30.03.2016 17:14

Հրանտ Տեր-Աբրահամյան. Նոր միջազգային իրավիճակը եւ Հայաստանը

Հրանտ Տեր-Աբրահամյան. Նոր միջազգային իրավիճակը եւ Հայաստանը

Բրյուսելում տեղի ունեցած վերջին ահաբեկչական գործողությունը նորից առիթ դարձավ ծավալուն քննարկումների միջազգային եւ մեր մամուլում, նաեւ՝ ընդհանրապես համացանցում: Թեեւ սովորաբար միջազգային թեմաներով չեմ գրում, բայց նման քննարկումներում կրկնվող կարծրատիպերը, եթե չասեմ՝ տափակությունները, ստիպում են, այնուամենայնիվ, որոշ անդրադարձի, մանավանդ եթե հաշվի առնենք Մերձավոր Արեւելքի իրադարձությունների անմիջական կապը Հայաստանի հետ:

Ահաբեկչության անորսալի ուրվականը

Նախեւառաջ՝ «միջազգային տեռորիզմի» մասին, որի դեմ բոլորը շարունակում են պայքարել՝ հետեւելով միջազգային մամուլի «ղեկավարող ցուցումներին»: Դժվար է պատկերացնել ավելի վերացական, անբովանդակ եւ անարդյունավետ բանաձեւ, քան պայքարը ահաբեկչության դեմ: Խնդիրն այն է, որ պայքարի առարկան՝ տեռորիզմը, զուտ գործիք եւ միջոց է, եւ ոչ՝ էություն ու բովանդակություն: Գործիքի դեմ անիմաստ է պայքարել, դրա դեմ կարելի է կիրառել հակագործիքներ, բայց զարմանալի կլինի այն մարդը, որը հիմնական նպատակ կհռչակի պայքարը մարդասպանի դանակի, այլ ոչ թե մարդասպանությունը ծնող միջավայրի, աշխարհայացքի, դրդապատճառների դեմ:

Ո՞րն է ահաբեկչության՝ որպես պայքարի միջոցի էությունը: Ահաբեկչությանը դիմում են սովորաբար այն խմբերը, որոնք զուրկ են համեմատաբար խաղաղ միջոցներով իրենց նպատակներին հասնելու հնարավորությունից քաղաքական պայքարում, կամ էլ՝ ռազմական բախման շրջանակներում չունեն լայնածավալ պատերազմի ներուժ: Այսինքն՝ ահաբեկչությունը, մեծ մասամբ, թույլի դիրքերից պայքարողի ստիպողական միջոցներից է: Դրա կիրառումը կամ չկիրառումը կախված է, ուրեմն՝ ոչ այնքան ցանկությունից եւ գաղափարախոսությունից, որքան առարկայական պայմաններից: Սա, բնականաբար, ահաբեկչության արդարացում չէ, այլ ընդամենը խնդիրը բանական քննարկման դաշտ տեղափոխելու փորձ:

Ենթակայական գործոնն էլ, իհարկե, որոշ նշանակություն ունի. եթե այս կամ այն խումբը սահմանում է իր համար տվյալ իրավիճակում առավել բարդ հասանելի նպատակներ, ապա դա ավելի՛ է հակված լինելու ահաբեկչության, քանի որ բարդ նպատակները նեղացնում են հնարավորությունների դաշտը, որով էլ հենց խնդիրը նորից վերադառնում է առարկայական պայմանների դաշտ: Պատահական չէ, որ պատմականորեն ահաբեկչությանը՝ որպես պայքարի միջոցի, նախեւառաջ դիմել են ձախ քաղաքական հոսանքները, քանի որ հենց այդ հոսանքներն են հռչակել առավել դժվար հասանելի քաղաքական նպատակներ (տնտեսական եւ քաղաքական համակարգերի արմատական փոփոխություն), իսկ ռազմի դաշտում՝ ազատագրական պայքար մղող հասարակությունները, որոնց դիրքերն ի սկզբանե ավելի թույլ էին գաղութատերերի նկատմամբ: Քաղաքական ահաբեկչության իրական պատմությունը  սկսվում է 19-րդ դարից Եվրոպայում (եթե մի կողմ դնենք ահաբեկչությանը զուտ արդիական երեւույթի՝ արհեստականորեն միջնադարի հետ կապելու փորձերը): Ֆրանսիական եւ իտալական անարխիստները, ռուսական նարոդնիկներն ու դրանց ժառանգորդ էսէռները, մեր իրականության մեջ՝ Հնչակյանները եւ Դաշնակցությունը. ահա ահաբեկչությունը որպես պայքարի միջոց ընդունող անցյալի խմբերի մի կամայական ցանկ:

Ահաբեկչությունը երկար ժամանակ եղել է ձախերի մենաշնորհը: Աջ համարվող քաղաքական հոսանքները սա սկսեցին կիրառել միայն 20-րդ դարի երկրորդ քառորդից, երբ ընդհանրապես պայքարի ձախական միջոցները եւ մասամբ աշխարհայացքը սկսեցին ազդել նաեւ պահպանողական հոսանքների վրա, եւ ձախի ու աջի սահմանում առաջացավ այնպիսի յուրահատուկ երեւույթ, ինչպիսին եվրոպական ֆաշիզմն էր, որի պարագլուխներից շատերը դուրս էին եկել հենց ձախ միջավայրից: 20-րդ դարում ահաբեկչությունը դարձավ նաեւ ազգային-ազատագրական պայքար վարող ազգերի գործիք հատկապես այնպիսի բռնապետական երկրներում, ինչպիսիք Օսմանյան եւ Ռուսական կայսրություններն էին (մակեդոնական ազատագրական պայքարը հատկապես աչքի ընկավ այս դաշտում): Ահաբեկչական պայքարի լայն կիրառմամբ աչքի ընկան նաեւ Բրիտանական կայսրության դեմ պայքարող իռլանդական ազատագրական շարժումը եւ հրեական սիոնիստիական կազմակերպությունները Պաղեստինում: Երկրորդ համաշխարհայինի ընթացքում ահաբեկչությանը դիմեցին հականացիստական պայքար մղող Դիմադրության շարժումները Ֆրանսիայում եւ բուն Գերմանիայում (հետաքրքիր է, թե «ցանկացած ահաբեկչություն դատապարտելի է» տիպի սահմանումներ տվողներից քանի՞սն է պատրաստ դատապարտել Հիտլերի դեմ մահափորձերը գերմանական պահպանողական սպայության գաղտնի կազմակերպությունների կողմից): Պատերազմից հետո էլ՝ 1960-1970-ականների Եվրոպայում ահաբեկչությունը մնում է պայքարի ընդունված միջոց հատկապես արմատական ձախ խմբերի մեջ, որի լավագույն օրինակներն են Գերմանիայի «Կարմիր բանակը» եւ Իտալիայի «Կարմիր բրիգադները»: Նույն միջոցը փոխառնվեց նաեւ Մերձավոր Արեւելքի ժողովուրդների կողմից՝ նույն ազգային-ազատագրական պայքարի շրջանակներում (հատկապես արաբական միջավայրում փոխառնվեց Պաղեստինի հրեաներից): Մեր ԱՍԱԼԱ-ն պետք է դասել հենց այս՝ 60-70-ականների ձախ եւ ազգային-ազատագրական նոր ահաբեկչության շարքում:

Իսլամիստները ոչ թե հորինեցին ահաբեկչությունը, այլ ընդամենը փոխառեցին որպես պատրաստի գործիք Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի սոցիալիստներից եւ ազգայնականներից: Նույնիսկ այս՝ շատ համառոտ եւ կցկտուր ակնարկը վկայում է, որ ահաբեկչությունը յուրահատուկ փոխանցիկ դրոշ է, որն անցնում է մի խմբից մյուսին՝ անկախ աշխարհայացքային արմատական տարբերություններից, միջավայրից, պայմաններից եւ ժամանակից: Կարող ենք չկասկածել, որ փոխանցումը տեղի է ունենալու նաեւ ապագայում, եւ եթե այսօր առաջին գծում է իսլամիստների ահաբեկչությունը, ապա վաղը հայտնվելու է մեկ այլ՝ իսլամիզմի հետ աշխարհայացքային որեւէ առնչություն չունեցող խումբ, որը նույն պայքարի միջոցը կիրառելու է հանուն իր նպատակների: Իսլամիստներն էլ, ճիշտ ինչպես ահաբեկչությունը նախկինում կիրառող խմբերը, դիմում են այդ միջոցին ոչ թե հատուկ «չարամտությունից» կամ իդեոլոգիայի առանձնահատկություններից դրդված, այլ շատ ավելի պարզ տեխնիկական պատճառով՝ նրանք հաճույքով կմղեին լայնածավալ պատերազմ իրենց կողմից չարիք համարվող ուժերի դեմ, եթե ունենային դրա ներուժը, բայց քանի որ չունեն, մնում է միայն ահաբեկչությունը: Ուրիշ ոչ մի գաղտնիք, միստիկա այստեղ չկա, հարցը տեխնիկական է եւ տակտիկական: Եվ ի դեպ, առավել ծիծաղելի է դառնում «միջազգային ահաբեկչության» դեմ պայքարի առասպելաբանությունը, եթե հաշվի առնենք, որ այսօր նույն ԻՊ-ը (Իսլամական պետությունը) կազմավորվել է որպես փաստացի պետություն, եւ այնտեղ, որտեղ կարող է՝ հենց դասական պատերա՛զմ, այլ ոչ թե զուտ ահաբեկչական պայքար է մղում: Հիմա ի՞նչ, պայքարենք «միջազգային պատերազմի» դե՞մ՝ մի կողմ թողած շատ կոնկրետ անվամբ եւ տեղադրությամբ հակառակորդին: Թվում է, թե սա զուտ անվանման հարց է, բայց իրականում առասպելաբանության մակարդակի հասցված այս կարգախոսը մթագնում է խնդրի էությունն անճանաչելիության եւ անլուծելիոթյան աստիճան:

«Պանիսլամիզմի» անորսալի ուրվականը հայոց մեջ

Որքան զարմանալի է «միջազգային ահաբեկչության» դեմ պայքարի համաշխարհային ԶԼՄ-ների կարգախոսը, բայց, թերեւս, ավելի զարմանալի է հայերիս զգալի մասի արձագանքը Եվրոպայում տեղի ունեցող ահաբեկչությունների նկատմամբ: Մեր հայրենակիցների մի խումբ կա, որը պատրաստ է հենց հիմա լուծել Եվրոպայի բոլոր հարցերը՝ վտարելով բոլոր մուսուլմաններին, վառելով, ջարդելով եւ այլն: Ճիշտ է, բուն «եվրոպաներում» էլ նման կերպ մտածողները, թերեւս, քիչ չեն, բայց հատկապես հայերի դեպքում սա, մեղմ ասած, տարօրինակ երանգ է ստանում: Գոնե մենք՝ հայերս, միշտ պետք է հիշենք, որ մեր հայրենիքը ոչ թե հեռավոր արեւմտյան ափերում է, այլ Մերձավոր Արեւելքում, եւ որ մեր հարեւանների մեծ մասը մուսուլման, այդ թվում՝ արաբ են: Ընդ որում, հակառակ տարածված կարծրատիպերի՝ իսլամ դավանող ազգերն ընդհանրապես մեզ ո՛չ բնատուր թշնամի են, ո՛չ էլ պատմականորեն ավելի մեծ վնաս են հասցրել, քան որեւէ քրիստոնյա ազգ, որի հետ առնչվել ենք: Ավելին՝ հաճախ քրիստոնյա ազգերի տիրապետությունը (ինչպես, օրինակ, բյուզանդացիներինը) մեզ ավելի մեծ վնասներ է բերել՝ մեր պետականության հիմքերը կործանելով, քան բուն իսլամական, օրինակ՝ արաբական կամ պարսկական տիրապետությունները: Իսկ եթե կոնկրետ մուսուլմանական ազգերի, օրինակ՝ օսմանցիների տիրապետությունը Հայաստանում եղել է առավել ծանր, ապա խնդիրը կրոնը չէ, այլ կոնկրետ պետության պայմանների եւ քաղաքականության առանձնահատկությունները: Այս տրիվիալ իրողությունները ստիպված ենք հիշեցնել, քանի որ, ցավոք, մեր հասարակությունը շարունակում է դաստիարակվել այն ոգով, որ մեր պատմական ողբերգությունների աղբյուրն իսլամական ազգերի տիրապետությունն է, իսկ Մերձավոր Արեւելքում ապրելու գիտակցությունն ընդհանրապես բացակայում է այդ դաստիարակության մեջ, ինչն, իհարկե, լրջագույն մարտահրավերների աղբյուր կարող է դառնալ ապագայում:

Պետք է նաեւ հասկանալ, որ Իսլամական պետություն կոչված չարիքը ոչ մի էական կապ չունի իսլամի կամ արաբների հետ ընդհանրապես: Հարցն այն տափակ քարոզները չեն, թե «լավ», «ճիշտ» իսլամն աղավաղվում է քաղաքական իսլամիստների կողմից: Ո՛րն է Իսլամի իսկականն ու ճիշտը, մենք չենք որոշում, այլ մուսուլման աստվածաբանները. հարցն այն է, որ «իսլամ», «իսլամիզմ» եւ նման վերացական, ընդհանրական անվանումները միշտ էլ ընդամենը պայմանական պիտակ են շատ կոնկրետ երեւույթների, որոնց էությունը, սակայն, կախված է ոչ թե այդ վերացականություններից, այլ կոնկրետ տեղի ու ժամանակի պայմաններից եւ խնդիրներից: Եթե Մերձավոր Արեւելքի երիտասարդության մի մասն, ի տարբերություն իրենց գերազանցապես աշխարհիկ՝ սոցիալիստ եւ նացիոնալիստ հայրերի ու պապերի, տարվում է քաղաքական իսլամով, ապա, պատճառն, անշուշտ, ո՛չ իսլամի կրոնական ինչ-որ առանձնահատկություններն են, ո՛չ էլ «մշակույթը» կամ այլ նման «միստիկա»: Յուրաքանչյուր իրավիճակ ունի բանական, ոչ թե «միստիկ» բացատրություն, եւ կապված է նախ՝ ի՛ր, այլ ոչ թե անցյալ ժամանակների հետ: Արդիականության ճգնաժամն աշխարհում եւ Մերձավոր Արեւելքում, ժողովրդագրական միտումները Արեւմուտքում եւ Արեւելքում, քաղաքական կառուցվածքների անարդյունավետությունը, առավել հարուստ եւ առավել աղքատ տարածաշրջանների միջեւ տարբերությունների աճը՝ ահա ինչպիսի տիրույթներում պետք է գտնել բանական պատասխանները, ոչ թե՝ կրոնական, մշակութային եւ ազգային առանձնահատկություններում:

Հետգրության փոխարեն. հին խաղացողներ եւ նոր իրողություններ

Վերջապես շատ կարճ պետք է դիտարկենք իրավիճակի վերջին դինամիկ փոփոխությունները Մերձավոր Արեւելքում, որոնք պետք է կարեւոր լինեն հայաստանցիներիս համար: Առաջինը՝ Սիրիայի հակամարտության վերջին զարգացումների շրջանակում ակնհայտորեն փոխվում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների մթոնոլորտը՝ նախկին մի քանի տարվա սուր կոնֆլիկտը մեղմանում է, եւ գոնե որոշ հարցերում կողմերը գնում են փոխզիջման: Նույնը՝ ԱՄՆ-Իրան հարաբերություններում է: Երկրորդը՝ նույն սիրիական հակամարտության շրջարկում չեզոքացվեց (եթե ավելի կոպիտ բնորոշում չօգտագործենք) թուրքական գործոնը՝ ոչ միայն ռուս-թուրքական, այլեւ ամերիկա-թուրքական հարաբերություններում սառնություն է նկատվում: Թուրքական խաղը Սիրիայում բավականին կոպիտ կերպով կանխվեց ոչ միայն ռուսների, այլեւ ամերիկացիների միջամտությամբ: Երրորդ՝ ամերիկացիները, ինչպես երեւում է՝ հիասթափվելով սիրիական «չափավոր ընդդիմության» հնարավորություններից, ստիպված են Սիրիայում այսօր հիմնվել նախեւառաջ քրդերի վրա, որոնք, թեեւ Սիրիայում բավականին լուսանցքային գործոն են, բայց դեպքերի բերմամբ հայտնվեցին առաջին գծում: Իրաքից հետո Սիրիան երկրորդ պետությունն է, ուր փաստացի անկախ Քրդստան է ստեղծվում՝ ԱՄՆ հովանավորությամբ եւ ի հեճուկս Թուրքիայի մտահոգությունների: Չորրորդ՝ ռուս-ամերիկյան համաձայնությամբ, ինչպես երեւում է՝ կանխվեց նաեւ Սաուդյան Արաբիայի գլխավորած սունիական լայն կոալիցիայի ավելի անմիջական ներգրավման նախագիծը սիրիական պատերազմի մեջ: Այսօր ուշացմամբ բարձրացվում է Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների, շիաների եւ քրդերի (հատկապես եզդիների) ցեղասպանության խնդիրը ԻՊ կողմից, ինչը կարելի է ընկալել որպես սաուդիտների եւ թուրքերի կողմից հովանավորվող ԻՊ-ին վերջնական «դատավճիռ»՝ մի քանի տարի տեւող բարդ եւ կեղտոտ խաղը պետք է մոտենա իր ավարտին: Վերջապես՝ եւս մեկ անգամ ակնհայտ է դառնում միացյալ Եվրոպայի երկիմաստ վիճակը միջազգային քաղաքականության ուժային կշռույթում՝ ի զորու չլինելով անվտանգության խնդիրը լուծել սեփական ուժերով, եվրոպական դրախտը մնում է կախված մյուս՝ «ինքնաբավ» անվտանգությամբ ուժերի քաղաքական քմահաճույքներից: Եզրակացություններն ըստ այս բոլոր իրողությունների՝ թողնում ենք ընթերցողին, բայց ակնհայտ է, որ դրանք բոլորն էլ կարեւոր են Հայաստանի համար: