19.12.2012 14:19

Յուրա Մովսիսյան. «Սպարտակն» իր առջեւ միշտ մեկ խնդիր է դրել` ոսկե մեդալներ

Յուրա Մովսիսյան. «Սպարտակն» իր առջեւ միշտ մեկ խնդիր է դրել` ոսկե մեդալներ

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելու հետ կապված որոշ մանրամասներ:

«Սպարտակ» տեղափոխվելուն մեծապես նպաստել են ակումբի նախագահ Լեոնիդ Ֆեդունը, Ջեւան Չելոյանցը եւ Վալերի Կարպինը:

Մինչ ԱՄՆ արձակուրդ մեկնելը այցելեցի Տարասովկա` «Սպարտակի» մարզաբազա: Ծանոթացա սպասարկող անձնակազմի, թիմի, մարզիչների հետ: Մի քանիսին լավ գիտեմ` հատկապես Ժանո Անանիձեին: Հրաշալի, խելացի տղա է, իմ վրա լավ տպավորություն թողեց:

Կարպինի հետ առանձնապես շատ չկարողացանք շփվել: Նա ինձ ներկայացրեց թիմին: Հպարտ եմ, որ պիտի հանդես գամ այս թիմում: Առջեւի գծում «Սպարտակում» մրցակցությունը ամենասուրերից է Ռուսաստանում: Պիտի հիմնական կազմում խաղալու համար պայքարեմ:

Երբեք չեմ վախեցել մրցակցությունից. որքան բարձր, այնքան լավ: Ես «Սպարտակում» մտադիր եմ հաջողությունների հասնել: Կանեմ ինձանից կախված հնարավորը: Պետք է առաջնությունում հնարավորինս վեր բարձրանալ: «Սպարտակն» իր առջեւ միշտ մեկ խնդիր է դրել` ոսկե մեդալներ:

Գիտեմ, որ մոսկովյան ակումբի կազմում անվանի հայ ֆուտբոլիստներ են հանդես եկել: Ուրախ եմ, որ դարձա «Սպարտակի» ընտանիքի մաս»,- Մովսիսյանի խոսքն է մեջբերում «Советский спорт»-ը: