19.09.2012 20:10

Խեղճ «Սպարտակի», Մխիթարյանի հեռանկարների, «Յուվենտուսի» ճանաչվածության եւ մյուս հանդիպումների մասին

Խեղճ «Սպարտակի», Մխիթարյանի հեռանկարների, «Յուվենտուսի» ճանաչվածության եւ մյուս հանդիպումների մասին

Սեպտեմբերի 19-ին  կկայանա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի մեկնարկային տուրի ևս ութ հանդիպում, որոնք համառոտ ներկայացնում ենք:

E խումբ

«Չելսի» - «Յուվենտուս»

«Շախտյոր» Դոնեցկ – «Նորշելան» Դանիա

Հայ մարզասերների ուշադրությունն այս խմբի հանդեպ հասկանալի է. «Շախտյորի» գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանի անունն այսօր բոլորի շուրթերին է: ՈւԵՖԱ-ն արդեն նրան հասցրել է ընդգրկել 100 լավագույն ֆուտբոլիստների շարքում, «Նորշելանի» մարզիչը բավական տեղեկացված էր Հենրիխի մասին: Մի խոսքով, պատասխան խոսքի իրավունքը Մխիթարյանինն է: Իհարկե, ընդհանուր առմամբ՝ հետաքրքիր կլինի տեսնել «Շախտյորի» խաղը: Եթե նա Չեմպիոնների լիգայում իրեն դրսևորի այնպես, ինչպես ներքին առաջնությունում, ապա այսօր պետք է գոլային հրավառության ականատես դառնանք:

Բայց այս խմբի և, ընդհանրապես, օրվա հանդիպումը կդառնա «Չելսի» - «Յուվենտուս» մրցավեճը: Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը մտադիր է կրկնել անցած տարվա սխրանքները, թիմը համալրել է անզուգական Էդեն Ազարը, որը «Չելսիի» կազմում անցկացրած ընդամենը մի քանի խաղով շահեց թիմի խստապահանջ երկրպագուների անսահման համակրանքը:

Իսկ այս «Յուվենտուսին» մենք դեռ չենք տեսել միջազգային խոշոր մրցաշարերում, բայց քաջ հայտնի է,  որ թիմը պարտվել չգիտի, կարողանում է անհանավական ծանր վիճակներից պատվով դուրս գալ, շատ համարձակ և կուռ կոլեկտիվ է: Այս ամենի մասին Իտալիայում գիտեն: Մնում է, որ ամբողջ Եվրոպան ճանաչի Կոնտեի թիմին:

F խումբ

«Բավարիա» Մյունխեն – «Վալենսիա»

«Լիլ» - ԲԱՏԷ Բորիսով

Անցած մրցաշրջանում «Բավարիան» վաստակեց ամենաձախորդ թիմի համբավը: Չեմպիոնների լիգայում նրանք, ըստ էության, գավաթը պարգևեցին «Չելսիին»՝ եզրափակիչում չիրացնելով բազմաթիվ գոլային պահեր: Այժմ մյունխենցիները պատրաստվում են հերթական գրոհը սկսել  դեպի չեմպիոնական տիտղոսը: Դրա համար նախ պետք է հաղթահարել ամուր «Վալենսիայի» դիմադրությունը: Իսպանական ակումբը կարող է հավասար պայքարել մղել ցանկացած գերակումբի դեմ, կարող է և տապալել: Ինչ-որ չափով տրամադրության թիմ է: Բայց «Բավարիան» դժվար թե այսօր «Վալենսիային» նույնիսկ ոչ-ոքիի հնարավորություն տա: Գերմանական ակումբը շատ հզոր է մեկնարկել ազգային առաջնությունում  եւ կազմի հետ էլ խնդիր չունի:

«Լիլ» - ԲԱՏԷ խաղում ֆրանսիացիները բացահայտ ֆավորիտ են: Չնայած՝ բելառուսական թիմն իր հիմնական խնդիրը լուծել է՝ երրորդ  անգամ դուրս գալով ՉԼ խմբային մրցաշար, և երբեմն էլ կարողանում է անակնկալներ մատուցել: Բայց «Լիլը» սեփական դաշտում, որպես կանոն, հավաքում է իրեն հասանելիք միավորները: 

G խումբ

«Բարսելոնա» - «Սպարտակ» Մոսկվա

«Սելթիկ» - «Բենֆիկա»

Խեղճ «Սպարտակ»: Ուրիշ այլ բան չի կարելի է ասել «Բարսելոնայի» մրցակցի մասին: Առանց այդ էլ թիմը կայուն հանդես չի գալիս Ռուսաստանի առաջնությունում, պաշտպանությունը երբեմն ճեմուղի է հիշեցնում, որտեղ մրցակցի հարձակվողները զբոսնելով են գոլ խփում: Եթե Ռուսաստանի չեմպիոն «Զենիթը» «Մալագային» 0:3 հաշվով պարտվում է,  և դա դեռ չարյաց փոքրագույնն է համարվում, ապա ինչպիսին կլինի «Սպարտակի» վիճակը՝ դժվար է պատկերացնել: Ռուսական թիմին մնում է միայն հիշել, որ տարիներ առաջ «Կամպ Նոու» մարզադաշտում մեկ այլ ռուսական ակումբ՝ Կազանի «Ռուբինը», զարմանալիորեն հաղթած դուրս եկավ այդ վիճակից:

«Սելթիկ» - «Բենֆիկա» խաղում, որքան էլ շոտլանդացիները ունենան երկրպագուների գերհզոր աջակցությունը, պորտուգալական թիմը նույնպես բացահայտ ֆավորիտ է: Ճիշտ է, ոչ այնքան, որքան «Բարսան»:

H խումբ

«Բրագա» -  ՉՖՌ Կլուժ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Գալաթասարայ»

 

«Բրագա» - «Կլուժ» հանդիպումը մրցաշարի ամենապորտուգալական մրցավեճն է: Ռումինական ակումբի կազմում հանդես է գալիս միանգամից վեց պորտուգալացի: Այնպես որ այս հանդիպումը տեղ-տեղ կանցնի ջերմ, բարեկամական մթնոլորտում:

Իսկ  «Մանչեսթեր Յունայթեդը», երեւի չարախնդալով իր ոխերիմ թշնամու՝ «Մանչեսթեր Սիթիի» դրամատիկ պարտությունից, այսօր ամեն ինչ կանի, որպեսզի իր հաղթանակով մի փոքր էլ աղ լցնի Մանչինիի թիմի վերքին: Ամեն ինչ մանկունյանցիների ձեռքում է, նույնիսկ Ռոբին վան Պերսին:

Անկեղծ ասած՝ «Գալաթասարայի» մասին մեր գիտելիքները սուղ են: Միգուցե փակ սահմաններն են պատճառը, բայց այս թիմի ներուժի մասին միայն այսօր կիմանանք:  Չնայած՝ մի քանի հնչեղ անուններ կան այնտեղ՝ Մուսլերա, Էբուե, Ալթինթոփ, Կրիս, Մելո, Էլմանդեր:

Բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 22:45-ին: