27.05.2016 13:13

Խաղաղության խաղը - 3

Խաղաղության խաղը - 3

Առաջին մասը, երկրորդ մասը

Ինչպես համոզվեցինք նախորդ շարադրանքից, խաղաղություն բառն ինքնին ոչինչ չի նշանակում եւ դատարկ վերացականություն է: «Խաղաղությունները» լինում են տարբեր՝ «լավ» ու «վատ», կայուն եւ անկայուն, ձեռնտու եւ ոչ ձեռնտու: Օրինակ, 1918-ի հունիսին կնքված Բաթումի պայմանագիրը, թեեւ բերում էր Հայաստանին խաղաղություն, ու թեեւ դրա կնքումն անխուսափելի կարելի էր համարել, բայց համարել դա ձեռնտու խաղաղություն հնարավոր չէր, ոչ միայն եւ նույնիսկ ոչ այնքան այն պատճառով, որ դրանով Հայաստանին մնում էր ողորմելի 10 հազար կմ2 տարածք, այլեւ որովհետեւ դրանք այնպիսի տարածքներ էին, որոնցով հնարավոր չէր ապահովել երկրի ոչ միայն զարգացումը, այլեւ գոյատեւումը: Բաթումի պայմանագրով Հայաստանը դատապարտված էր դանդաղ մահվան` նրա կազմից դուրս էին մնացել գյուղատնտեսական այնպիսի կարեւոր տարածքներ, ինչպիսիք էին Արարատյան եւ Շիրակի դաշտերը: Այսպիսի օրինակներ նախորդ երկու մասում արդեն բերել ենք: Այժմ փորձենք «խաղաղությունները լինում են տարբեր» թեզը մեկ այլ տեսակետից դիտարկել՝ պայմանական բաժանելով խաղաղությունը մի քանի տիպերի:

Աղջիկները լինում են տարբեր՝ սեւ, սպիտակ, կարմիր

Չենք խորանա համաշխարհային պատմական փորձի մեջ՝ բաժանման հիմքում կդնենք այն իրավիճակը, որն առավել մոտ է մեր խնդրին՝ հայ-ադրբեջանական հակամարտությանը: Ըստ այդմ՝ կարող ենք պայմանականորեն առանձնացնել խաղաղության երեք տեսակ՝ 1. Զինադադար, 2. Կարգավորում, 3. Խաղաղություն՝ բառիս բուն իմաստով: Թող ընթերցողը ների, որ առայժմ, առանց հավելյալ բացատրության, 3-րդ տարբերակը կոչում ենք խաղաղություն՝ բառիս բուն իմաստով: Թե ի՛նչ նկատի ունենք՝ կերեւա հետագա շարադրանքից, իսկ առայժմ շեշտենք, որ բոլոր անվանումներն էլ, տվյալ դեպքում, պայմանական են, եւ միայն առիթ են բովանդակությունը բացելու:

Առաջին՝ զինադադար տարբերակի մասին շատ բան չկա ասելու: Արդեն 20 տարուց ավելի է՝ ապրում ենք դրա պայմաններում, չնայած վերջին երկու տարվա մեջ հստակ միտում կա այդ դրոյթյան խախտման: Միայն պետք է շեշտենք, որ որքան էլ զինադադարը թվա եւ մասամբ իրոք լինի խաղաղության առավել անկայուն տեսակ, պետք չէ նաեւ թերագնահատել դա: Իրականում անկայունությունը զինադադարի պարտադիր հատկանիշը չէ: Այդպես կարող ենք մտածել միայն, եթե ենթադրենք, որ խաղաղության եւ պատերազմի հարցերը լուծվում են սոսկ իրավականորեն՝ առանց ուժային քաղաքական բաղադրամասի: Զինադադարը խաղաղության այն տեսակն է, որն իրավական ձեւակերպում չի ստացել համապարփակ խաղաղության կնքմամբ, բայց զինադադարի կայունության հարցը կախված է ոչ միայն այդ՝ թղթային մասից, այլ նաեւ, նախ՝ ուժային իրական կշռույթից: Զինադադարը դառնում է անկայուն, երբ խախտվում է այն ուժային կշռույթը, որով դա ժամանակին ապահովվել է: Մեր դեպքը հենց այդպիսիներից է՝ այսօր խաղաղությունը ճակատում ավելի ու ավելի փխրուն է դառնում ոչ միայն եւ ոչ այնքան ա՛յն պատճառով, որ կողմերի միջեւ կնքված չէ համապարփակ խաղաղության փաստաթուղթ, այլ, նախ, ա՛յն պատճառով, որ Ադրբեջանը համարում է, թե նախկին ուժային վիճակը փոխվել է իր օգտին:

Համապարփակ խաղաղության կնքման դեպքւոմ, ի դեպ, կարող էր նույնը լինել՝ թեեւ ավելի մեծ խոչընդոտների հանդիպելով, բայց կողմերից մեկը կարող էր վերսկսել թշնամական գործողությունները, եթե համարեր, որ ուժային կշռույթն այնքան է փոխվել, որ դա կարելի է անել անպատիժ: Եթե դա այդպես չլիներ, այսինքն, եթե խաղաղության պայմանագրերը համադարման լինեին եւ 100 տոկոսանոց երաշխիք խաղաղության, ապա աշխարհում վաղուց վերացած կլինեին բոլոր պատերազմները, որովհետեւ երեւի չկա երկրագնդիս երեսին երկու հարեւան պետություն, որոնք գոնե մեկ անգամ իրար դեմ պատերազմ չվարեին եւ գոնե մեկ անգամ խաղաղություն չկնքեին: Եվ հակառակը. այն, որ որոշ դեպքերում պարզ զինադադարներն էլ՝ առանց խաղաղության մեծ պայամանագրի, կարող են կայուն խաղաղություն ապահովել, վկայում է ռուս-ճապոնական հարաբերությունների օրինակը: 1945-ի սովետա-ճապոնական պատերազմից հետո կողմերի միջեւ այդպես էլ խաղաղության դաշնագիր չի կնքվել, եւ երկուսի միջեւ հարաբերությունները կարգավորվում են 1956-ի Մոսկովյան հռչակագրով, որով պատերազմական վիճակը հայտարարվում է ավարտված (այն դեպքում, երբ պատերազմը փաստացի ավարտվել էր հենց նույն 1945-ին): 1956-ի Հռչակագիրն իր էությամբ զինադադար է, եւ ենթադրվում էր, որ կողմերը մոտ ապագայում կնքելու են Խաղաղության մեծ պայմանագիր, բայց դա ցայսօր տեղի չի ունեցել, եւ իրավական տեսակետից Ռուսաստանն ու Ճապոնիան միմյանց նկտամամբ թեեւ պատերազմի մեջ էլ չեն, բայց խաղաղություն էլ չենք կնքել: Իհարկե, այս դեպքի իրավական երանգները տարբեր կարող են լինել մեր դեպքից, բայց տվյալ պարագայում դա չէ կարեւոր, այլ ա՛յն, որ հարցը ոչ թե զուտ իրավական տեսակետից պետք է դիտել, այլ քաղաքական՝ խաղաղության պայմանագրի բացակայությունը չի հանգեցնում ռուս-ճապոնական նոր պատերազմի, քանի որ դրա համար չկան քաղաքական հիմքեր:

Անշուշտ, ասվածը չի նշանակում, թե զինադադարի եւ խաղաղության համապարփակ պայմանագրի միջեւ որեւէ տարբերություն չկա: Տարբերությունը կա, եւ պարզ է, որ պայմանագիրը խաղաղության հավելյալ եւ ավելի ուժեղ երաշխիք է, քան զինադադարը, եւ որ առաջինը խախտելու համար պետք է ուժային կշռույթի ավելի հզոր խախտում, քան երկրորդի դեպքում, բայց հարցի մյուս կողմն այն է, որ այդ տարբերությունը բացարձակ չէ, եւ որ բացարձակ երաշխիք չկա երկուսի դեպքում էլ:

Pax Romana

Անցնենք երկրորդ կետին, որը պայմանականորեն կոչեցինք «կարգավորում»: Սա այն է, ինչ մեզ այսօր առաջարկվում է որպես Ղարաբաղյան խնդրի լուծում, այսօրվա միջազգային քաղաքական լեզվի «ժարգոնային» բառերից մեկն է: Իր էությամբ՝ սա «պարտադրված» խաղաղություն է, որը հաստատվում է արտաքին միջամտությամբ եւ ապահովվում է արտաքին ուժով: Իհարկե, այսպես պնդելով՝ պետք է հաշվի առնենք երկու բան: Նախ՝ արտաքին պարտադրանքը այս տարբերակի էությունն է, բայց արտաքուստ այն, անշուշտ, ձեւակերպվում է այլ կերպ՝ որպես արտաքին օգնություն կողմերին՝ հարցը խաղաղ կերպով լուծելու: Իսկ հակամարտության կողմերն էլ, իրենց հերթին, կարող են ձգտել խաղաղության կնքման անկեղծորեն կամ ձեւականորեն՝ տվայլ դեպքում դա շատ էական չէ: Երկրորդ՝ ասվածը չի նշանակում պարտադիր կերպով բացասական վերաբերմունք «կարգավորում» երեւույթին՝ արտաքին միջամտությունը կարող է ե՛ւ դրական, ե՛ւ բացասական հետեւանքներ ունենալ, եւ մենք պայմանավորվել ենք ի սկզբանե, որ խոսում ենք ոչ թե երեւույթների հապճեպ գնահատման, այլ դրանց էությունը հասկանալու մասին:

Կարելի է վիճել նաեւ այն մասին, թե որքանո՛վ է ճիշտ այս տարբերակի էությունը համարել հենց արտաքին պարտադրանքը: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ, ի վերջո, «կարգավորման» տարբերակով խաղաղության կնքումը եւ, կարեւորը՝ դրա իրականացումը, հնարավոր է մեր պայմաններում պատկերացնել միայն արտաքին հզոր երաշխիքով, իսկ մնացած փաստարկներն ու հակափաստարկներն առայժմ թողնենք զուտ տեսական՝ մեր կոնկրետ իրավիճակից դուրս հարցեր քննարկող բանավեճի համար: Բացի այդ, «կարգավորում» տարբերակն ունի իր հատուկ գաղափարաբանությունը, որի մասին կխոսենք ավելի ուշ, եւ որը նույնպես ստիպում է մեզ այդ տարբերակի էությունը համարել «արտաքին պարտադրանքը»:

Որպեսզի երկար ու բարակ չբացատրենք, միանգամից բերենք Ղարաբաղի հարցի «կարգավորման»՝ բոլորիս ծանոթ օրինակը: Սովետական Միության մեջ շուրջ 70 տարի Ղարաբաղյան հարցը, ինչպես եւ հայ-ադրբեջանական հարաբերություններն ընդհանրապես, ոչ միայն կարգավորված էին համարվում վերջնականապես, այլեւ փաստացի կարգավորված էին: Դուր է գալիս մեզ այդպիսի կարգավորում, թե ոչ, արդար էր այն, թե անարդար՝ էական չէ. փաստն այն է, որ հարցը կարգավորված էր, քանի որ ապահովված էր տեւական եւ կայուն խաղաղություն: Ընդ որում՝ խաղաղության հիմքում փոխզիջումային տարբերակ էր՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում էր, բայց հռչակված էր ինքնավարություն, երկու ժողովուրդների միջեւ հաստատված էին տնտեսական նորմալ կապեր, եւ ապահովված էր հայերի նվազագույն :անվտանգությունն Ադրբեջանում, եւ ադրբեջանցիներինը՝ Հայաստանում: Իսկ թե ինչո՛ւ Ղարաբաղը մնաց Ադրբեջանի կազմում, եւ նրան շնորհվեց ինքնավարության առավել ցածր՝ ինքնավար մարզի, այլ ոչ թե ինքնավար հանրապետության կարգավիճակ, եւ ինչու դրա կազմից դուրս մնացին այլեւայլ հայաբնակ տարածքներ, դա արդեն ոչ թե վերացական արդարության, այլ 1921-ի որոշմանը նախորդող մի քանի տարվա բարդ ուժային զարգացումների դինամիկայի խնդիր եւ արդյունք էր:

Կարեւոր է հասկանալ, սովետականի օրինակով, «կարգավորման» մեխանիկան՝ ի՞նչ հիմքերով եւ ի՞նչ բաղադրամասերից էր կառուցված 70-ամյա խաղաղությունը: Սա այլ բան չէ, քան պատմությանը բազմաթիվ օրինակներով հայտնի՝ «Pax Romana»` հռոմեական խաղաղություն տարբերակը: Չնայած «հռոմեական» անվանմանը, որը վերաբերում է Հռոմեական կայսրության պատմության կոնկրետ ժամանակահատվածին՝ 1-2 դդ.-ին, այդ եզրը կիրառելի է ցանկացած «կայսերական խաղաղության» համար: Դրա էությունն այն է, որ նվաճելով այլեւայլ երկրամասեր եւ վերածելով դրանք իր ծայրագավառների, կայսրությունը հանձն է առնում այդ տարածքների խաղաղեցման, անվտանգության եւ, կախված հանգամանքներից՝ նաեւ այս կամ այն չափի զարգացման ապահովումը: Այսինքն՝ տեղի է ունենում անվտանգություն՝ անկախության դիմաց՝ բռնի կամ կամավոր գործարք: Այս տիպի խաղաղությունը տեւում է այնքա՛ն ժամանակ, քանի դեռ կայսերական կենտրոնն ինքը կայուն է, իսկ երբ դա, ուշ թե շուտ, անխուափելի ճգնաժամ է ապրում, ապա ոչ միայն խաղաղությունը պարզապես խախտվում է, այլեւ հենց ինքը՝ կայսերական կենտրոնը, սկսում է վարել այլ՝ հակամարտությունները հրահրող քաղաքականություն՝ նույն հռոմեական եզրաբանությունից վերցված՝ «բաժանիր, որ տիրես» հայտնի սկզբունքով: Ընդ որում՝ հրահրիչ քաղաքականության հիմքերը դրվում են արդեն խաղաղության շրջանում, որպես երաշխիք՝ կայսրության տիրապետության կամ գոնե ազդեցության պահպանման ճգնաժամերի եւ ստիպողական նահանջների դեպքում:

Pax sovetica

Ղարաբաղյան հարցի կարգավորումը ԽՍՀՄ կազմի մեջ, ուրեմն, այդպիսի մի «Pax Romana» կամ տվյալ դեպքում՝ «Pax sovetica»-ի արդյունք էր: Դրա ավելի կոնկրետ կառուցվածքը կարելի է բացել հետեւյալ կերպ: ա. Արտաքին ուժը, հաստատելով իր տիրապետությունը կոնֆլիկտային տարածաշրջանում, իր հզորությամբ ապահովում է կամ, ավելի շուտ՝ ստիպում է կողմերին խաղաղության՝ ելնելով, բնականաբար, իր շահերից, որոնք թելադրում են խաղաղության հաստատում ա՛յն դեպքերում, երբ տիրապետությունը կայուն է եւ ապահով, եւ պատերազմի հրահրում, երբ տիրապետությունը հարցի տակ է, կամ էլ կա մրցակցություն այլ հզոր արտաքին ուժի հետ: բ. Կոնֆլիկտը լուծվում է որոշակի փոխզիջումային տարբերակով, որով կայսրությունը հանդես է գալիս ոչ միայն խաղաղարարի, այլեւ արդար եւ անաչառ դատավորի դերում: գ. Խաղաղությունն ապահովվում է գաղափարախոսական եւ քարոզչական հիմնավորմամբ: ԽՍՀՄ դեպքում դա կումունիզմի եւ ինտերնացիոնալիզմի իդեոլոգիան էր եւ քարոզչական անառարկելի համարվող այն պնդումը, թե բոլոր տիպի ազգային հարցերը լուծված են վերջնականապե՛ս: Սա էլ ոչ թե միայն սովետի, այլեւ կայսերական կաղապարի յուրահատկությունն է՝ կայսրությունը հայտարարում է, որ իր իշխանությամբ հաստատվում է Ոսկե դար, այսինքն՝ պատմությունը հասնում է իր հանգուցալուծմանը, ավարտիը եւ կատարելությանը (համեմատեք Ոսկե դարի գալստյան հայտարարումը Հռոմում Օգոստոսի եւ հաջորդ կայսրերի ժամանակ): Այս քարոզչությանը լծվում են ոչ միայն քաղաքական գործիչներն ու մամուլը, այլեւ, պարտադիր կերպով՝ պոետները՝ Վերգիլիոսից մինչեւ Չարենց: դ. Խաղաղությունը սովորաբար ապահովվում է նաեւ որոշակի տնտեսական գնով՝ ներդրումներ կարող են արվել խաղաղեցված տարածքների տնտեսական զարգացման մեջ, կամ էլ պարզապես ինքը խաղաղությունը հանգեցնի տնտեսական աշխուժացմանը:

Ինչպես գիտենք հենց սովետական օրինակից, նման խաղաղությունը կարող է բավականին տեւական եւ կայուն լինել, նաեւ բերել իրական որոշ շահույթներ: Բայց նույն փորձը հուշում է, որ որքան էլ դրական կողմեր ունենա «կարգավորումը», այն, կախված լինելով բացարձակապես արտաքին ուժից, մեկ ակնթարթում կարող է չքանալ երազի պես՝ ա՛յն պահից, երբ արտաքին ուժը թուլանում է՝ զուգահեռ անցնելով «բաժանիր, որ տիրես» քաղաքականությանը: 70 տարին, մի կողմից, քիչ ժամանակ չէ, մյուս կողմից էլ՝ 70 թե 170 (ինչպես, օրինակ, Հռոմում եղավ), միեւնույն է, պարզվում է, որ կայսերական խաղաղությունը ներքուստ կայուն չէ, ըստ էության՝ արհեստական է, եւ ոչ ոք չի կարող հստակ կանխատեսել դրա անխուսափելի ավարտի ժամկետը:

Երբ կայսերական խաղաղությունն ավարտվում է, եւ որպես կանոն՝ սկսվում է հակամարտության նոր փուլը, ապա կայսերական քարոզչությունը դա, սովորաբար, բացատրում է տեղացիների վայրենիությամբ՝ պնդելով, թե «բնիկները» չեն կարող ինքնուրույն ապրել եւ կարգավորել իրենց հարցերը: Մոռացվում է, իհարկե, որ կայսրությունները իրենք ստեղծվում են, նախեւառաջ, երկաթով եւ արյունով, եւ միայն իրենց զարգացման որաշոկի փուլում են վերածվում «խաղաղաստեղծ» ուժի: Իսկ ահա, հակառակ կողմը՝ «բնիկները», պնդում են, թե իրական մեղավորը հենց կայսրության վարած քաղաքականությունն է՝ թե՛ խաղաղ, թե՛ անկայուն շրջանում: Ո՞վ է ճիշտ այս հարցում: Այս խնդիրն արժե առանձին դիտարկել՝ «կարգավորում» սցենարը ավելի ամբողջական հասկանալու համար, մանավանդ, որ ակնհայտ են զուգահեռները (թեեւ տարբերություններ էլ կան) կարգավորման սովետական եւ հետսովետական հայեցակարգերի միջեւ:

 

Շարունակելի

Հրանտ Տեր-Աբրահամյան