01.04.2016 13:20

Խաղամոլի նոթեր 5. Ռեգբին եւ բարոկը

Խաղամոլի նոթեր 5. Ռեգբին եւ բարոկը

Նախորդ մասերն այստեղ, այստեղ, այստեղ, այստեղ

Ի՞նչ ասել է որեւէ խաղի էսթետիկա: Էսթետիկան, որն այսօր թարգմանում ենք գեղագիտություն, ստուգաբանորեն նշանակում է զգացմունքայնություն (զգացմունքային ընկալում), այսինքն՝ ավելի լայն է, քան զուտ գեղեցիկի ու տգեղի մասին գիտությունը: Հենց այդ ավելի լայն դիտանկյունով էլ պետք է հասկանանք խաղային էսթետիկան, որի մեջ մտնում են տվյալ խաղի հետ կապված տպավորությունները, հույզերը, ապրումները, ընկալումները, պատկերները եւ այլն: Այսպես հասկացված էսթետիկայի տարրեր կարող են լինել խաղի մարտավարական առանձնահատկությունները, կանոնների բարդությունն ու պարզությունը, խաղի ռիթմը՝ արագությունը, դադարների հաճախականությունը, դրվագների կրկնելիությունը, միջինացված դրվագի պատկերը, խաղի «երկրաչափությունը», ինքնատիպության աստիճանը եւ այլն:

Կոպիտ նրբությունը

Օրինակ, «մեր» ֆուտբոլն աշխարհի ամենապարզ եւ ամենաբարդ խաղն է միաժամանակ: Նա պարզ է, որովհետեւ ցանկացած 3-րդ դասարանցի մի քանի խաղ տեսնելուց հետո ի զորու է արագ ընկալելու բոլոր հիմնական կանոնները, խաղի նպատակն ու տրամաբանությունը՝ խաղն առավելագույն հարմարեցված է դիտողի արագ ընկալման համար: Մյուս կողմից՝ այն բարդ է, որովհետեւ միավորներ վաստակելը գնդակը միայն ոտքով խաղարկելու եւ համեմատաբար փոքր դարպասի մեջ խփելու պայմանով շատ բարդ է, նույնիսկ հաշվի առնելով, որ պաշտպանվող կողմը զրկված է ուժային պայքարի գրեթե բոլոր հնարներից: Եթե իր կանոններով ֆուտբոլն աշխարհի ամենապարզ, ապա միավոր վաստակելու համար թափած ջանքով՝ աշխարհի ամենաբարդ խաղն է՝ միայն այստեղ է նորմալ, եթե չասենք՝ հնարավոր 0-0 հաշիվը, եւ սովորական են նվազագույն՝ 1-0, 1-1, 2-1 հաշիվները, հետեւաբար՝ ազարտը հասցված է առավելագույնի: Պարզության եւ բարդության այս նրբագույն եւ եզակի բալանսն է դարձնում ֆուտբոլն աշխարհի ամենասիրված խաղը՝ ընկալման համար նվազագույն ջանքեր՝ առավելագույն ազարտի դիմաց: Նման բալանսի, չնայած բոլոր ջանքերի՝ չի հասել որեւէ այլ սպորտաձեւ: Սովորաբար՝ խաղը պարզեցնելուն ուղղված քայլերը հանգեցնում են խաղի անհամացմանը եւ ազարտի նվազեցմանը:

Ռեգբիի էսթետիկան այլ է: Եթե ֆուտբոլն աշխարհի ամենապարզ խաղն է, ապա ռեգբին ամենաբարդերից է: Ոչ միայն երրորդ դասարանցին, այլեւ 30 տարեկան մարդը, միայն դիտելով խաղը, առանց հավելյալ բացատրությունների եւ խորացումների՝ կդժվարանա արագ ընկալել ոչ միայն խաղի նրբությունները, այլեւ ընդհանուր ընթացքը: Ռեգբիի կանոնները ավելի բազմազան են, բարդ, իսկ խախտումների մի մասը հաճախ տեսանելի չէ հանդիսատեսի համար՝ առանց հավելյալ մեկնաբանության կամ մանրամասն կրկնապատկերի: Այս առումով ռեգբիի համակարգը կարելի է բնութագրել որպես «խուճուճ», մանրամասնեցված եւ նրբին՝ բարոկ ճարտարապետության կամ զարդարվեստի պես: Այս «նրբինությունը» հակադրության մեջ է խաղի ընդհանուր ուժային, կոպիտ, գերառնական ոգու հետ: Ռեգբիի՝ առաջին հայացքից քաոտիկ ուժային պայքարը մանրամասն կանոնակարգված է՝ ծիսականության աստիճան: Եվ հենց այդ նրբության եւ կոպտության հակադրությունն էլ ռեգբիի յուրահատուկ էսթետիկական բալանսն են, ինչպես որ պարզության եւ բարդության համադրությունը ֆուտբոլի բալանսն են: Այս ընդհանուր բալանսի մեջ էլ բացատրելի են ռեգբիի էսթետիկայի մյուս բոլոր տարրերը, որոնց մի մասն այժմ կդիտարկենք:

Ռեգբիի «ծանր մետաղը»

Ընդհանուր առմամբ, չնայած իր խիստ եւ խիտ՝ մանրամասն կանոնակարգվածությանը, ռեգբին ազատ խաղ է, բայց ազատ խաղերի մեջ առավել մոտ է առանձին դրվագների բաժանվող խաղերին, որոնցում ընդհատումները, դադարները գերակշռում են բուն խաղի նկատմամբ: Ի՞նչ է սա նշանակում: Խաղերը կարելի է բաժանել ազատ եւ «դրվագային» խաղերի՝ վերջիններում խաղի ժամանակը, ընթացքը բաժանվում է պայմանական, կանոնակարգված դրվագների, որոնք գերակշռում են ազատ խաղային ժամանակի, իմպրովիզ խաղի նկատմամբ: Դրվագային խաղի օրինակ է ամերիկայն ֆուտբոլը, որը, ծագելով ռեգբիից, գլխիվայր է շրջել ազատ խաղի կանոնները: Ամերիկյան ֆուտբոլում խաղը բաղկացած է առանձին դրվագներից՝ յուրաքանչյուր թիմին տրվում է գրոհի 4 հնարավորություն (կանադական տարբերակում՝ 3), եւ եթե 4 փորձն էլ անհաջող են անցնում, ապա գնդակն անցնում է մրցակցին, որն իր հերթին ունի գրոհի 4 հնարավորություն: Եթե 4 հնարավորություններից մեկում գրոհող թիմին հաջողվում է գնդակը տեղափոխել որոշակի տարածություն առաջ, ապա գրոհող թիմը ստանում է եւս 4 հնարավորություն, եւ այսպես շարունակ: Պարզ է, որ այսպիսի խաղը բաժանվում է բազմաթիվ առանձն դրվագների, նրա ռիթմը կանոնակարգված է սկիզբ-դադար անընդատ կրկնվող մանր չափով: «Դրվագային են» նաեւ կրիկետը, բեյսբոլը եւ այլ խաղեր, ուր մրցակից թիմերը գրոհում են նախապես սահմանված հերթականությամբ, այլ ոչ թե ըստ «ում հասնի գնդակը» սկզբունքով:

Ազատ խաղի դասական օրինակը «մեր» ֆուտբոլն է: Այստեղ պայմանական դրվագները նվազագույնն են՝ ազատ հարված, տուգանային, «աուտ», անկյունային, իսկ խաղի մեծ մասն անցնում է առանց լուրջ ընդհատումների՝ յուրաքանչյուր թիմ ունի գրոհների անսահամնափակ հնարավորություն, իսկ եթե կորցնում է գնդակը, ապա գրոհի իրավունքն անցնում է մրցակից թիմին՝ նույնպես առանց որեւէ սահմանափակման: Նման խաղի ռիթմը ավելի անկանխատեսելի է, դրվագները՝ մեկը մյուսին չկրկնող, արագությունն՝ ավելի բարձր: Ռեգբին, ինչպես ասացինք, ընդհանուր առմամբ՝ ազատ խաղերի շարքից է, բայց ազատների մեջ առավել մոտն է «դրվագայինի» սահմանին, եւ պատահական չէ, որ ամերիկյան ֆուտբոլը հենց ռեգբիից է զարգացել (ռեգբիի տարածված տարբերակներից մեկը՝ ռեգբի-լիգը, արդեն հենց «դրվագային», այլ ոչ ազատ խաղ է, բայց համեմատաբար ավելի ազատ, քան դասական «դրվագային» խաղերը): Ռեգբիում ընդհատումները, խաղի դադարները շատ ավելին են, քան միջին ազատ խաղում, շատ են նաեւ պայմանական դրվագները թե՛ իրենց տեսականիով, թե՛ հաճախակիությամբ: Բացի սովորական «պայմանականություններից»՝ տուգանայիններ, «աուտներ» եւ այլն (անկյունայիններ ռեգբիում չկան), առավել հատկանշական են ուժային պայքարին վերաբերբող «պայմանական դրվագները»՝ «սքրամ-«ը, «ռաք»-ը եւ «մոլ»-ը (շատ մոտավոր կարելի է թարգմանել որպես «գոտեմարտ», «կուտակում» եւ «ջարդ»), որոնք բոլորն էլ ուժային պայքարի՝ «կռվի» կանոնակարգված ձեւեր են, չնայած չպատրաստված հանդիաստեսին դրանց մի մասը կարող է թվալ անկանոն, քաոտիկ «մարտեր»: Որպեսզի չնկարագրենք պայքարի այդ ձեւերը, միանգամից տանք «տեսահղումներ»՝ «սքրամ», «ռաք», «մոլ»: Խաղի մանրամասն եւ բարդ կանոնակարգվածությունը բնականաբար բերում է ընդհատումների եւ դադարների առատության, որից էլ ռեգբիի անհավասարակշիռ, կտրտվող, «ճղված», ծանր ռիթմը, որը հիշեցնում է ծանր երաժշտության, հատկապես մետաղի դանդաղ եւ կոտրվող ռիթմով տարբերակները:

Նույն ծանր եւ ջարդվող ռիթմին նպաստում է նաեւ խաղի խիտ բնույթը՝ 15 խաղացող յուրաքանչյուր թիմից դաշտում արդեն ստեղծում են առավելագույն խտություն, իսկ հաշվի առնելով գնդակով խաղացողի ճանապարհն անընդհատ փակելու անհրաժեշտությունը, ռեգբիի մարտավարությունը հաճախ ստանում է գծային, պատնեշային բնույթ՝ գնդակի առաջխաղացման դիմաց ստեղծվում են կենդանի պատեր, եւ պաշտպանվող թիմի գերնապատակն է ազատ տարածությունների բացառումը դաշտում:

Հավասարակշռություն եւ ճեղքում

Մյուս կողմից՝ ռեգբիի ռիթմը փոփոխական է: Եթե, մի կողմից, գերակայում է ծանրությունն ու դանդաղությունը, ապա, մյուս կողմից, այն պահերին, երբ գրոհող թիմը կարողանում է գտնել ազատ տարածություն, ճեղքել պաշտպանական պատնեշը, ստեղծվում է ճիշտ հակադիր՝ գերարագության եւ թեթեւության պատկեր, որի արժեքն ավելի է շեշտվում հենց շնորհիվ ծանր «մթնոլորտի» գերակայության: Հենց ճեղքման այս դրվագներն են ռեգբիի առավել գեղեցիկ՝ զգացմունքային պատկերները՝ խաղի էսթետիկայի կարեւոր տարրը: Չկա ոչինչ ավելի թեթեւ եւ արագ, քան հսկողությունից ազատված ռեգբիստի՝ գնդակով վազքը դեպի դաշտի սահման՝ ծանր՝ քրտինքով եւ ոչ հազվադեպ նաեւ՝ արյամբ լի պայքարից հետո: Ռեգբիի բարդ եւ ընդգծված երկրաչափությունը՝ պաշտպանական գծեր, հորիզոնական ետփոխանցումներ, կուտակման կետեր, խմբային ընդհարումներ՝ մեկ ակնթարթում խախտվում է, չքանում է, եւ մնում է միայն ազատ եւ արագ առաջընթացը: Ռեգբիի հիմնական հղացքը՝ գնդակով ազատ վազքը, այստեղ մերկանում է իր պարզության մեջ՝ մի կողմ նետելով իր վրա հագած ծանր պաշտպանական զրահը: Ծանրութեթեւի այս բալանսը մյուս արտահայտումն է ռեգբիի հիմնական էսթետիկական հակադրության՝ կոպտության եւ նրբության բալանսի: Ռեգբիի ամենասպասված պատկերը հենց ճեղքումն է, երբ հանկարծակի մի կարճ պահ հավասարակշռությունը խախտվում է, եւ ծանր ու դանդաղ՝ «դեթ-մետալի» ռիթմը փոխարինվում է «սպիդ մետալով»:

Ծանրութեթեւի բալանսի՝ դեպի այս կամ այն կողմ թեքվելու շուրջ գոյանում է ռեգբիի խաղային բազմազանությունը: Ռեգբիի առավել պաշտպնական ոճի խաղը կարող է վերածվել իսկական մղձավանջի, որի համեմատ ֆուտբոլային առավել ծայրահեղ պաշտպանական եւ փակ ոճը՝ «ավտոբուսը», թեթեւ զբոսանք է, եւ որին կարող է չդիմանալ նույնիսկ «դեթ-մետալի» ամենանվիրյալ սիրահարը: Մյուս կողմից՝ առավել թեթեւ, հարձակողական խաղում կորչում է ռեգբիի յուրահատուկ հմայքը՝ խաղը նմանվում է այս ու այն կողմ վազքի՝ առանց լուրջ դիմադրության եւ ուժային բախման: Այս առումով ռեգբիի դիապազոնն ավելի մեծ է, քան խաղերի մեծ մասում, այդ թվում՝ ֆուտբոլում: Փակ՝ պաշտպանական, եւ բաց՝ հարձակողական խաղաոճերն ունեն ռեգիոնալ բաշխում. առաջինին ավելի հակված են եվրոպական, իսկ երկրորդին՝ հարավային կիսագնդի թիմերը: Այստեղից էլ հասանք ռեգբիի համաշխարհային տարածվածության հարցին, որին էլ կանդրադառնանք մյուս անգամ:

Խ.Էրմեկբեկյան