08.06.2016 17:38

Հրանտ Տեր-Աբրահամյան. Խաղաղության խաղը 4

Հրանտ Տեր-Աբրահամյան. Խաղաղության խաղը 4

Առաջին մասը, երկրորդ մասը, երրորդ մասը

Նախորդ հատվածում վերլուծեցինք Ղարաբաղյան հարցի կարգավորման կաղապարը սովետական շրջանում եւ տեսանք, որ դա ոչ թե հենց առանձնահատուկ սովետական, այլ ընդհանրապե՛ս կայսերական քաղաքականության կաղապար է: Կայսերական խաղաղեցման կաղապարը, ինչպես դա երեւաց հենց սովետական օրինակով, կարող է որոշ դեպքերում իրապես տեւական խաղաղություն եւ դրանից բխող շահույթներ բերել, եւ այդ առումով բացարձակապես արհամարհելի եւ մերժելի չէ, բայց մյուս կողմից՝ ներքուստ անկայուն է եւ վերածվում է պատերազմի ամեն անգամ, երբ խաղաղություն պարտադրած կայսերական ուժը ճգնաժամ է ապրում: Դա էլ ունի երկու պատճառ. նախ՝ միայն արտաքին ուժով հաստատված եւ իդեոլոգիական կարգախոսներով հիմնավորված խաղաղությունը չի կարող ներքուստ անկայուն չլինել, որքան էլ արտաքուստ տեւական լինի, եւ երկրորդ՝ պատերազմի անխուսափելիությունը բխում է հենց կայսերական քաղաքականությունից ու իդեոլոգիայից, հենց կայսրությանն է անհրաժեշտ, որ ամեն ճգնաժամ ապացուցի, որ առանց կայսերական միջատության՝ տեղացիներն ի զորու չեն խաղաղություն եւ բարեկեցություն հաստատել: Փորձենք, ուրեմն, հասկանալ կայսերական քաղաքականության ներքին այս տրամաբանությունն ավելի մանրամասնորեն:

Հեթանոսության դեմ պայքար

Նախ՝ խոսքն իրոք համընդհանուր, այլ ոչ միայն մասնավոր՝ սովետական կաղապարի մասին է: Այդ համընդհանուր կաղապարն իր հիմնական գծերով անփոփոխ է Հռոմեական կայսրությունից մինչեւ ՍՍՀՄ եւ Չինական Ցին հարստությունից մինչեւ... այսօրվա խաղաղասիրական սեմինարները, չնայած փոփոխվում են եզրաբանությունն ու հիմնական ուղերձի հաղորդման անկեղծության չափը:

Առանցքային կետն այն է, որ ըստ կայսերական իդեոլոգիայի՝ «բնիկներն» իրենք իրենցով ի վիճակի չեն հասնել խաղաղության. նրանց ճակատագիրն է հավերժ թշնամանքն ու պատերազմը, եւ միայն կայսրությունը (լինի կոնկրետ մեծ տերություն, թե պարզապես արտաքին միջամտություն) ի վիճակի է բերել խաղաղություն, բարեկեցություն եւ քաղաքակրթություն: Սա այլ բան չէ, քան նվաճումների արդարացում. ոչ մի մեծ տերություն երբեք չի իրականացրել նվաճումներ կամ հաստատել իր ազդեցությունը՝ առանց հիմնավորելու, որ դա քաղաքակրթության եւ խաղաղության շահերից է բխում: «Կայսրությունը խաղաղություն»՝ ինչպես մի քիչ այլ պայմաններում ձեւակերպել է Նապոլեոն Գ-ն:

Գրեթե յուրաքանչյուր կայսրություն ինքն իրեն նկարագրում է որպես «Ոսկե դար», «պատմության ավարտ», «վերջին տերություն»: Պատմության ավարտը նշանակում է համընդհանուր խաղաղության եւ բարեկեցության գալուստ, որովհետեւ պատմությունն առաջ է շարժվում հակասություններով, որոնցից առավել հզորները դրսեւորվում են պատերազմների ձեւով: Ամեն տվյալ պահի կայսրություն հակված է համարել, որ ինքը վերջինն է միմյանց հետ մրցող ուժերի շարքում, եւ նրանով պատմությունն, այսինքն՝ մրցակցությունն ավարտվում է: «Ոսկե դարի» վերջնական հաստատման ճանապարհին ընկած են միայն դեռեւս չխաղաղեցված տեղական մանր ուժերը, որոնց հակամարտությունները պարզ թյուրիմացության եւ հիմարության հետեւանք են, զուրկ որեւէ ներքին իմաստից՝ ի տարբերություն կայսրությունների մրցակցության:

Այս ընդհանուր կաղապարի մեջ փոփոխելի են միայն անունները եւ մանրամասները: Օրինակ, վայրենի բնիկների անվանումը կայսերական իդեոլոգիայի մեջ դարից դար փոխվել է՝ «բարբարոսներ», «հեթանոսներ» (այսինքն՝ էթնոսներ), «նացիոնալիստներ», եւ այլն, բայց վերաբերմունքի էությունը նույնն է մնացել: «Խորամանկությունն» այստեղ այն է, որ իրականում տեղական կոնֆլիկտները մեծամասամբ հենց կայսերական մրցակցության եւ կայսերական քաղաքականության հետեւանք են՝ կայսրությունները ստեղծում են կոնֆլիկտներ, ապա լուծում դրանք եւ նորից վերստեղծում՝ արդարացնելու համար իրենց ներկայությունը տարածաշրջաններում:

Պոլիտբյուրոն անմահ է

Սովետական շրջանում համարվում էր, որ բոլշեւիկյան «ինտերնացիոնալիզմի» ուժով հաղթահարվում են տեղացի «չար» նացիոնալիստների կողմից ստեղծված կոնֆլիկտները: Այսօր Պոլիտբյուրոյի այդ տեսությունն, առանց էական փոփոխությունների, ներկայացվում է որպես «էթնիկ կոնֆլիկտի» տեսություն, որով ընդունված է բացատրել Ղարաբաղյան խնդրի էությունը: Էթնիկ կոնֆլիկտի տեսությունը, որը «դասավանդվում է» բոլոր «խաղաղասիրական» միջոցառումներում, եւ որն, իբր, կոչված է խնդիրը լուծելու, անվանմամբ է միայն գիտական եւ չեզոք, իսկ իրականության մեջ մաքուր, գրեթե չզտված գաղափարախոսական «սպիրտ» է: Ահռելի գրականություն է ստեղծված այդ տեսության կաղապարներով, որը գիտական եւ չեզոք քողի տակ քարոզում է սովորական կայսերական կարծրատիպերը:

Գաղափարախոսությունը քողարկված է հենց տեսության անվանման մեջ՝ էթնիկ կոնֆլիկտ: Ի՞նչ է նշանակում սա: Էթնիկը բարբարոսն է՝ բանականությունից եւ քաղաքակրթությունից զուրկ բնիկը, որը կարող է լինել «բարի բնիկ» կամ «չար վայրենի», բայց դրանից էությունը չի փոխվում. ինքը չի հասկանում, թե ինչ է պետք իրեն, եւ ինչ է անում ինքը: Նրա գործունեության հիմքում մաքուր հույզերն են, ոչ թե՝ բանականությունը: Նրա պատերազմները հետեւանք են կույր ատելության, ոչ թե՝ քաղաքական եւ այլ շահերի բախման: Միայն մեծերի պատերազմներին ու հակամարտություններին է վերապահված այդ հատկանիշը: Եթե որեւէ մեկը փորձի, օրինակ, Երկրորդ համաշխարհային պատերազմը վերլուծել որպես գերմանացիների եւ ռուսների, գերմանացիների եւ անգլիացիների էթնիկ բախում, նա պարզապես հեգնալի եւ զավեշտալի դիրքում կհայտնվի. այնքան պարզ է, որ էթնիկ գործոնը տասներորդական դեր ունի քաղաքական այդ բախման մեջ: Բայց ահա տեղական կոնֆլիկտների վերլուծությունը տարվում է այնպես, կարծես՝ դրանք չունեն որեւէ առարկայական քաղաքական, տնտեսական եւ այլ հիմքեր, հետեւանք չեն քաղաքականության, այլ միայն՝ ապաբանական հույզերի եւ անհեթեթ առասպելաբանության:

Խնդիրն ուրեմն այն է, որպեսզի «էթնոսների» կոնֆլիկտը նախեւառաջ ապաղաքականացվի, մեկնաբանվի որպես բանականությունից զուրկ, անիմաստ բախում: Սա նշանակում է կոնֆլիկտի կողմերին զուրկ համարել սուբյեկտությունից, անկախությունից, որի միակ ելքը նրանց խաղաղեցումն է արտաքին ուժով ու հովանավորությամբ: Սրանով նաեւ այլ կարեւոր նպատակ է լուծվում՝ թաքցնել կայսերական մեղքը: Ոչ թե նույնիսկ կոնկրետ կայսրության մեղքը, որի բացահայտումը կարող է լինել մրցակից կայսրությունների շահերից բխող, այլ կայսերական մեղքն ընդհանրապես՝ հանուն բոլոր կայսերական ուժերի շահերի:

Օրինակ, հենց ղարաբաղյան կամ ընդհանրապե՛ս հայ-ադրբեջանական խնդիրը բացատրելի է որպես 18-րդ դարից մեր տարածաշրջանում սկսված մեծ տերությունների մրցակցության եւ բախումների հետեւանքներից մեկը: Այստեղ այդ գործընթացը չենք կարող մանրամասն վերլուծել, բայց կարող ենք պնդել, որ նա, ով կփորձի ղարաբաղյան հարցը դիտարկել որպես զուտ հայ-ադրբեջանական, կամ էլ նույնիսկ գերազանցապես՝ հայ-ադրբեջանական խնդիր, շատ քիչ բան կհասկանա խնդրի էությունից, որը կայացել է աշխարհաքաղաքական բախումների պատմության բարդ դինամիկայում եւ ցայսօր էլ շարունակում է գոյատեւել նույն տրամաբանության մեջ: Բայց ուշագրավ է, որ «էթնիկ կոնֆլիկտի» տեսությունն այս հարցում նույնանում է իր իսկ կողմից այդքան քննադատված «էթնիկ նացիոնալիզմի» հետ՝ բացատրելով հակամարտությունը որպես միֆական ատելության, դարավոր թշնամանքի, բանական հիմք չունեցող զգացմունքայնության, վերջին հաշվով՝ հիմարության, տեղացիների վայրենիության հետեւանք: Եվ մեր վերնախավերի զգալի մասը՝ միամիտ մանկան իր աչուկները ճպճպացնելով, չի էլ պատկերացնում հակամարտության այլ բացատրություն՝ ի զորու չլինելով նույնիսկ սեփական փորձը վերլուծել առանց օտար ակնոցների:

Շարունակելի