18.12.2012 01:03

Վլադիմիր Կարապետյան. Ս. Սարգսյանը մեկուսացած է ԼՂ կարգավորման բանակցություններից

Վլադիմիր Կարապետյան. Ս. Սարգսյանը մեկուսացած է ԼՂ կարգավորման բանակցություններից

Սերժ Սարգսյանը մեկուսացած է ԼՂ կարգավորման բանակցություններից, եւ չունի լծակ` Արցախը բանակցություններում ներգրավելու համար: iLur.am-ի խնդրանքով մեկնաբանելով օրերս տեղի ունեցած ՀՀԿ 14-րդ համագումարում Սերժ Սարգսյանի արած այն հայտարարությունը, թե «բնական և բանական կլինի, որ Արցախն օր առաջ զբաղեցնի իր տեղը բանակցությունների սեղանի շուրջ, ուստի, մեր ջանքերն ուղղելու ենք նշված հարցի շուտափույթ լուծմանը», ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ Վլադիմիր Կարապետյանը:

Նրա խոսքով, ինչպես եւ Սարգսյանի ելույթի շատ հատվածներ, այս մտքերն էլ տարակուսանք են առաջացնում:

«Իրեն հարգող գործիչը նախ կխոսեր հինգ տարի առաջ տված խոստումների կատարման ընթացքի, ավելի ճիշտ, արդյունքների մասին: Ս. Սարգսյանը չի խոսում, որովհետեւ գիտի, որ սովորական քաղաքացին մի եզրակացություն պետք է անի` եթե նախկին խոստումները չես կատարել, չկա եւ ոչ մի երաշխիք, որ այս անգամ որեւէ խոստում կկատարվի», - ասաց պարոն Կարապետյանը:

Նա հիշեցրեց, որ 2008թ. ընտրություններից առաջ ԼՂ հակամարտության կարգավորման մասով Ս. Սարգյսանը ներկայացրել էր երեք կետից բաղկացած սկզբունքներ, որոնց շրջանակներում էլ պետք է ընթանային բանակցությունները: «Դրանք այսօր չեն էլ հիշատակվում, քանզի հենց ինքն էլ խախտել է այդ սկզբունքները: Հիմա էլ խոսում է ԼՂ`բանակցություններում ներգրավելու մասին: Վատ չէր լինի, որ Ս. Սարգսյանը ի զորու լիներ ապահովելու սեփական անձի մասնակցությունը` քանի որ արդեն շուրջ մեկ տարի ինքն էլ չի մասնակցում բանակցություններին, դրանով եւ սմեկ անգամ ապացուցելով, որ գործընթացը փակուղու մեջ է: Քանի որ հենց ինքն էլ մեկուսացած է բանակցություններից, կարծում եմ, որ չունի լծակ` ԼՂ-ն բանակցություններում ներգրավելու համար: Առավել եւս որ հնարավոր չէ հիշատակել պաշտոնական Երեւանի հաջողված գործողություններ, որոնք կմոտեցնեին ԼՂ-ն սեփական ճակատագրի շուրջ ընթացող բանակցություններին մասնակցելուն», - եզրափակեց Վլադիմիր Կարապետյանը:

Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈւՐ-ի