19.12.2012 15:56

Ձնածածկույթը մայրաքաղաքում 10-15սմ. է. Տեղումները շարունակվելու են

Ձնածածկույթը մայրաքաղաքում 10-15սմ. է. Տեղումները շարունակվելու են

Դեկտեմբերի 21-ին հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության տակ: Հատկապես լեռնային շրջաններում առատ տեղումներ կլինեն: Այսօր ասուլիսի ժամանակ աշխարհի հավանական վերջին օրվա եղանակի մասին տեղեկություն հայտնեց «Հայպետհիդրոմետի» օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

«Վերջին հինգ օրերին հանրապետության տարածքը գտնվել է միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, և պարբերաբար ձյուն է տեղացել: Վաղը երեկոյան ժամերից ցիկլոնը ուժ կհավաքի: Ձյան առատ տեղումներ են սպասվում հատկապես Շիրակում, Կոտայքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում: Նշված տեղերում օրվա ընթացքում հնարավոր է մինչև 20-25 սմ ձյան շերտի ավելացում»,- ասաց Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով լեռնային շրջաններին, հակառակ հանրապետության հովտային շրջաններում ցիկլոնը կբերի տաք հոսանքներ: Ջերմաստիճանի բարձրացումը կշարունակվի`վաղը և հաջորդ օրը ևս 2-4 աստիճանով:

«Մայրաքաղաքում և Արարատյան դաշտում ջերմաստիճանը ցերեկային ժամերին կլինի 0-ից բարձր և արդյունքում` Երևանում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Տավուշի ցածրադիր շրջաններում տեղումները կլինեն անձրևի և թաց ձյան տեսքով», - ասաց Գագիկ Սուրենյան:

Նրա խոսքով` հանրապետության ողջ տարածքում՝ բացառությամբ Տավուշի ցածրադիր հատվածների և Սյունիքի հովիտների, առկա է ձնածածկույթ: Ձայն շերտի ամենամեծ բարձրությունը նկատվում է Կոտայքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Շիրակում և Արագածոտնում: Հրազդանում այն հասնում է 50 սմ, Ապարանում նույնպես 50 սմ է, 40 սմ՝ Ջերմուկում, Շիրակում այն տատանվում է 35-40սմ։ Մայրաքաղաքում ձյան շերտի բարձրությունը 10-15 սմ է: Անցած տարի այս օրերին մայրաքաղաքում ձնածածկույթ չկար:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը նույն ասուլիսի ժամանակ ասաց, որ երեկոյան, գիշերն ու առավոտյան երթևեկել է մայրաքաղաքի փողոցներում ու խնդիր չի տեսել, մաքրման աշխատանքներն ընթանում են:

«Հնամաշ անվադողերով և անսարք մեքենաներով պետք չէ երթևեկել հանրապետության ճանապարհներով: Դեկտեմբերի 19-ի տվյալներով դեռ վաղ է վիճակագրություն ներկայացնել, բայց այս տարվա դեկտեմբերին պատահարների աճ է գրանցվել: Ոչ թե որովհետև ճանապարհները չեն մաքրվում, այլ` տեղումներն են առատ: Նույնիսկ Ճանշինի մեքենաներն են ձյան տակ թաղվում: Ոչ մի ահազանգ անարձագանք չի մնում»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը:

«Հայպետհիդրոմետի» օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետը վերջում ասաց, որ դեռ վաղ է նաև կանխատեսելու` Ամանորի գիշերը ձյուն կլինի, թե ոչ: