20.05.2016 14:47

Հրանտ Տեր-Աբրահամյան. Խաղաղության խաղը - 2

Հրանտ Տեր-Աբրահամյան. Խաղաղության խաղը - 2

Առաջին մաս

Խաղաղության մասին քննարկումները մեզանում, եթե երբեւէ ստանում են իսկ կոնկրետ բնույթ, ապա սովորաբար հանգում են «թուղթ ստորագրել-չստորագրելու» մասին «բազառի»՝ «ստորագրելո՛ւ է – չի՛ ստորագրելու», «պետք է ստորագրե՞լ, թե՞ պետք չէ ստորագրել», «հանձնո՛ւմ է – չի՛ հանձնում» եւ այլն: Այս քննարկումներում շեշտը մեծամասամբ հարցի ձեւական կողմի՝ թղթի վրա է՝ անկախ նրանից, թե թուղթ ստորագրելը պաշտպանվո՞ւմ է, թե՞ քննադատվում, որով բացահայտվում է, որ ցայսօր շարունակում ենք մնալ կրողը «թղթային ֆետիշիզմի»՝ քաղաքական իրական գործընթացները նույնացնելով «թղթաբանության»՝ հռչակագրերի, իրավական որոշումների, «ճանաչումների» եւ այլնի հետ: Սա այլ բան չէ, քան «թղթե շերեփի»՝ բազմիցս քննադատված, բայց իրականում այդպես էլ էապես չհաղթահարված մտածողության դրսեւորում:

Թղթե շերեփի հաղթարշավը

Երբ 19-րդ դարի վերջին Խրիմյան Հայրիկը պատմեց թղթե եւ երկաթե շերեփի առակը, նա նկատի ուներ բառացի, որ հարցերը ոչ թե թղթով, այլ զենքով են լուծվում, եւ դա ազգային-ազատագրական պայքարի կոչ էր: Բայց առակի իմաստն ավելին է, քան բառացի իմաստը կոնկրետ պայմանների մեջ՝ դա ընդհանրապես «թղթի զորության», «թղթի ֆետիշիզմի» մերժումն է: Երբ, օրինակ, այսօր կարծում ենք, որ Ղարաբաղի հարցը կարելի է լուծել Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչմամբ, երբ հույս ունենք, թե ընդամենը «թուղթ ստորագրելով» է հնարավոր հասնել խաղաղության, երբ սրտատրոփ սպասում ենք, թե երբ ԱՄՆ հերթական նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, երբ համարում ենք, որ թղթի վրա հռչակած խորհրդարանական հանրապետությունը նույնն է փաստացիի հետ եւ այլն, եւ այլն՝ այդ բոլոր դեպքերում մենք շարունակում ենք թղթե շերեփի քաղաքանությունը: Եթե ընդհանրացնենք, ապա դժվար չէ նկատել, որ մեր հանրային խոսքում միտում կա Ղարաբաղյան հարցն ընդհանրապես նույնացնելու  «թուղթ ստորագրել-չստորագրելու» հետ. ակտիվանում ենք եւ հիշում ենք հարցը, երբ կա հերթական «ստորագրելու» թեմա, եւ անմիջապես մոռանում ենք, երբ թեմայի «անմիջականությունն» անցնում է: Ստացվում է՝ թուղթն՝ ինքն իրանով, կյանքն՝ իրանով. դրանք իրար հետ որեւէ կապ չունեն, եւ հարցի էությունը հենց թուղթն է:

Իրականությունն այն է, որ թուղթն ինքն իրենով ոչինչ է, եւ ինքն իրենով արժեք ունի այնքան, որքան որեւէ այլ՝ բառիս բուն իմաստով թուղթ: Նրա իրական ուժն ու արժեքը նրանից դուրս են՝ այն իրական ուժային հարաբերություններում, որոնց ազդեցությամբ նա ստեղծվում է, եւ այն իրական հետեւանքներում, որոնք առաջանում են այն «ստորագրելուց» հետո: Այսինքն՝ թուղթը, մի կողմից՝ արձանագրում է ուժերի դասավորությունը, մյուս կողմից՝ նրա «ստորագրմամբ» ստեղծվում է նոր ուժային իրականություն, որի մանրամասներն ու բովանդակությունը կարող են ամենեւին էլ չհամընկնել թղթային ձեւակերպումների հետ: Իրավական  «թղթի» իրական արժեքի խնդիրը նման է թղթադրամի իրական արժեքի խնդրին՝ թղթադրամն ինքն իրենով այլ բան չէ, քան սիրուն կամ տգեղ նկարազարդված թղթի կտոր. այն արժեք է ստանում միայն իրենից դուրս եղած հասարակական ուժերի ազդեցությամբ՝ քաղաքականություն, տնտեսություն, հանրային վստահություն եւ այլ (ի սկզբանե՝ թղթադրամը ոսկու կամ արծաթի փոխարինիչ էր, բայց այսօր նույնիսկ այդ կապն անմիջական չէ, եւ դրամի արժեքը շատ ավելի բարդ հարաբերությունների արդյունք է):

Սֆերիկ խաղաղություն վակուումի մեջ

Ենթադրենք՝ այսօր կամ վաղը ստորագրվում է մի թուղթ, որով Ղարաբաղյան հակամարտության կողմերը համաձայնում են կարգավորման այս կամ այն տարբերակին, ստորգարման կողմնակիցներն ուրախանում են, որ վերջապես խաղաղություն հաստատվեց, իսկ հակառակորդները նզովում են ստորագրողին եւ ստորագրման օրը: Ո՞վ է երկու կողմերից ճիշտը: Եթե ուրախացողները ենթադրում են, որ թղթի ստորագրմամբ անմիջապես եւ երաշխավորված հաստատվում է խաղաղություն, իսկ նզովողները ենթադրում են, որ թուղթ ստորագրելու պայմանները եւ թղթի բովանդակությունը ծնվում է օդից կամ որեւէ մեկի ցանկություններից միայն, ապա սխալ են երկուսն էլ: Չնայած՝ սրանք պարզ, եթե ոչ պարզագույն իրողություններ են, սակայն թղթե շերեփի մտածողության գերակայության պայմաններում պարզ թե բարդ քաղաքական իրողությունները մշտական հիշեցման եւ վերապացուցման կարիք ունեն:

Նախ՝ եթե հակամարտող կողմերի միջեւ որեւէ համաձայնագիր է ստորագրվում, ապա դրա պայմանները չեն կարող կախված լինել միայն ցանկություններից կամ էլ իդեալական պատկերացվող ինչ-որ դրույթներից: Տեղ կարող են գտնել միայն այն ցանկություններն ու իդեալները, որոնք ուժային ապահովություն ունեն: Չի լինում ինչ-որ իդեալական «պայմանագիր» վակուումի մեջ, որին որեւէ մեկը կարող է մշտապես կողմ կամ մշտապես՝ բոլոր պարագաներում դեմ լինել: Եթե պայմանները չեն բավարարում, ապա պետք է մտածել, թե ինչպե՛ս, նախ, ստեղծել դրանց փաստացի ուժային ապահովումը, եթե դրա հնարավորությունն ընդհանրապես կա: Դրա համար, երբ գալիս հասնում է թուղթ ստորագրելու պահը, ապա արդեն ուշ է մտածել ավելի լավ պայմանների մասին՝ դրանք պետք է ստեղծված լինեն նախապես՝ ըստ կողմերի հնարավորությունների եւ հանուն լավագույն պայմանների, ջանքի եւ զոհողությունների պատրաստակամության եւ ներուժի:

Մյուս կողմից՝ մտածել, թե թղթի վրա ստորագրված պայմանները պարտադիր կերպով նշանակում են փաստացի խաղաղություն եւ ստորագրված կետերի բառացի իրականացում, նույնքան վերացական մոտեցում է հարցին: Հարցն այն է, որ եթե, մի կողմից, թղթի վրա ստորագրվածն արձանագրում է առկա պայմանները, ապա մյուս կողմից՝ դրանց արձանագրումը թղթի վրա եւ հետագա կիրառման փորձերը ստեղծում են նոր պայմաններ, փոխում են ուժային դասավորությունը, որով ստորագրված «թուղթը» կատարում է յուրահատուկ միջնորդի դեր երկու իրականությունների միջեւ, ճիշտ ինչպես թղթադրամը, որը յուրացման պահին անցնում է արժեքը վաճառողի ձեռքից գնորդի ձեռքը, եւ մնալով նույն «թուղթը»՝ հայտնվում է փոփոխված իրականության մեջ, եւ հենց առքուվաճառքի գործողությունը սկիզբ է դնում նոր իրականության: Այսինքն՝ թղթի վրա խաղաղություն ստորագրելը ոչ թե բուն խաղաղությունն է, այլ միայն գործընթացի սկզիբը՝ գործընթաց, որի արդյունքը նույնքան անկանխատեսելի է, որքան պատերազմի ելքը:

Խաղաղության եւ պատերազմի միասնականությունը

Անկանխատեսելիությունն ավելանում է այնքան, որքան շատ են շահագրգիռ եւ միջնորդ կողմերը, եւ վերջնարդյունքը կախված է բազմաթիվ մեծ եւ փոքր հանգամանքներից, որոնցից միայն մի քանիսը նշենք օրինակի համար, որպեսզի հասկանալի դառնա խնդրի բարդության աստիճանը: Այսպես, պետք է հաշվի առնել՝ ա. ստորագրող կողմերի իրական նպատակները՝ նրանք իրապես վճռել են հասնել խաղաղությա՞ն, թե՞ ժամանակավոր դադար են փնտրում՝ վերադասավորումից հետո հարմար պայմաններում հակամարտությունը նորից վերսկսելու համար, բ. արդյո՞ք փաստաթուղթը ստորագրող կողմերի ներկայացուցիչների դիրքերն իրենց հասարակությունների ներսում բավականին ամուր են, որպեսզի ներքին դիմադրությունն ի չիք չանի ստորագրվածի իրականացումը, գ. արդյո՞ք խաղաղությունը հասունացել է՝ որպես հակամարտող հասարակությունների ներքին պահանջ, թե՞ դա զուտ վերնախավային որոշում է, դ. արդյո՞ք միջնորդ կողմերն իրապես ի զորու են երաշխավորել իրենց միջնորդությամբ ստորագրվածը, եթե կողմերից մեկը փորձի ուղղակի կամ անուղղակի կերպով խախտել ձեռք բերված պայմանավորվածությունները, ե.  արդյո՞ք խաղաղության ստորագրումից եւ թեկուզ իրականացումից հետո խաղաղություն ստորագրող երկրներում մարդիկ իրական եւ արագ դրական փոփոխություններ են զգալու՝ քաղաքական, տնտեսական եւ այլն, կա՞ մեկը, որն այնքան շահագրգռված է խաղաղությամբ, որ պատրաստ է նաեւ վճարել դրա դիմաց՝ ներդրումներով, բարեփոխումների խթանմամբ եւ այլն: Խաղաղությունն ինքն իրենով դեռ չի ապահովագրում այդ ամենի կատարումը, զ. արդյո՞ք կնքված խաղաղությունը, անկախ քաղաքական ուժային գործոններից, ընկալվում է որպես մարդկայնորեն արդար եւ այլն, եւ այլն: Բացի այդ, պարզ է, որ որքան էլ հստակ ձեւակերպումներով պայմանագիր ստորագրվի, ցանկության դեպքում այն իր ամբողջության մեջ կամ, առավել եւս՝ իր առանձին մասերում, միշտ ենթակա է այս կամ այն մեկնաբանման ստորագրողների եւ միջնորդների կողմից՝ կախված նույն քաղաքական, այլ ոչ թե զուտ իրավական հանգամանքներից: Ծայրահեղ վատագույն դեպքում՝ խաղաղության ստորագրումը կարող է հանգեցնել ոչ թե խաղաղության ջանքի տապալման միայն, այլեւ պատերազմի իսկ: Վերջինիս հնարավորությունն այնքան ավելի մեծ է, որքան ստորագրվող թուղթը, իր սկզբունքներով եւ կոնկրետ մեխանիզմներով, «հեռվանում» է փաստացի իրականությունից (չնայած գրել ենք, որ թուղթը սոսկ իրականության արձանագրումն է, բայց դա էլ որոշ չափով վերացարկում է. իրականում միշտ էլ կան եւ կլինեն իրականությունից այս կամ այն չափի շեղումներ, հարցը միայն դրանց չափն է):

 

Միով բանիվ՝ պետք է հաշվի առնենք, որ

ա. խաղաղության գործընթացը նույնքան անկանխատեսելի կարող է լինել, որքան պատերազմն ինքը,

բ. խաղաղությունը պետք է ապահովվի ուժով՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, ոչ պակաս, քան պատերազմը: Խաղաղության համար նույնիսկ ավելի ուժ է պետք լինում, քան պատերազմի, եւ խաղաղությունն ինչ-որ տեղ ավելի ուժեղի դիրքից է բխում, քան պատերազմը,

գ. խաղաղությունը հռչակագիր չէ, բարի ցանկություն չէ, այլ գործընթաց, որի սկզբնավորումը դեռ չի երաշխավորում ելքը,

դ. խաղաղության թղթի ստորագրումը դեռ խաղաղություն չէ: Դրա հետեւանքը կարող է լինել ինչ ասես՝ իրական խաղաղության եւ նոր պատերազմի միջակայքում,

ե. խաղաղության «թղթաբանութունը» պետք է ամուր կապեր ունենա իրականության հետ՝ կայուն եւ տեւական խաղաղություն ապահովելու համար,

զ. ինչպես խաղաղությունը ծնվում է պատերազմից եւ պատերազմի հետեւանք է, այնպես էլ պատերազմները առաջ են գալիս խաղաղություններից՝ հատկապես «վատ» խաղաղություններից: Խաղաղություն-պատերազմ այս շրջանը հնարավոր չէ վերացնել գրչի մի «հարվածով»:

Խաղաղության հարցն, ուրեմն, այսքան եւ ավելի բարդ է, քան վերացական բանավեճերը կյանքի լավ ու վատի մասին՝ «լավ է լինել չաղ ու բախտավոր, քան նիհար ու դժբախտ» ոճով:

 

Շարունակելի