19.09.2012 19:18

Գալուստ Սահակյան. Հայաստանում նախագահի մեկ պաշտոն է, և պարտադիր չի, որ բոլորը նախագահ աշխատեն

Գալուստ Սահակյան. Հայաստանում նախագահի մեկ պաշտոն է, և պարտադիր չի, որ բոլորը նախագահ աշխատեն

 -Պարոն Սահակյան, ՀՀԿ-ն արդեն պատրաստվո՞ւմ է նախագահական ընտրություններին:  

-ՀՀԿ-ն ընդհանրապես միշտ էլ պատրաստ է ընտրություններին:

-Ինչո՞վ:

-Նրանով, որ դա այն կուսակցությունն է, որը բավական պրոցեսների մեջ է:

-Կարելի՞ է ասել, ամեն դեպքում, որ դուք արդեն սկսել եք նախընտրական պայքարը:

-Ոչ: Նախընտրական պայքար չի կարող լինել, որովհետև նախագահական ընտրությունների դերակատարները չկան:

-Սերժ Սարգսյանը չի՞ մասնակցելու ընտրություններին՝ որպես ձեր կուսակցության թեկնածու:

-Դեռ միայն մենք ենք հայտարարել, բնականաբար, ընտրությունների ժամանակ կլինեն նաև այլ թեկնածուներ: Սովորաբար, պայքարը սկսվում է  այն պահից, երբ մրցակիցներ են լինում:  

-Պարոն Սահակյան, բայց տեսակետներ կան, որ շաբաթ օրը կայացած Սերժ Սարգսյանի խորհրդակցությունը կառավարության հետ արդեն նախագահական ընտրությունների համատեքստում սկսված քարոզարշավի մեկնարկն էր: Այսինքն՝ արդեն նախընտրական արշավը սկսել եք:

-Նման տեսակետները շատ անիմաստ են և տեղին չեն:

-Ուրեմն, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը հիմա հիշել «ատկատների» և մյուս խնդիրների մասին: Չէ՞որ 4 տարի է՝ ինքն այդ պաշտոնին է:

-Դրանք անընդհատ շեշտվող գործընթացներ են, և նախագահն իր լիազորություններից ելնելով` բնականաբար, և ուսումնասիրություններ է կատարում, և վեր է լուծում, և հանձնարարական է տալիս, սովորական աշխատանքային գործընթաց է:

-Ընդհանրապես, այդ խորհրդակցությունը, որպես այդպիսին, դուք անձամբ ինչպե՞ս եք գնահատում:

-Ինձ համար շատ սովորական են նման խորհրդակցությունները, որովհետև անընդհատ պրոցեսի մեջ եմ տեսնում դրանք: Հակառակորդների, մրցակիցների համար կարող է խոսակցությունների առարկա դառնալ, որը, կարծում եմ` իմաստավորված չէ: Ով ոնց ցանկանում է, այնպես ներկայացնում է: Իսկ խորհրդակցությունն այնպիսին էր, ինչպես որ կար, դա միակ խորհրդակցությունը չէր: Անընդհատ լինում են, հրապարակային են լինում, և նախագահի ամեն օրը փաստորեն մի գործողություն է` կապված մեր երկրի, ընդհանրապես, և քաղաքական, և տնտեսական կյանքի հետ: 

-Դուք ինչպե՞ս ընդունեցիք այն, որ Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին և Սեյրան Օհանյանին դիմում էր անուններով, իսկ Դերենիկ Դումանյանին ասում էր` Դերո: Դա նորմա՞լ էր՝ ըստ ձեզ:

-Դա ավելի անմիջական դիմելաձև է: Պետք է նայել մեկ գործողության մեջ: Երկրի նախագահին, կարծում եմ` այդտեղ ավելի շատ բնորոշ էր մտերմությունը, և այդ մտերմիկ նաև վերլուծության ընթացքում գնահատականները եթե բոլորը իրար հետ սեղանին դնենք, կտեսնենք, որ դրանք բոլորը պրոցեսներ են, որը, չեմ կարծում, որ քննադատության տեղիք պիտի տան: Առավելևս, երբ դուք եք բերում-փորձում եք այնպիսի տրամաբանությամբ ձևակերպել, իբր թե կարելի է թատրոն, ներկայացում ներկայացնել հասարակությանը: Դա այդպես զուսպ, տեղը տեղին քննարկում էր, բնական քննարկում էր, և այդ բնական քննարկման մեջ, չեմ կարծում, թե անունների հարցը էդքան մեծ շեշտադրում պիտի ունենա:

-Սերժ Սարգսյանը հրահանգեց այդ խորհրդակցության ժամանակ «գլխից բռնել, մեծերին բռնել»: Օրինակ` դուք ո՞ւմ եք տեսնում այդ դերում, այդ գլուխը որտե՞ղ է:

-Եթե ես ինքս այդ գլուխը տեսնելու լինեի, ես ինքս էլ կհրապարակեի: Իմ կարծիքով՝ այդ ասվածի իմաստը հասցեագրաված էր, և ում հասցեագրված էր, նրանց էլ պետք է հարցնել, թե ո՞ւմ նկատի ունի նախագահը: Մասնավորապես, ես չեմ էլ պատրաստվում գնահատականներ տալ նման քննարկմանը, որովհետև տողատակում որևէ բան չեմ տեսնում: Ինքը ասել է, ուղիղ է ասել, հրապարակային է ասել:  

-Պարոն Սահակյան, վստա՞հ եք, որ ՀՀԿ-ն հաստատ Սերժ Սարգսյանին է առաջադրելու նախագահական ընտրություններում:

-Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բնականաբար, առաջադրվելու է, և ոչ թե միայն ՀՀԿ-ն: Կարծում եմ, որ բավականին ակտիվ պրոցեսներ կընթանան, և հիմնական դերակատարը ընտրություններում կլինի Սերժ Սարգսյանը, որը,  բացի ՀՀԿ-ի  առաջարկությունից, իր թիկունքում ունի ժողովրդին: Եւ կարծում եմ` այդպիսի մոտեցումով էլ ընտրապայքարը կվերլուծվի և ընթացք կունենա:

-Իսկ հնարավո՞ր է, որ վերջին պահին ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանին առաջադրի:

-Ոչ, հնարավոր չէ, որովհետև մենք հարգում ենք բոլոր քաղաքական, պետական գործիչներին, բոլորն էլ բավականին լուրջ ներդրում ունեն Հայաստանի պատմության մեջ, բայց նախընտրելին Սերժ Սարգսյանն է:

-Իսկ ինչո՞ւ հենց Սերժ Սարգսյանին: ՀՀԿ-ում ավելի լավ թեկնածուներ չկա՞ն: Առավելևս՝ եթե հաշվի առնենք, որ ձեր կուսակցությունում հնաբնակ անդամներ կան, իսկ Սերժ Սարգսյանը նոր է միացել ձեր կուսակցությանը:

-Դա սովորական աշխատատեղ չէ, և ժամանակի մարդը կարող է երկրի նախագահ դառնալ: Ի նկատի ունեմ` այն ճանապարհը, որը հստակ այս տարիների ընթացքում, նաև ժողովրդի համար քննարկելի է դարձել` դրական իմաստով:

-Պարոն Սահակյան, դուք Սերժ Սարգսյանի 2008-ի նախընտրական ծրագիրը հաստատ կարդացած կլինեք: Ձեր կարծիքով՝ այս 4 տարիների ընթացքում նրա նախընտրական ծրագիրն իրականացվե՞լ է:

-Քաղաքական իմաստով կարող եմ ասել` այո, դեռ մի բան էլ ավել: Տնտեսական իմաստով` ունենք այն, ինչ ունենք:

-Իսկ ի՞նչ ունենք:

-Դե դա արդեն հրապարակախոսության, մեծ ծավալի գործընթացներ են: Ժամանակը կգա` մենք կներկայացնենք՝ ըստ ամենայնի: Ունենք այն, որ հիմա դուք ազատորեն զրուցում եք ինձ հետ:

-Բայց մեր ազատ զրույցի հնարավորությունը խոսքի ազատության ոլորտից է, ոչ թե` տնտեսական:

-Բայց այս ամենը սկսում է խոսքի ազատությունից:

-Իսկ արտագաղթի տեմպերի ա՞ճը, գնա՞ճը, աղքատության ցուցանիշների ա՞ճը:

-Ոչ բացարձակ տրամաբանություն գոյություն ունի այդ առումով: Ամեն ինչ էլ ունենք, տարբեր խնդիրներ ունենք: Բոլոր խնդիրներին հետամուտ ենք, պիտի հնարավորինս խնդիրներին լուծում տանք:

-Եթե Սերժ Սարգսյանի պաշտոնավարության օրոք, ըստ պաշտոնական տվյալների, աղքատության ցուցանիշը մեծացել է, արտագաղթը ավելացել է, գնաճը զգալի է, ապա երկրորդ անգամ ձեր կուսակցության կողմից Սարգսյանին առաջադրելը չի՞ նշանակում, որ առաջիկա 5 տարիների համար էլ եք երկրին նման զարգացումներ խոստանում:

-Խնդիրներ կան, որ գործողություններով չեն մատնանշվում: Աղքատությունն աճել է ամբողջ աշխարհում: Եւ երկրներ կան, որ ավելի աղքատ են ու այսօր երկրներ կան, որ այդ խնդիրներում դեռ փորձում են ելքեր որոնել: Մինչդեռ մենք մեզանով արդեն արձանագրել ենք տնտեսական աճ` այդքան մեծ ֆորսմաժորային ժամանակաշրջանից հետո:

-2008-ի աշնանը Սերժ Սարգսյանը ԱԺ-ում հանդես եկավ ժողովրդին ուղղված ուղերձով և խոստացավ, որ այդ ուղերձները պարբերական բնույթ կունենան: Բայց դա եղավ առաջին և վերջին ուղերձը: Ինչո՞ւ:

-Դա նախագահի լիազորությունների շրջնակում է, և չեմ կարծում, որ պարբերաբար Սերժ Սարգսյանը ժողովրդի առջև իր քայլերի առումով վերլուծություն չի ներկայացնում կամ չի ասում: Դրանցից մեկն էլ հենց կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունն է, այսինքն՝ բացեր չկան Սերժ Սարգսյանի թափանցիկ գործելաոճի մեջ:

-Դուք, փաստորեն, ՀՀԿ-ի միակ հաղթող թեկնածուն Սերժ Սարգսյանին եք համարում:

-Համարում եմ, որ ժամանակի առումով` պետության համար միակ թեկնածուն, բնականաբար՝ նաև ՀՀԿ-ի համար, Սերժ Սարգսյանն է:

-Նույն կերպ ժամանակին համարում էիք նաև Քոչարյանին:

-Մենք Ռոբերտ Քոչարյանին որևէ դեպքում, երբևէ ոչ մի խոսք ենք ասել և ոչ էլ փորձել ենք փնովել: Քաղաքականության մեջ կան մարդիկ, որոնք կարող են աշխատել նախագահ: Բայց Սերժ Սարգսյանը, ի տարբերություն, այն գործիչներից մեկն է, որը ոչ թե նախագահ է աշխատում, այլ աշխատում է, ընդհանուր առմամբ, նպատակային այդ ծրագերը իրականացնել:

-ՀՀԿ-ում կարծում են, թե միայն Սերժ Սարգսյա՞նը կարող է նախագահ աշխատել:

-Էդպես չդիտարկենք: Հայաստանում նախագահի մեկ պաշտոն է, և պարտադիր չի, որ բոլորը նախագահ աշխատեն: Յուրաքանչյուրը իր հերթին կարող է որոշակի իր դիրքի կամ գործընթացի միջոցով նպաստել մեր պետությանը, մեր պետականության զարգացմանը: Բայց դա չի նշանակում, որ բոլորը կարող են նախագահ դառնալ:  

-Իսկ ի՞նչ եք կարծում` 2013-ի ընտրություննե՞րն էլ կլինեն 2008-ի նման: Սերժ Սարգսյանը նույն մեթոդներո՞վ է ցանկանում նախագահ դառնալ:

-Չեմ կարծում, թե մեթոդները նույնն են, որովհետև դավադիր ու մութ ուժերը արդեն ձախողված են և տարբեր կողմերում քայլում են` որոնելով նոր միջոցներ:

-Ովքե՞ր են այդ ուժերը:

-Նրանք, ովքեր կազմակերպել են միտինգներ և տերություն չարեցին ժողովրդին: Փաստորեն՝ կարողացան այնպիսի պայմանների բերել, որ բավականին լուրջ զոհություններ լինի:

-Բոլոր իշխանական լծակները ՀՀԿ-ի ձեռքում է: Այդ  դեպքում, ինչո՞ւ այսքան տարի մարտի 1-ի սպանությունների գործով որևէ մեկին մեղադրանք չառաջադրվեց:

-Ես չեմ ուզում նորից 2008 թիվը գնանք, նորից կրկնենք նույնը:

-Սպանություններից 4 տարի է անցել, և գոնե մեկ ձերբակալված չկա:

-4 տարի է անցել, ես կարծում եմ` այդ մարդիկ տեսել են և սպանությունները, և սպանողներին, որովհետև իրենք են այնտեղ եղել, իրենք էլ տեսած պիտի լինեն: Բացահայտումը կախված է նրանից, թե իրենք ինչպիսի ցուցմունքներ կարող են տալ:

-Ուզում եք ասել` սպանությունները հնարավոր չէ բացահայտել ցուցմունքների բացակայության պատճառո՞վ:

-Իհարկե: Հո օդից չենք բռնելու: Մարդիկ պիտի ցուցմունքներ տան:

-Բայց Քոչարյանն ասում էր, թե շուրջօրյա տեսագրություն կա, ի վերջո դրանից կարող եք պարզել:

-Այդ տեսանյութները դուք էլ եք տեսել` և հեռուստատեսությամբ, և այլ արխիվավորված նյութերում: Էդտեղից որևէ բան հնարավոր չէ պարզել: Հնարավոր է պարզել կազմակերպիչներին` թե ինչու են կազմակերպել:  

-Փաստահավաք խմբի զեկույցներ կան:

-Թողենք 2008 թիվը, առաջ գնանք:

-Բայց 2008 թիվը կթո՞ղնի, որ մենք առաջ գնանք:

-Թվերը չեն մեղավոր, որ չեն թողնում առաջ գնանք: Պարզապես մեկնություններն են շատ դեպքերում ձախողված և մութ անկյուններ են, փորձում են նորից ինչ-որ բան ապացուցել ու ինչ-որ բան գտնել:

-Պարոն Սահակյան, բացի ամեն ինչից, կան զոհերի ծնողները, հարազատները, ովքեր պահանջում են բացահայտել սպանությունները:

-Ես էլ եմ միանում նրանց և պահանջում եմ, որ բացահայտեն:  

-Բայց դուք նաև լծակներ ունեք, կարող եք նաև դրանք օգտագործել և ստիպել, որ բացահայտեն:

-Այդ լծակները գործում են և ծառայում են բացահայտմանը:

-Օրինակ` ի՞նչ է արվում:

-Օրինակ` եթե ես միտինգ կազմակերպեմ, ես էլ պատասխանատվություն կվերցնեմ: Եթե ես եմ կազմակերպել, ես այնտեղ եմ եղել, ես տեսած կլինեմ:

-Միտինգ կազմակերպելը նշանակում է, որ անպայման մարդկանց սպանելու սպառնալի՞ք պիտի լինի: Չէ՞ որ դուք էիք նոր ասում, որ մենք ազատ երկրում ենք ապրում:

-Դրա համար նաև կազմակերպիչներին եմ նկատի ունենում: Այդ ժամանակաշրջանում նրանց համար միևնույն էր: Դա մութ անկյուններ չունեցող բան է: Ես արդեն ասել եմ, թե ուր էին ուզում երկիրը տանել և հիմա էլ պայքարում են այդ ուղղությամբ: Բայց երկիրը արդեն գնում է դեպի առաջ:

-Ձեր կուսակիցների հետ կապված աղմկահարույց դեպքեր գրանցվեցին` Ռուբեն Հայրապետյան, Վարդան Այվազյան: Չե՞ք կարծում, որ դա ազդում է ՀՀԿ-ի վարկանիշի վրա:

-Ոչ, չեմ կարծում, որովհետև դատարկ խոսակցություններ են, անհեթեթ մեղադրանքներ են: Կարծում եմ, որ առաջ գնացող չի կարող լինել:

Զրուցեց Քրիստինե Խանումյանը

Լուսանկարը՝ Ֆոտոլուր