18.12.2012 18:28

Էլինար Վարդանյան. Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է

Էլինար Վարդանյան. Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է
Լուսանկարը՝ hetq.am

iLur.am-ի հարցերին է պատասխանում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

-Մարդու իրավունքների տեսանկյունից ԱԺ երկու պատգամավորների՝ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնալսումն ու տարածումը ինչպե՞ս եք գնահատում:

-Պետք է նշեմ, որ սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է և վկայում այն մասին, որ ՀՀ քաղաքացին ապահովագրված չէ նման երևույթներից, ՀՀ քաղաքացին վստահ չէ, որ չեն խառնվում իր անձնական կյանքին: Սա քաղաքակիրթ երկրում պարզապես սկանդալի կվերածվեր: Իսկ մեզ մոտ քննարկվում է գաղտնալսման բովանդակությունը, այլ ոչ թե երևույթը, ինչը տարօրինակ է: Ես ցավով եմ ընդունում այս երևույթը: Պետք է հարց բարձրացվեր, թե ինչո՞ւ է ձայնագրվել ՀՀ երկու քաղաքացու զրույցն ու հրապարակվել, և այստեղ ամենևին էլ կարևոր չէ՝ նրանք ԱԺ պատգամավո՞ր են, թե՞ ոչ: Սա երկու հոգու զրույցի գաղտնալսում է, և զարմանում եմ, որ ադեկվատ արձագանք չի ստացել կատարվածը, ավելին՝ որոշ գործիչների կողմից շահարկվում է զրույցի բովանդակությունը: Եթե այս գաղտնալսումը պետական մարմինները չեն արել, ապա ես ակնկալում եմ, որ գլխավոր դատախազությունն անմիջապես, սեղմ ժամկետներում պետք է ձեռնամուխ լինի կատարվածի բացահայտմանը: Պետք է բացահայտվի այն անձը, որ գաղտնալսում է իրականացրել, առավել ևս՝ հրապարակել այն:

-Իսկ ձեր կարծիքով՝ովքե՞ր են սա արել:

-Ես չեմ ուզում մեկնաբանություն տալ այդ հարցի վերաբերյալ, քանի որ չեմ ուզում ենթադրություններ անել: Դրա համար եմ կրկնում, որ եթե սա պետական մարմնի կողմից իրականացված գործառույթ չէ, ապա դատախազությունը պարտավոր է բացահայտել կատարված քրեական հանցագործությունը:

-Դատախազությունը մամուլի խոսնակի միջոցով հայտարարել է, որ սպասում է գաղտնալսված պատգամավորների, տվյալ դեպքում՝ Լևոն Զուրաբյանի դիմումին:

- Լևոն Զուրաբյանն իր հայտարարության մեջ արդեն իսկ շեշտել է, որ ակնկալում է իրավապահ մարմինների արձագանքին: Իսկ եթե ընթացակարգը պահանջում է, որ պետք է նա գնա, դիմում գրի, կարծում եմ՝ երկմտելու առիթ չկա. Սա, միանշանակ, քրեական հետապնդման առիթ պետք է լինի:

-Իսկ քաղաքական առումով սա ի՞նչ էր նշանակում:

- Սա մի արատավոր երևույթ է, որին քաղաքական գնահատական տալ չեմ ուզում: Ես սա դիտում եմ մարդու իրավունքների համատեքստում և կրկնում եմ՝ սա մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում է: Իսկ քաղաքականության մեջ նման տեխնոլոգիաների իրականացումը արատավոր երևույթ է, զզվելի, նողկալի: Ավելին՝ քաղաքակիրթ երկրներում սա լուրջ սկանդալի առիթ կդառնար:

Արման Գալոյան