18.12.2012 18:14

Սիրիացի դասալիք գեներալը պատմել է քիմիական զենքի հսկայական պաշարների մասին

Սիրիացի դասալիք գեներալը պատմել է քիմիական զենքի հսկայական պաշարների մասին

Սիրիական բանակից դասալքած գեներալ-մայոր Ադնան Սիլլուն «Ալ-Արաբիա» հեռուստատեսությանը պատմել է Սիրիայում քիմիական զենքի հսկայական պաշարների մասին, հաղորդում է lenta.ru-ն: Զինվորականի խոսքերով՝ այդ պաշարները համեմատելի են Իսրայելի միջուկային զենքի ծավալների հետ:

Գեներալ-մայոր Սիլլուն մասնակցել է քիմիական զենք կիրառելու վերաբերյալ բանակցություններին: Նա պատմել է, որ բարձր մակարդակով քննարկվել է այդ զինանոցի կիրառումն ինչպես ընդդեմ ապստամբների, այնպես էլ քաղաքացիական հասարակության: Սիլլուն նաև բացահայտել է քիմիական զենքի պահման վայրերը՝ պնդելով, որ իպրիտի և նյարդակաթվածահարող նյութերի պահեստները, մասնավորապես, գտնվում են Հոմսում և Հալեպի գիտական կենտրոնում: Զինանոցները պահպանում են հազարավոր զինվորներ, սակայն ըստ Սիլլուի՝ նրանց հետ հաշիվ մաքրելն այդքան էլ դժվար չէ թե՛ ապստամբների և թե՛ իսլամիստ ծայրահեղական խմբավորումների համար: Տարածաշրջանում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերն ավելի վաղ նույնպես հայտարարել են Սիրիայի կողմից քիմիական զենք կիրառելու հավանականության մասին: Պենտագոնի աղբյուրները տվյալներ են հրապարակել այն մասին, որ ռազմական քիմիկոսները պատրաստել են նյարդակաթվածահարող գազ և դրանք հատուկ տարաներում լցրած՝ տեղավորել ավիառումբերի մեջ: Մյուս կողմից՝ ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին մտավախություն է հայտնել, թե թունավոր նյութերը կարող են կիրառել ապստամբները և դրանում մեղադրել իշխանություններին: