միակ եղանակը ցուցակների հրապարակումն է»,- նշեց Լուսինե Հակոբյանը՝ հավելելով, թե անգամ իշխանություններն են արձանագրել, որ ընտրությունների քվեարկության անցկացման, կազմակերպման եւ այլնի նկատմամբ գոյություն ունի հասարակության ցածր վստահություն:

«Նույն Սահմանադրական դատարանը իր բազում որոշումներում արձանագրել է, որ վստահության մակարդակը ցածր է: Այդ մասին հիշատակվել է նաեւ սահմանադրական փոփոխությունները մշակող, այսպես կոչված, «մասնագիտական հանձնաժողովի» կազմած հայեցակարգում: Հետեւաբար, ընտրությունների նկատմամբ հանրության վստահության գերակա շահը շատ ավելի ծանր է կշռում, քան չմասնակցած անձանց կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը»,- շեշտեց փաստաբանը:

Լուսինե Հակոբյանն անդրադարձավ նաեւ այն հանգամանքին, որ ընտրությունների ընթացքում ընտրական տեղամասերում թույլատրվում է իրականացնել տեսանկարահանումներ, ինչի դեպքում ուղղակի հնարավոր է տեսախցիկ վերցնել եւ արձանագրել բոլորի ելումուտը՝ արդյունքում պարզելով, թե ով է եկել ընտրության, ով` ոչ:

«Մեր կազմակերպությունը մի շարք ընտրությունների ժամանակ իրականացրել է դիտորդական առաքելություն: Պրակտիկան ցույց է տալիս, որ ամեն տեղամասում, որպես կանոն, կա որեւէ մեկը, ով շատ լավ տիրապետում է տվյալ տեղամասի ընտրողների մասին տեղեկատվությանը: Այսինքն՝ ովքեր են տեղամասի ընտրողները, նրանցից ով է բացակայում հանրապետությունից եւ այլն: Որպես կանոն՝ այդ անձը միշտ նստում է ընտրողների ցուցակների մոտ եւ լրացնում դրանք:  Հետեւաբար, դա տեղեկություն է, որն արդեն իսկ գտնվում է հանրային տիրույթում»,- ընդգծեց Լուսինե Հակոբյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը պնդում է նաեւ, թե ցուցակների գաղտնիությունն ընտրողներին պետությունից պաշտպանելու նպատակ է հետապնդում: «Դա բացարձակ անհեթեթություն է, որովհետեւ ստորագրված ցուցակները գտնվում են պետական մարմինների, հանձինս՝ տարբեր մակարդակի ընտրական հանձնաժողովների տիրապետման ներքո: Այսինքն՝ ինչպե՞ս ես պետությունից պաշտպանում անձանց մասնակցելու մասին ինֆորմացիան, եթե այդ պետության ներկայացուցիչներն են հենց տիրապետում այդ տեղեկատվությանը: Ուրեմն, դիտորդների՞ց են իրենց պաշտպանում, թե՞ միջազգային կառույցներից: Այդ փաստարկը ևս աբսուրդ է»,- ասաց նա: Փաստաբանի կարծիքով՝ միակ հնարավոր բանն այն է, որ Սահմանադրական դատարանը կայացնի եւս մի անհիմն որոշում ու դրանով էլ «կրակը գցի բոլորին»:

Պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե հատկապես ո՞ր կուսակցություններն են շահագրգռված ընտրողների ցուցակները գաղտնի պահելու հարցում, Լուսինե Հակոբյանը նշեց, որ միակ կուսակցությունը ՀՀԿ-ն է, որն իր բոլոր ուժերը կենտրոնացրել է այդ հարցի վրա. «Օրինակ՝ իրենց գործընկեր Դաշնակցությունը կողմ է, ինչպես նաեւ ամբողջ քաղհասարակությունը»:

Լուսինե Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ցուցակների հրապարակման դեպքում կբացահայտվի, թե ընտրությունների ժամանակ ինչպես են բազմաթիվ մարդիկ մյուսների փոխարեն քվեարկել: «Սամվել Նիկոյանը օրերս բացահայտեց ՀՀԿ-ի հիմնական մտավախությունը՝ ասելով. «Ունենք 2000 տեղամաս, եթե ամեն տեղամասում 20 ընտրող գնա ասի, որ իր տեղը քվեարկել են, դուք պատկերացնու՞մ եք՝ ինչ կլինի. դատարանները կհեղեղվեն դիմում-բողոքներով: Ինչպե՞ս է դատական համակարգը դրա տակից դուրս գալու»: Այսինքն՝ իրենց ուզածն այն է, որ այդ ընտրակեղծիքները տեղի ունենան, սակայն մարդիկ չբողոքեն»,- նշեց նա:

Անդրադառնալով տեղամասի ներսում դիտորդների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների սահմանափակմանը, փաստաբանը ընդգծեց, որ վերջինս, մի շարք այլ դրույթների հետ միասին՝ զգալի հետընթաց էր: Նրա խոսքով՝ կարեւոր է նաեւ այն կետը, որի համաձայն` հանձնաժողովի անդամների 2/3-ի ձայնով հնարավոր է դիտորդին եւ վստահված անձին դուրս հանել տեղամասից: Նախկինում դա կարելի էր միայն անել դիտորդի, վստահված անձի, ԶԼՄ ներկայացուցչի ձերբակալման կամ կալանավորման պարագայում: «Բազմաթիվ կետեր կան, որոնք դժվարացնում են ընտրությունների արդյունքների եւ ընթացքում գրանցված իրավունքների խախտումների բողոքարկումը: Ընդհուպ՝ մինչեւ լիազորագրերը բնօրինակով ներկայացնելու պահանջն ընտրական հանձնաժողովներ եւ այլն: Ի հեճուկս նրա, որ հենց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը վերջերս զեկույցում ֆիքսել էր, որ լիազորագրեր պահանջելու պրակտիկան խիստ բարդացնում է այս գործընթացը, ինչը իրենք հաշվի չեն առել: Սա խոսում է երկակի ստանդարտների մասին: Այսինքն, երբ իրենց պետք չի՝ հաշվի չեն առնում, իսկ երբ պետք է՝ վկայակոչում են միջազգային կառույցների կարծիքները: Ես ուզում եմ արձանագրել, որ եթե անգամ մենք հասնենք նրան, որ այդ բոլոր հետընթաց դրույթները հանվեն կամ օրենսգիրքը մնա այն նույն տեսքով, ինչպես որ հիմա կա, մենք ոչնչի չենք կարող հասնել, եթե ընտրողների ստորագրած ցուցակները չբացահայտվեն: Եթե անգամ պայքարենք մնացած դրույթների դեմ եւ հասնենք նրան, որ դրանք շտկվեն, ապա այդ ամեն ինչը մեզ, միեւնույն է, օգուտ չի տալու, քանի որ այդ գործող օրենսգրքով մենք 4 տարի շարունակ ոչ մի արդյունք չենք կարողանում արձանագրել»,- ընդգծեց Լուսինեն Հակոբյանը՝ նշելով, որ հանրաքվեից հետո «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունը մոտ 200 դիմում-բողոք է ներկայացրել տարբեր մակարդակների ընտրական հանձնաժողովներին, սակայն որեւէ արդյունք չի գրանցվել:

«Անգամ մի դեպք է եղել, երբ մեր դիտորդը ներկայացրել է տեսանյութ այն մասին, որ իրեն հարվածում են, սակայն ԿԸՀ նիստին Տիգրան Մուկուչյանը դիտորդին ասել է, թե տեսանյութում չի երեւում հարվածը՝ այն դեպքում, երբ դիտորդն անձամբ չէր կարող տեսանկարահանել, թե ինչպես են իր գլխին հարվածում: Այսինքն՝ դու ինչքան ապացույցներ էլ ներկայացնես, այդ ապացույցները չեն ընդունվելու եւ բացարձակ ուշադրության չեն արժանանալու ու չեն քննվելու: Հետեւաբար, միակ հավաստի բանը լինելու է այդ ստորագրված ցուցակները ստուգելը եւ պարզելը, թե մարդկանց փոխարեն քվեարկություններ եղել են, թե ոչ, եւ ինչ ծավալի են դրանք»,- ասաց փաստաբանը:

Վերջինս իր խոսքում անդրադարձավ նաեւ էլեկտրոնային քվեարկությանը, որն, ըստ նրա, հերթական միջոցն է ընտրակեղծարարությունը կատարելագործելու համար: «Քվեարկության նոր տեխնոլոգիաների կիրառության դիտարկման ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ուղեցույցում նշվում է, որ այն պետությունները, որտեղ հանրային վստահության մակարդակը ցածր է իշխանությունների եւ ընտրական գործընթացների նկատմամբ, էլեկտրոնային քվեարկությունը եւ ընտրությունների կազմակերպման էլեկտրոնային եղանակներն է՛լ ավելի են խորացնելու անվստահությունը»:

Անդրադառնալով iLur.am-ի թղթակցի այն մեջբերմանը, թե արդյո՞ք էլեկտրոնային քվեարկության դեպքում նույնպես հնարավոր չի լինի ծանոթանալ ցուցակներին, Լուսինե Հակոբյանը նշեց, որ ոչ միայն հնարավոր չի լինի դրանց ծանոթանալ, այլ նաեւ էլեկտրոնային քվեարկության դեպքում հնարավոր չի լինել վերահսկել ընտրությունները: «Այն դեպքում, երբ գրանցումը տեղի է ունենում էլեկտրոնային տարբերակով, դրա դիտարկման գործընթացն անհնարին է դառնում: Հենց այս պատճառով էլ ընկնում է ընտրական պրոցեսների նկատմամբ հանրային վստահությունը՝ հատկապես այն երկրներում, որտեղ արդեն իսկ կա հանրային վստահության ցածր մակարդակ»,- եզրափակեց փաստաբանը:

Զրուցեց Մարիամ Մուրադյանը