02.05.2016 14:06

Գոհար Սիմոնյան. Հայկական կողմի «հրաժարումը բանակցություններից» Բաքվի բլեֆն է

Գոհար Սիմոնյան. Հայկական կողմի «հրաժարումը բանակցություններից» Բաքվի բլեֆն է

Ինչպես վերջին տարիներին հաճախ է պատահել՝ պաշտոնական Բաքուն իր հայտարարություններով եւ ամբողջությամբ վերահսկվող զանգվածային լրատվական միջոցներով փորձում է հերթական անգամ ցեխ շպրտել  ոչ միայն Հայաստանի եւ Ղարաբաղի, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ուղղությամբ: Եւ եթե մեր պարագան ակնհայտորեն բացատրությունների կարիք չունի, ԵԱՀԿ Մինսկի խմբի դեպքում անհրաժեշտ է նկատել, որ նույնիսկ քառօրյա պատերազմից հետո հնչեցրած անհասցե եւ չթիրախավորված հայտարարությունների համատեքստում այս կառույցն ինչ-որ առումով իսկապե՛ս էլ արժանի է քննադատության:

Բացատրենք՝ ինչու:

Խնդիրն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, իր ձեւավորումից մինչեւ այսօր, որեւէ դեպքում անհրաժեշտ հասցեական հայտարարության հնարավորությունը նույնացրել է կողմերից մեկին իր պաշտպանության տակ առնելու անթույլատրելիության հետ: Եւ դա է պատճառը, որ ցանկացած միջադեպից հետո արված հայտարարությունները բացառապես նույն բովանդակությունն են ունեցել՝ կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, գիտակցել, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, անհրաժեշտ է շուտափույթ կերպով վերսկսել բանակցությունների գործընթացը եւ այլն եւ այդպես շարունակ:

Արդյունքում՝ Բաքուն գնալով ավելի ու ավելի է ազատություն տվել իր ձեռքերին, եւ նույնիսկ այն բանից հետո, երբ բացեիբաց հայտարարվեց, որ Վաշինգտոնում հենց ադրբեջանակա՛ն կողմն է հրաժարվել Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից, ինչպես նաեւ՝  շփման գծում տեխնիկական մոնիթորինգից, այս կառույցը որեւէ կերպ չընդունեց իր պատասխանատվությունն այն հարցում, որ ամբողջ այս ընթացքում ոչ թե պիտի տարվեր կեղծ պարիտետի հաստատմամբ, այլ իրական ճնշում պիտի գործադրեր Բաքվի հանդեպ, որպեսզի այսօր ինքն էլ իր հերթին չհայտնվեր մեղադրանքների տարափի տակ, եւ կամ՝ ինչ-որ երեւակայական մեղավորներ չփնտրեր քառօրյա ագրեսիայի սանձազերման համար:

Ի վերջո, դժվար չէր հասկանալ, որ ստեղծված իրավիճակից միայն Բաքուն էր օգտվելու՝ հընթացս շարունակելով ԵԱՀԿ Մինսկի խմբի հեղինակազրկման եւ հակամարտության կարգավորումը կա՛մ այլ ձեւաչափ տեղափոխելու, կա՛մ ռազմական գործողություններ սանձազերծելու՝ տարիներ շարունակ ձեռնարկած գործընթացը:

Ընդ որում՝ այս ամենն իրականացվելու էր ոսկերչական այնպիսի ճշգրտությամբ եւ այնքան խորամանկորեն, որ արդյունքում մի բան էլ ԵԱՀԿ Մինսկի խումբն ու առհասարակ միջազգային հանրությունն էին մեղադրվելու «ադրբեջանական խաղաղ բնակչության նկատմամբ Հայաստանի ռազմական գործողությունները չսանձահարելու» մեջ՝ ինչպես Բաքվում Իլհամ Ալիեւի խորհրդական Ալի Հասանովն էր օրերս հայտարարել:  Այն նույն Հասանովը,  որը դեռ ապրիլի 18-ին, Լավրովի՝ Հայաստան կատարելիք այցին ընդառա՛ջ էր խոսել բանակցությունների անհրաժեշտության, իսկ դրանից հետո արդեն՝ բանակցություններից՝ Սերժ Սարգսյանի «հրաժարումի» մասին (ԼՂՀ-ի մասին էլ, իհարկե, խոսք չկա…):

Սերժ Սարգսյանն, իհարկե, մեր պաշտպանության կարիքն ամենեւին չունի, հատկապես՝ որ ամենաշա՛տն է մեր կողմից ենթարկվել քննադատության: Միեւնույն ժամանակ, սակայն, չենք կարող չնշել, որ Սերժ Սարգսյանը բնավ չի մեղանչել արդարության դեմ, երբ առնվազն տարօրինակ է դիտարկել կրակոցների ներքո ընթանալիք բանակցություններն առհասարակ՝ զուգահեռաբար հաստատելով ինչ-որ պահին դրանց վերսկսման անհրաժեշտությունը:

Ավելին՝ բանակցություններից հայկական կողմի «հրաժարման» այս կեղծիքը, որ տիրաժավորվեց նաեւ հայկական որոշ գործիչների եւ  առանձին լրատվամիջոցների կողմից, իրականում ջուր է լցնում Բաքվի ջրաղացին եւ ինչ-որ առումով հանում է պատասխանատվությունը նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ուսերից՝  ադրբեջանական հիստերիայի պայմաններում նրան ստիպելով ուժեղացնել ճնշումները հայկական կողմի նկատմամբ:

Այնպես որ, այո՛, բոլորի կողմից այդքան շատ սիրված վստահության մթնոլորտը եւ բանակցությունների սկիզբն այս փուլում կարող է եւ անհրաժեշտ է ազդարարել միայն միջազգային երաշխիքների տրամադրման, տվյալ դեպքում՝ շփման գծի իրական մոնիթորնգի համատեքստում: Սրա առնչությամբ  երկու կարծիք լինել չի կարող:

Ի դեպ, տարբեր տեսակետների արտահայտման հնարավորություն չի ընձեռում նաեւ Ղարաբաղի բնակչության անվտանգության պարտադիր ապահովման եւ, այսպես կոչված, վստահության մթնոլորտի ներդրման խնդիրը: Մի բան, որ ավելի սրվեց քառօրյա պատերազմից հետո:

Խնդիրն այն է, որ եթե պաշտոնական Բաքուն իսկապես էլ Արցախում ապրող հայերին իր «ազգաբնակչությունն» է համարում, պետք է բոլորովին ուրի՛շ քաղաքականություն վարեր նրանց նկատմամբ եւ, մեղմ ասած, իր երկրի ներսում չհերոսացներ հայ զինվորների  գլուխը կտրող, խաղաղ բնակչության վրա հարձակվող, դիակները խոշտանգող սաֆարովներին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական ուղիները դարձյալ բերել-հասցնելով Արցախի ֆիզիկական գոյության վտանգված լինելու ցավալի փաստին:

Բանակցություններն, ի վերջո, սոսկ պատերազմի այլընտրանքը չեն, այլ, նախ եւ առաջ, խնդրի կարգավորման համար անհրաժեշտ վստահության հարթակ, որը ցեմենտվում է ոչ միայն բուն բանակցությունների ընթացքում փոխադարձվող զուսպ կամ սիրալիր ժպիտների, այլեւ առհասարակ վարվող քաղաքականության համատեքստում: Այս ֆոնին, ուրեմն, հետաքրքիր կլիներ լսել ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ միջազգային հանրության, այլեւ անձամբ Ալիեւի բացատրությունը՝ Բաքվին վերջապես մեռա՞ծ, թե՞ կենդանի «ազգաբնակչություն» է անհրաժեշտ Արցախում…

Նույն հարցն, ի դեպ, Ադրբեջանի ղեկավարությանը կարելի է տալ նաեւ իր իսկ բնակչության առնչությամբ: Օրինակ՝ ինչո՞վ եւ ինչու՞ են Բաքվում մտածել, թե անտեսելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը եւ սեփական բնակչությանը կենդանի վահան դարձնելով՝ կարելի է ռազմական ստորաբաժանումները տեղակայել հատկապես խիտ բնակեցված սահմանային բնակավայրերում, կրակել հայկական կողմի ուղղությամբ ա՛յդ իսկ ստորաբաժանումներից եւ հետո դժգոհել, թե պատասխան կրակոցներից քանդվել են դպրոցներ, տներ եւ այլն:

Այլ կերպ ասած՝ ինչու՞ է այս մարդկանց թվում, թե հայկական կողմում միայն մատաղացու գառներ են արածում, որոնց, հարկ եղած դեպքում, կարելի է նաեւ զոհաբերել Ալիեւի ոտքերի տակ…

Խնդիրը պարզ է՝ այսուհետ չի՛ կարելի առաջնորդվել «մեկ քայլ առաջ, տասը քայլ ետ» սկզբունքով: ԵԱՀԿ Մինսկի խումբը պարտավո՛ր է ճնշում գործադրել Բաքվի նկատմամբ, առանց բարդույթավորվելու հանդիպակաց մեղադրանքներից, թե «այդկերպ ԵԱՀԿ-ն թաղում է խնդրի կարգավորումը առկա ստատուս-քվոյի փլատակների տակ», եւ գլուխ բերել շփման գծի ամբողջական մոնիթորինգի կարեւոր գործը: Անհրաժեշտ է նաեւ զսպել Բաքվի ռազմական հռետորաբանությունը, հակառակ պարագայում որեւէ մեկը չի կարող ոչ լեգետիմ համարել Արցախում քննարկվող այն հարցը, թե ինչու՞, օրինակ, Կոսովոյի պարագայում նույն միջազգային հանրությունն այդ ժողովրդին անկախություն նվիրեց հենց միայն ենթադրվող ցեղասպանության հիմքով, իսկ Արցախի պարագայում, երբ նույնիսկ իրե՛նք են խոստովանում գոնե սպայակազմի  շրջանում լիուլի առկա արյան ծարավը, այդ ժողովուրդը պարտավոր է եւ պետք է հավատ ընծայի «Ադրբեջանի սիրելի ազգաբնակչություն լինելու»՝ մատից ծծած պնդմանը:

Այո՛, միայն շփման գծի մոնիթորնգից, դիպուկահարների հետքաշումից եւ հռետորաբանության փոփոխությունից հետո հնարավոր կլինի խոսել քիչ թե շատ վստահության մթնոլորտի ներդրման, առողջ բանակցությունների, դրանցում հնարավոր առաջխաղացման եւ, իհարկե, նաեւ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հնարավորության մասին:

Հակառակը պարզապես բլեֆ է, եւ Բաքվի կողմից մատնանշվող ԵԱՀԿ Մինսկի խումբն ու միջազգային հանրությունը պիտի պարզորոշ գիտակցեն, որ ապրիլյան զոհերի ողջ պատասխանատվությունն ու ալիեւյան սադրանքը նաեւ իրե՛նց ուսերին է ընկած…