21.04.2016 14:47

Հրանտ Տեր-Աբրահամյան. Պատմությունը շարունակվում է

Հրանտ Տեր-Աբրահամյան. Պատմությունը շարունակվում է

Որտեղի՞ց եկավ, մեր դուռը բախեց պատերազմը: Ոչ թե այսօ՛ր, ոչ թե ապրիլի մեկի՛ն, այլ ընդհա՛նրապես: Աստծո պատուhա՞ս էր, բախտի քմահաճո՞ւյք, թե՞ գոնե մասամբ՝ մեր ընտրության հետեւանք:

«Սեսիայով նման հարցերը չեն լուծվում»

Ղարաբաղ կոմիտեի անդամ Համբարձում Գալստյանի հուշերում ուշագրավ հատված կա: 1988-ի փետրվարին նոր ծավալվող Ղարաբաղյան շարժման ներկայացուցիչների հետ հանդիպում է կազմակերպվում Հայաստանի այդ ժամանակվա բարձրագույն ղեկավարության հետ: Շարժման ներկայացուցիչները, որոնց թվում է հուշագիրը՝ Գալստյանը, ասում են, որ իրենց պահանջը Հայաստանի Գերագույն խորհրդի սեսիայի գումարումն է՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին միացնելու՝ ԼՂԻՄ մարզխորհրդի դիմումի բավարարման հարցով: Հանդիպման մասնակիցներից մեկը հարցնում է Գալստյանին, թե ի՞նչ մասնագիտություն ունի նա, եւ երբ ստանում է «պատմաբան եմ» պատասխանը, ապա հարց է տալիս, «որի էությունը հանգում էր նրան, թե ինչպես է, որ պատմաբան լինելով հանդերձ՝ չեմ հասկանում, որ նման հարցերը նստաշրջանով չեն լուծվում»: Հուշագրի խոստովանությամբ, նա չի կարողանում համարժեք պատասխան տալ այդ հռետորական հարցին:

Այդ հարցն ինքն իր մեջ պատասխան ունի: Դրա էությունն այն է, որ քաղաքական խնդիրները լուծվում են ոչ թե թղթով, օրինակ, ինչպես տվյալ դեպքում՝ Գերագույն խորհրդի որոշմամբ, այլ պայքարով եւ ուժով: Թղթի վրա հռչակած իրավական որոշումն իմաստ ունի միայն ա՛յն դեպքում, երբ ապահովվում է համապատասխան ուժով, այլապես բոլոր հարցերը կարելի էր լուծել հռչակագրերով եւ իրավական ձեւակերպումներով: Հարցի ենթատեքստն էր՝ «պատրա՞ստ եք պատերազմի», եւ պատահական չէ, որ նա իր հարցն ուղղում է պատմաբանի, որովհետեւ պատմությունը քաղաքականության դասագիրք է, որը պատմում է ուժային դասավորությունների փոփոխության, պայքարների եւ հակասություններով առաջ շարժվող առաջընթացի մասին: Թվում է, թե չկա ավելի պարզ ճշմարտություն, քան այն, որ թղթե շերեփը խնդիր չի կարող լուծել, բայց կասկած ունեմ, որ զուտ տեսականորեն ընդունելով այդ ճշմարտությունը՝ մինչեւ վերջ չենք մտածում դրա բոլոր առումները եւ պարբերաբար վերադառնում ենք նույն կետին:

Դժվարանում եմ ասել, թե 1988-ի փետրվարի եւ մոտակա ամիսների դրությամբ Շարժման առաջին շարքերում եղածներից քանի՞սն էին իրապես հասկանում, որ Ղարաբաղյան խնդրի լուծումն ի վերջո ոչ թե «սեսիան է», այլ «կռիվը», եւ որ «կռվի» դրսեւորոմներից մեկը՝ պատերազմը, Շարժման գրեթե անխուսափելի հետեւանքներից է: Համենայն դեպս՝ շատ ժամանակ չպետք է անցներ, որպեսզի դա հասկանալի դառնար գոնե առաջին շարքերում եղածների համար: «Պայքա՜ր, պայքա՛ր մինչեւ վերջ» կարգախոսը ինքնին ենթադրում է, որ խնդիրը հասկանալի էր. պայքարի «վերջը» հենց «կռիվն էր» իր առավել ծայրահեղ դրսեւորմամբ՝ պատերազմով:

Շախմատային պարտիայի «գեներալներն» ու զինվորները

Իհարկե, Ղարաբաղյան շարժումն իր բնույթով խաղաղ էր, սահմանադրական էր, բայց պետք չէ խաբվել դրանից՝ ուժն ու խաղաղ բնույթն իրար չեն խանգարում: Շարժման հենց սկզբից ծավալվեց ուժային պայքար, ընդ որում՝ ոչ այնքան հայերի եւ ադրբեջանցիների, որքան հայերի եւ Մոսկվայի միջեւ, որում ադրբեջանցիները որոշ իմաստով երկրորդական, եթե չասենք նույնիսկ՝ «զոհի», շախմատային պարտիայի զինվորի դեր կատարեցին: Պատահական չէ, որ առաջին իսկ երեւանյան խաղաղ ցույցերի պատասխանը եղավ Սումգայիթի հայերի կոտորածը: Հայերը դեռ չէին հասցրել մինչեւ վերջ գիտակցել, թե ի՛նչ ուժային մարտահրավեր է կայսրության համար ազգի զանգվածային համախմբումը, հրապարակային քաղաքականությունը, երբ վրա հասավ ուժային պատասխանը՝ կոտորածը: Կոտորածի անմիջական հեղինակ՝ թուրք ամբոխը չէ խնդիրը, այլ այն իրական ուժի կենտրոնը, որը թույլ տվեց, որ այդ դեպքերը տեղի ունենան: Այս փաստացի նախադեպային իրադարձություններից հետո դեպքերը զարգացան նույն կաղապարով՝ հայկական կողմի յուրաքանչյուր ուժային մարտահրավերին հաջորդում է Կենտրոնի համարժեք ուժային պատասխանը:

Չխորանանք այդ դեպքերի մանրամասների մեջ՝ կարեւոր է ընդհանուրը հասկանալ: Ուժերն ի սկզբանե անհավասար էին, բայց չնայած դրան՝ Հայաստանում հաջողվեց ստեղծել ուժային համարժեք բեւեռ՝ շնորհիվ շարժման կողմից ընտրված գաղափարախոսության եւ դրանից բխող մարտավարության: Մեզնից դուրս մեր օգտին միայն այդ պահի պատմական կարեւոր միտումն էր` ԽՍՀՄ-ը թուլանում էր ու գնում էր դեպի անկում: Բայց պետք է հիշենք, որ այդ միտման ավարտը ա՛յն ժամանակ ոչ ոքի համար երաշխավորած չէր եւ չէր էլ կարող լինել: «Խաղացողը», սակայն, չի կարող չգնալ նաեւ որոշակի ռիսկի, եթե ուզում է խաղալ ընդհանրապես, եւ միայն բարենպաստ միտումը չէր կարող լինել հաջողության գրավական: Պետք է հասկանանք, ուրեմն, ավելի մանրամասն գաղափարական եւ մարտավարական այն համադրությունը, որը դարձավ հաջողության բանալին, եւ որն այսօր էլ կարող է լինել մեր գործողությունների հիմքում:

Արկածախնդրության եւ հարմարվողականության միջեւ

Եթե նույն միտման պարագայում գործեինք ըստ այդ պահին ավանդապես հայերիս մեջ գոյություն ունեցող երկու իրար հակադիր, բայց շատ անգամ իրար նույնացող՝ «ազգային-ռոմանտիկ» եւ «ազգային-պահպանողական» հոսանքների տրամաբանության, ապա, նույնիսկ բարենպաստ միտումներն ամենայն հավանականությամբ չէին օգնի մեզ՝ խուսափելու հերթական ազգային աղետից, կամ էլ առնվազն կզրկվեինք ձեռքբերումների հնարավորությունից: Ո՞րն է այստեղ նրբությունը: Ղարաբաղյան շարժումն իր էությամբ ազգային-ազատագրական պայքար էր, եւ որպես այդպիսին՝ ժառանգն էր ազգային-ազատագրական պայքարի նախորդ փուլերի, ինչպես դրա մասին նշված է ՀՀՇ առաջին ծրագրում: Բայց նոր շարժումը խուսափեց հնի կարեւոր սխալներից՝ որդեգրելով իրապաշտական դիրքորոշում, որն արտահայտված է ժամանակի բոլոր կարեւոր փաստաթղթերում, ելույթներում, հոդվածներում: Իրապաշտականը տվյալ դեպքում նշանակում է սեփական ուժի ճիշտ գնահատաում, ճիշտ չափ, եւ ըստ այդմ՝ կիրառում: Ազգային-ազատագրական պայքարի իրապաշտությունը, սակայն, չէր կարող նույնանալ պահպանողական «խոհեմության» հետ, որի ներկայացուցիչներն էին  այն ժամանակ սովետահայ մտավորականության հին սերնդի ներկայացուցիչները: Պահպանողական տեսակետից՝ Շարժումը քննադատվեց որպես արմատական եւ հեղափոխական, ազգի ուժերն անհավասար պայքարի մեջ վատնող: Պահպանողական թեւը համարում էր, որ պետք է ոչ թե նախաձեռնող լինել եւ շարժվել գործընթացների առջեւից, այլ զգուշավոր կերպով սպասել դեպքերի զարգացմանը: Եթե շարժումը համարում էր, որ պետք է նախ հենվել սեփական ուժերի վրա, ապա պահպանողական քննադատները համարում էին, որ պետք է ապավինել Մոսկվայի բարենպաստ դիրքորոշմանը եւ բավարարվել առայժմ եղածով: Եթե վերհիշենք հոդվածի սկզբում հիշատակված «սեսիայի» հարցը, ապա դրա ենթատեքստում կգտնենք նույն պահպանողական մոտեցումը՝ «եթե հարցերը լուծվում են ոչ թե սեսիայով, այլ ուժով, ապա պետք է հասկանանք, որ մենք չունենք այն ուժը, որ դիմակայենք մեզնից ավելի զորավոր կենտրոններին»: Շարժման ընտրած ուղու էությունը, սակայն, այն էր, որ նա կարողացավ ձեւակերպել եւ պահել նուրբ սահմանը երկու ծայրահեղությունների՝ ազգային ռոմանտիզմի եւ ազգային պահպանողականության, արկածախնդրության եւ հարմարվողականության միջեւ:

Պայքար մինչեւ վերջ

Այն, ինչ ունենք այսօր, այդ՝ «հին» օրերին կատարված ընտրության արդյունքն է եւ շարունակությունը: Երբ մի անգամ ընտրել ենք երկու՝ արկածախնդրական եւ, մյուս կողմից՝ հարմարվողական ծայրահեղություններից խուսափող միջին՝ «ոսկե» ուղին, ապա այժմ չենք կարող հրաժարվել այդ ընտրությունից, նույնիսկ՝ եթե ցանկանանք, քանի որ հրաժարումը կարող է ավելի մեծ խնդիրներ առաջացնել, քան եթե ի սկզբանե ընտրած լինեինք այլ տարբերակ: Խնդիրները, որոնք դրվել են շուրջ 30 տարի առաջ, եւ ընտրությունը, որը կատարվել է այն ժամանակ, ցայսօր չեն վերածվել անցյալի, այլ ներկա են, եւ այդ առումով 1988-ին սկսած պատմական փուլը շարունակվում է:

Այլ բան է, որ նույն փուլը չի նշանակում, թե պատմությունը կանգ է առել: Հակառակը՝ այն շարունակ նոր մարտահրավերներ է նետում, եւ եթե նոր սերունդները չունենան նախորդների կամքն ու բանականությունը, փնտրեն՝ հանգիստ եւ կոմֆորտ՝ պայքարի եւ գործողության փոխարեն, ապա նրանք պատմական փոշի են դառնալու: Համաշխարհային միտումների ուղղությունը լրջորեն փոխվել է ոչ միայն 1980-ական, այլեւ 1990-ական-2000-ական թթ. համեմատությամբ: Եթե նախորդ երկու տասնամյակում գերակայում էր այն մտայնությունը, թե պատմությունն ավարտվել է, եւ ի դեմս միացյալ Եվրոպայի՝ մարդկությունն ունի «երկնային դրախտի» խոստման յուրահատուկ կատարում՝ համընդհանուր խաղաղության, անվտանգության եւ բարեկեցության երաշխիքով, ապա այսօր աստիճանաբար մարում է նաեւ այդ «ճրագը»: Եթե նախորդ երկու տասնամյակի ընթացքում կարող էր թվալ, որ մեր նպատակն ընդամենը մեր խնդիրները լուծելն է ու պատմությունից դուրս թռչելը՝ եվրոպական ազգերի օրինակով, ապա այսօր, երբ Ֆրանսիայի պես երկրում ամիսներով պահպանվում է արտակարգ իրավիճակի պաշտոնական դրությունը, երբ Ավստրիան պատ է կառուցում իր սահմանի երկայնքով, պարզ է, որ ոչ թե մենք ենք թռչելու պատմության գնացքից, այլ պատմությունն ինքն է վերադառնում այնտեղ, ուր համարվում էր ավարտված եւ կանգ առած: Եվ ուրեմն, մենք առավել եւս չենք կարողանալու խուսափել պատմական նոր ալիքի մարտահրավերներից, փակվել մեր «բնում»՝ հանդիսատեսի հարմարավետ դիրք բռնելով: Պատմությունից հոգնածների համար նախատեսված չէ հանգստարան Խաղաղ օվկիանոսի կղզիներում: Պետք է կարողանալ մի կողմ նետել հնոտին ու սնոտին ու ոգեշնչում փնտրել նոր ձեւավերվող մթնոլորտի ոգու եւ ոճի մեջ, հոտոտել նոր քամիների ուղղությունները: Պատմությունը մենակ մի բան է նախատեսել ժողովուրդների համար՝ պայքար, պայքար մինչեւ վերջ: