19.04.2016 12:26

Արման Գրիգորյան. Կարող է նաև համատեղ ռուս-ամերիկյան ճնշում լինել կողմերի վրա` բանակցությունները մեռած կետից շարժելու համար

Արման Գրիգորյան. Կարող է նաև համատեղ ռուս-ամերիկյան ճնշում լինել կողմերի վրա` բանակցությունները մեռած կետից շարժելու համար

Մեր հարցերին պատասխանում է քաղաքագետ Արման Գրիգորյանը

-Պարոն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում ապրիլյան էսկալացիայի արդյունքները։

-Ապրիլյան էսկալացիան իրականում մի քանի կարևոր բան բացահայտեց։ Նախ՝ ի տհաճություն մեզ, պարզեցինք, որ ադրբեջանցիները կռվել են սովորել։ Որքան էլ որ նրանց նախնական հաջողությունները վերագրենք հանկարծակիությանը, տեխնիկայի ու թվաքանակի առումով գերազանցությանը, ակնհայտ էր, որ նրանք կարողացել էին պլանավորված և բավականին լավ կոորդինացված հարձակում կազմակերպել։ Իրականում հանկարծակիության ապահովումը նույնպես կարելի է դիտարկել որպես ռազմական հմտության չափանիշ։ Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ չնայած հայկական կողմը կարողացավ վիժեցնել ադրբեջանական բլիցկրիգը և նույնիսկ հակահարձակման անցնել, մեզ չհաջողվեց Ադրբեջանին այնպիսի հակահարված հասցնել, որ կարողանանք լիովին վերականգնել զսպման կայուն հավասարակշռությունը։ Ավելին, մեզ չի հաջողվել ամբողջությամբ վերադառնալ ելման դիրքեր։ Տարբեր վարկածներ կան, թե դա ինչու տեղի չունեցավ։ Ըստ որոշ աղբյուրների` Մոսկվայի ճնշման հետևանք էր։ Որոշ աղբյուրներ էլ հաղորդում են, որ Ադրբեջանն արժանահավատորեն սպառնացել է հեռահար հարվածի տակ առնել Ստեփանակերտը, ինչը մերոնց ստիպել է կանգ առնել։ Բայց անկախ պատճառներից, մենք նոր զինադադարի գնացինք առանց բոլոր կորուստները հետ բերելու և Ադրբեջանին նոր տարածքային կորուստներ պատճառելու։ Երրորդ մտահոգիչ հանգամանքը միջազգային ոչ ադեկվատ արձագանքն էր։ Մասնավորապես, չնայած որևէ կասկած չկար, թե ով էր էսկալացիայի նախաձեռնողը, միջազգային արձագանքը չշեղվեց մեղավորին մատնացույց չանելու պրակտիկայից, իսկ որոշ դեպքերում` ինչպես ԵԽԽՎ-ի նախագահի պարագայում, նույնիսկ մեղադրանքի թիրախ դարձավ Հայաստանը։ Մեր ռազմավարական դաշնակիցը նույնպես զերծ մնաց այնպիսի հանրային գնահատականներ հնչեցնելուց, որը շեղում կլիներ նշածս միջազգային պրակտիկայից։ Իմիջիայլոց, ես սա չեմ ասում որպես նվնվոց։ Ես նույնիսկ սա չեմ ասում որպես Հայաստանի արտաքին գերատեսչությանն ուղղված քննադատություն։ Նրանց անթերի աշխատանքն էլ այս հարցում մեծ տարբերություն չէր ապահովելու։ Ես սա շեշտում եմ որպես իրողություն, ինչը կարևոր է մեր վիճակն ու հնարավորությունները ճիշտ գնահատելու տեսանկյունից։ Իսկ հիմա՝ երեք դրական արդյունքի մասին։ Առաջին, հայկական զինուժի բարոյահոգեբանական վիճակն ու մարտունակությունը պարզապես հիացմունքի էին արժանի։ Ամեն բանակ չի, որ կարող է հակառակորդի նման թվային ու տեխնիկական առավելության պայմաններում այդպես իրեն դրսևորել մարտադաշտում։ Ճիշտ է, պաշտպանվող կողմը միշտ որոշակի տակտիկական առավելություն ունի հարձակվողի նկատմամբ, բայց տվյալ դեպքում պատկերը խոսում է մեր զինված ուժերի, հատկապես մեր կրտսեր սպայական կազմի ու զինվորների բարձր որակի ու պատրաստվածության մասին՝ անկախ այդ հանգամանքից։ Մասնավորապես, հավասար տեխնիկական հնարավորությունների պարագայում՝ պաշտպանվողի ու հարձակվողի կորուստների 1:3 հարաբերակցությունը սովորաբար դիտարկվում է որպես հավասար մարտական հմտությունների ու մարտունակութան սահման, իսկ այս դեպքում, ըստ ամենավստահելի տվյալների` կորուստների հարաբերակցությունը եղել է առնվազն 1:7, ի վնաս ադրբեջանական կողմի։ Դրանից բացի, հայկական կողմին հաջողվել է ոչ միայն կանգնեցնել հարձակումը, այլև հակահարձակման անցնել, ինչը նույնպես մեր զինված ուժերի կարողությունների լուրջ ցուցանիշ է։ Երկրորդ, հերթական անգամ մեր ժողովուրդն ապացուցեց, որ կրիտիկական պահերին միավորվելու ու մի բռունցք դառնալու կարողություն ունի, նույնիսկ երբ նման միավորումը պատկերացնելը դժվար է։ Երրորդ, ապրիլյան էսկալացիան ավելի ցցուն դարձրեց կոռուպցիայի հետևանքները, ինչի հանդեպ մեր հասարակության վերաբերմունքն, ինձ թվում է, շատ ավելի անհանդուրժող է դարձել։ Հուսանք՝ այդ անհանդուրժողականությունը հետևողական կլինի։

-Ձեր կարծիքով, ինչպե՞ս կանդրադառնա ապրիլյան էսկալացիան բանակցային գործընթացի վրա։

-Ես կարծում եմ, այս էսկալացիան բանակցային գործընթացը սառած կետից շարժելու որոշ նախադրյալներ է ստեղծել։ Չնայած իրականում Ադրբեջանի գործողությունն օբյեկտիվորեն ձախողված գործողություն էր, այն կարող է քաղաքական որոշ դիվիդենտներ ապահոված լինել Ադրբեջանի ղեկավարի համար, որը կարող է առնվազն պնդել, որ շփման գիծը որոշ չափով դեպի արևմուտք է տեղափոխվել, ու որ հայերը ծանր գին են վճարել այդ գործողության ընթացքում։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունն ստիպված է ավելի սթափ գնահատել հարցին արմատական լուծում տալու սեփական հնարավորությունները։ Հայկական կողմի դեպքում պարզ է դարձել, որ իսկապես ստատուս քվոն պահելու գինը ցածր չէ, որ Ադրբեջանին նման էսկալացիայի համար մեզ համար լրջորեն պատժելն այնքան էլ հեշտ չէ, բայց միևնույն ժամանակ կարելի է բանակցությունների գնալ որպես առնվազն չպարտված կողմ։ Սա իսկապես շատ նման է Յոմ Կիպուրի պատերազմի հետևանքով ստեղծված իրակավիճակին, ինչի մասին խոսել էր նախագահն իր վերջին հարցազրույցում։ Մի բան էլ ավելացնեմ։ Այսօր կարող է նաև համատեղ ռուս-ամերիկյան ճնշում լինել կողմերի վրա` բանակցությունները մեռած կետից շարժելու համար։ Սա նույնպես նման է Յոմ Կիպուրին այն առումով, որ կողմերը, հատկապես Իսրայելը, ծանր դիվանագիտական ճնշման տակ հայտնվեցին ԱՄՆ-ի կողմից այդ պատերազմից հետո։ Տարբերությունը մեր դեպքում այն է, որ երկու մեծ տերություններ են այստեղ կարևոր դեր խաղում, և երբեմն հենց նրանց բախվող շահերն են խոչընդոտել բանակցություններում առաջընթացին, բայց այսօր նրանց շահերի կոնֆիգուրացիան կարող է նախադրյալներ ստեղծել համատեղ աշխատանքի համար։ Նախ, լուրջ էսկալացիան հաստատ այսօր չի բխում ոչ մեկի, ոչ էլ մյուսի շահերից, ելնելով այն բազմաթիվ շատ ավելի հրատապ ռազմաքաղաքական խնդիրներից, որոնք առկա են երկու երկրների օրակարգերում։ Երկրորդ, ես կարծում եմ, որ ԱՄՆ-ում որոշ միտում կա միակ համաշխարհային ոստիկանի սեփական դերը մի փոքր սահմանափակելու ուղղությամբ, ինչը կարող է Մոսկվայի հետ Ղարաբաղյան բանակցություններում համագործակցելը հնարավոր դարձնել։ 

-Ինչպես կարելի էր սպասել, հայկական մամուլում ու քաղաքական շրջանակներում բուռն քննարկման ու բազմաթիվ գնահատականների արժանացավ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությունը։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումն ու դրան հաջորդած արձագանքները, մասնավորապես, որ այդ քայլը հավասարազոր է ընդդիմադիր դիրքից հրաժարվելուն կամ Սերժ Սարգսյանի կողմից նախատեսվող զիջումներին օրհնություն տալուն։

-Երբ ես մամուլում կարդացի հանդիպման մասին, միանգամից հիշեցի 1992 թ.-ի ամառը, երբ Ղարաբաղում ստեղծված ծանր ռազմական իրադրության պայմաններում, Հայաստանի այդ ժամանակվա ընդդիմությունն՝ ուրախությունը մի կերպ թաքցրած, հակակառավարական ցույցեր էր անում։ Երևի Տեր-Պետրոսյանն էլ պիտի նույն բանն աներ, որ մեր վերլուծաբանների ու թունդ ընդդիմադիրների բարեհաճությանն արժանանար որպես կարգին ընդդիմադիր։ Սա մեր քաղաքական, ինչպես նաև մտավորական կյանքի թերևս ամենատխուր բնորոշ գիծն է, երբ կարող է քննադատության թիրախ դառնալ մի բան, որ որևէ նորմալ բարոյական ու մտավորական միջավայրում քննադատության առարկա պարզապես չէր կարող դառնալ։ Մի պահ թող մոռանան, որ խոսքը Տեր-Պետրոսյանի մասին է ու իրենց հարց տան՝ ի՞նչ պետք է անի երկրի շահերը կուսակցական շահերից վեր դասող X քաղաքական գործիչը` երկրի նկատմամբ արտաքին սպառնալիքի ի հայտ գալու կամ սաստկացման պարագայում։ Իրականում երեք ու միայն երեք պատասխան կարելի է տալ այս հարցին. 1) անել այն, ինչ արեց Տեր-Պետրոսյանը, 2) անել այն, ինչ արեց հայաստանյան ընդդիմությունը 1992 թ.-ին, 3) ոչինչ չանել, ինչն իրականում երկրորդ տարբերակից շատ քիչ է տարբերվում։ Այնպես որ, քննադատները պարտավոր են բացատրել, թե իրենք ինչու՞ են վերջին երկու տարբերակները նախընտրելի համարում կամ եթե չեն համարում, ի՞նչ ուրիշ տարբերակ կա, որ իմ սահմանափակ մտապատկերից դուրս է մնացել։ Ինչպես Արման Մուսինյանն էր գրել իր ֆեյսբուքյան էջում՝ չի կարելի ամբողջ գիտակցական կյանքն ապրել մեկ այլ գործչի քննադատելով և այլընտրանք չառաջարկելով։ Ես ընդամենը կավելացնեի, որ նման վարքագիծը ոչ այլ ինչ է, քան քաղաքական ու մտավորական պարազիտիզմ։