17.12.2012 21:43

4-1՝ չնայած «Ատլետիկո»-ի փայլուն մեկնարկին և ընդհանուր լավ խաղին

4-1՝ չնայած «Ատլետիկո»-ի փայլուն մեկնարկին և ընդհանուր լավ խաղին

Ձեզ ենք ներկայացնում «Լա լիգա»-ի առաջատարների հանդիպման տակտիկական վերլուծությունը՝ օգտվելով նաև հանդիպման վերաբերյալ zonalmarking.net կայքի անդրադարձից:

Վիլանովան խաղը սկսեց Վիլյային և Ալվեշին նորից պահեստայինների նստարանին թողնելով, նրանք փոխարեն մեկնարկեցին Ալեքսիսն ու լավ մարզավիճակում գտնվող Ադրիանոն: Իսկ Սիմեոնեն, չնայած գրանդներից մյուսի՝ Մադրիդի Ռեալից կրած պարտությանը, շարունակեց խաղալ «4-4-2»-ով: 

Ատլետիկոյի «4-4-2»-ը

«Ատլետիկո»-ի դասավորվածության մեջ գլխավոր տարբերությունը մադրիդյան «դերբի»-ի համեմատ՝ Դիեգո Կոշտայի՝ կենտրոնին ավելի մոտ խաղն էր, որով նա պետք է փորձեր է՛լ ավելի հագեցնել առանց այդ էլ սեղմ դասավորված կենտրոնական գոտին: Մադրիդցիների կիսապաշտպանները շատ խիտ էին դասավորվում դաշտի կենտրոնում, և երբ, օրինակ` Մարիո Սուարեսը կամ Կոշտան ավելի դիմավորում էին, օրինակ՝ Չավիին կամ Բուսկետսին, մնացած երեքը դիրքային առումով շատ չէին տեղաշարժվում՝ փակելով Բարսայի կարճ փոխանցումների ճանապարհները:

Առաջին խաղակեսում Սիմեոնեի պլանը հիմնականում աշխատեց, քանի որ նրանք ստիպում էին Մեսսիին շատ ավելի խորքից գործել, իսկ կատալոնցիների առջևի 2 գրոհայինները իրենք իրենցով այդքան էլ մեծ վտանգ չէին ներկայացնում: Մադրիդցիները առաջին 30 րոպեների ընթացքում 3 անգամ կարող էին հաշիվը բացել, սկզբում Ֆալկաոյի՝ արդեն կլասիկ դարձած գլխով խաղի, իսկ մնացած 2 դեպքում՝ կենտրոնում գնդակը խլելու շնորհիվ, որոնցից 2-րդի ժամանակ էլ Ֆալկաոն բացեց հաշիվը՝ իր արագությամբ գերազանցելով Բուսկետսին և Պույոլին:

Բուստկետսի կարևորությունը

Հանդիպման տակտիկական գլխավոր խնդիրը Բուսկետսի տեղաշարժն էր հենակետայինի գոտուց դեպի պաշտպանության կենտրոն: Բարսան արդեն որերորդ խաղն է, ինչ խաղում է 2 ակտիվ լատերալներով` Ադրիանո և Ալբա: Նրանց ակտիվ միացումը գրոհներին հաճախ Պույոլին (Մասչերանոյին) և Պիկեին թողնում է միայնակ մրցակցի հարձակվողների դեմ:

Եթե հաշվի առնենք, որ Բուսկետսի՝ պաշտպանություն տեղափոխվելու ժամանակ Չավին հաճախ խաղում էր պաշտպանների դիմաց, ապա կարող ենք ասել, որ երեկվա՝ Տիտոյի խաղացողների դասավորվածությունը բավականին նման էր Յուվեի «3-5-2»-ին: Ալբան և Ադրիանոն` որպես Ասամոա և Լիխշտայներ, Չավին՝ որպես Պիրլո: Գլխավոր տարբերությունը Մեսսիի առկայությունն ու կենտրոնական հարձակվողների բացակայությունն էր:

Խաղը Ֆալկաոյի գոլից հետո

Մինչև կոլոմբիացու՝ հաշիվը բացելը Բարսան ոչ մի վտանգավոր պահ չէր ստեղծել և անգամ չէր հարվածել մրցակցի դարպասին: Սիմեոնեի սաները առանց գնդակ նույնքան լավն էին, որքան Բարսան՝ գնդակով: Բայց հաշիվը բացվելուց հետո Բարսան փոխեց խաղի ընթացքը ոչ թե «տիկի-տակա»-ի, այլ անհատական գործողության շնորհիվ, ինչը շատ լավ բնութագրում է Տիտոյի և Պեպի տարբերությունը: Հաշիվը հավասարեցնելուց հետո կատալոնցիները զգացին, որ կարող են ավելացնել, և հենց այդ ճնշման շնորհիվ էլ կարողացան առաջ անցնել հաշվի մեջ: Անկյունայինից հետո գոլի հեղինակ դարձավ Սերխի Բուսկետսը. այստեղ ևս պետք է նշել, որ գործեց Տիտոյի ևս մեկ քայլ: Ամբողջ հանդիպման ընթացքում Բարսան անկյունայինները չէր խաղարկում, այլ միանգամից փոխանցում էր կատարում դեպի տուգանային հրապարակ:

Եզրափակում

Ընդհանուր առմամբ՝ «Ատլետիկո»-ն լավ հանդիպում անցկացրեց և թույլ չտվեց Բարսային իր ոճով թեկուզ մեկ գոլ խփել: Տեսեք ինքներդ` 1-1-ը՝ Ադիրանոյի փայլուն հարվածից հետո, 2-1-ը՝ անկյունայինից, 3-1-ը՝ հակագրոհից և վերջին 4-1-ը՝ պաշտպանի կոպիտ սխալից: Հանդիպման ամենակարևոր ժամանակահատվածը Բուսկետսի գոլից հետո էր, երբ հյուրերը չդիմացան ճնշմանը և ընդմիջման գնացին 2-1 հաշվով: Իսկ ընդմիջումից հետո, չունենալով բարձրակարգ կառուցող, շատ դժվար էր շրջել հանդիպումների ընթացքը Բարսայի դեմ խաղերում: Իսկ Տիտոն, հերթական անգամ խաղալով ավելի «ուղիղ», նույնիսկ առանց Սեսկի կարողացավ անհրաժեշտ արդյունքի հասնել: