18.12.2012 20:06

ՀՀԿ-ականների տեսակցությունը Խաչիկյանին ընկերական բնույթ է կրել

ՀՀԿ-ականների տեսակցությունը Խաչիկյանին ընկերական բնույթ է կրել

ԱԺ նախկին պատգամավոր, սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանին օրերս այցելել են նրա կուսակից ընկերները, այդ թվում՝ նաև Կարեն Ավագյանը:

Պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե  ինչ կարգավիճակով է վերջինս այցելել Խաչիկյանին՝ Կարեն Ավագյանն ասաց, թե՝ ինչ տարբերություն՝ ինքը Խաչիկյանին այցելել է որպես պատգամավո՞ր, թե՞ որպես ընկեր: Նրա խոսքով՝ այցի նպատակը տեսակցությունն էր:

Այն հարցին, թե արդյոք նա մեղավո՞ր է համարում Վազգեն Խաչիկյանին,  Կարեն Ավագյանը պատասխանեց.

«Մեղավորությունն ու անմեղությունը մենք չէ, որ պետք է որոշենք, դրա համար կան համապատասխան մարմիններ, իսկ մարդկային հարաբերությունները մենք ենք որոշելու, և դրանք պետք չէ խառնել իրավական հարաբերությունների հետ»,- նկատեց պատգամավորը:

Վազգեն Խաչիկյանի կեցության պայմանների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Կարեն Ավագյանը նշեց, որ իրենք կեցության պայմանները նայելու համար չէին գնացել, այլ գնացել էին տեսակցության:

Վերջինս համաձայնեց այն պնդմանը, որ այդ տեսակցությունը, փաստորեն, կարելի է համարել ընկերական բնույթի: Կարեն Ավագյանը հավաստիացրեց, որ Խաչիկյանի տրամադրությունը նորմալ էր, բայց նաև հավելեց.

«Իրականում՝ հարցը կոռեկտ չէ, որովհետև կալանավայրում գտնվող մարդու տրամադրությունը ի  սկբանե Ձեզ պետք է հայտնի լինի. ոչ ոք չի ուզենա հայտնվի կալանավայրում»: