18.12.2012 19:00

«Մատաղիսի գործով» ամբաստանյալներն արդարացվեցին

«Մատաղիսի գործով» ամբաստանյալներն արդարացվեցին

ՀՀ Շիրակի մարզի դատարանը՝  դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ, դատավորներ Արմեն Խաչատրյանի և  Մարտին Սարոյանի մասնակցությամբ,  այսօր արդարացրել է  իրենց ծառայակիցներ  Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտչյանի  սպանության մեջ մեղադրվող  Արայիկ Զալյանին,  Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին՝  հանցագործության հետ առնչություն չունենալու հիմքով:

Ինչպես «Pasinfo.am»-ի թղթակցին հայտնեց  ամբաստանյալների պաշտպան  Հայկ Ալումյանը, գործը վերադարձվելու է նախաքննական մարմին՝ տուժողների սպանության իրական կատարողներին    հայտնաբերելու համար:

Գործը, որ հայտնի  է «Մատաղիսի գործ»  անվամբ,  երկար դատական ուղի է անցել.  Սյունիքի մարզի  դատարանը  Արայիկ Զալյանին,  Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին  դատապարտել էր  15 տարվա ազատազրկման,  Վերաքննիչ քրեական դատարանը խստացրել էր պատժաչափը և դատապարտել նրանց ցմահ ազատազրկման, իսկ Վճռաբեկ դատարանը  բեկանել էր  դատավճիռը , փոխել նրանց  խափանման միջոց կալանքը չհեռանալու ստորագրությամբ,  ուղարկվել   նախաքննության:  Սակայն նախաքննական  մարմինը  շարունակել էր պնդել իր հին վարկածն առ այն, որ  ամբաստանյալները «վեճի են բռնվել Ռոման Եղիազարյանի  և  Հովսեփ  Մկրտչյանի  հետ, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում ձեռքերով, ոտքերով մետաղյա ձողով բազմաթիվ հարվածների հետևանքով վերջիններս մահացել են»՝ նույն այդ մեղադրանքով էլ գործը կրկին ուղարկվել էր դատարան։