18.04.2016 14:58

Air France. 2008 թ. ի վեր՝ առաջին չվերթը Թեհրան

Air France. 2008 թ. ի վեր՝ առաջին չվերթը Թեհրան

Air France ավիաընկերության օդանավն այսօր Փարիզ-Թեհրան երթուղով առաջին չվերթն է իրականացրել: Այդ երթուղով հաղորդակցությունը դադարեցվել էր 2008 թ.՝ Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներ սահմանելուց հետո:

Չվերթի ուղևորներն են եղել ավիաընկերության տնօրեն Ֆրեդերիկ Գաժեն և Ֆրանսիայի տրանսպորտի գծով պետական քարտուղար Ալեն Վիդալիսը, ինչպես նաև ֆրանսիական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք Թեհրանում բանակցություններ կանցկացնեն Իրանի ղեկավարության հետ:

Իրանի տարածքում օդանավերի ուղեկցորդուհիները, ինչպես և բոլոր կանայք, պարտավոր են գլխաշոր կրել, ուստի նրանք կարող են հրաժարվել այդ երթուղում աշխատելուց: «Ես գլխաշոր կկրեմ, քանի որ դա իրանական օրենքի պահանջն է: Իսկ տարբեր երկրների սովորույթներն ու մշակույթը հարգելը Air France-ի արժանիքներից մեկն է»,- euronews-ին ասել է մի ուղեկցորդուհի:

Ավիաընկերությունը ծրագրում է Փարիզ-Թեհրան երթուղով թռիչքներ իրականացնել շաբաթական երեք անգամ։ Արդեն Թեհրան են թռչում արևմտաեվրոպական այնպիսի ավիաընկերություններ, ինչպիսիք են Lufthansa-ն, Alitalia-ն և Austrian Airlines-ը: Շուտով նրանց կմիանա նաև British Airways-ը: