08.04.2016 15:31

Հրանտ Տեր-Աբրահամյան. Հայաստանը պետք է փոխվի

Հրանտ Տեր-Աբրահամյան. Հայաստանը պետք է փոխվի

Թե ինչո՛ւ հենց այժմ Ադրբեջանը դիմեց ռազմական կտրուկ սրմանը, ի՛նչ կոնկրետ արտաքին եւ ներքին գործոնների ազդեցությամբ կամ ներգրավմամբ, արդեն շատ վերլուծական տեսակետներ են հայտնվել, որոնց զգալի մասը կարող է ճիշտ դուրս գալ: Որքան էլ կարեւոր լինի այդ կոնկրետ վերլուծությունը, դրանից բացի ու դրանից առաջ պետք է լինի քառօրյա պատերազմի  շրջարկի ավելի ընդհանուր մակարդակի իմաստավորում: Այս մակարդակում խնդիրը ոչ միայն եւ ոչ այնքան կոնկրետ գործոններն ու զարգացումներն են, որոնց խճանկարն ամեն տվյալ պահի կարող է պատահականորեն դասավորվել այս կամ այն կողմ՝ պատահականություններ, որոնք հնարավոր չէ հաշվարկել, այլ միջազգային հարաբերությունների ընդհանուր միտումը:

Ճպուռն ու մրջյունը

Մեծ գյուտ չենք անի, եթե ասենք, որ Արցախյան հակամարտության տիպի խնդիրները կարող են տարիներով եւ տասնամյակներով մնալ սառեցված վիճակում՝ միջազգային համեմատաբար կայուն իրավիճակներում, բայց դրանք շատ մեծ հավանականությամբ վերստին «տաքանում են» աշխարհակարգի հերթական ապակայունացման փուլերում: Պատմական խորը գիտելիքներ անհրաժեշտ չեն այս ճշմարտությունն ընկալելու համար: Դիցուք՝ ՍՍՀՄ-ում ղարաբաղյան եւ ընդհանրապես հայ-ադրբեջանական ու սովետական բոլոր ազգերի միջեւ հարաբերությունների հարցը պաշտոնապես համարվում էր լուծված շուրջ 70 տարի: Բայց բավական էր, որ սովետական իշխանությունը սկսեր ճեղքեր տալ, որպեսզի պարզվեր, որ վերջնական լուծումը, որը սովետական քարոզչության պատիվն ու պարծանքն էր՝ պատրանք է, եւ հարցը ոչ թե լուծվել է, այլ ընդամենը սառեցվել, թեկուզ եւ՝ տասնամյակների կտրվածքով (անհատի համար մի ամբողջ կյանքի տեւողություն, բայց պատմության համար՝ աննշան կարճ փուլ): 1994-ից հարցը հերթական անգամ սառեցվեց, բայց քանի որ հակամարտության կողմերից եւ ոչ մեկն ի զորու չեղավ վերջնականապես պարտադրել իր կամքը հակառակորդին, ոչ էլ հնարավոր եղավ հասնել փոխզիջման (փոխզիջումն անխուսափելի է, եթե հնարավոր չէ վերջնականապես ծնկի բերել հակառակորդին), ապա դա նույնպես ընդամենը ժամանակավոր է:

Այսօր, եթե նույնիսկ դեռ վաղ է խոսել աշխարհակարգի լիարժեք ապակայունացման նոր փուլի մասին, ապա փաստ է միջազգային հարաբերությունների սողացող ապակայունացումը՝ իրադրությունը Մերձավոր Արեւելքում, դրա անմիջական ազդեցությունը իրեն ցայսօր ապահովության դրախտ զգացող Արեւմտյան Եվրոպայի անվտանգության վրա, Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների նոր սրումը վերջին տարիներին, միջազգային կառույցների ավելի ու ավելի ընկնող վարկանիշն ու ազդեցությունը, նավթի գների անդառնալի համարվող անկումը եւ այլն, վկայում են համաշխարհային լուրջ փոփոխությունների միտման մասին: Ճիշտ է, սովոր ենք ասել՝ աշխարհը փոխվում է կամ ապրում ենք փոփոխվող աշխարհում, բայց դա շատ ընդհանուր եւ վերացական ձեւակերպում է: Աշխարհն իրոք փոխվում է ամեն օր, բայց կան, մի կողմից՝ միջազգային համեմատական կայունության եւ մյուս կողմից՝ անկայունացման միմյանց հետեւող շրջաններ, որոնք իրարից էապես տարբերվում են: Հատկապես անկայունացման փուլերում են լուծվում ժողովուրդների անկախության, սահմանների փոփոխության, լինել-չլինելու եւ ինչպե՛ս լինելու, ընդհանրապես ուժային նոր կշռույթի հարցերը, նոր ուժով ծավալվում են հին եւ առաջանում նոր հակամարտությունները: Եթե համեմատական կայունության փուլերում ազգերը կարող են գոյատեւել նույնիսկ ոչ այնքան արդյունավետ կառավարման պայմաններում՝ ի հաշիվ միջազգային ընդհանուր կայունության ռեսուրսի, ապա անկայունության փուլերում կարեւոր են դառնում որակական հատկանիշները եւ յուրաքանչյուրի իրական ներուժը: Քաղաքական ամենաբարձր մակարդակի բուն ռազմավարությունը հենց այն է, որը կառուցվում է՝ ելնելով աշխարհակարգի անկայունացման անխուսափելի հեռանկարից՝ ի՞նչ պաշարով է տվյալ հանրությունը մոտենալու հերթական վճռական ժամին, ի՞նչ ունի «առնելու եւ ծախելու», ձեռք բերելու ու կորցնելու եւ այլն: Չնայած բնական եւ պատմաքաղաքական երեւույթների միջեւ համեմատությունները սովորաբար տեղին չեն, սակայն, տվյալ դեպքում կարող ենք թույլ տալ մեզ նման փոխաբերություն՝ իրավիճակը նման է մրջյունի եւ ճպուռի մասին հայտնի առակին՝ շահում է նա, ով ամռանը մտածում էր ձմռան մասին:

Ժողովուրդը եւ վերնախավը

Այսօր՝ հենց միայն արդեն մի քանի տարի տեւող եւ հանգուցալուծումից դեռ շատ հեռու թվացող մերձավորարեւելյան աննախադեպ մեծ անկայունությունը, որի մեջ անմիջականորեն ներգրավված են ոչ միայն Մերձավոր Արեւելքի բուն երկրները, այլեւ մեզ հետ ավանդապես առավել առնչվող Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, նաեւ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ը, իսկ որոշ չափով նաեւ՝ Վրաստանն ու Ադրբեջանը (երկու երկրների քաղաքացիներն էլ, ըստ տարածված լուրերի՝ մասնակցում են կռիվներին Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի կողմից), պետք է հուշեր մեզ, որ ապակայունացումը ղարաբաղյան ճակատում գրեթե անխուսափելի է, որ անկախ մեր կամքից իսկ՝ համեմատական անդորրի ժամանակներն անդառնալիորեն անցնում են, եւ հաշիվ փակելու նոր ժամանակները մոտենում են: Իրոք, ապակայունացումը Ղարաբաղի շուրջ այսօր չսկսվեց՝ արդեն առնվազն 2014-ից ականատես ենք լարվածության աճի, որը տարեցտարի միայն ուժգնանում է: Սա ես դեռ ասում եմ անկախ մեր եւ Ադրբեջանի ներքին հարցերից, որոնք, անշուշտ, իրենց կարեւոր դերն ունեն լարվածության աճի մեջ:

Այս ամենը նշանակում է մի բան՝ անկախ նրանից, թե ի՛նչ ավարտ կունենա սրման տվյալ փուլը (իհարկե, դեռ շատ կարեւոր է՝ ինչո՛վ կավարտվի), մեծ է հավանականությունը, որ մենք մտնում ենք խնդրի սրման տեւական փուլ, եւ նախորդ՝ համեմատաբար կայուն շրջանն ավարտին է մոտենում: Իհարկե, նման պնդումները երբեք չեն կարող լինել բացարձակ, խոսքը տվյալ դեպքում հավանականության այս կամ այն աստիճանի մասին է: Այլեւս չպետք է բացառենք, որ ապրիլյան սադրանքի նման իրավիճակները կարող են ավելի ու ավելի հաճախանալ, իսկ դրանցից մեկը կարող է նաեւ դուրս գալ վերահսկողությունից եւ լայնածավալ պատերազմի վերածվել: Ընդ որում, պետք է միշտ նկատի ունենանք, որ այսօրվա լայնածավալ պատերազմը կարող է մի քանի անգամ ավելի ծանր լինել, քան 90-ականներինը: Եթե այս կանխատեսումը ճիշտ է, ապա դրանից հետեւում է, որ մեր ներքին օրակարգը նույնպես պետք է վերջապես փոխվի, եւ իրավիճակին համապատասխան վճռական քայլեր լինեն: Բայց դրանք անհրաժեշտ են նույնիսկ ա՛յն դեպքում, եթե մեր կանխատեսումն այնքան էլ ճիշտ չէ. որովհետեւ, միեւնույն է, եթե անկայունությունը դեռ չի հասունացել այսօր, անպատճառ հասունանալու է վաղը:

Նոր չի ասված, որ Հայաստանի թիվ մեկ ռեսուրսը Հայաստանի ժողովուրդն է: Սա վերացական պնդում չէ, բավական է վերհիշել Ղարաբաղյան հարցի պատմությունը սկսած 1988 թվականից՝ հասկանալու համար, որ այդ՝ առաջին հերթին վերացական պնդումն ունի շատ կոնկրետ, նյութական բովանդակություն: Երբեք Հայաստանը չի ունեցել քանակական առավելություն թշնամու նկատմամբ, եւ երբեք չենք ունեցել 100 տոկոսանոց վստահելի դաշնակիցներ՝ ամեն ինչին հասել ենք շնորհիվ ժողովրդական պայքարի եւ հույսներս մեզ վրա դնելով: Միայն այդ գործոնն օգտագործելով ենք ի զորու եղել պարտադրել մեր կամքը թե՛ Ադրբեջանին, թե՛ մեծ տերություններին: Այսօր էլ մեր ժողովուրդն ի ցույց դրեց իր բարձրագույն որակները, իր գիտակցությունը, իր հայրենասիրությունը, եւ դա նույնիսկ զարմացրեց շատերին: Մինչդեռ, եթե մեր ժողովուրդն ունենար խելացի վերնախավ՝ հայ ժողովրդի պատմությունն իրապես հասկացող, օտար կաղապարների փոխարեն սեփական իսկ փորձից եզրակացություններ անող, ոչ մի զարմանալի բան չպիտի տեսներ մեր ժողովրդի ցուցաբերած վարքի մեջ: Այդ որակները դրսեւորող ժողովուրդն արժանի է ավելի լավ վերաբերմունքի եւ ավելի լավ կառավարման: Միայն պետք է շեշտենք, որ խոսքը ոչ թե քաղաքական ուժերի կամ վերնախավային այլ շերտերի հետ իշխանության «բանակցությունների» մասին է, որը կեղծ ճանապարհ է, այլ հենց բուն ժողովրդին ընդառաջ կատարվելիք կոնկրետ եւ արմատական քայլերի մասին է:

Սրանք ընդհանուր ձեւակերպումներ են, որոնց միջի կոնկրետ բովանդակությունը պետք է բացվի առանձին: Այս պահին միայն հիմնական խնդիրն ենք արձանագրում՝ Հայաստանը պետք է փոխվի, այն չի կարող այլեւս նույնը մնալ, ինչ վերջին տարիներին էր: