18.12.2012 02:31

Գուրգեն Արսենյան. Նման գործողություն իրականացնողները նման են տառականների

Գուրգեն Արսենյան. Նման գործողություն իրականացնողները նման են տառականների

iLur.am-ի հարցերին է պատասխանում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Միացյալ աշխատավորական կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը:

-Ինչպե՞ս եք գնահատում ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի ու Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնալսման փաստը:

-Հասարակության մեջ ներդրվում է մի նոր երեւույթ, շատ բացասական երեւույթ, եւ դրա հեղինակները լավ չեն պատկերացնում իրենց գործունեության հետեւանքները: Նման մոդելը բերում է նրան, որ հասարակության այն հատվածը, որը դեռ չի կայացել, դեռ որոնումների մեջ է՝ երեխաները, պատանիները եւ այլն, ստանում են գործունեության մի շաբլոն, որը ի սկզբանե բացառում է պատիվը, արժանապատվությունը, սեփական կարծիք ունենալու եւ արտահայտելու համարձակությունը: Չեմ կարծում, որ նման մոդել ներդնողները կարճամիտ են ու չեն հասկանում, որ դա հասարակության բարոյականության նկատմամբ լուրջ դիվերսիա է: Ինքս ինձ արդեն հարց եմ տալիս՝ ովքե՞ր են մեր երկրում այն մարդիկ, կամ  համակարգի այն ներկայացուցիչները, որոնք հասարակության հոգեկան առողջության նկատմամբ դիվերսիա են իրականացնում:

-Ո՞ւմ եք տեսնում այս ամենի թիկունքին՝ իշխանությունների՞ն, ԱԱԾ-ի՞ն, ինչ-որ անհատների՞:

- Չեմ կարող միանշանակ պատասխանել ձեր հարցին, որովհետեւ՝ նման գործողություն իրականացնողները նման են խավարասերների, տառականների: Նրանք կարող են միայն որպես տառական աշխատել, մթության մեջ: Նրանք իրենց երբեք լուսավոր տեղում չեն կարող պատկերացնել: Դա տառականի հոգեբանություն է ընդամենը:

-Կարծես թե սա առաջին նման դեպքը չէ. նախկինում նման մի բան եղավ Արթուր Բաղդասարյանի հետ կապված, 2008թ. նախագահական ընտրություններում՝ Լեւոն  Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Ալիկ Արզումանյանի հեռախոսն էին գաղտնալսել, հիմա՝ այս դեպքը: Ի՞նչ է սա նշանակում, քաղաքական առումով ո՞ւր է տանում այս գործելաոճը:

- Քաղաքական առումով այս գործելաոճը տանում է ընդամենը հետեւյալի՝ ինչպես Խորհրդային միությունում մարդիկ զրույցներն իրականացնում էին այլաբանական տերմիններով, նույնը ձգտում են, որ արվի հիմա: Ընդամենը սրանով փորձում են մարդկանց մտքերի ազատությունը վերահսկելի դարձնել: Բայց չեմ կարծում, որ այս գործիքը կարող է բերել արդյունքի: Ավտորիտար համակարգն առնվազն երկու նախապայման պետք է ունենա՝ հեղինակություն կամ լուրջ նավթային ռեսուրսներ: Բայց այստեղ ոչ մեկը կա, ոչ մյուսը, եւ չեմ հասկանում՝ ինչ հաշվարկների հիման վրա են նման քայլի դիմում այս արարքների հեղինակները:

-Հնարավո՞ր է սա բերի հասարակության մոտ հօգուտ ընդդիմության տրամադրությունների բարձրացմանը:

-Բնականաբար: Կարծում եմ, որ հասարակության կայացած հատվածը զզվանքով է վերաբերելու նման երեւույթներին ու կոշտացնելու է իր վերաբերմունքը: Բայց կա նաեւ հասարակության չպաշտպանված հատված՝ երեխաները, դեռահասները, պատանիները, որոնց մեջ նման մոդել ներդնելով, շատ էականորեն թուլացնում են մեր երկրի վաղվա օրը: Ինձ համար այս ամենը զզվելի է:

 

Զրուցեց Արման Գալոյանը