18.12.2012 00:34

Ռետրո մամուլ. Լեւոն Տեր-Պետրոսյան. Միջազգային հանրությունն ընդունում է Ղարաբաղը՝ որպես ինքնուրույն քաղաքական գործոն

Ռետրո մամուլ. Լեւոն Տեր-Պետրոսյան. Միջազգային հանրությունն ընդունում է Ղարաբաղը՝ որպես ինքնուրույն քաղաքական գործոն

Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը ռուսական «Օգոնյոկ» ամսագրին, որտեղ ՀՀ Առաջին Նախագահը անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ նրա կարգավորման ուղիներին

 

Լսելով մեր առաջին հարցը՝ նախագահը մեղմ ժպտաց, հասկացնելով, որ դրան հեշտ չէ պատասխանել եւ որ՝ կանխատեսումներն իր տարերքը չեն: Սակայն մենք համառորեն պատասխանի էինք սպասում: հարցը ձեւակերպված էր այսպես.

- Ժողովրդի մեջ Դուք անկեղծ եւ սթափ քաղաքական գործչի վարկ ունեք: Մենք կցանկանայինք Ձեզանից լսել կանխատեսումն այն մասին, թե ինչպե՞ս կարող է զարգանալ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ:

- Ես համոզված եմ, եթե չլիներ Ղարաբաղյան հակամարտությունը, ապա հանրապետությունում մեծ հիմնախնդիրներ չէին լինի, Հայաստանը կոմպակտ, միատարր հանրապետություն է՝ անկախության հասած համախմբված ժողովրդով:

Թվում էր, ամեն ինչ ունենք տնտեսությունը վերափոխելու, արտաքին քաղաքական կապեր հաստատելու եւ մեր կյանքը նորմալացնելու համար: Սակայն Ղարաբաղը խառնեց բոլոր խաղաքարտերը: Իսկ երբ Հայաստանն ու  Ադրբեջանը ձեռք բերեցին անկախություն, այդ հիմնահարցը դարձավ միջազգային: Այնպես որ, մենք պետք է ենթարկվենք նոր՝ միջազգային խաղի կանոններին: Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ մենք պահպանում ենք այդ կանոնները: Դա նաեւ որոշակի առաջընթաց է Ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ, քանի որ միջազգային հանրությունը, քանի դեռ գոյություն ուներ Խորհրդային Միությունը, դա համարում էր ԽՍՀՄ ներքին գործը եւ ոչ մի ձեւով չէր միջամտում:Այժմ, սակայն, նա կարծես զգացել է իր պատասխանատվությունը, այդ հակամարտությունը կարգավորելու իր պարտականությունը: Կարծում եմ, այժմ խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովող, միջազգային իրավունքով երաշխավորված մեխանիզմների ստեղծման հնարավորություններն առկա են, մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան հակամարտ կողմերի միջեւ կառուցողական բանակցություններ սկսել: Այդ հնարավորությունը կա, եւ այն, բարեբախտաբար, կենսագործվում է: Ղարաբաղյան հակամարտությամբ լրջորեն զբաղվում է ԵԱՀԽ-ը (ներկայիս՝ ԵԱՀԿ-ը-խմբ.): Այս ուղղությամբ նշանակալից ջանքեր են գործադրում Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Իրանը: Մասնավորապես, Իրանի միջնորդական առաքելության փորձը ցույց տվեց, որ հնարավոր է հասնել ժամանակավոր զինադադարի, կրակի դադարեցման:

- Ո՞ր խաղարարար մոդելներն են Ձեզ ավելի մոտ՝ իրանակա՞ն, ամերիկյա՞ն, ֆրանսիակա՞ն...

- Ես չէի ցանկանա առանձնացնել որեւէ ե րկրի առաջարկած այս կամ այն պլանը: Ամեն դեպքում տարբերակներից ոչ մեկը հնարավոր չէ իրականացնել առանց այլ երկրների ջանքերի: Խաղաղ կարգավորման յուրաքանչյուր պլանում կա ռացիոնալ առաջարկություն: Այժմ, իմ կարծիքով, տեղի է ունենում ջանքերի որոշակի մասնատում: Անհրաժեշտ է բոլոր  առաջարկությունները մեկտեղել:

Մեր պլանն այսպիսին է. կրակի դադարեցում եւ դրա պահպանման վրա վերահսկողության մեխանիզմի ստեղծում: Այդ մեխանիզմի առանցքը միջազգային դիտորդների ներկայությունն է: Սա առաջին փուլն է:

Երկրորդ փուլը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխիքների համակարգի ստեղծումն է: Այստեղ անվտանգության միակ համակարգը ինքնապաշտպանությունն է, ուրիշը առայժմ չկա: Այս է վտանգը, քանզի նման համակարգը պատերազմ է ենթադրում: Մենք կողմնակից ենք կրակի դադարեցման, խաղաղության հաստատման, սակայն երկար սպպասված խաղաղությունը կլինի այն ժամանակ,  երբ ինքնապաշտպանության համակարգը կփոխարինվի այդ հողում խաղաղությունը երաշխավորող  այլ հուսալի համակարգով:

- Սակայն, հնարավո՞ր է, արդյոք, այդ հիմնահարցը լուծել միայն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցությունների ճանապարհով:

- Նման հարցադրումը սխալ էր հակամարտության հենց սկզբից: Միջազգային հանրությունն արդեն ընդունում է, որ Ղարաբաղը ինքնուրույն քաղաքական գործոն է: Այնպես որ, ինչ-որ համաձայնության գալ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի կարծիքը, նշանակում է հենց սկզբից վիժեցնել այդ համաձայնությունների արդյունքները:

Լեռնային Ղարաբաղը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում պետք է ներկայացվի իբրեւ իրավահավասար սուբյեկտ, ԵԱՀԽ-ի վերջին որոշմամբ այդ ընդունվում է:

- Այսինքն, ըստ էության, այդ նշանակում է արդեն եռակողմ բանակցություններ վարել՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ:

- Եռակողմ կամ՝ բազմակողմ: Եվ դա արդեն որոշակի նվաճում է: Ահա թե ինչու ես այժմ առավել լավատեսորեն եմ մոտենում այդ հիմնահարցի լուծմանը: Արդեն կան այն հստակ մեխանիզմները, որոնց միջոցով կարող ենք խաղաղության հասնել մեր տարածաշրջանում: Գլխավորն է՝ հասնել խաղաղության: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, նրա հետագա ճակատագրին, ապա դրանք բանակցությունների առարկա են:

- Ինչպիսի՞ն կարող է լինել Ռուսաստանի դերը հակամարտության կարգավորման գործում:

- Դա բարդ հարց է: Ես իմ տեսակետն ունեմ: Ռուսաստանն այնքան է զբաղված իր ներքին հիմնախնդիրներով, որ հնարավորություն չունի մեր տարածաշրջանում երկարատեւ քաղաքականություն իրականացնել: Սակայն վաղ թե ուշ Ռուսաստանի ներքին հիմնախնդիրները կլուծվեն եւ նա կվերադառնա իր ռազմավարական շահերին:

Ռուսաստանը կվերադառնա, սակայն կվերադառնա մշակութային, տնտեսական ազդեցության ոլորտները: Ռուսաստանը թույլ չի տա, որ ձեւավորված վակուումն ուրիշները լրացնեն: Այժմ, սակայն, Ռուսաստանը ձգտում է պատասխանատվության մի մասը հանձնել միջազգային կազմակերպություններին: Կարծում եմ, պետք է նույնիսկ ողջունել այդ ջանքերը: Չէ՞ որ նշանակալի չափերով նրա շնորհիվ հնարավորություն ստեղծվեց միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ղարաբաղյան հիմնահարցին:

Այսինքն, Ռուսաստանը չի հրաժարվել Ղարաբաղյան հիմնահարցի լուծումից, այլ հրաժարվել է այն միայնակ լուծելուց: Ես կարծում եմ, որ դա ավելի արդյունավետ է, քան, օրինակ, առանձին վերցրած Նազարբաեւ-Ելցին միջնորդական առաքելությունը:

- Կա՞ն, արդյոք, Հայաստանում ընդդիմադիր ուժեր, որոնք համարում են, թե հակամարտությունը կարելի է լուծել այլ ճանապարհով:

- Կան: Եվ ես ամենից շատ վախենում եմ քաղաքական ամբոխավարությունից: Ինչքան էլ տարօրինակ լինի, ես նույնիսկ պատրաստ եմ համաձայնել, որ իշխանության գան կոմունիստները, քան այն զավթեն քաղաքական բախտախնդիրները, ինչ ուժեր էլ որ նրանք ներկայացնեն:

Ընդդիմությունը մեր դեմ ոչ թե մեկ, այլ մի քանի խաղաքարտ ունի: Դրանք մեր դժվարություններն են.  Ղարաբաղ, աղետի գոտի, փախստականներ, քայքայվող տնտեսություն, շրջափակում... Ինչքան դժվարություն ունենք մենք, այդքան էլ խաղաքարտ ունեն նրանք: Սակայն մենք բոլոր հիմնահարցերը ավելի արդյունավետ կլուծեինք, եթե հաղթահարվեր Ղարաբաղյան ճգնաժամը:

- Եվ դուք այդ հարցում լավատե՞ս եք:

- Շրջահայացության հետ ոչ մի ընդհանրություն չունեցող հոռետեսությունը քաղաքականության մեջ վնասակար է եւ բերում է հուսահատության, որը չի օգնում հիմնահարցի լուծմանը: Ես, սակայն, ելնում եմ կյանքից:

Հ.Գ. Գտնվելով Բաքվում, «Օգոնյոկի» թղթակիցը խնդրեց Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովին՝ մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները: Ցավոք, հանրապետության նախկին ղեկավարը հրաժարվեց հարցազրույցից:

«ՕԳՈՆՅՈԿ», թիվ 14-15, 4-18 ապրիլ, 1992թ.