30.03.2016 13:41

Մուգաբեն «անմահ Կաշչեյին» ձեռնոց է նետել

Մուգաբեն «անմահ Կաշչեյին» ձեռնոց է նետել

Զիմբաբվեի 92-ամյա նախագահ Ռոբերտ Մուգաբեն պատրաստակամություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրելու պետության ղեկավարի հերթական ընտրություններում, որոնք կայանալու են 2018 թ.: Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ, նա հայտարարել է Տոկիո կատարած պաշտոնական այցի ընթացքում: «Ես աշխույժ եմ: Եթե ժողովուրդն ուզենա, ես կշարունակեմ կատարել իմ պարտականությունները»,- ասել է նա:

Արևմուտքում հնչող մեղադրանքները՝ ընդդիմությանը ճնշելու և միանձնյա կառավարման վերաբերյալ, նախագահը հերքել է՝ դրանք անվանելով «վիրավորանք Զիմբաբվեի ժողովրդի հասցեին»:

2014 թ. Զիմբաբվեի նախագահի տիկինը՝ Գրեյս Մուգաբեն, հայտարարել էր, թե մտադիր է ամուսնու համար հատուկ հաշմանդամի սայլակ ձեռք բերել, որպեսզի նա կարողանա կառավարել երկիրը: Նա նաև հայտարարել էր, թե կսատարի երկրի ղեկավարին այնքան ժամանակ, քանի դեռ նա խոսելու ուժ կունենա: Ընդդիմությունն, իր հերթին՝ Գրեյս Մուգաբեին իշխանությունը զավթելու մեղադրանք էր ներկայացրել:

2015 թ. փետրվարին օդանավակայանում իր կողմնակիցների առջև ելույթ ունենալիս Մուգաբեն վայր էր ընկել ամբիոնի աստիճանների վրա: ԶԼՄ-ները հաղորդել էին, որ դրանից հետո նա աշխատանքից ազատել էր 30 թիկնապահների, որոնք չէին կարողացել կանխել նրա անկումը:

Մուգաբեն պետության ամենատարեց գործող նախագահն է: Նա Զիմբաբվեն ղեկավարում է 1980 թվականից, երբ երկիրն անկախություն ստացավ: Մուգաբեն նաև 54 երկրներ միավորող Աֆրիկյան միության նախագահն է: Փոխանցում է lenta.ru-ն: