28.04.2016 17:07

Հրանտ Տեր-Աբրահամյան. Քաջությունը որպես «ուղիղ ճանապարհ»

Հրանտ Տեր-Աբրահամյան. Քաջությունը որպես «ուղիղ ճանապարհ»

Վերջին ամիսը, որն ապրվեց մի տարվա չափ, կարեւոր դասեր քաղելու ժամանակ էր: Եվ ամենակարեւոր ճշմարտությունը, որը պետք է եւս մեկ անգամ արձանագրենք՝ այն է, որ միա՛յն անկախ հայկական պետությունն է հայերի անվտանգության՝ ընդհուպ մինչեւ ֆիզիկական գոյության միակ երաշխիքն այս աշխարհում: Թվում է, խոսքը վերացական կամ մաշված-կարգախոսային ճշմարտության մասին է, բայց իրականում սա շատ կոնկրետ, նյութական, շոշափելի փաստ է, որը պետք է ոչ միայն տեսականորեն գիտակցենք, այլեւ վերապրենք ու մեկընդմիշտ ամրագրենք մեր գիտակցության մեջ:

Անկախությունն՝ անվտանգության միակ երաշխիք

Այո, մենք շատ ենք դժգոհ եղել եւ ենք մեր 25-ամյա անկախությունից, եւ դժգոհության հիմքերն արդար են՝ անկախ դրսեւորումների չափազանցված կամ հակառակը՝ զսպված ոճից: Այո՛, մենք շատ հեռու ենք մեր երազած պետությունն ունենալուց, եւ այո՛, մեր սխալները հաճախ ծանր գին ունեն: Բայց խոսքը դրա մասին չէ տվյալ դեպքում: Խոսքը նրա մասին է, որ նույնիսկ վատագույն հայկական պետությունը հայերիս անվտանգության տասնապատիկ ավելի լավ երաշխիք է, քան լավագույն օտար տիրապետությունը:

Խոսքը միայն նրա մասին չէ, որ, օրինակ, Օսմանյան կայսրությունում կամ նույն Ադրբեջանում հայերը պարբերաբար ենթարկվում էին կոտորածների եւ, ի վերջո՝ բնաջնջվեցին կամ տեղահանվեցին: Խոսքը նաեւ համեմատաբար ապահով համարվող օտար տիրապետությունների մասին է: Օրինակ, ռուսական կամ սովետական տիրապետության տակ ապրելով, հայերն իրենց իրավամբ ավելի անվտանգության մեջ էին համարում, քան թուրքերի իշխանության ներքո: Ավելին, լռելյայն ընդունվում էր, որ հայերի մեծամասնությունը հրաժարվում է անկախության ձգտումից՝ փոխանակելով դա անվտանգության երաշխիքի հետ, որն, իբր, տալիս էին մեզ ցարական եւ սովետական ռեժիմները: Բայց պատմական փորձը մի քանի անգամ ապացուցեց, որ դա պատրանք է, որ անվտանգության երաշխիք իրականում չկա: Ե՛վ ցարական, ե՛ւ սովետական վարչակարգերի ճգնաժամային պահերին տեղի ունեցան հայկական կոտորածներ եւ տեղահանություններ Կովկասի թուրքերի ձեռամբ, բայց կենտրոնական իշխանության թողտվությամբ, եթե ոչ՝ հովանավորությամբ: Խոսքը հատկապես 1905-07 եւ 1988-91 թթ.-ի դեպքերի մասին է: Սումգայիթի, Բաքվի, Գանձակի ջարդերը, Կոլցո օպերացիան եւ այլն՝ մեր աչքի առաջ տեղի ունեցան, հայի անվտանգությունը եւ կյանքի իրավունքն իսկ չապահովվեցին հայի համար առավել անվտանգ համարվող համակարգում անգամ: Անկախության զիջում հանուն անվտանգության եւ ֆիզիկական գոյության ձեւակերպումը չաշխատեց: Միայն անկախ պետությունն ու սեփական բանակը կարողացան ապահովել մեր ֆիզիկական գոյությունը մեր հայրենիքում: Սա աքսիոմ է, որից պետք է ելնենք: Դա չի նշանակում, թե երաշխիքը 100 տոկոսանոց է. այդպիսի երաշխիքներ չկան եւ չեն կարող լինել, բայց դա նշանակում է, որ եղածների մեջ սա միակ իրական երաշխիքն է: Եվ վճռական պահերին պետք է կառչենք մեր պետությունից եւ մեր բանակից: Բնականաբար, նաեւ ամեն ինչ անենք դրանց որակը բարձրացնելու համար, թեկուզ որովհետեւ պետության որակը նույնպես անվտանգության խնդրի մասն է:

Երբ ապրիլի սկզբին թուրք (ադրբեջանցի) հատուկջոկատայինները մի պահ մտան Թալիշ գյուղ՝ վերհիշեցինք այն, ինչ անդառնալի անցյալ էր թվում, բայց իրականում մեր իրականության մասն է՝ անզեն եւ խաղաղ հայերի ոչնչացման պատկերները: Մեզ հիշեցվեց, որ անհոգ կյանքը, որը վարում ենք, պատրանք է՝ հենց այսօր եւ այստեղ, այլ ոչ թե 100 տարի առաջ. հային կարող են ոչնչացնել միայն նրա համար, որ նա հայ է: Հարցը, բնականաբար, միայն Թալիշը կամ որեւէ այլ սահմանային գյուղը չէ: Յուրաքանչյուրիս կյանքը մեծ հաշվով այդ սպառնալիքի տակ է՝ հայ լինելը չի եղել անվտանգ ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր, եթե հայը ինքնակազմակերպված չէ որպես պետություն: Տարբերակ չկա փախչելու այդ իրականությունից, եթե նույնիսկ «հանձնենք» ամբողջը: Մեր պոտենցիալ հանձնելիքը սոսկ հող չէ, այլ մարդիկ:

Սահման քաջաց՝ զենն յուրյանց

Սա չեմ ասում վախեցնելու կամ տագնապ տարածելու համար: Ճիշտ հակառակը: Սա ոչ թե վախի, այլ քաջության առիթ է: Քաջությունն է միակ գրավականը ոչ միայն գոյատեւման, ոչ միայն հաղթանակի, այլեւ զարգացման եւ առաջընթացի: Ի՞նչ է քաջությունը: Հին հայերենում քաջը նշանակում է ոչ միայն խիզախ, այլեւ՝ լավ, ազնիվ եւ այլն (այստեղից, օրինակ, քաջատոհմիկ՝ ազնվացեղ): Սրան հակառակ, «վատ» բառը հին լեզվում ունի նաեւ՝ վախկոտ, անարի նշանակությունները, որով «վատը»՝ քաջի հականիշն է: Սրանով քաջության հարցն ավելի համապարփակ է դառնում, քան զուտ խիզախությունը, դառնում է բարոյականության գրեթե ողջ պարունակության հոմանիշ: Քաջը նա է, ով ապավինում է, նախ, սեփական ուժերին, ունի դիմադրելու, կառուցելու եւ ստեղծագործելու կամք, վստահություն ապագայի հանդեպ, ոչ թե ընկճվում, այլ ազարտի է ընկնում խնդիրների բարդությունից, սիրում է «խաղը», բաց է աշխարհի առջեւ, ոչ թե փակված իր վախերի մեջ, եւ այդքանով հանդերձ՝ գործում է սթափ բանականությամբ: Վերջին պնդումը թող հակասական չթվա՝ չկա սթափ բանականությանն ավելի մեծ թշնամի, քան վախը, եւ չի կարող լինել առողջ բանականություն, որի հիմքում կյանքի նկատմամբ վստահ, ուրախ, չընկճվող՝ քաջ դիրքորոշումը չէ: Քաջությունը հավասարապես հեռու է ե՛ւ խելակորույս «խենթությունից» եւ վեհերոտ «խոհեմությունից», քանի որ քաջության հոգեբանական հիմքն ինքնավստահ արեւային հավասարակշռությունն է, ազնվականությունն է՝ քաջատոհմիկությունը: Քաջը կարող է անհրաժեշտության դեպքում եւ նահանջել՝ չկորցնելով կամքն ու հոգեբանական ամրությունը, նաեւ մտքում գծելով վերադարձի ծրագիրը: Խոսքն, ուրեմն, ոչ թե հախուռն, այլ գիտակցված, «իմացյալ» քաջության մասին է:

Հայաստանում ապրելու համար պետք է քաջ լինել՝ «ազարտով» ընդունել խաղի դաժան կանոններն ու մարտահրավերների բարդությունը, ունենալ ոչ թե օրերի կամ նույնիսկ տարիների, այլ տասնամյակների «սառը» կամք, լինել առավելագույնս ստեղծագործ եւ համարձակ, վստահել սեփական ուժերին եւ ապագային, չփնտրել հեշտ եւ կոմֆորտ լուծումներ: Հայաստանի անցյալը, ներկան եւ ապագան անհանգիստ են, ինչպես Հայաստանի աշխարհագրությունը՝ «կառուցված» հանգած հրաբուխների, տեկտոնական շարժական ուժերի եւ հաճախ անհյուրընկալ բնապատկերների շուրջ, եւ այդ անհանգիստ միջավայրում հաջողությամբ ապրելու համար պետք է ցուցաբերել հակադիր՝ հանգստության որակը, որն էլ հենց ինքնավստահ, ուրախ եւ գիտակցված քաջությունն է: Վախեցողը կպարտվի եւ կկորցնի ամեն ինչ, քաջը կհաղթի եւ կհասնի մի օր նաեւ խաղաղության: Հակասություն չկա այստեղ, որովհետեւ քաջության քարոզը պատերազմի քարոզ չէ: Հակառակը՝ խաղաղությունն ինքը ուժային խնդիր է, որը հասանելի է ոչ թե վախի, հոգնածության, թուլամորթության եւ վատատեսության, ճակատագրից եւ խնդիրներից փախուստի հոգեբանական հիմքով, այլ համարձակությամբ, հեռատեսությամբ եւ պայքարով:

Հաղթանակ եւ խաղաղություն

Նորանկախ Հայաստան-պետությունը ձեւավորվել է հաղթանակի ու հզորացման շուրջ: Եթե հանենք այդ հիմքը, կմնան ոչ թե պետություն եւ ժողովուրդ, այլ աննպատակ ու անդեմ մի տարածք՝ կոտրված եւ հուսահատ ժողովրդով: Պետականորեն հզորանալու ձգտումը չպետք է վատնենք, հաղթանակը չպետք է կորցնենք, իսկ սրանց համար մեզ անհրաժեշտ են՝ 1. դիմադրության կամք արտաքին մարտահրավերների նկատմամբ, 2. ստեղծագործական ջանք ներքին կյանքում, 3. արժանապատիվ խաղաղության հասնելու հեռանկար: