19.04.2016 12:33

Փիթեր Բալաքյանը Փուլիցերյան մրցանակակիր է

Փիթեր Բալաքյանը Փուլիցերյան մրցանակակիր է

Ամերիկահայ գրող, բանաստեղծ, գիտնական Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սեւ շունը» հուշագրությունը դեռեւս 1998-ին ճանաչվել է «Տարվա լավագույն գիրք», արժանացել է Փեն ակումբի մրցանակին եւ թարգմանվել մի շարք լեզուներով, նաեւ՝ հայերեն։ 2003-ին հրատարակված «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը» (The Burning Tigris: The Armenian Genocide and America’s Response) ծավալուն փաստավավերագրական աշխատությունը «Նյու Յորք Թայմս» թերթը ճանաչել է որպես «Տարվա նշանակալից գիրք»:

Մինչ Փուլիցերյան մրցանակին արժանանալը՝ Փիթեր Բալաքյանը հասցրել է դառնալ մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր: Սակայն, այս վերջինն, անշուշտ, ամենապատվավորն է։

Ի դեպ, մինչ Բալաքյանը՝ հայազգի գրողներից այս մրցանակին 1940 թվականին արժանացել է միայն Վիլյամ Սարոյանը։

Փիթեր Բալաքյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 13-ին, ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Թիենք քաղաքում, սովորել է Բանքս, Բրաուն եւ Նյու Յորքի համալսարաններում, 1980 թվականից դասավանդում է Քոլգեյթ համալսարանում (Նյու Յորք, Համիլթոն)։

Բալաքյանը իր գրչընկերոջ՝ Արիկ Սևակի հետ անգլերեն է թարգմանել ու հրատարակել իր պապի եղբոր՝ արքեպիսկոպոս Գրիգորիս Պալաքյանի «Հայկական Գողգոթա» խորագրով ծավալուն հուշագրությունը։ 

«Հավանաբար, անցյալը պետք է առժամանակ նստվածք տար, մինչև հնարավոր լիներ դրանից մեղեդի կորզել»,- տարիներ առաջ գրել է Փիթեր Բալաքյանը։ Փուլիցերյան մրցանակը նա ստացել է իր բանաստեղծությունների ժողովածուի համար, որի «մեղեդին» Հայոց ցեղասպանությունն է։