18.12.2012 19:40

Գագիկ Ջհանգիրյան. Ձայնագրությունն արել են հատուկ ծառայությունները

Գագիկ Ջհանգիրյան. Ձայնագրությունն արել են հատուկ ծառայությունները

ԱԺ «Հայ ազգաին կոնգրես» խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը պնդում է, որ ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնալսումն իրականացրել են հատուկ ծառայությունները: Ջհանգիրյանը նաև տեղեկացրեց, որ Լևոն Զուրաբյանը պատրաստվում է այս հարցով դիմել դատախազություն: Ներկայացնում ենք Ջհանգիրյանի և iLur.am-ի ու «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցների միջև հարցուպատասխանը:

-Դուք ինչպե՞ս եք վերաբերվում ԱԺ երկու պատգամավորների զրույցի գաղտնալսմանը և ի՞նչ քայլեր եք ձեռնարկում այդ ուղղությամբ:

-Շատ հանգիստ եմ վերաբերվում: Մեզ համար գաղտնիք չէ, որ հատուկ ծառայությունները գիշեր ու զօր հետևում են, գաղտնալսում են, ձայնագրում քաղաքական գործիչներին, և ինտերնետում տեղադրված այդ ձանագրությունը դրա լավագույն ապացույցն է: Ուղղակի ես չեմ հասկանում մեկ այլ բան՝ տեսանյութն ի՞նչ է տալիս իշխանություններին, որ գնացել են դրա գաղտնազերծմանը: Բովանդակության մեջ որևէ կարևոր փաստ, հանգամանք, գնահատական չեմ տեսնում և զարմանում եմ՝ ինչո՞ւ են գաղտնազերծել: Ես, որպես օպերատիվ տնտեսությունից հասկացող անձնավորություն, կարող եմ ասել՝ քանի որ զրույցը տեղի է ունենում սրճարանում, և կողմնակի բոլոր աղմուկները՝ ձայները, շշուկները, մատուցողի ոտնաձայները լրիվ հեռացված, մաքրված են ձայնագրությունից, նշանակում է՝ սա հատուկ ծառայությունների տեսանկարահանումը կամ ձայնագրությունն է, այլ ոչ թե լրագրողի կամ «չուզող մեկի»: Այդ տեխնիկական հնարավորությունները, նման մաքուր ձայնագրություն կատարելու և ստանալու հնարավորությունները չունի նաև ոստիկանության օպերատիվ վարչությունը: Ես կարծում եմ՝ այստեղ հատուկ ծառայություններն իրենք իրենց բացահայտել են:

-Դատախազությունը կատարվածի մասին Լևոն Զուրաբյանի հայտարարությունը չի դիտարկում որպես քրեական գործ հարուցելու առիթ:

-Պարտադիր չէ, որ Լևոն Զուրաբյանը հայտարարի: Սա մասնավոր գանգատի գործ չէ: Սա հանրային մեղադրանքի գործ է, և լրատվամիջոցներում տեղ գտած հաղորդումները, տեղադրված ձայնագրման նյութն ինքը քրեական գործ հարուցելու առիթ են, դատախազություն դիմել պարտավոր չէ որևէ մեկը, ընդհակառակը՝ դատախազությունն է պարտավոր ուսումնասիրել այդ առիթի հիման վրա՝ արդյոք ձայնագրառումն ինչպե՞ս է կատարվել, ո՞ւմ կողմից է կատարվել, արդյոք խախտվե՞լ են անձի, տվյալ դեպքում՝ ԱԺ երկու պատգամավորների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները: Արդյոք հատուկ ծառայությունների աշխատակիցները չե՞ն չարաշահել իրենց պաշտոնական դիրքը, որովհետև՝ գաղտնալսումները պետք է կատարվեն միմիայն դատարանի թույլտվությամբ: Սա սահմանադրական նորմ է: Պետք է անպայման առկա լինի դատարանի որոշում:

-Հնարավո՞ր է՝ պարզվի, որ գաղտնալսումն իրականացվել է օրենքի շրջանակներում, քանի որ գաղտնալսված պատգամավորներից Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործ է հարուցված, ԱԺ որոշմամբ նա զրկված է անձեռնմխելիությունից ու ընդգրկված է որպես մեղադրյալ, իսկ գաղտնալսումն իրականացվել է քրեական գործի շրջանակներում:

-Միանգամայն հնարավոր է: Քանի որ պարոն Օսկանյանը ներգրավված է որպես մեղադրյալ, հնարավոր է՝ դատարանը թույլատրել է նրա բոլոր խոսակցությունները գաղտնագրել՝ քրեական գործի շրջանակներում: Դա չեմ բացառում: Բայց դա օպերատիվ գաղտնի տեղեկատվություն է, որի մասին մենք տեղեկություններ չունենք: Հնարավոր է՝ գաղտնալսումը կատարվել է դատարանի թույլատրության շրջանակներում: Բայց դա հիմք չէ, որ գաղտնալսումը հրապարակվի, այդ նյութերը նախաքննական գաղտնիք պետք է լինեն: Ցանկացած դեպքում՝ կատարվածն ապացուցում է, որ սա տեղեկատվության ապօրինի հավաքում և տարածում է:

-Դուք ասացիք՝չեմ հասկանում՝ ինչ է տալիս իշխանություններին այդ ձայնագրության հրապարակումը: Տպավորություն է, որ այդպես փորձում են, նախ և առաջ, Կոնգրեսի ներսում անձանց միմյանց դեմ լարել:

-Պատասխանեմ շատ կարճ. կարծում եմ՝ իշխանություններին դա չի հաջողվի:

Պատրաստեց՝ Ա.Գալոյանը