18.12.2012 20:14

ԵՄ-ն կոչ է անում գալիք ընտրություններում հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները

ԵՄ-ն կոչ է անում գալիք ընտրություններում հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները

Եվրամիությունը Հայաստանին կոչ է անում 2013-ի փետրվարին ՀՀ գալիք նախագահական ընտրություններում հաշվի առնել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկությունները, ինչը, նրա խոսքով, շատ առանցքային հարց է՝ միասնական արժեքների վրա հիմնված հարաբերությունների համար:

Այս մասին երեկ Բրյուսելում կայացած ԵՄ-Հայաստան տարեկան համագործակցության նիստից հետո հայտարարել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: 
Համաձայն Եվրամիության խորհրդի տարածած հաղորդագրության` Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ արդեն կնքվել են մի քանի հստակ համաձայնագրեր: «Բոլորովին վերջերս մենք ստորագրեցինք Վիզային ռեժիմի դյուրացման մասին, ինչպես նաև ԵՄ ծրագրերին Հայաստանի մասնակցության մասին համաձայնագրերը:  Ժողովրդի համար սա մեր սերտ համագործակցության ամենատեսանելի արդյունքն է: Սակայն մեր նպատակների օրակարգը ավելի լեցուն է: Ասոցացման Համաձայնագրի շուրջ բանակցությունները, այդ թվում՝ ազատ շուկայական գոտու ստեղծումը, զգալի առաջընթաց են ունեցել: Որպեսզի ԵՄ-Հայաստան հարաբերությունները դրսևորեն իրենց ողջ ներուժը և հաջողության հասնեն, մենք գալիք տարի ջանքեր պիտի գործադրենք կայուն բարեփոխումների ուղղությամբ»,- հայտարարել է Ֆյուլեն: Ողջունելով մարդու իրավունքների եւ արդյունավետ կառավարման ոլորտում  Հայաստանի ներդրած ջանքերը՝ Ֆյուլեն նշել է, որ կարևոր խնդրներ կան դատական համակարգի անկախության, ինչպես նաև հակակոռուպցիոն միջոցառումների ոլորտում:

«Նպատակները և ձգտումները հստակ ձևակերպված են: Ժամանակն է դրանք կյանքի կոչել»,- ասել է Ֆյուլեն: Հանձնակատարը նաեւ հույս է հայտնել, որ ԵՄ-ն դրական գնահատական կտա Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների ամրապնդմանը՝ եկող տարի Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ:

Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում կայացել է ԵՄ-ի հետ համագործակցության խորհրդի տարեկան նիստը: Եվրոպական կողմը ներկայացնում էին Կիպրոսի արտգործնախարար, Համագործակցության խորհրդի նախագահ, Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին ներկայացնող Էռատո Կոզակու Մարկուլիսը, ինչպես նաեւ ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Հայկական կողմի պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: