19.12.2012 14:39

Հերթական կեղծ ցուցանիշները կամ շատանում ենք ու շատանում

Հերթական կեղծ ցուցանիշները կամ շատանում ենք ու շատանում

Կառավարության առաջիկա նիստում «կքննարկվի» և, ամենայն հավանականությամբ, լիակատար համերաշխության մթնոլորտում կընդունվի «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013 թվականի պետական ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանության տալու մասին» անվանումը կրող փաստաթղթին։

Հենց անվանումից արդեն պարզ է դառնում, թե ինչի մասին է խոսքը՝ ժողովրդագրական իրավիճակը լավ չէ, պետք է բարելավել։ Ինչպե՞ս։ Այ, հենց դրա մասին է ծրագիրը։ Ավելի ճիշտ՝ ծրագիրն այն մասին է, թե ինչպիսի պատկեր է տեսնում կառավարությունը ժողովրդագրական առումով և ինչպես է ուզում բարելավել։ Փաստաթղթի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կառավարությունն ընդհանրապես պատկերացում չունի, թե իրականում ինչ վիճակ է տիրում, և բացարձակապես չգիտի, թե ինչ է պետք անել։ Նախ սկսենք նրանից, որ ամբողջ ծրագիրը կազմված է սուտ ու նկարած ցուցանիշներից։ «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության ցուցանիշը 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է շուրջ 3 միլիոն 274 հազար մարդ... 2011թ. հունվար-դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության ցուցանիշը 2011թ. տարեսկզբի նկատմամբ աճել է 11 հազար 700 մարդով...»,– ասված է ծրագրում։ Այո, իրավական տեսակետից այսօր Հայաստանում երևի թե այդքան գրանցված մարդ կա։ Բայց դա, մեղմ ասած, հեռու է իրականությունից։ Նույնիսկ մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում «առկա բնակչությունը» կազմում է 3 միլիոն մարդ, որը նույնպես ուռճացված լինելով՝ մի քիչ ավելի մոտ է իրականությանը։ Բայց սրա մասին ամբողջ ծրագրում ակնարկ անգամ չկա։ Իսկ սա նշանակում է, որ ժողովրդագրական իրավիճակը, իբր, բարելավելու համար այս ծրագիրը «բստրողներին» չի հետաքրքրում իրականությունը։ Նրանց հետաքրքրում է բարեբաստիկ պատկերը, մոտավորապես այսպիսին, թե՝ գիտեք ինչ կա, ժողովուրդ ջան, օրեցօր ՀՀ բնակչությունը շատանում է՝ տարեկան մի 11-12 հազարով, բայց դա մեզ համար գոհացուցիչ չէ, պետք է ավելի մեծ տեմպերով շատանանք։ Հենց այս նույն տրամաբանությամբ է, թերևս, պայմանավորված այն փաստը, որ իրավիճակի նկարագրության համար, որպես հիմնական վիճակագրական ցուցանիշ, ներկայացված է մեկնողների ու ժամանողների թվի տարբերության՝ միգրացիայի բացասական մնացորդի բոլորովին կեղծ ցուցանիշ։ Ըստ այդմ, օրինակ, 2011 թվականին մեկնողների եւ ժամանողների թվի տարբերությունը կազմել է ընդամենը 3 հազար 741, 2010 թվականին՝ 2 հազար 368 մարդ և այլն։ Եւ հենվելով այս ցուցանիշ ներին՝ ծրագրի հեղինակներն արձանագրում են. «Վերջին մի քանի տարիներին միգրացիոն բացասական մնացորդը դրսևորել է նվազման միտում»։ Այսինքն, մեկնողների և ժամանողների թվի տարբերությունը նվազում է։ Եւ ահա այս, մեղմ ասած, կեղծ ցուցանիշին հենվելով՝ Հայաստանի կառավարությունը պետք է ժողովրդագրական իրավիճակը բարելավի։   Իրականում,   սակայն, մեկնողների ու ժամանողների թվի բացասական տարբերությունը աստիճանաբար ոչ թե նվազում է, այլ աճում է։ Եւ այդ տարբերությունը հաշվվում է ոչ թե հազարներով, այլ տասնյակ հազարներով։ Ծրագրում դրա մասին մի փոքր ակնարկ կա՝ 2010-ին այդ տարբերությունը կազմել է 46 հազար 700 մարդ, 2011-ին՝ 43 հազար 800 մարդ... Իրականում այս թվերն էլ չեն համապատասխանում իրականությանը, նույնիսկ ՀՀ միգրացիոն ծառայության պաշտոնական թվերը գերազանցում են սրանց մի քանի հազարով։ Թե իրականում քանի մարդ է անվերադարձ հեռանում Հայաստանից ամեն տարի՝  որևէ վիճակագրություն չի արտացոլում դա։

Մեկ այլ «հիմնավոր» ցուցանիշ, որ  դրված  է ծրագրի  հիմքում։ «2012  թվականի  հունվարի  1-ի դրությամբ... աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմել է 81 հազար 733 մարդ, իսկ գործազուրկների թիվը՝ 69 հազար 440 մարդ։ 2012 թ. հուլիսի 1– ի դրությամբ հաշվառված աշխատանք փնտրողների թվաքանակը կազմել է 77 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 12,8 տոկոսով»,– սևով սպիտակի վրա գրված է ծրագրում։ Նույնիսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պլպլացրած ցուցանիշների համաձայն՝  Հայաստանում գործազուրկների թիվը արդեն հասնում է 280 հազարի ու բոլորովին  նվազման  միտում չունի, այն էլ՝ 12,8 տոկոսով։ Ծրագրում առկա սուտ ու կեղծ ցուցանիշների թվարկումը կարելի է շարունակել։ Բայց էականը դա չէ, էականն այն է, թե ինչու է կառավարությանը  զբաղվում  ինքնախաբեությամբ։  Դրա  նպատակը, ճիշտն ասած, այնքան էլ հասկանալի չէ։ Միևնույնն է, ոչ մի նշանակություն չունի՝ կառավարությունը կընդունի այս ծրագիրը, թե ոչ, կկատարի դա, թե ոչ։ Արտագաղթը դրանից չի նվազի, ամուսնությունները չեն շատանա, ավելի շատ երեխաներ չեն ծնվի... Կառավարությունը գուցե մի օր խորը մտածի ու պարզի, որ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավման ամենաառանցքային խոչընդոտը հենց ինքն է:

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»