19.12.2012 12:11

Ի՞նչ բարոյական կերպար կբացահայտվեր, եթե գաղտնալսեին Հրայր Թովմասյանին. Մամուլ

Ի՞նչ բարոյական կերպար կբացահայտվեր, եթե գաղտնալսեին Հրայր Թովմասյանին. Մամուլ

«Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնալսումների թեման դեռ շարունակում է արծարծվել: Երեկ Աժ-ում այս մասին խոսել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որից լրագրողներն առաջին հերթին իրավական գնահատականներ էին ակնկալում: Պարզվել է, որ նախարարի համար կարևորը ոչ թե իրավական, այլ քաղաքական հարթությունն է: Մի քանի հերթապահ ֆրազ է արտասանել այն մասին, որ պետք է պարզել, թե ով է ձայնագրել, ով է տեղադրել սոցցանցերում ձայնագրությունը, ապա ասել է. «Ես հարցի քաղաքական ասպեկտի վրա պետք է ուշադրություն դարձնեմ, ինչից հեղինակները փորձում են խուսափել»: Ապա բարոյախրատական տեքստ է արտաբերել. «Ամենամեծ անբարոյականությունն այն է, որ երբ մարդը բարոյականություն է պահանջում ուրիշից, իսկ ինքը այդպիսին չէ:  Հետաքրքիր է, թե ինչ բարոյական կերպար կբացահայտվեր, եթե գաղտնալսվեին Հրայր Թովմասյանի և, ասենք, Տիգրան Սարգսյանի, Հրայր Թովմասյանի և Աղվան Հովսեփյանի, Հրայր Թովմասյանի և Արման Մկրտումյանի զրույցները: Հավաքվածներին զարմացրել է նաև այն, որ Թովմասյանը, խախտելով մարդկանց անմեղության կանխավարկածը, ակնարկել է, թե ձայնագրողը հենց զրույցի մասնակիցներն են եղել: «Եթե այդ մարդիկ իրենց ձայնագրությունը որոշում են հրապարակել, այստեղ ոչ ոք ոչինչ անել չի կարող»: Նախարարը չի հստակեցրել, թե ով է իր կարծիքով ձայնագրողը՝ Օսկանյա՞նը, թե՞ Զուրաբյանը: Թե ինչու է Հրայր Թովմասյանը մխրճվել քաղաքական բանավեճի մեջ, անբացատրելի է: Միակ ենթադրությունն այն է, որ հարցի իրավական կողմի վրա կենտրոնանալով՝ նա ստիպված կլիներ պաշտպանել ընդդիմադիր համարվող «գաղտնալսվածներին», հիասթափեցնելով նախագահականին: Եվ այդ պարագայում այլևս չէին կարողանա քրեական գործ չհարուցել և հայտարարել, որ ոչ մի արտառոց բան չի պատահել» ,- գրում է «Հրապարակը»: