12.05.2016 13:39

Հրանտ Տեր-Աբրահամյան. Խաղը եւ խաղաղությունը

Հրանտ Տեր-Աբրահամյան. Խաղը եւ խաղաղությունը

Խաղաղության թեման մեր հանրային խոսքում, թերեւս, ամենադժվար քննարկվողներից է: Թեմայի քննարկումը սովորաբար դուրս չի գալիս «խաղաղասերներ–հայրենասերներ» խիստ պարզունակ, սեւուսպիտակ հակադրության շրջանակներից, յուրահատուկ խաղից, որն ավարտվում է միմյանց աշխարհի մեղքերը վերագրելու ծիսական նզովաբանությամբ: Կարծում եմ, պատճառն այն է, որ խաղաղության հարցը սովորաբար դրվում է շատ վերացական՝ ընդհանրապես խաղաղություն, որը «լավ բան է», եւ ընդհանրապես առճակատում, որը «վատն է» (միայն մեզանում չէ այդպես. աշխարհում այսօր գերակայող խոսքի մակարդակն է): Խաղաղության «լավ բան» լինելը սովորաբար ոչ ոք չի վիճարկում, բայց խնդիրն այն է, որ ընդհանրապես խաղաղություն կամ ոչ խաղաղություն չի լինում, այլ լինում են կոնկրետ իրավիճակներ՝ կոնկրետ պայմաններով, որոնցում էլ ամեն անգամ պետք է կողմնորոշվել: Մինչեւ խաղաղության խնդիրը չդրվի որպես կոնկրետ քաղաքական իրավիճակի վերլուծության հարց, թեմայի շուրջ քննարկումները՝ գոնե քաղաքականապես, անպտուղ կլինեն: Մյուս կողմից էլ անհրաժեշտ է, որ խաղաղության հարցը քննարկվի ավելի լայն՝ հայեցակարգային մոտեցմամբ, այսինքն՝ ոչ թե որպես ինքն իրեն գոյություն ունեցող, մնացածներից կտրված երեւույթ, այլ որպես ավելի լայն դաշտի հարազատ տարր, որը բազմաթիվ կապերով կապված է եւ կախված է մյուս տարրերից:

Ի դեպ, մի եզակի դեպք ունեցել ենք մեր իրականության մեջ, երբ խաղաղության հարցը դրվել է քննարկման հենց այդ երկու պահանջների բավարարմամբ. 1997-ին Տեր-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հայտնի հոդվածը մի կողմից կոնկրետ իրավիճակի քաղաքական վերլուծություն էր, եւ խաղաղության հարցը դնում էր ոչ թե ընդհանրապես, այլ կախված կոնկրետ իրավիճակից, եւ մյուս կողմից հոդվածի ելակետը դեռ Ղարաբաղյան շարժման տարիներին ձեւակերպված «երրորդ ուժի բացառման», «սեփական ուժերին միայն ապավինելու» քաղաքական դավանանքն էր: Այլ բան է, որ հոդվածի քննարկումը գնաց այլ, մեզ համար ավելի ավանդական՝ «խաղաղասիրությու՞ն», թե՞ «հայրենասիրություն» փակուղային ճանապարհով, ընդ որում, անկախ այն բանից՝ բանավեճի կողմերը համաձայն էին, թե հակադիր էին հոդվածի դրույթներին:

Ինչեւէ, ժամանակն է, որ նորից փորձ արվի հարցը դնել ավելի լուրջ քննարկման ուղու վրա: Տողերիս հեղինակը, սակայն, չի հավակնում դա անել թեկուզ այն պատճառով, որ դա մեկ մարդու գործ չէ: Նպատակս շատ ավելի համեստ է՝ մի քանի նախնական ձեւակերպումներ տալ, որոնք վերաբերում են հարցի սահմանմանը, եւ այդպիսով՝ ոչ թե բուն խոսակցությունն են բացում, այլ նախնական հիմքեր ստեղծում դրա համար:

Երբ խաղաղություն ցանկանալով՝ պատերազմ ենք ընտրում

Նախ սկսենք ամենապարզից՝ այն հարցից, թե արդյո՞ք ամեն խաղաղություն ցանկալի է, եւ արդյո՞ք ցանկացած խաղաղություն միշտ նախընտրելի է ոչ խաղաղ վիճակից: Հարցի պատասխանը թվում է ակնհայտ՝ «այո՛», բայց միայն վերացական, կյանքից կտրված մոտեցման դեպքում:

Իրականում ցանկացած՝ նույնիսկ բարդ եւ խճճված առճակատումների դեպքում միշտ էլ կան խաղաղության շատ հեշտ եւ արագ տարբերակներ, որոնք, սակայն, ոչ ոք՝ անգամ «խաղաղամոլները», չեն քննարկում դրանց բացահայտ անընդունելիության պատճառով: Օրինակ, Ղարաբաղի հարցը կարելի է մեկ ակնթարթում «լուծել», եթե հայկական կողմը համաձայնի ճանաչել Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, եւ Ղարաբաղի հայերը հրաժարվեն ինքնորոշման պահանջից: Թե ինչ կլինի հետո, ա՛յլ հարց է, բայց ձեւականորեն այդ պահին կողմերի միջեւ կկնքվի խաղաղություն: (Այլ բան է, որ դրանից հետո Ղարաբաղը շատ արագ կարող է դատարկվել հայերից, եւ թղթի վրա կնքված խաղաղությունը կվերածվի ազգային աղետի՝ ջարդերով, զինված փախստականներով, ներքին խռովություններով, այսինքն՝ խաղաղության փոխարեն կստանանք վատթար պատերազմ, բայց փաստ է, որ նման պայմաններով Ադրբեջանի հետ հնարավոր է հաշտություն կնքել): Իսկ եթե հայկական կողմը՝ սրան էլ գումարած, համաձայնի, ասենք, Զանգեզուրն էլ զիջել Ադրբեջանին, ապա, խաղաղություն չէ՝ զուռնա-դհոլով հարսանիք էլ կարելի է կնքել Ադրբեջանի հետ: Կարելի է թվել նման եւս մի քանի խաղաղության հեշտ հասանելի, «ձրի» տարբերակներ, բայց պարզ է, որ այս տարբերակներից եւ ոչ մեկը ընդունելի չեն լինելու հայաստանցիներիս ընդհուպ մինչեւ 100 տոկոսի համար: Իսկ դա նշանակում է մեկ բան՝ սխալ է այն ձեւակերպումը, թե ցանկացած խաղաղություն նախընտրելի է ցանկացած առճակատումից, եւ սխալ է այն պատկերացումը, թե բոլորս կամ մեծ մասս միշտ նախընտրում ենք խաղաղությունը՝ առճակատումից ու պատերազմից: Մեզանից յուրաքանչյուրը եթե համաձայն չէ վերը նշված տարբերակներին, ուրեմն որոշ իրավիճակներում կողմ է ոչ թե խաղաղության, այլ առճակատման՝ ընդհուպ մինչեւ պատերազմ: Եվ է՛լ ավելին՝ խոսքը ոչ թե վերացական ինչ-որ իրավիճակի մասին է, այլ մեր իսկ շատ կոնկրետ իրավիճակի՝ հենց մեր հասարակությունը չի համաձայնել ամեն գնով խաղաղության տարբերակին՝ ա՛յն պահից, երբ դրվել է Ղարաբաղի ինքնորոշման պահանջը, եւ ցայսօր՝ քանի դեռ չի հրաժարվում այդ պահանջից: Ազգերի պատմությունը բարի հեքիաթ չէ, ու իրավիճակներ կան, երբ սեփական կամքով ընտրում ենք պատերազմը, թեկուզ անուղղակի կերպով:

Բայց հարցը միայն կոնկրետ իրավիճակը չէ: Ղարաբաղի հարցը մի օր կարող է լուծում ստանալ, բայց դա չի նշանակում, որ պատմությունը դրանով ավարտվելու է. բազմաթիվ նոր խնդիրներ եւ իրավիճակներ են առաջանալու դրանից հետո կամ դրան զուգահեռ, որոնք բարդ ընտրություն են պահանջելու: Խնդիրն այն է, որ քաղաքական ճանապարհ ընտրողը, իսկ անկախ պետություն ընտրողն ընտրել է քաղաքական ճանապարհը, պետք է իմանա, որ դատապարտված է պայքարի, առճակատումների եւ բարդ ընտրությունների: Բացարձակ խաղաղություն հնարավոր է միայն պատմությունից դուրս գալու դեպքում, իսկ դա հնարավոր չէ անել նույնիսկ անկախությունից եւ սեփական քաղաքականությունից հրաժարվելով, քանի որ այդ դեպքում հրաժարվողը պարզապես հայտնվում է այլոց կողմից վարվող քաղաքականության սահմաններում:

Երբ խաղաղություն չցանկանալով՝ խաղաղություն ենք ընտրում

Կա, սակայն, եւ հարցի հակառակ կողմը: Եթե հարցնենք ցանկացած հայի՝ կո՞ղմ է նա արդյոք վերը նկարագրված ծանր պայմաններով խաղաղության՝ տարածքային եւ այլ կորուստներով, բնական է, որ պատասխանը կլինի՝ ո՛չ: Բայց այդ պատասխանի արժեքն իրականում շատ ցածր է՝ ոչ ոք էլ կողմ չէ «վատ բաների», բայց «վատ բաները» պատահում են այս կյանքում, այդ թվում՝ ազգերի պատմության մեջ: Ժողովուրդները պարտություններ են կրում, ծանր պայմաններով հաշտություններ կնքում, անկախություն կորցնում, եւ միշտ չէ, որ դա հնարավոր է կանխել: Օրինակ, եթե 1918-ի հունվարի մեկին որեւէ հայի հարցնեին, թե արդյո՞ք նա կողմ կլինի թուրքերի հետ հաշտություն կնքելու նույն թվականի հունիսին կնքված Բաթումի պայմանագրի պայմաններով, պատասխանը կլիներ՝ ո՛չ, այդ թվում նրանց կողմից, ովքեր այդ պայմանագիրը կնքել են: Բայց Բաթումի պայմանագիրն այն իրավիճակում, որում կնքվեց, գրեթե միակ ելքն էր, չնայած դրա նախօրեին Սարդարապատում տարած հայկական հաղթանակներին (այդ հաղթանակները կարեւոր դեր ունեցան ի թիվս այլ գործոնների, որ թուրքերը գոնե այդ պայմաններով հաշտություն կնքեն հայերի հետ, այլ ոչ թե ընդհանրապես վերացնեն Հայաստանը): Ճիշտ է, այն ժամանակ էլ, այսօր էլ եղել է տեսակետ, որ հնարավոր էր շարունակել պատերազմը թուրքերի դեմ՝ հաղթանակի հույսով, բայց նախ՝ դա վիճելի տեսակետ է, երկրորդ՝ նույնիսկ եւս մեկ-երկու հաղթանակի դեպքում, միեւնույն է՝ նպատակը խաղաղության կնքումն էր, որը շատ լավ պայմաններ հայերի համար չէր ունենալու ամե՛ն դեպքում, երրորդ՝ մեր շարադրանքի համար այդքան էլ էական չէ, թե որքանով հնարավոր էր խուսափել Բաթումի պայմանագրից. ենթադրենք՝ դա իրոք անխուսափելի էր, արդյո՞ք որեւէ մեկը, եթե պատասխանատվության նվազագույն չափ ունի, կարող էր ասել, որ դեմ է անխուսափելի չարիքին, եթե այլընտրանքը Հայաստանի իսպառ ոչնչացումն էր: Համենայն դեպս, դեմ լինողը հազիվ թե Արամ Մանուկյանից ավելին կարողանար անել հայկական դիմադրության կազմակերպման համար, բայց Արամ Մանուկյանն ինքը հունիսի սկզբին փաստարկում էր հօգուտ պատերազմի դադարեցման, չնայած նրա ազդեցության տակ եղած «Աշխատանք» թերթը հակառակ տեսակետին էր նույն օրերին: Խնդիրն, ուրեմն, նորից այն է, որ վերացական՝ կոնկրետ իրավիճակից դուրս կողմն ու դեմը ոչ մի նշանակություն չունեն: Ինչպես որ՝ կան իրավիճակներ, երբ նույնիսկ ծայրահեղ խաղաղասերները կամա թե ակամա կողմ են առճակատման, նույնպես եւ կան իրավիճակներ, երբ ամենամոլի հայրենասերը կամ թեկուզ ռազմասերն իսկ ստիպված կողմ է ամենավատ պայմաններով խաղաղության:

Սա նույն քաղաքական պատասխանատվության հարցն է՝ անկախ պետություն եւ սեփական քաղաքականություն ունենալու ուղին ընտրածը պետք է պատրաստ լինի ոչ միայն նրան, որ ոչ բոլոր իրավիճակներում է ընտրելու խաղաղությունն ընդդեմ պատերազմի, այլեւ նրան, որ լինելու են իրավիճակներ, երբ ստիպված է լինելու ընտրել «վատ խաղաղություններ» ընդդեմ «վատագույնի»: Այլ կերպ ասած՝ խաղի մեջ մտնողը պետք է մի կողմից գիտակցի, որ խաղալն արդեն նշանակում է խաղաղությունից հրաժարվել եւ պայքարի մեջ մտնել, իսկ մյուս կողմից՝ որ ինքն ունի ե՛ւ հաղթելու, ե՛ւ պարտվելու հնարավորություն՝ առանց որեւէ արդյունքի 100 տոկոսանոց երաշխիքի, եւ որոշ դեպքերում նույնիսկ անկախ նրանից, թե որքանով լավ կամ վատ է խաղում:

Հետեւաբար, գալիս ենք պարզ եզրակացության՝ խաղաղությունն ու պատերազմը միայն մեր ցանկությամբ չէ, որ լինում են, ոչ էլ՝ խաղաղության կամ պատերազմի լավ կամ վատ տարբերակները: Տեսականորեն կարող ենք հազար անգամ կողմ լինել խաղաղության, բայց գործնականում հաճախ առճակատմանն այլընտրանք չկա, եւ մենք ընտրում ենք դա՝ առանց հաճախ նույնիսկ գիտակցելու մեր ընտրությունը: Մյուս կողմից, տեսականորեն կարող ենք հազար անգամ դեմ լինել «վատ պայմաններով» խաղաղությանը, բայց ստիպված ենք ընդունել դա՝ մեծագույն չարիքից խուսափելու համար, եւ ապագա հաղթանակների հիմքը ստեղծելու հույսով: Այնպես որ, խաղաղություն թե պատերազմ վերացական մակարդակի քննարկումները՝ կտրված կոնկրետ իրավիճակներից, ոչ մի արժեք չունեն:

Շարունակելի